Հայաստանում ստեղծվել է մի կացություն, որում ոչ ոք չգիտի, թե ինչ կա այն մարդկանց մտքին, ովքեր հանդիպում եւ քննարկում են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը: Ոչ ոք չի հավատում արտաքին գործերի նախարարի եւ երկրի վարչապետի թեկուզ մի խոսքին: Բացի դրանից, ոչ ոք չի հավատում երկրի ներսում ու արտերկրում գործող քաղաքական եւ հասարակական գործիչների արտահայտած ցանկացած կարծիքին: Արդյունքում յուրաքանչյուրը մնում է իր տեսակետին:
Առկա իրավիճակի ընկալման նմանօրինակ անորոշությունը գալիս է Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների «քնքշաբարո» պահվածքից: Հայ հասարակությունը սովոր չէ զորքերի շփման գծում գործողությունների եւ խոսքի նման զսպվածությանը: Բոլորի համար ավելի համոզիչ է այս երկրի նախահարձակ վարքագիծը: Իսկ եթե ագրեսիա չկա, ուրեմն ինչ-որ բան այն չէ: Այն, որ Ադրբեջանը, հնարավոր է, հայտնվել է նոր դժվարությունների առջեւ՝ քչերն են հավատում: Մեզ թվում է` միայն մենք դժվարություններ ունեինք եւ դեռ ունենք:
Բայց արդյո՞ք այդպես է: Ըստ երեւույթին` ոչ այնքան: Ժամանակները փոխվում են: Երկար տարիներ Ադրբեջանը համոզված էր, որ շփման գծում իրավիճակը սրելով` ստիպում է միջազգային միջնորդներին ավելի արդյունավետորեն զբաղվել խնդրի լուծմամբ: Միեւնույն ժամանակ վստահություն կար, որ ագրեսիվությունը մեծացնում է ադրբեջանական պահանջների համոզչության աստիճանը: Նրանք նույնիսկ իրենց քաղաքականությունն անվանեցին «ռազմական դիվանագիտություն»: Սակայն այս համոզմունքը մարեց, երբ «ռազմական դիվանագիտությունը» բախվեց զորքերի շփման գծում վերահսկողության մեխանիզմներ տեղադրելու պահանջին՝ հրադադարի պայմանակարգը խախտող կողմին բացահայտելու համար: Նույնիսկ անփորձ մարդու համար պարզ դարձավ, որ միջազգային դիվանագիտության մեջ ի հայտ է եկել զինադադարի պայմանակարգի խախտման համար պատասխանատվության գաղափարը: Իսկ եթե նման գաղափար ծագել է, կարող է ի հայտ գալ նաեւ պատժելու գաղափար: «Ռազմական դիվանագիտությունը» ճեղք տվեց` յուրաքանչյուր կրակոց սկսեց աշխատել Ադրբեջանի դեմ:
Այդ երկրի համար իրավիճակն ավելի բարդացավ Հայաստանում իշխանափոխությունից հետո: Սին դուրս եկան հույսերն առ այն, թե Ռուսաստանը Ադրբեջանին կօգտագործի Հայաստանի նոր իշխանություններին «սանձելու» համար: Ստիպված էին բանակը տեղափոխել զորանոցներ, իսկ ռազմական հռետորաբանությունը դարձավ անիմաստ: Տավուշի մարզի հետ սահմանին սադրանքների գործոնը կրկին կիրառելու փորձը ոչ միայն լուրջ, անհամադրելի հակահարված ստացավ, այլեւ մեկ անգամ եւս ցույց տվեց, որ անհնար է որեւէ մեկին ստիպել աջակցելու Ադրբեջանին:
Բայց Ադրբեջանի համար ամենալուրջ խնդիրները սկսեցին այն բանից հետո, երբ Հայաստանի կամքը ճնշելու մեխանիզմն ի չիք դարձավ Հայաստանի նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հեռացման հետ մեկտեղ: Մոսկվայի ձեռամբ Ադրբեջանի համար անբարենպաստ դիրքերից Հայաստանին ետ կանգնել ստիպելու սովորությունը շատ խորն էր նստած վերջինիս ղեկավարության գիտակցության մեջ: Բայց ժամանակները փոխվել են: Ռուսաստանի ղեկավարությունն առանց այդ էլ շատ խնդիրներ ունի Հայաստանի նոր իշխանությունների հետ: Ոչ ոք այլեւս չի ցանկանում ծառայել Ադրբեջանին՝ ի հաշիվ սեփական շահերի: Մոսկվայում ավելի հաճախ են ասում, որ նախկին քաղաքականությանը հավատարիմ մնալով` կարող են կորցնել Հայաստանը եւ չստանալ բարեկամական Ադրբեջան:
Միայն մի բան է մնում` Հայաստանի նոր իշխանությունների հետ լեզու գտնել՝ կարգավորման դիվանագիտության մեջ փոփոխությունների կանխարգելման նպատակով: Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահը ցանկանում է բանակցային գործընթացը դուրս բերել միջնորդների թելադրանքի տակից: Այստեղից էլ` ՀՀ վարչապետի հետ պարբերաբար տեղի ունեցող ուղիղ հանդիպումները: Կարեւորը` վերջինս հրաժարվի Վիեննայի պայմանավորվածություններից եւ բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը ներգրավելու գաղափարից: Իսկ հետո… ժամանակը ցույց կտա:
Ինչպես կարելի է նկատել, Հայաստանի նոր ղեկավարությունը դեմ չէ իրադարձությունների այդպիսի ընթացքին: Այս մասով «փոխըմբռնում» կա: Թե Ադրբեջանի իշխանություններին նման «ծառայություններ» մատուցելու դիմաց ի՞նչ են ստանում՝ դեռեւս պարզ չէ: Առնվազն` դրա մասին ոչինչ չի ասվում: Այստեղից էլ` համընդհանուր կասկածները: Մնում է միայն հուսալ, որ հասարակությանը մի օր ինչ-որ բացատրություններ կտրվեն: