Երկուշաբթի, Դեկտեմբերի 17, 2018

Ազատ ամբիոն

Եվս մեկ անգամ հայ-ռուսական հարաբերությունների մասին

Մինչեւ Հայաստանում «թավշյա» հեղափոխության սկիզբը հայ-ռուսական հարաբերությունները խիստ ուղղահայաց էին: Բոլոր երեք նախագահները հավատարիմ էին այս դրվածքին, եւ որեւէ այլակարծություն չէր հանդուրժվում: Հանրությանը միշտ հրամցվում էր նույն գաղափարը՝ մենք փոքր երկիր ենք, փոքր ազգ ենք, եւ մեր ցանկացած դիմակայություն Ռուսաստանին կամ ցանկացած այլ գերտերության՝ հավասարազոր է պետության մահվան: 1990-ականների սկզբին արցախյան պատերազմում հայ ժողովրդի տարած կարեւորագույն հաղթանակն անգամ անկախ Հայաստանի ղեկավարության համար` սկսած առաջին նախագահից, ընկալվում էր որպես մահացու վտանգ՝ ի՞նչ կմտածեն գերտերությունները: Եվ այդ տրամաբանությամբ էլ կառուցվում էին Ռուսաստանի, Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունները:

Այս տարվա մայիսյան իշխանափոխությունից հետո վարչապետը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը պատրաստակամ է զարգացնել ու խորացնել Ռուսաստանի հետ ավանդական բարեկամությունը՝ մնալով բոլոր այն կառույցներում, որոնց անդամակցում է: Միաժամանակ որոշվեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը իրավահավասարության սկզբունքով կառուցել ոչ միայն Ռուսաստանի, այլեւ այլ երկրների հետ: Չնայած այս ամենին ռուսաստանյան բազմաթիվ ԶԼՄ-ներ եւ փորձագետներ չեն հոգնում հայտարարել, որ Հայաստանը «Սորոսի փողերով» դեմքը շրջել է Ռուսաստանից ու հայացքն ուղղել Արեւմուտքի կողմը: Բայց այդ փորձագետներից գոնե մեկը վերլուծե՞լ է՝ ինչ վարչապետն ասել էր թե՛ Հայաստանում եւ թե՛ Ռուսաստանում ու Եվրոպայում գտնվելիս: Արդյոք նա փող խնդրե՞ց Եվրոպայից (կամ՝ Մերկելից, երբ վերջինս Հայաստան էր այցելել), ինչպես հետխորհրդային շատ երկրներ են անում: Ռուսաստանի նախագահի հետ վերջին հանդիպման ժամանակ Փաշինյանը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գաղափարը դրեց երկու երկրների ազգային շահերի փոխադարձ հարգանքի եւ միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքորեն նոր հիմքի վրա: Սա ոչ մի դեպքում հակառուսական քաղաքականություն չէ, այլ Հայաստանի ինքնիշխանության արտացոլում: Ի վերջո, Լուկաշենկոն եւ Նազարբաեւը միշտ օգտվում են իրենց այդ իրավունքից:

Բնականաբար՝ ժամանակ է հարկավոր Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ նման հարաբերություններին հարմարվելու համար: Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը նկատում է, որ մինչեւ վարչապետ դառնալը Նիկոլ Փաշինյանը քննադատում էր Ռուսաստանի քաղաքականությունն ու եվրասիական ինտեգրացիոն նախագծերը, սակայն վարչապետ դառնալուց հետո սկսեց հայտարարել, որ ինքը պատրաստ է զարգացնել հարաբերությունները Մոսկվայի հետ եւ հավատարիմ մնալ նախկին համաձայնություններին: Փաստացի, Մոսկվային մտահոգում է Փաշինյանի հայացքների շրջադարձային փոփոխությունը: Բայց դա բնական է: Նույնիսկ առաջատար եվրոպական երկրների ու Միացյալ Նահանգների նախագահներն ընտրվելուց առաջ մեկ բան են ասում, իսկ ընտրվելուց հետո եւ աշխարհն այլ լույսի ներքո տեսնելուց հետո՝ բոլորովին հակառակը:

Ինչպես երեւանյան առաջնակարգ քաղաքագետներն են ասում, հիմնովին նոր հարթակում հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը հարմարվելու համար որոշ ժամանակ է հարկավոր: Այս դիրքորոշումը հաստատում է նաեւ Մարկեդոնովը. «Ամեն ինչ կարող է իսկապես հրաշալի լինել, եւ Մոսկվան ու Երեւանը կզարգացնեն հարաբերությունները, սակայն հղկվել-հարմարացվելու, միմյանց ստուգելու փուլը պետք է լինի: Նոր են մարդիկ եկել, նրանք պետք է աշխատանքային կապեր հաստատեն իրենց ռուս գործընկերների հետ, սա բնականոն սովորական գործընթաց է»: Ի դեպ, Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ չենք տեսնում Ստանիսլավ Տարասովի մեկնաբանությունները: Ի՞նչ կարող է սա նշանակել...

Ցավոք, հիմա Հայաստանի նախկին իշխող ընտրախավը բոլոր հասանելի միջոցներով` օգտագործելով իր ֆինանսական հնարավորություններն ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի քաղաքական շրջանակներում ու ԶԼՄ-ներում, փորձում է ապացուցել, որ Փաշինյանը Ռուսաստանի թշնամին է, եւ միայն իրենք կարող են Մոսկվային հավատարմության եւ նվիրվածության իրական երաշխիքներ տալ: Երբ գիտակցաբար սեպ է խրվում Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների բարեկամական հարաբերությունների մեջ` դա այլ կերպ, քան դավաճանություն չի կարելի որակել:

Իրար «ճանաչելու գործընթացն» արագացնելու համար անհրաժեշտ է Ռուսաստանի դեսպանատան գործուն աշխատանքը Հայաստանում, որտեղ վերջին 20 տարիների ընթացքում այդ դեսպանատունն աշխատել է բացառապես երկրի ղեկավարության հետ եւ չի փորձել լսել ու հասկանալ ժողովրդի ձայնը: Շատ դեպքերում հենց դա է խթանում Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճը: Նույնը կարելի է ասել նաեւ Մոսկվայում Հայաստանի դեսպանի մասին, ով, ի տարբերություն Ադրբեջանի իր ծառայակցի, գրեթե ոչինչ չի արել: Հայաստանում «թավշյա» հեղափոխության առանձնահատկությունն այն է, որ ուղղված չէ որեւէ մեկի դեմ, այլ զուտ ներհայաստանյան բնույթ ունի: Ժողովուրդը հոգնել էր կոռուպցիայից, եւ քաղաքական այլ կարգախոսներ չկային: Դա անմիջապես ընկալվեց թե՛ Ռուսաստանի ղեկավարության կողմից, թե՛ Արեւմուտքում:

Բնականաբար՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկխոսությունը խորացնելու եւ մեր նպատակներն ու խնդիրները անսխալ մատուցելու համար անհրաժեշտ է ՀՀ ԱԳՆ ակտիվ գործունեությունը: Հարկավոր է անձնակազմն ամբողջովին փոխարինել ոչ միայն Ռուսաստանի, այլեւ բոլոր մյուս կարեւոր պետությունների հայաստանյան դեսպանություններում: Եվ փոխարինել պրոֆեսիոնալ դիվանագետների բարձր որակավորում ունեցող, ցանկալի է՝ Սարգսյանի եւ Նալբանդյանի հետ չաշխատած, կադրերով: Այս հարցում Փաշինյանին կարող են օգնել այլ կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ, որոնք մինչ այդ չեն համագործակցել նախկին իշխանությունների հետ: Հասկանալի է, որ վարչապետը ցանկանում է իր թիմն ունենալ: Բայց կադրային քաղաքականության մեջ եւս «սպիտակների ու սեւերի» բաժանումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի՝ հատկապես պետության արտաքին քաղաքական գործունեության հարցում: Իսկ նման կադրերի պակաս մենք չունենք: Այդ դեպքում միայն կշահեն թե՛ Մոսկվան, թե՛ Երեւանը: 

Կարապետ Կալենչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am