Կիրակի, Մայիսի 19, 2024

Ազատ ամբիոն

Ո՞վ կանցնի թշնամու «թրի տակով»

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 

Ակնայի (Աղդամի) ճանապարհից օգտվելը թշնամու «թրի տակով» անցնել է համարվում, այսպես ասած, ձուլվել՝ «ինտեգրվել» անորոշ ճակատագրով։ Կանցնի՞ ժողովուրդն այդ «թրի տակով», թե՞ կընդդիմանա՝ սա է խնդիրը, երբ կանգնած ենք. ա/ թշնամուն ձուլվելու, բ/ հայաթափվելու եւ գ/ սովից ցեղասպանվելու ընտրության առջեւ։

Հուսամ՝ այն արցախցիները, որոնք շտապում են երկիրը լքել, երկար կմտածեն՝ արդյոք  ադրբեջանական անցակետում տեղի ունեցած  վերջին  դեպքերից հետո արժե՞ կյանքեր վտանգելով` թողնել Արցախը, անվերադարձ հեռանալ հայրենիքից։ Իհարկե, բացառվում են հատուկ դեպքերը։

Անվտա՞նգ էր Կարմիր խաչի աշխատողների ուղեկցությամբ սրտի վիրահատության գնացող Արցախի բնակչի կյանքը, երբ առեւանգեցին՝ հասցնելով Բաքվի բանտախուցը: Արդյոք ապահո՞վ էին արցախցի երեք ուսանող տղաները, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան էին մեկնում՝ ուսանելու, բայց հայտնվեցին ադրբեջանական կալանավայրում։

Ո՞վ է ասում, թե ապահով է կանանց, երեխաների, տարեցների կյանքը, երբ ոչ մեկի անվտանգությունն երաշխավորող կառույց չկա, եղածն էլ զուրկ է ձայն հանելու իրավունքից։ Ո՞վ կարողացավ օգնել սրտի վիրահատության գնացող արցախցու դստերը, ով ճիգ էր գործադրում փրկելու հորը առեւանգումից։ Ո՞վ կարողացավ ձեռք մեկնել օգնություն աղերսող երիտասարդ ուսանողին, ում այս ու այն կողմ էին քաշքշում:

Որքա՞ն կդիմանանք՝ չգիտենք, բայց գիտենք, որ պետք է ընտրել հայրենիքում ապրելու ճանապարհը՝ մնալ մեր տանը, մեր գյուղում, մեր քաղաքում… Միայն այսպես կարող ենք  պահել հայկական Արցախը՝ սպասելով ցանկալի շրջադարձի:

Ուժեղ դիվանագիտությունը մեզ չէր կանգնեցնի թշնամու պարտադրած ծանր, ոչ ընդունելի երեք իրավիճակների ընտրության առջեւ, այլ հավատարիմ կլիներ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությանը, այսինքն՝ Արցախը Հայաստանին կապող Բերձորի (Լաչինի) միջանցքով ազատ տեղաշարժի վերաբերյալ դրույթին՝ մերժելով բոլոր տեսակի այլընտրանքային ճանապարհները՝ լինեն Աղդամի, թե Շուշիի կողմից։

Կարծում եմ՝ մենք, մեծ հաշվով, տանուլ տվեցինք, երբ ադրբեջանական անցակետ դրվեց Արցախը Հայաստանին կապող միջանցքում: Թե ում համաձայնությամբ դա տեղի ունեցավ, ավելի լավ է՝ լռել։

Մեր կողմից Բերձորի հանձնումը թշնամու դիվանագիտական հաղթանակներից մեկն էր, եւ նա միշտ հաղթող է լինելու, քանի դեռ մեր անունից բանակցողը «թրի տակով» անցնող հնազանդ մեկն է:

Սա պարադոքս է՝ մի հակադիր իրավիճակ, երբ Արցախ հանձնողներն են բանակցում Արցախի անվտանգության ու իրավունքների  համար։

Եվ մենք ի՞նչ ենք ուզում՝ ինքնորոշո՞ւմ։ Ումի՞ց ենք ուզում, երբ մեզ հանձնում են, որ մոռանանք այդ ինքնորոշումը Հակարիի կամրջի մոտ հոգեբանական ճնշման տակ, բեռներ քարշ տալիս, վախվորած նրանց լրագրողների անսպասելի հարցումներից ու  տեսախցիկների առատությունից:

Ի՞նչ էինք ուզում, ինչ ստացանք, եւ ո՞վ կամ ովքե՞ր էին մեղավորները… մե՞նք, որ երկիրը տալ-առնելու աղետալի գործարքում չկայինք, բայց կանք թշնամու պարտադրած առաջարկներում, եթե իմանանք, թե քանիսն են փորները կուշտ լինելու համար գերադասում Աղդամի շուկան, թե քանիսն են այլեւայլ պատրվակներով Արցախը թողել ու պատրաստ են հեռանալ։ Կարծես՝ երրորդ տարբերակում միասնություն կա, եթե սովից ցեղասպանվելու լինենք, մեծամասնություն ենք։

 

Նատաշա Պողոսյան
Արցախ

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: