Շաբաթ, Սեպտեմբերի 26, 2020

Ազատ ամբիոն

Ժամանակավրե՞պ էր արդյոք վարչապետի շնորհավորանքը Լուկաշենկոյին

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Երկար ժամանակ սոցցանցերում ամենաքննարկվող թեմաներից մեկը, որի արձագանքները շարունակվում են մինչեւ օրս, Բելառուսի նախագահի պաշտոնում Ալեքսանդր Լուկաշենկոյի վերընտրվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի հղած շնորհավորական ուղերձն էր: Շատերն անհարկի էին համարում ՀՀ վարչապետի շտապողականությունը` նշելով, որ պաշտոնական հաղորդագրությանն ի տրիտուր` Մինսկում չեն դադարում նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող եւ Լուկաշենկոյի հրաժարականը պահանջող բազմամարդ հանրահավաքները: Փաշինյանի հապճեպ շնորհավորանքը, նրանց կարծիքով, անհարգալից վերաբերմունքի դրսեւորում էր նախեւառաջ ցույցերի մասնակիցների նկատմամբ:

Իմ գնահատմամբ` Հայաստանի կառավարող ուժը միջազգային հարաբերությունների տեսություններից քաղաքական ռեալիզմի դպրոցի հետեւորդ է, ինչի ամենացցուն վկայություններից մեկը հենց Լուկաշենկոյին ուղղված շնորհավորանքն է: Ըստ այդ տեսության, միջազգային հարաբերություններն ունեն անարխիկ բնույթ` պետությունները եսասեր են եւ միմյանց հետ հարաբերություններում առաջնորդվում են ոչ թե գաղափարախոսություններով, արժեքային համակարգերով, այլ զուտ իրենց ազգային շահերով: Բացարձակ միապետություն հանդիսացող եւ մարդու իրավունքների զանգվածային ոտնահարմամբ աչքի ընկնող Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի ամենասերտ դաշնակիցներից է: ԱՄՆ-ին շատ են քննադատում դրա համար, սակայն այդ հարցի վերաբերյալ նրա արտաքին քաղաքականությունում առնվազն էական փոփոխություն տեղի չի ունենում:

Կասկած չկա, որ ՀՀ կառավարող ուժի համակրանքը Բելառուսի ըննդիմացող հանրության կողմն է եւ, բնականաբար, սրա մասին գիտեն բոլոր խաղացողները, առաջին հերթին` հենց Եվրասիական տարածքի պետությունների ղեկավարները: Ի դեպ, ՀՀ խորհրդարանի փոխխոսնակը ռուսաստանյան ընդդիմադիր հեռուստաալիքի` «Դոժդի» եթերում Բելառուսին նվիրված հաղորդման ժամանակ պատմում էր հայաստանյան «թավշյա» հեղափոխության մասին:

Եվրասիականները տեսնում են, որ պաշտոնական Երեւանը` չնայած իրականացրած ժողովրդավարական հեղափոխությանը, ինչպես ամենասկզբից հայտարարել էր, չի փոխում արտաքին քաղաքական ուժագիծը, միջազգային հարաբերություններում չի միանում եվրասիականների հակառակորդներին եւ զուսպ սատարում է առաջիններին: Նրանք գիտեն, որ պաշտոնական Երեւանն այդպես է վարվում, քանզի մտածում է, որ դա ձեռնտու է Հայաստանին եւ որ հակառակ վարքը, հնարավոր է, Հայաստանին կանգնեցնի էքզիստենցիալ վտանգների առջեւ:

Ես չգիտեմ, թե որքանով են իրական այդ վտանգները, բայց հասկանում եմ, թե ինչ գաղափարներ են ընկած կառավարող ուժի նման վարքագծի հիմքում եւ չեմ հասկանում նրանց, ովքեր չեն տեսնում այդ ուժի մոտեցման հիմքում ընկած փիլիսոփայությունը (ընդունո՞ւմ են այդ փիլիսոփայությունը, թե ոչ՝ այլ հարց է):

Սակայն այստեղ հիմնական խնդիրը հետեւյալն է` ինչպե՞ս է իշխող ուժը հասկանում՝ վտանգ կա՞, թե՞ չկա: Ինչպե՞ս է գնահատում այդ վտանգները, որո՞նք են վտանգի գնահատման ծանրաչափերը, ինչպե՞ս է նա համոզվում, որ այդ վտանգներն ավելի մեծ են, քան այն օգուտները, որոնք կարող էին լինել հակառակ վարքագիծ դրսեւորելու պարագայում:

 

Էդգար Վարդանյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: