Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Ինքնիշխանության վախ

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Նույնությամբ վերատպում ենք «Հայացքի» 2018 թվականի հունիսի 2-ի թողարկման խմբագրականը, որը նվիրված էր Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորման 100-ամյա հոբելյանին:

Սարդարապատի հուշահամալիրում Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորման 100-ամյակի տոնակատարությունը հանրության շրջանում տարբեր հույզեր ու բանավեճեր է առաջացրել: Գլխավորապես ուշադրության կենտրոնում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի եւ հանդիսավոր միջոցառումների գաղափարական բնույթի միջեւ կտրուկ հակասությունը: Ավելին՝ պաշտոնական ելույթներում ոչ հաճախ օգտագործվող «ինքնիշխանություն» եւ «սեփական ուժերի ապավինում» հասկացությունները շատերին ոչ միայն ոգեւորություն էին պատճառում, այլեւ՝ ավանդական վախ «աշխարհի առջեւ»: Եվ հենց այդպիսի վախի արտահայտություն էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռուսական երգերով ուղեկցվող պարերի տեսարանը: Միջոցառման բեմադրիչները կարծես ներողություն էին խնդրում Ռուսաստանից՝ իրենց ազատասիրության համար: Ընդհանուր առմամբ՝ այս տոնը դարձավ մեր հասարակության բարդ հոգեվիճակի հայելին:

Ճիշտ է՝ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տոնը համընկավ Հայաստանի կոռումպացված վարչակարգի դեմ պայքարում ժողովրդի հաղթանակի հետ: Հանդիսավոր միջոցառման բեմադրիչները, իհարկե, հոգեվարքի մեջ գտնվող այդ վարչակարգի ավանդական հետեւորդներն էին: Իսկ թե ինչպիսին է այդ վարչակարգի քաղաքական աշխարհայացքը՝ գուշակելու կարիք չկա. «Ուժն է ծնում իրավունք. մենք թույլ ենք. աշխարհը մեր դեմ է եւ՝ անարդար. մենք չենք կարող պայքարել ողջ աշխարհի դեմ. մենք չունենք հովանավորներ»: Սա նույնիսկ աշխարհայացք չէ, այլ մարդկանց բարոյական օրենսգիրք՝ մարդիկ, ովքեր չեն ընդունում ազատության գաղափարը, մարդիկ, ովքեր ինքնիշխանություն բառից անգամ խուճապային վախ են ապրում: Անխոհեմություն կլիներ մտածել, թե կարճ ժամանակում կարելի է հաղթահարել այդ հոգեվիճակը: Առաջին հայկական հանրապետության կազմավորման պահից հարյուր տարի անց բազմաթիվ իրադարձություններ դրա ապացույցն են:

1918-ին այդ Հանրապետության կազմավորման առաջին քայլերը վառ կերպով վկայում են ինքնիշխանության հանդեպ այն ժամանակվա քաղաքական գործիչների ունեցած վախի մասին: Նույնիսկ այն ըմբռնումը, որ 1918-ին Անդրկովկասյան սեյմի փլուզումից հետո առաջին հերթին պետք է ընդունել Հայաստանի անկախության հռչակագիրը` նրա ռազմավարական նպատակի, տարածքի եւ մյուս բաղադրիչների հստակ սահմանումներով, իրականում չկար: Ընդհակառակն, ամբողջ տարիների դատողությունները հանգում էին նրան, թե ում հետ գործ ունենալ՝ Ռուսաստանի՞, Անգլիայի՞, թե՞ Աթաթուրքի: Այսինքն՝ ում նախագծերում է նպատակահարմար տեղավորվել: Այն գաղափարը, որ ինքնորոշման միջոցով ինքնիշխան ազգային ռազմավարությամբ զինվելը կարող է լրջորեն ազդել ցանկացած տերության դիրքորոշումների ու գործողությունների վրա՝ ուժերի հավասարակշռություն ստեղծելով ինքնիշխան սուբյեկտի շուրջ, այդպես էլ չհաստատվեց «ճակատագրի կամոք» ձեւավորված Հայաստանի Առաջին Հանրապետության քաղաքական ընտրախավի գիտակցության մեջ:

1991-ի Հայաստանի Հանրապետության կազմավորման ժամանակաշրջանում առաջին իշխանությունների վարքագիծը դրանից շատ չէր տարբերվում: Հայաստանի Հանրապետության հետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշման առկայության հենքին պետական քաղաքականության գործածության մեջ մտցվեց մի սկզբունք՝ Հայաստանի Հանրապետությունը զերծ պահել այն խնդիրների համար իրավաքաղաքական ցանկացած պատասխանատվությունից, որոնք դուրս են նախկին ՀԽՍՀ սահմաններից: Բայց նույնիսկ այդ Հանրապետության անկախության մասին հռչակագիր ընդունելու համար կամքը չբավարարեց: Իրավաքաղաքական կիրառության մեջ մնաց 1990թ. Հռչակագիրը, որը ոչ մի կերպ չի կարող հավակնել հիմնարար պետականաստեղծ փաստաթղթի:

Նկարագրված երկու դեպքում էլ ինքնորոշման հիման վրա անկախ պետություն կառուցելու սկզբունքից Հայաստանի իշխանություններն անցան «անկախություն՝ ըստ համաձայնեցման» սկզբունքի: Խոսքն առաջնահերթությունը Ռուսաստանի եւ այլ երկրների միջոցառումներին տալու մասին է, որտեղ բացառվում էին ցանկացած գործողություններ, որոնց շուրջ չկար արտաքին ուժերի համաձայնությունը: Դրանով էլ պետական քաղաքականության մեջ ի հայտ եկավ իրավունքներից կամավոր հրաժարվելու միտում` հանուն համաձայնեցած անվտանգության: Ինչպես տեսնում ենք, մինչեւ հիմա ինքնիշխանության վախը խորը նստած է հայ հանրության, մասնավորապես՝ միմյանց փոխարինող քաղաքական ընտրախավերի մեջ: Բայց հուսանք, որ «խոնարհումի սարդարապատյան տոնը» այս վախի վերջին արտահայտությունը կլինի: Նրանք, ովքեր 1918-ին կյանքը տվեցին հանուն անկախության, արժանի են իրենց հիշատակի հանդեպ բոլորովին այլ վերաբերմունքի:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: