Ռոբերտ Քոչարյան, «Կյանք եւ ազատություն», «Ալփինա փաբլիշեր» տպագրատուն, 500 էջ, 2018թ.
Գիրքը գրվել է ռուսերեն լեզվով, սակայն շատ շուտով ամբողջությամբ հասանելի կլինի նաեւ հայերեն։
Ներկայացված է Քոչարյանի կյանքը՝ մանկությունից մինչեւ մեր օրերը, եւ ներառում է բավական հետաքրքիր պատմություններ, որոնց մի մասն ընդհանրապես հանրությանը ծանոթ չէ, օրինակ՝ մանկությունից որոշ դրվագներ, ծնողների, եղբոր հետ կապված որոշ փաստեր, իր տոհմի վերաբերյալ պատմություններ: Նկարագրված են նրա բանտային կյանքը, ծառայության տարիները, արցախյան ազատագրական պայքարը:
Ընթերցողը մանրամասներ կգտնի հայտնի իրադարձությունների՝ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության, Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի, ինչպես նաեւ Կարեն Դեմիրճյանի, Սերժ Սարգսյանի հետ իր հարաբերությունների մասին եւ այլն: Առհասարակ՝ գրքում արծարծված են նորանկախ Հայաստանի գրեթե բոլոր նշանավոր դերակատարները:
Հեղինակն անդրադարձել է նաեւ իր կարճաժամկետ անազատությանը՝ երկշաբաթյա կալանքին, որից ազատ էր արձակվել օգոստոսի 13-ին: Կալանավայրում գտնվելու օրերին գիրքը համարյա պատրաստ է եղել: Բայց քանի որ դա եւս մի նոր դրվագ էր իր կյանքում, Քոչարյանն այն ընդգրկել է գրքում: