Ոջլոտ կապիկին ասում ես ոջլոտ կապիկ՝ համարում են ծանր վիրավորանք, դատի են տալիս:
Երբ հաջողվի կենդանական այս արհավիրքի դարաշրջանը թաղել պատմության աղբանոցում, հետո դա կրակի տալ, հարկավոր է օրենք ընդունել Հայի հասցեին վիրավորանքի մասին:
Քաջ իմանալով, որ մեր մասին հերյուրվող ամեն բառ թշնամիների սարքած թակարդն է, իսկ կրկնողները տառապում են մտավոր ծանծաղությամբ, պետք է խստագույն միջոցներ կիրառել նմաններին առմիշտ լռեցնելու համար:
Անցյալում թունավոր ստեր ու լուտանքներ ասողների լեզուն կտրում էին, հիմա թույնը չեզոքացնելու այլ ճանապարհներ կան, կիրառելի՛:
Ասածս ամենեւին չի նշանակում, թե մենք անքննադատելի ենք, իհարկե, թերություններ ու վրիպումներ շատ ունենք, բայց ո՛վ է տեսել, որ դրանք վերացնելու միջոցը լինի լեզվի մտրակն առած անդադար հարվածելը: Այսօրվա հակահայ մթնոլորտը, որ թեժացվում է նաեւ սփյուռքյան տարածքներում, ժողովրդին մատնում է անհուսության, առաջացնում մի հոգեվիճակ, թե ինքը փակուղու մեջ է, այլ ելք չունի, քան դաժան ճակատագրին գետնատարած հպատակվելը:
Գործող թակարդ է, տեղծագործական այլ ունակություններ չունեցող թշնամին սա գիշերուզօր լարում է: Ամոթ է մի փշուր պանրի համար մուկ լինելը, այն, ինչը մե՛նք ունենք՝ մերն է ու աստվածային, հայապատկան է ամենայն նվաճում, ուրեմն այդպիսին կլինի նաեւ ոգու հաղթանակը:
Քանի դեռ չունենք Հայի հասցեին վիրավորանքի մասին օրենք՝ գոնե մեր էջերը մաքրենք թշնամու քարոզչական հարձակումներից: Ծանծաղամիտներն այդ ժամանակ կսսկվեն, համոզված եղեք:
Ես հպարտ եմ, որ հայ եմ:
Մեր արժանիքներն ու արատները կշեռքին դնելիս՝ երեւում է, որ առաջին նժարը ծանրումեծ իջնում է, մյուսը՝ թեթեւորեն բարձրանում: Ամաչելու, վախենալու, նահանջելու ոչ մի առիթ չունենք, միայն թե առաջ նայենք: Սթափ նայենք:
Հպարտ եմ, որ հայ եմ:
Ազգին գնահատում են ըստ իր հանճարների ու հերոսների, ոչ թե ըստ հատուկենտ դավաճանների կամ ախտակիրների: Պսակակիր հայերի թիվը բավական է՝ գլուխներս բարձր պահելու համար, այս ճղճիմ իրականությունը հօգուտ մեզ բարեշրջելու համար:
Հպարտ եմ, որ հայ եմ, հայերի զավակ, հայերի մայր եւ տատիկ:
Ես մենակ չեմ: Մենք միլիոններ ենք, արմատներով՝ միլիարդներ: Լավն ենք ու հզոր ենք:
ԱՐԱՐՉԱԾԻՆ, ԱԶՆՎԱԾԻՆ ՀԱՅ ԵՆՔ:
Հրաչուհի Փալանդուզյան