Խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի վարչակազմը մեծ թափով շարունակում է քաղաքական հետապնդումները՝ ուղեկցված նոր ձերբակալություններով, խուզարկություններով ու սպառնալիքներով։ Հետընտրական շրջանում քաղկալանավորների շարքերը «համալրվել» են ի հաշիվ հեռանկարային գործիչների՝ Ավետիք Չալաբյանի, Ալիկ Ալեքսանյանի, Դավիթ Համբարձումյանի, Արթուր Սարգսյանի, Ալեն Ղեւոնդյանի եւ այլոց: Փաշինյանը հասկանում է, որ աննախադեպ բռնաճնշումների եւ պետական մակարդակով ընտրակաշառք բաժանելու շնորհիվ անգամ չկարողացավ ցանկալի մեծամասնություն ստանալ, ինչը խիստ մտահոգիչ է նրա համար:
Բայց Նիկոլը չի վհատվում. պատրաստ է անել ամեն ինչ՝ ոչ միայն պահպանելու եղածը, որին հասել է բազմաթիվ կեղծիքներով, այլեւ տիրանալու խորհրդարանական մեծամասնության բաղձալի 2/3-րդական նիշին, որպեսզի միաձնյա կառավարումը ձեռքից չտա: Նա ստիպված է բռնությունների դիմել երկու հիմնական պատճառով. ա/ առավելագույն թվով ընդդիմադիր գործիչների մեկուսացմամբ խաթարել իշխանության դեմ հանրային տրամադրությունների համախմբման գործընթացը, եւ բ/ Փաշինյանը դրանով ուզում է դրսի իր տերերին, ովքեր դժգոհ են ԱԺ ընտրություններում նրա ձեռք բերած արդյունքից, ցույց տալ, որ ինքն է դեռ դրության տերը: Հիշյալ երկու դրույթները ծառայում են մեկ ընդհանուր նպատակի՝ պահպանել աթոռը եւս հինգ տարի, հետո կերեւա:
Շատերը զարմանում են, որ հիմա էլ նա շարունակում է հավատարիմ մնալ նախընտրական քարոզարշավի շրջանում որդեգրած իր հռետորաբանության նախահարձակ ոճին ու ոգուն, ատելության խոսքին: Չէ՞ որ, կարծես թե, հաղթել է, համենայն դեպս, ինքն այդպես է իրեն երեւակայում: Եվ, փոխանակ փոքր-ինչ բարություն դրսեւորելու, համերաշխության ու միաբանության կոչելու բեւեռացված հասարակությանը՝ քաղաքական հակառակորդներին կամ, իր բառապաշարով, «պատերազմի եռագլուխ կուսակցությանը» դարձյալ հոխորտում է «ջախջախել», «նստեցնել», «ունեզրկել», իսկ աչքի ընկնող երիտասարդ, խոստումնալից կադրերին կեղծ մեղադրանքներով ուղարկել ՔԿՀ-ներ՝ ճաղերի հետեւ:
Իրականում Փաշինյանից բարություն, առաքինություն սպասելն անիմաստ հույս է: Ութ տարին բավական մեծ ժամանակամիջոց էր դրանում համոզվելու համար: Այսօր նա շատ ավելի չարացած է, քան երբեւէ, որովհետեւ ներքուստ զգում է, որ հունիսի 7-ին չի ընտրվել: Այլ կերպ ասած՝ իրեն չի հաջողվել ստանալ ընտրողների ձայների այն օրինակարգ քանակությունը, որը շատ կուզեր: Նույնիսկ մեծ աղավաղումներով իր օգտին «սարքված» պաշտոնական տվյալներով՝ նա չհաղթահարեց «50+1»-ի բնագիծը: Դրան չօգնեցին անգամ «Բարգավաճ Հայաստանի» մոտավորապես 60 հազար ձայների «կողոպուտն» ու Գագիկ Ծառուկյանին ԱԺ-ից ուղղակի դուրսմղումը, ինչն աննախադեպ երեւույթ էր:
Բազմաթիվ խախտումներով պայմանավորված՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու եւ նոր ընտրություններ անցկացնելու պահանջով 7 ընդդիմադիր հավակնորդների հայցերն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայումս վիճարկվում են Սահմանադրական դատարանում, որը 15-օրյա ժամկետում վճիռ կկայացնի: Սակայն բոլորը հասկանում են՝ փաշինյանական ՍԴ-ն կշարժվի ոչ թե օրենքով, այլ քաղաքական պատվերով՝ անելով այն, ինչ իրեն կասեն: Իշխանությունը հազիվ թե համաձայնվի նոր ընտրություններ կամ, առավել եւս, ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելուն, ինչպես առաջարկում է 2-րդ տեղը զբաղեցրած՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ղեկավար Սամվել Կարապետյանը:
Փաշինյանը, որ շատ ավելի հակված է նոր հեղափոխության անցկացման մտքին, լավ կանի՝ վրայից հանի կեղծ ժողովրդավարի ու կեղծ հայրենասերի դիմակը, որովհետեւ ժողովուրդը նրան վաղուց բացահայտել է՝ որպես անհայրենիք, երկերեսանի եւ բռնապետական մղումներ ունեցող անձ: Զավեշտալի է, երբ նա փորձում է հանդես գալ ընտրակաշառքը խարազանողի դերում, քանզի այդ մրցասպարեզում ինքը հավասարը չունի: Այդ ինքը չէ՞ր, որ հունիսի 7-ի ընտրությունների շեմին հանկարծ որոշեց բարձրացնել կենսաթոշակներն ու նպաստները, ներդնել Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգ եւ այլն: Ընտրական կաշառքի այսպիսի զանգվածային բաժանումներ ՀՀ-ում երբեք չեն եղել:
«Ես հստակ պահանջում եմ, որ ընտրակաշառք տալու կամ վերցնելու մեջ «բռնված» անձինք պետք է մինչեւ հաջորդ համազգային ընտրությունների արդյունքների ամփոփման օրը բանտում գտնվեն»,- օրեր առաջ հայտարարեց Փաշինյանը: Այո՛, այո՛… դուք ճիշտ հասկացաք՝ հենց ինքը, պարոն Նիկոլ Փաշինյանը:
«Հայացք Երեւանից»

