Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Վերլուծական

Ներհայաստանյան սրացումներ. իշխանական բուրգը կպայթի ներսի՞ց

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Գարնան եւ աշնան ամիսներին մեզանում ավանդաբար աշխուժանում են քաղաքական փոփոխությունների մասին խոսակցությունները: Բացառություն չէ նաեւ այս տարվա աշնանամուտը` «թեժ աշնան» կանխատեսումներով, որոնք ունեն որոշակի հիմնավոր նախանշաններ: Ավելին` կան տեսակետներ, թե տեւական տեղապտույտից հետո «թեժ աշունն» արդեն իր իրավունքների մեջ է մտել: Անշուշտ, այդ մասին վաղ է խոսել, քանի դեռ գործընթացը չի թեւակոխել ուժերի վերադասավորման, հետագա անելիքների ու նպատակների հստակեցման, քաղաքական օրակարգի ձեւավորման եւ պայքարի մարտավարության մշակման ակտիվ փուլ: Ճիշտ է, ընդդիմադիր ճամբարում տակավին գործընթացի բյուրեղացում չի նկատվում, սակայն դա չի նշանակում, թե հիմնազուրկ են «թեժ աշնան» մասին պնդումները: Ընդհակառակն` կան բոլոր հիմքերը եզրակացնելու, որ առաջիկայում կտրուկ շրջադարձերը չեն բացառվում:

Որո՞նք են այդ հիմքերը: Դրանց մանրամասն կանդրադառնանք, բայց մինչ այդ պետք է արձանագրել, որ այսօր իշխանակարգը հայտնվել է յուրատեսակ փակուղու մեջ, որից ելք, կարծես թե, չի նշմարվում: Մի բան պարզ է` ստեղծված փակուղին կադրերի սխալ տեղաբաշխման, ապաշնորհ կառավարման հետեւանք է: «Փաշինյանի կառավարության յուրաքանչյուր օրը կործանարար է երկրի համար»,- վերջերս հայտարարեց «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը: Կառավարությունը ձախողել է բոլոր կարեւոր ոլորտները եւ այժմ կանգնած է «կոտրած տաշտակի» առջեւ: Շատ է խոսվել այն մասին, թե ինչպիսի անմխիթար վիճակի են հասցվել COVID-19-ի դեմ պայքարը, արցախյան խնդրի կարգավորումը, կրթությունը, տնտեսությունը, դատական համակարգը, արտաքին քաղաքականությունը, հանրային համերաշխությունը եւ մի շարք այլ բնագավառներ: Իշխանությունը լավ է հասկանում, որ ամեն ինչ տապալել է, բայց վիճակը շտկելու փոխարեն մտմտում է իր իշխանավարումը երկարաձգելու ձեւեր, որոնցից էր սեպտեմբերի 11-ին ավարտված արտակարգ դրությունը կարանտինով փոխարինելու եւ բաղձալի սահմանափակումները եւս 6 ամիս պահպանելու որոշումը:

Դժվար չէ նկատել, որ «թեժ աշնան» շրջանակում ներկա սրացումների հիմքը ոչ միայն իշխող քաղաքական ուժի ապիկարությունն ու դրա հետ կապված դժգոհություններն են, այլեւ առկա ներիշխանական խմորումները, ինչպես նաեւ իշխանական բուրգը ներսից մասնատելու երեւույթները: Դրանք նկատելի դարձան դեռեւս 2019-ի մարտ-ապրիլ ամիսներին, երբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով մեղադրանք առաջադրվեց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին, եւ շարունակվում են մինչեւ օրս, երբ պատգամավորական մանդատը վայր դրեց «Իմ քայլը» խմբակցության անդամ, ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը` պարզաբանելով, որ այդ քայլի պատճառը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային տարաձայնություններն են` «նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների կառավարման մոտեցումների շուրջ»:

Ավելի վաղ ներիշխանական խլրտումների կիզակետում էին հայտնվել նախարարներ Ռուստամ Բադասյանը եւ Արսեն Թորոսյանը: Նրանցից առաջինն Արդարադատության նախարարությունում հավաքել էր յուրայիններին եւ վարչապետի թիկունքում զբաղված էր ինքնագործունեությամբ, երկրորդն էլ հակասություններ ուներ վարչապետի հետ եւ այդ առիթով «իմքայլականներին» մի անգամ ասել էր` «եկեք տիրություն արեք ձեր հիվանդին»: Իսկ երբ արձակուրդում գտնվելով` իմացել էր իրեն պաշտոնից ազատելու` վարչապետի մտադրությունը, սպառնացել էր, թե կհրապարակի Փաշինյանի մասին իր բոլոր իմացածները: Այս տեղեկությունները, որոնք մամուլում եւ սոցցանցերում երկար ժամանակ քննարկումների նյութ էին դարձել, վկայում են, որ իշխանության ներսում «արշալույսներն» այնքան էլ խաղաղ չեն:

Լրատվամիջոցներում անդրադարձներ եղան ոչ միայն մանրմունր կենցաղային բնույթի վեճերին, այլեւ ներքին լուրջ հակասություններին` մասնավորապես իշխանության ներսում տարբեր թեւերի առկայության թեմային: Փաստերն այնքան համառ էին, որ ասուլիսներից մեկում վարչապետը ստիպված էր անձամբ արձագանքել շրջանառվող լուրերին` ասելով. «Հայաստանի Հանրապետության իշխանության մեջ չեն կարող լինել թեւեր, եթե թեւեր ի հայտ գան, ես այդ թեւերը կկտրեմ»: Սակայն Փաշինյանի ժխտմանն ի տրիտուր` իսկապես կային այդպիսի թեւեր: Ավելին` հիշյալ ասուլիսից ամիսներ անց նա «կտրեց» դրանցից մեկը, որն իր համար ամենավտանգավորն էր: Դա ԱԱԾ-ի այն ժամանակվա բավական ազդեցիկ ղեկավար Արթուր Վանեցյանի թեւն էր: Վերջինիս ստվերային թիմի կազմում էին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, ԱԺ մի քանի պատգամավորներ եւ այլ անձինք իշխանության տարբեր օղակներից:

Հաջորդը, մամուլի տվյալներով, Տիգրան Ավինյանի թեւն է: Չնայած երիտասարդ տարիքին, առաջին փոխվարչապետը խարիզմատիկ կերպար է, կարողանում է իշխանության ներսում թելադրել իր պայմանները: Նրա թիմի անդամներից են իր գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, գյուղատնտեսության նախկին նախարար Գեղամ Գեւորգյանը, ինչպես նաեւ ԱԺ մի քանի պատգամավորներ, որոնք մանդատ են ստացել Ավինյանի քվոտայով: Իշխանական ճամբարում իր թեւն է փորձում ստեղծել նաեւ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը, սակայն նրա մտադրության իրականացմանը խանգարում են ԱԺ-ում Փաշինյանի «անձնական ներկայացուցիչներ» Լիլիթ Մակունցը, Սիփան Փաշինյանը, Հակոբ Սիմիդյանը եւ աներորդի Հրաչյա Հակոբյանը: Այս ամենին պետք է հավելել ոչ պակաս ազդեցիկ «սորոսական» թեւը, որն ԱԺ-ում ունի երկու տասնյակի չափ պատգամավոր եւ մի քանի այլ պաշտոնյաներ: «Սորոսականները» վերահսկում են լրատվամիջոցներ ու ՀԿ-ներ եւ անհրաժեշտության դեպքում կարող են գլխացավանք ստեղծել Փաշինյանի համար:

Թվարկվածների մեծ մասը իշխանական բուրգը ներսից պայթեցնելու կամ առնվազն Նիկոլ Փաշինյանի դիրքերը թուլացնելու առումով ներունակ միավորներ են: Թեեւ դրանց առկայությունը վարչապետը հերքում էր, սակայն «թեւեր կտրելու» սպառնալիքն ինքնանպատակ չէր: Վարչապետն այդպիսով նախազգուշացնում է, որ իշխանությանը սպառնացող բեւեռներ ձեւավորելու պարագայում անվերապահորեն կզոհաբերի ցանկացածին: Փաշինյանը կատակ չի անում` նա քանիցս ապացուցել է, որ պատրաստ է հանուն իշխանության պահպանման զոհաբերել` ում ասես, հատկապես ումից ամենաշատ վտանգն է զգում: Այդպես եղավ Վանեցյանի հետ, այդպես այժմ վարվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ:

Փաշինյանի նման կասկածամիտ անձը չի կարող վստահել անգամ իր մերձավոր շրջապատին` նա լավ գիտի, որ թիմում շատ են պատեհապաշտները, որոնք Ազգային ժողով են եկել բացառապես անձնական մղումներով: Իսկ որտեղ անձնականը, այնտեղ` շահերի հակասությունները, ուստիեւ ամենակեղտոտ քաղաքական խարդավանքները: Պատահական չեն ժամանակ առ ժամանակ հնչող պնդումները, թե այժմ Հայաստանում կլանների բախման եւ սեփականության վերաբաշխման գործընթաց է գնում: Նման զարգացումները, ինչպես նաեւ վերը նկարագրված դիպվածները անհետեւանք չէին կարող մնալ: Դրանք իշխանության վերջնական տրոհման, համակարգի եւ անձամբ վարչապետի վարկանիշի անկման լուրջ ազդակներ են: Եվ պատահական չէ, որ տարբեր փորձագիտական հարցումների համաձայն` Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ներկայում տատանվում է 30-35 տոկոսի միջակայքում, իսկ իշխանությանը վստահում է հարցվածների ընդամենը 20 տոկոսը։

Իշխանության նկատմամբ այսպիսի ցածր վստահությունն իր տրամաբանական բացատրությունն ունի: Ներհայաստանյան սրացումների հիմքը կազմավորվում է թե´ բուն իշխանական բուրգի ներսում խմորվող սուր հակասություններից, թե´ բոլոր ոլորտներում արձանագրված ձախողումներից, հանրային աճող դժգոհություններից եւ, ընդհանրապես, կյանքի որակի, ազգային արժեքների ու մարդակենտրոն կենսակերպի հետընթացից: Հետեւությունը մեկն է` ռեկորդային արագությամբ մաշելով ժողովրդի հաղթանակի ու վստահության ռեսուրսը, իշխանությունն այսօր մնացել է ուժային կառույցների` մասնավորապես ԱԱԾ-ի եւ ոստիկանության հույսին: Ցավոք:

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: