Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Ազատ ամբիոն

Պետք է ազատվել անհայրենիք սրիկաներից

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հայաստանում քաղաքագիտական տեսակետները երկու հակառակ բեւեռներում են՝ ծայրահեղ դրական կամ ծայրահեղ բացասական։

Ըստ իշխանության եւ նրա արբանյակների՝ Նիկոլ Փաշինյանի ահեղ հայացքի ներքո մենք ապրում ենք դրախտում, Իլհամ Ալիեւն ու Ռեջեփ Էրդողանն էլ սարսափում են մեզնից, դրա համար են օրեցօր նոր տարածքներ վերցնում կամ նվեր ստանում, դրա համար են ամեն շաբաթ մի հայ սպանում։

Ըստ արմատական ընդդիմության՝ Հայաստանի պետականությունն այլեւս գոյություն չունի, եւ մենք հիմա Թուրքիայի կամ Ռուսաստանի մի ծայրամասն ենք, ուղղակի մեզ այդ մասին պաշտոնապես չեն տեղեկացրել։

Հանուն արդարության պետք է ասել, որ երկու դեպքում էլ քաղաքագիտական տեսակետ հայտնողները, որպես կանոն, քաղաքագետներ չեն, այս կամ այն կուսակցության կամ էլ իշխանության համակիր, մի քանի գիրք կարդացած, բայց ազդեցություն ունեցող մարդիկ են։

Խոսում եմ քաղաքագետների հետ։

Հայաստանն ապրում է իր պատմության ամենաողբերգական էջերից մեկը, բայց ամեն ինչ կորած չէ։ Աշխարհի մեծ խաղացողների խաղասեղանին այսօր նաեւ Հայաստանն է դրված, քանի որ մեր երկիրն իր աշխարհագրական դիրքով ու հանքային ռեսուրսներով անչափ կարեւոր նշանակություն ունի։

ՀՀԿ-ի կառավարման ժամանակ այդ հնարավորությունից որոշակի օգտվեց մեր երկիրը, բայց ռեսուրսները հիմնականում գնացին մի քանի օլիգարխի գրպան, ինչը զայրացրեց ժողովրդին, իսկ մեծ տերություններին ստիպեց մտածել, որ Հայաստանին պետք է ուրիշ ղեկավար, որը կհամաձայնի ճանապարհներ սարքել եւ միաժամանակ լուծել իրենց համար գլխացավանք դարձած հակամարտությունը։ Թուրքիայի օգտին։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այդ հնարավորությունից օգտվեց իր անձնական շահերի համար՝ գործարքի գնալով թշնամու հետ եւ համաձայնելով գլոբալ ճանապարհների եւ խոշոր ներդրումների դիմաց զիջել մեր պատմական հողերը։ Զիջեց բեմականացված պատերազմով, զիջեց մոտ 5000 հայ մարդու կյանքի հաշվին։ Փոխարենը Հայաստան սկսեցին մտնել մեծ փողեր, սկսեցին ճանապարհներ կառուցել, որոնց մեծ մասը ծառայելու է գլոբալ նպատակների համար։ Սովորական հայ մարդուն՝ դրանից ոչինչ։ Լավագույն դեպքում, մի քանի աշխատատեղ կբացվի, բայց կորցնում ենք հայ մնալու ապագան։

Ունե՞նք փրկվելու հույս, թե՞ արդեն ամեն ինչ կորած է։

Այո, ունե՛նք Արցախը փրկելու, զինելու, բանակը պատշաճ տեսքի բերելու եւ կորցրած տարածքների մեծ մասը վերականգնելու իրական հնարավորություն։ Ունե՛նք նաեւ ՀՀ անվտանգային համակարգերը՝ բանակը, առաջնագծի կահավորումը, արտաքին գործակալների դեմ պայքարը, սոցիալական անհատակ խնդիրները, քաղաքական կայունությունը վերականգնելու հնարավորություն։

Մեզ պետք են կայունություն եւ ազգային համերաշխություն։

Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի վաղվա իշխանությունը, որ կարողանա ոչ միայն փրկել երկիրը, այլեւ դառնալ տարածաշրջանային դերակատար, նաեւ վերականգնել որոշ կորուստներ։ Հայաստանի վաղվա իշխանությունը նախ պետք է լինի ազգային ու ազգի համար։ Ազգային իշխանությունը երբեւէ չի կարող իր անձնական կամ խմբային շահը վեր դասել պետական ու ազգային շահից։

Կարո՛ղ ենք, վստահ եմ։ Հայաստանը դեռ կարող է զարգացման երջանիկ ժամանակներ ապրել, բայց դրա համար նախ պետք է ազատվել անհայրենիք սրիկաներից։

 

Նաիրի Հոխիկյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: