Պատմության ընթացքում միշտ վերազգային գաղափարներն օգտագործվել են թե՛ կայսրություններ ստեղծելու, թե՛ կայսրություններ փլուզելու համար: Օրինակ՝ 19-րդ դարում Բրիտանիան եւ Ռուսաստանն աջակցել էին թուրքական ազգայնականությանը՝ փլուզելու Օսմանյան կայսրությունը, որը կառուցված էր իսլամի գաղափարի վրա: Իսլամի համար ազգայնականությունը, բնականաբար, հակագաղափար է, որտեղ ազգ հասկացություն գոյություն չունի: Կան հավատավոր մուսուլմաններ՝ անկախ ազգությունից ու ռասայից: Թուրքիզմը իսլամիզմի հակառակորդ է: Ճիշտ է, այսօրվա Թուրքիայում փորձում են միանգամից նստել «երկու ձիու»՝ իսլամականության ու թուրքականության վրա, սակայն այդ «ձիերը» չեն կարող նույն ուղղությամբ արշավել։
Հավաքական Արեւմուտքի համար պաշտոնապես ամրագրված ազգային անվտանգության հայեցակարգերում (դոկտրին) հիմնական մրցակիցներ են համարվում Չինաստանն ու Ռուսաստանը, որոնք կարող են ձեռնոց նետել գործող հեգեմոնին՝ Հավաքական Արեւմուտքին: Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հայեցակարգում նշված է, որ իրենց ազգային անվտանգությանը սպառնացող հիմնական վտանգը գալիս է Չինաստանից եւ Ռուսաստանից:
Ռուսաստանին ու Չինաստանին զսպելու համար նորից հիշել են 19-րդ դարի նախագծերից մեկը՝ պանթուրքիզմը՝ Թյուրքական աշխարհի տեսքով, եւ այդ գործընթացը առաջ է գնում: Թյուրքական աշխարհը պետք է Ռուսաստանի ու Չինաստանի միջեւ խրված սեպի դեր կատարի եւ դառնա Արեւմուտքի դաշնակիցը: Բնական է, որ այդ Աշխարհի լոկոմատիվի դերակատարությունը ստանձնած Թուրքիան այդպիսի խոշոր նախագծի համար պաշարամիջոցներ չունի, սակայն ակնհայտ է, որ վերը նշված մրցակցության հարցում Թյուրքական աշխարհն ունի աջակիցների բավական պատկառելի թվակազմ՝ որպես գործիք:
Որքանո՞վ է կենսունակ Թյուրքական աշխարհը եւ, առհասարակ, ի՞նչ է դա իրենից ներկայացնում:
Հասկանալի է, որ Կենտրոնական Ասիայի բռնապետների համար մարդու իրավունքներն ու ազատությունները դատարկ խոսքեր են, ինչը ցույց տվեց Աֆղանստանի փորձը, հետեւաբար՝ հանուն ժողովրդավարական այդ արժեքների, նրանք չեն պատրաստվում իրենց իշխանությունը ծառայեցնել վերպետական ինչ-ինչ նպատակների, սակայն դեմ չեն մասնակցել աշխարհաքաղաքական որեւէ նախագծի, որի միջոցով կարող են ընդլայնել իրենց ինքնիշխանությունը՝ ստանալով ներդրումներ ներգրավելու եւ նոր հաղորդակցություններից օգտվելու հնարավորություն: Ավելին՝ կհաջողվի նաեւ թուլացնել ռուս-չինական աքցանը, որի արանքում է գտնվում Կենտրոնական Ասիան:
Այս համատեքստում պետք է դիտարկել Արցախի պատերազմի աշխարհաքաղաքական նպատակը, ինչն էլ Իլհամ Ալիեւին համարձակություն է տալիս իր լկտիության չափն անցնել: Այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը» Կենտրոնական Ասիայի պետությունների համար ճանապարհ է բացում դեպի Միջերկրական ծով, դեպի Եվրոպա, իսկ նրանց գաղափարական ու կազմակերպչական ղեկավար նշանակված է Թուրքիան։
Արցախի եւ Հայաստանի ճակատագիրն այս երկու հզոր բեւեռների՝ Թյուրքական աշխարհի ու Ռուսաստան-Չինաստան տանդեմի մրցապայքարի տրամաբանության ծիրում է դիտարկելի: Իսկ այդ մրցապայքարը խոստանում է երկար տեւել: Թե որքանով կենսունակ կգտնվի Թյուրքական աշխարհը՝ ցույց կտա ժամանակը: