Չորեքշաբթի, Հունվարի 14, 2026

Խմբագրական

Թրքամետության համախտանիշ

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Թուրքիայի եւ նրա «կրտսեր եղբայր» Ադրբեջանի նկատմամբ ՀՀ-ում գրեթե միշտ եղել է պատմականորեն ձեւավորված անբարյացակամ վերաբերմունք: Ընդհանուր կանոնից, թերեւս, բացառություն է ԽՍՀՄ-ի՝ բավական պատկառելի այն ժամանակահատվածը, երբ Հայաստանն ու Ադրբեջանը 15 երկրների թվում եղբայրական հանրապետություններ էին: Եղբայրությունը միգուցեեւ պարտադրված էր, բայցեւայնպես, դա Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունների համեմատաբար չեզոք շրջան էր, որին բնորոշ էին միմյանց հանդեպ հարգանքը, փոխըմբռնումը, ինչ-որ տեղ նաեւ՝ բարեկամական հակվածությունը:

Հայ-ադրբեջանական «խորթության» սկիզբը անցյալ դարի 80-90-ական թվականներն են, երբ Արցախի ինքնորոշման օրինական պահանջին Ադրբեջանն ամենաբարձր պետական մակարդակով արձագանքեց սումգայիթյան արյունալի ջարդերով, որոնց շորշոփները հասան մինչեւ Բաքու, Գանձակ, Շահումյան, Մարաղա եւ ադրբեջանական այլ հայաշատ վայրեր: ՀՀ-ում բնակվող 140-150 հազար ադրբեջանցիներից ոչ մեկի քիթն այդ օրերին չարյունոտվեց. նրանք՝ ի տարբերություն 600-650 հազար ադրբեջանահայերի, վաճառեցին կամ փոխանակեցին իրենց տներն ու ինչքը, ստացան պատշաճ փոխհատուցում եւ ընտանիքներով առոք-փառոք հեռացան Հայաստանից:

Այժմ՝ շուրջ 35 տարի անց, Ադրբեջանը մտադիր է այդ ընտանիքներին՝ կրկնապատկված-եռապատկված թվաքանակով վերադարձնել Հայաստան, որին Հեյդարօղլին կնքել է երբեւէ գոյություն չունեցած՝ «Արեւմտյան Ադրբեջան» տեղանունով: Հարեւան երկրի ենթադրյալ փախստականներն, իհարկե, շատ կցանկանան վերադառնալ: Հայաստանի «համը» մինչեւ օրս նրանց բերանն է մնացել: Իսկ ա՛յ, կասկածելի է՝ 80-ականների վերջերին Ադրբեջանի տարբեր քաղաքներից ու գյուղերից մազապուրծ Հայաստան կամ այլ երկիր հասած որեւէ հայ կուզենա՞ նախկին բնակության վայր վերադառնալ: Հազիվ թե: Ցանկացած հայի համար՝ անկախ նրանից, թե որ երկրի քաղաքացի է, Ադրբեջանը փակ պետություն է հայտարարված:

Ուրեմն՝ ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները բերանները ջուր առել՝ փոխանակ հակադարձելու Ալիեւի բարբաջանքներին: Վարչապետը, որ ամեն ինչ խաղաղության արշինով է չափում, մի վախվորած հայտարարություն արեց, թե փախստականների վերադարձի թեման վտանգավոր է եւ կարող է խանգարել հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին: Բայց ԱԺ խոսնակի մեկնաբանությունն ավելի յուրահատուկ ու հետաքրքիր էր: Նա զմայլված է Ալիեւի հաղորդմամբ, թե «հայերը թող չվախենան մեր՝ Իրիվան մտնելուց, մենք տանկերով չենք գալու: Մենք գալու ենք ավտոմեքենաներով»: Ալեն Սիմոնյանը խանդաղատանքով է երկրորդում Ալիեւի խոսքի՝ հատկապես Երեւան ավտոներով մտնելու հատվածը: Նա մի տեսակ իրեն երջանիկ է զգում դրանից:

Եվ, կարծես թե, այդ երջանկությունը կիսում են ՔՊ-ական էլի շատ իշխանավորներ՝ սկսած թիվ մեկ իշխանավորից, որը չի նեղվում իրեն թուրք անվանելուց, եւ վերջացրած Լուլու մականվամբ պատգամավորով, որը հայտնի է «թուրք ազգի առջեւ խոնարհվելու» անզուսպ ցանկությամբ: Այնպես որ, թրքասիրությունը մեզանում նոր երեւույթ չէ, այն 2018-ին բույն դրեց ՀՀ իշխանական բուրգում, ապա աննկատ, անաղմուկ ներթափանցեց հայկական հանրային միջավայր՝ դառնալով աշխարհաքաղաքական մեր օրակարգի կցորդը, մեր «անկոչ հյուրը»: Ու պետք չէ տարակուսել, թե երբ, ինչպես եւ որտեղից ՀՀ-ում «բռնկվեց» նմանատիպ վարակ, որին պայմանականորեն տանք թրքամետության համախտանիշ անվանումը:

Այսօր թրքամետությունը մեզանում բավական լայն տարածում ունի. դրանով տառապում է ոչ միայն ՀՀ իշխանական ընտրախավն՝ իր ողջ կազմով, այլեւ հանրության մի դժգույն ու անձեւ զանգված, որի համար 15-ի Հայոց ցեղասպանությունն անհետաքրքիր պատմություն է, իսկ Արցախը՝ ծանր բեռ: ԱԺ խոսնակն ավելի վաղ օրինակ էր բերում վրացիներին, որ Թբիլիսիում ադրբեջանցիների հետ բարեկամաբար տալիս-առնում են, եւ որ նույնը կարելի է կազմակերպել նաեւ Հայաստանում: Ալենը նուռ շատ է սիրում եւ երանի է տալիս այն պահին, երբ ադրբեջանցի «քիրվան» օրերից մի օր Աղդամի նուռ կբերի երեւանյան շուկա՝ վաճառելու եւ իրեն, անտարակույս, չի մոռանա:

 

«Հայացք Երեւանից»

Հունվարի 10 2026
Դեկտեմբերի 27 2025
Դեկտեմբերի 20 2025
Դեկտեմբերի 13 2025
Դեկտեմբերի 06 2025
Նոյեմբերի 29 2025

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: