Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Գրքի մեկնություն

Գաբրիել Գարսիա Մարկես, «Սերը խոլերայի ժամանակ»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Գաբրիել Գարսիա Մարկես, «Սերը խոլերայի ժամանակ», վեպ, թարգմանությունը՝ Ռուզաննա Պետրոսյանի, «Անտարես», 556 էջ, 2021թ.:

Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը խոլերայի ժամանակ» վեպն անվերապահ եւ անմնացորդ սիրո մասին պատմող ցնցող պատմություն է՝ սեր, որն ունակ է հաղթահարելու ամեն ինչ՝ ժամանակ ու տարածություն, կյանքի դժվարություններ ու նյութապաշտություն, մարդկային հոգու անկատարություն ու հուսահատություն: Ֆերմինա Դասան մերժում է Ֆլորենտինո Արիսայի պատանեկան սերն ու երազանքները եւ ամուսնանում խոլերայի դեմ ակտիվ պայքարող բժիշկ Խուվենալ Ուրբինոյի հետ, որը, ի տարբերություն զգայական եւ զգացմունքային Ֆլորենտինո Արիսայի, չափազանց զուսպ է եւ հավասարակշռված: Գործողությունները տեղի են ունենում Կենտրոնական Ամերիկայում, 20-րդ դարասկզբին, երբ, ըստ պատմողի, սիրահարվածության նշանները կարելի էր շփոթել խոլերայի հետ:

Վեպում կենտրոնական է սիրո թեմատիկան, սակայն սա նաեւ ուսումնասիրություն է հոգիներ ու քաղաքներ քանդող ու վերակառուցող ժամանակի, հիշողության եւ դրա անհամար լաբիրինթոսների մասին: Մարկեսը շեշտադրել է մարդկային կյանքի կարեւորագույն հարցերը, ինչպիսիք են ըտանիքը, ընկերությունը, սերը կյանքի տարբեր ժամանակաշրջաններում, հավատարմությունը, ամուսնական համակեցությունը եւ մահը:

Մելամաղձոտ ու անչափ հուզիչ այս պատմությունը համեմված է Մարկեսի ֆանտաստիկ սարկազմով, ծիծաղաշարժ դրվագներով, հին ժամանակների ոգով, սիրային զեղումներով եւ մեծ քնարականությամբ: Ամուսնու մահից, անցած երջանկության վերհուշից եւ մենության ցավոտ ապրումներից հետո Ֆերմինային բախտ է վիճակվում ճաշակել հասուն սերը, եւ երկու զառամյալ սիրահարները տրվում են սիրո ճամփորդության վայելքին՝ հավատացնելով, որ սերը ժամ ու ժամանակ չունի:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: