Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Ազատ ամբիոն

Ազդում եւ հակազդում

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Մուտացիան երեւույթ է, որի ժամանակ արարածներն ու բույսերն աճում են ցատկով, մերոնք բառն այդպես էլ թարգմանել են՝ ցատկաճ:

Դա տեղի է ունենում արտաքին կամ ներքին փոփոխությունների հետեւանքով՝ ըստ էության, գենի խախտվածություն է: Ատոմային ռմբահարումից հետո տվյալ տարածքում բույսերն աննկարագրելի չափերով փթթում են, ծնվում են հրեշանման կենդանիներ, մարդկանց զարգացումը շեղվում է բնականոն հունից:

Այս «թավշախաբ» իշխանությունների ստամոքսը ենթարկվել է ահռելի մուտացիայի՝ ցատկաճի: Սրանք պետական գանձարանը խժռում-խժռում են՝ չեն կշտանում, նորից ու նորից իրենց աշխատավարձերն ու հավելավճարներն են ավելացնում, ոչ ամոթ ունեն, ոչ խիղճ, ոչ պատիվ: Երկրի սահմանները ոսոխի քմահաճույքներին թողած, պայծառ ջահելների նահատակությունը չտեսնելու տալով, աղքատության մատնված բնակչության ողորմելի թոշակների ու նպաստների վրա խաչ քաշելով՝ իրենց անտակ գրպաններն են լցնում: Ագահությունը կուրացրել է  վարչախմբի տգետներին, ավարտ ու վախճան՝ չիք… Գռփեն ու հիմարություններ դուրս տան՝ սա են, մինչդեռ երկիրը ձեռքից գնում է, ու արդեն ոչ մի արգելակ քեզ չի զսպում ասելու, որ ամեն ինչ արվում է թշնամու հետ սերտագին ու սրտագին պայմանավորվածությամբ:

Այս աղետը նոր չի սկսվել: ՀՀՇ-ական իշխանության հոգեվարքից առաջ էր, որոշեցին գյուղ բառը շրջանառությունից օտարել, փոխարենն ասել ու գրել՝ համայնք: Աշխատում էի «Բումերանգ» շաբաթաթերթում, լրահոսում այդ փոփոխությունը կատարվեց միանգամից, կտրուկ: Մտածեցի, որ գյուղում ծնված իշխանավորներն ամաչում են սեփական ծագումից, գուցե հաճախ էլ իրենց հասցեին լսել են «գեղցի» վիրավորանքը, դրա համար որոշել են բառից վրեժ լուծել: Այդպես՝ գյուղ հասկացությունը մնաց պատմական գրքերում ու անցյալի մամուլում...

Սխալ տպավորություն էր, դա ապացուցեցին երիտհհշականները, երբ 2018-ին իշխանության գալով, առաջինը փակեցին գյուղատնտեսության նախարարությունը՝ բոլոր ավերիչ հետեւանքներով, ընդհուպ մինչեւ հայազուն գյուղերի հանձնումն արյունարբու քոչվորներին, ապաեւ բնակիչներին զրկելով իրենց գոյության միջոց հողատարածքներից, անասուններից ու ջրային ավազաններից:

Իշխանությունը մի դեպքում սրանց ստամոքսի գերաճ է առաջացրել, այլ դեպքում ուղեղները դատապարտել թերաճի: Ազդել է կշտանալու բնազդի վրա, հակազդել ուղեղի աշխատանքի վրա:

Դանդաղ գործողության ականները հիմա հերթով պայթում են, միայն խորագույն տգիտության մեջ մնացած մարդուկները չեն հասկանում, թե մեր երկրի ու ազգի հետ ինչ արյունոտ ողբերգություն է կատարվում: Նրանցից որեւէ սպասում գոյություն չունի, դատապարտված սերունդ են, հասկացողների պահվածքն է առայժմ անորոշ: Մի՞թե դա կարող է երկար շարունակվել:

Թշնամու շահերին ծառայող դավաճանները շտապում են, թվում է, թե նրանց խանգարող ոչինչ չկա: ԱԺ ընդդիմության հայտարարությունները որոշ տեղաշարժ էին, ու այդքանը: Դավադրությունների կծիկը քանդել է պետք, պետականաքանդության առաջն առնել է պետք, հանցաթիմը չեզոքացնել է պետք:

Գրում եմ հույսի մի պստիկ կայծով, քանի որ վաղուց ասված խոսք է՝ կայծից է կրակ բռնկում:

 

Հրաչուհի Փալանդուզյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: