Եվ այսպես՝ ՀՀ իններորդ գումարման ԱԺ ընտրություններից հետո անցավ ավելի քան երկու ամիս, նորակազմ խորհրդարանն արդեն առաջին նիստերն է գումարել, բայց ընդդիմության ճամբարում, մեծ հաշվով, դեռ դալուկ անդորր է՝ եթե չհաշվենք նախորդ խորհրդարանից մեզ ծանոթ լեզվակռիվներն ու փոխադարձ կսմիթները: Ինչպես նման դեպքերում ընդունված է ասել՝ ընդդիմությունը կատակի տալով, հասավ այնտեղ, որտեղ հասավ՝ ետեւում թողնելով անօրինակարգ ընտրությունների, ձախողումների, հուսախաբությունների մի ծանր բեռ: Ո՞վ պետք է կրի սրա բարոյաքաղաքական պատասխանատվությունը, առանց որի հնարավոր չէ ձեւավորել առողջ քաղաքական համակարգ: Բայց սրան դեռ կանդրադառնանք:
Եթե երկու բառով բնութագրենք հունիսյան ընտրությունները, ապա այն մեր պատմության մեջ, այո, աննախադեպ քաղաքական միջոցառում էր, որը ՔՊ-ական իշխանության կողմից իրագործվեց ընտրախախտումներով եւ վարչական պաշարամիջոցների գործադրմամբ: Բայց այն հանգամանքը, որ ընտրակեղծարարությունների «ջահակիրը» բուն իշխանություններն էին, ընդդիմությանը չի ազատում իր բաժին պատասխանատվությունից: Ընդդիմադիր ուժերը պետք է իրենց պատասխանատու զգան ընտրություններում արձանագրված արդյունքների համար։ Մանավանդ որ, իշխանությունն այն անգթորեն «սրբագրել» է իր օգտին՝ չխորշելով անգամ յուրացնել «Բարգավաճ Հայաստան»-ի 58 հազար ձայներն ու պատգամավորական 4 մանդատները:
Հիշեցնենք՝ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ի օգտին լրտեսության մեջ անհիմն մեղադրեց ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին, վերջինս՝ ի պատասխան նրա մեղադրանքի, հայտարարել էր, որ ասածները չապացուցելու դեպքում Փաշինյանին՝ որպես պատիժ, հասնում է գցել «որձ առյուծի» վանդակը: Փաշինյանն իր անունը կփոխեր, եթե վրեժ չլուծեր հանդուգն գործարարից, որին խոստացավ «բոմժ» դարձնել: Եվ քանի որ Փաշինյանն իր անձին ու աթոռին ուղղված սպառնալիքը երբեք չի ներում, տիրացավ ընտրություններում Ծառուկյանի ստացած քվեներին, իսկ նրան բանտ նետեց՝ ապօրինաբար զավթելով նաեւ նրա սեփականությունը՝ հատ առ հատ: Թքած, թե ինչպիսի ծանր հետեւանքներ դրանք կարող են ունենալ Հայաստանի համար:
Հիմա վերադառնանք ընդդիմության բարեխիղճ լռակյացությանը: Այստեղ գլխավոր հարցերը, բնականաբար, հասցեագրված են «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը եւ դրա առաջնորդին: Սա միակ ընդդիմադիր ուժն էր, որը խոսում էր ոչ թե հնարավոր հաղթանակի, այլ բացարձակ հաղթանակի մասին։ Իսկ երբ հնչում էին «պլան Բ» ունենալու վերաբերյալ հարցեր, Սամվել Կարապետյանը սաստում էր՝ ասելով, թե «պլան Բ» իրենք չունեն, քանի որ միանգամայն վստահ են, որ վերցնելու են իշխանությունը։ Ընդ որում՝ Կարապետյանը ՀՀ քաղաքական պատմության մեջ եզակի հնարավորություն ունեցող դեմքերից է՝ իր հեղինակությամբ, միջազգային կապերով ու անցած ճանապարհով:
Ընդդիմադիր դաշտը հաշտ ու բարյացակամ էր նրա նկատմամբ, ժողովուրդը վստահում էր, հավատ ու հարգանք էր տածում Կարապետյանների զարմին: Նույնիսկ մրցակից ուժերն էին նախընտրական շրջանում հրապարակավ աջակցող խոսքեր ասում «Ուժեղ Հայաստանի» եւ նրա առաջնորդի հասցեին: Ցավոք, այդ բացառիկ վստահությունը չարդարացվեց. գրեթե բոլոր անկախ սոցհարցումներում ամենաբարձր վարկանիշն ապահովող եւ ՔՊ-ականների «աչքի փուշ» դարձած «Ուժեղ Հայաստանը» չկարողացավ դիմակայել իշխող քաղաքական ուժի գրոհներին ու ճնշումներին, քանի որ նրա դեմ դուրս էր եկել Փաշինյանի «գրպանային» իրավապահների, ոստիկանական ուժերի ողջ կոհորտան:
Հետո Սամվել Կարապետյանը հայտարարեց, թե ունեն Փաշինյանին հեռացնելու գաղտնի ծրագիր, բայց օրեր անց պարզվեց, որ այդ ծրագրի առաջին քայլը մանդատները վերցնելն է: Ասվում էր՝ դրանից քաղաքական նոր գործընթաց է սկսվելու: Ավելի վաղ հայտարարվել էր, թե «գաղտնի ծրագրի» շրջանակում ընդդիմությանը հաջողվել է հասնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հեռացմանը, ինչը ոմանց կողմից գնահատվեց իբրեւ թեմայի անլրջացում: Ու այդպես՝ կատակի տալով, հասանք այնտեղ, որտեղ երկրին պարտություն եւ աղետներ բերած անձը երրորդ անգամ «ընտրվեց» Հայաստանի վարչապետ: Ցավալի է, բայց՝ փաստ. Նիկոլը վարչապետ է, եւ վե՞րջ…
«Հայացք Երեւանից»

