Հինգշաբթի, Դեկտեմբերի 13, 2018

Ազատ ամբիոն

Հայաստանը կընտրի՞ արդյոք ստեղծանարար քանդման մոդելը

Հայաստանը, որպես պետություն, երբեւիցե աշխարհաքաղաքական լուրջ գործընթացների համատեքստում մասնակիցը չի եղել այն փոփոխությունների, որոնք բեկումնային պահեր են մտցրել համաշխարհային զարգացումների մեջ: Այդ զարգացումները միշտ անուղղակիորեն են գտել իրենց անդրադարձը մեր պետության ու հասարակության կյանքում: Սակայն մեզ, այնուամենայնիվ, հաջողվեց լոկալ գործընթացի շնորհիվ որոշակի բեկում մտցնել պետության շրջափուլի մեջ:

Հայաստանում «թավշյա» հեղափոխությունը տեսականորեն պետք է դառնար այն կրիտիկական հանգույցը, որից սկսվելու էր պետության եւ հասարակության լճացման, այսպես կոչված` «գաղջ» մթնոլորտի վերացման գործընթացը, եւ որից պետք է սկիզբ առներ որակապես այլ հասարակական ֆորմացիա:  

Քաղաքական եւ տնտեսական դաշտերը ժողովրդավարացման նկատելի վերափոխումների ենթարկվեցին. թեպետ մեծ դժվարությամբ ու որոշ մերձքաղաքական տարրերի դիմադրությամբ՝ քաղաքականությունը սկսում է քաղաքականանալ, իսկ տնտեսությունը բերվում է ազատ շուկայական դաշտ: Սակայն հնարավոր չէ հասնել իրական համակարգային փոփոխությունների՝ առանց հստակ ձեւակերպած օրակարգի եւ հանրորեն ընկալելի արժեհամակարգի ու պետության կերտման տեսլականի:

Վերջինս ամենադժվար գործն է. Հայասատանի հասարակությունը միատարր չէ, եւ հասարակության տարբեր շերտերի բախման կետերն առաջանում են ոչ թե գաղափարական, աշխարհայացքային հիմքի վրա, այլ՝ հուզական եւ հաճախ իրականությունից կտրված խմբային պաթետիկ պատկերացումների ու թյուրըմբռնումների: Ոմանց գաղափարներն էլ ոչմիտեղ տանող ինքնանպատակ ցուցանակներ են, որոնք եւս իրականության հետ ոչ մի առնչություն չունեն…

Գաղափարներ ծնելու եւ դրանք կենսունակ դարձնելու համար հասարակությունը դեռ պետք է սովորի բանակցել՝ մեկը մյուսին լսել եւ փոքրիշատե հոդաբաշխ խոսքով կարողանալ հաղորդակցվել, որպեսզի հնարավոր լինի ընդհանուր հայտարարի գալ այն ուղենիշային արժեքների ու մոտեցումների շուրջ, որոնց հիման վրա էլ պետք է կառուցվի պետությունը:

Անհնար է լինելու շարունակ խուսափել իրարամերժ գաղափարների եւ մոտեցումների շուրջ բանավեճերից, քանի որ նման բանավեճերի բացակայությունը ոչ թե միակարծություն, այլ գաղափարական վակուում է ստեղծում, որում եւ խեղդվում են առողջ միտքն ու բանականությունը: Իսկ թե ինչպիսի կործանարար հետեւանքներով է հղի նման իրավիճակը՝ բոլորս լավ գիտենք: Եվ եթե այս անգամ չենք ուզում սայլն իր սիրած փոսում կոտրել, պետք է պատրաստ լինենք քանդելու այն մոդելը, որով մինչ այս պահը շարժվել ենք ու թույլ տանք, որ կործանվեն այն կաղապարները, որոնք այդքան ջանասիրաբար հյուսել ենք, ու չվախենանք ինքներս մեզ հետ ազնիվ լինելուց: Որքան հիմնավորվի սխալվելուց չվախենալու եւ դժվարությունից չխուսափելու մոտեցումը, այնքան ավելի արագ կզարգանան հասարակությունն ու նրա կառուցած պետությունը:

Այսօր հասարակությունն իր համար պետք է հստակ որոշում կայացնի, թե որ քաղաքակրթական մոդելն է իր համար ընտրելու: Ո՞ր մոդելի շրջանակում եւ ինչպե՞ս ենք մենք` որպես ազգ, ինքնադրսեւորվելու գլոբալ քաղաքակրթության հարթակում: Արդյոք շարունակելո՞ւ ենք հետադիմական ձեւերով առաջնորդվել, թե՞ փորձելու ենք մրցունակ դառնալ՝ քանդելով մեր հասարակությունում խեղաթյուրված «ազգայնականության», երբեք չիրացված «ազատականության» եւ այդպես էլ չգիտակցված «պահպանողականության» հայեցակարգերը: Արդյոք համարձակություն կգտնե՞նք ինքներս մեր պատկերացումներին ձեռնոց նետելու եւ քանդելու այն ամենը, ինչը մեզ խանգարում է առաջ շարժվել:

 

Մարինա Մուրադյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am