Ընդունված է ասել, որ Ազգային ժողովը Հայաստանի Հանրապետության թիվ մեկ ամբիոնն է, ինչն ինքնին ենթադրում է պարտավորեցնող անվանում եւ պատվավոր առաքելություն: Այդ ամբիոնից արտաբերվող յուրաքանչյուր խոսք, ամեն բառ պետք է առանձնանան ոչ միայն քաղաքակիրթ ու հայեցի հնչեղությամբ, այլեւ իրենց ներսում կրեն խորիմաստ, ճշմարտացի, ուսուցողական բնույթի բովանդակություն: Խորհրդարանական մշակույթի մյուս անկապտելի մասը բարեվարքության ու վարքագծի կանոններն են եւ, հատկապես՝ դրանց պահպանումը: Ցավոք, ԱԺ նիստերի ժամանակ երկրի թիվ մեկ ամբիոնից հաճախ հնչում են անպատշաճ արտահայտություններ, ոչ կառուցողական բանավեճեր ու փողոցային ժարգոն:
Բարեվարքության կանոններն ԱԺ-ում ամրապնդելու փորձեր բազմիցս արվել են, հատուկ հանձնախմբներ են աշխատել, նախաձեռնվել են փորձի փոխանակումներ, քննարկումներ եւ այլն, բայց ապարդյուն. շատ ժամանակ չանցած՝ ամեն ինչ վերադարձել է «ի շրջանս յուր»՝ նվազեցնելով խորհրդարանի նկատմամբ հանրային վստահությունը: Ամեն հինգ տարին մեկ ամբիոնի մոտ կանգնած դեմքերն են միայն փոխվել, «հին ու բարի» ավանդույթը՝ լեզվակռիվը, հայհոյախոսությունը, կեղտոտ բառամթերքի գործածումը, մնացել է նույնը: Իսկ Փաշինյանի իշխանավարման օրոք դրանք հասել են իրենց կատարելության գագաթնակետին. դրանում, բնականաբար, վերջինիս անձնական «ավանդը» հսկայական է:
ՀՀ նախորդ ղեկավարներից ոչ ոք այնքան ժամանակ չէր վատնում խորհրդարանում, որքան՝ Փաշինյանը: Նա ջանում է բաց չթողնել Ազգային ժողովի ոչ մի նիստ եւ չի բավարարվում միայն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի շրջանակում իր մասնակցության կարճ ժամանակով: Ճար ունենար՝ նստաշրջանների տեւողության «առյուծի բաժինը» կհատկացներ ՀՀ ամենազանգվածային ամբիոնը ՔՊ-ի եւ սեփական անձի գովազդին ծառայեցնելու, իր չունեցած փառքն ու անունը հնարավորինս լայնորեն աշխարհում թնդացնելու համար: Թեեւ անպատեհ շոուներ ցուցադրելուց եւ անախորժ հայտարարություններ անելուց՝ հաճախ հենց ինքն է առաջինը խայտառակվում: Ցավոք՝ նաեւ մեր պետությունը:
Մեծ հաշվով՝ բարեվարքության մարմնավորողը Հայաստանի եւ, եթե կուզեք, ողջ հայության գծով Նիկոլ Փաշինյանն է: Նրան է վիճակված ի պաշտոնե լինելու բարեվարքության ուսանելի օրինակ շատերի համար, լինելու այն գործիչը, որին մարդիկ հետեւում են եւ որից ուզում են սովորել քաղաքավարի պահվածք, անթերի խոսվածք ու ճիշտ վարվելակերպ: Համենայն դեպս՝ այդպես պետք է լիներ: Բայց Փաշինյանի հարցում, մեր մեջ ասած, հայերիս բախտը չի բերել. նա այն առաջնորդը չէ, որից կարելի է ինչ-որ բան սովորել, ինչ-որ բան ընդօրինակել, առավել եւս՝ բարեվարքություն: Հնարավոր է՝ դա իր մեղքը չէ: Ի վերջո, բարեվարքությունը հենց այնպես չի տրվում. այն ձեւավորվում է ընտանիքում, դպրոցում եւ ամրապնդվում հասարակական միջավայրում, որի ծնունդ է ամեն մարդ:
Կարելի է գործող իշխանության ներկայացուցիչների (անշուշտ՝ ոչ բոլորի), այդ թվում՝ Փաշինյանի օգտագործած բառապաշարից բերել օրինակներ, որոնք թե՛ անպարկեշտ են, թե՛ վիրավորական եւ ոչ մի քննադատության չեն դիմանում: Բայց դրա կարիքը չկա, քանզի տաբեր առիթներով խնդրո առարկա եզրույթները բազմիցս հոլովվել են, եւ ուղղակի տհաճ է ավելորդ անգամ շրջանառության մեջ դնել նման զզվելի բառերն ու արտահայտությունները: Ի դեպ՝ իշխանության կողմից հնչեցվող՝ բարեվարքության կանոնները պահպանելու կոչերը մեծապես հասցեագրված են ընդդիմադիրներին, մինչդեռ ԱԺ-ում լարված իրավիճակներ նախաձեռնողները, որպես կանոն, իշխանական թեւի պատգամավորներն են:
ԱԺ-ում վարքականոնների թեման զարգացրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Մամիկոն Ասլանյանը՝ հայտարարելով, որ բարեվարքության կանոնները խախտելու դեպքեր ավելի հաճախ թույլ են տրվում ՔՊ-ական պատգամավորների կողմից: Նրա դիտարկմամբ՝ ԱԺ-ում մթնոլորտ պղտորողներն ընդդիմադիր նոր պատգամավորները չեն, քանի որ նրանք մեծացել են կիրթ, դաստիարակված ընտանիքներում. «Եվ եթե անհրաժեշտություն կա բարեվարքության կոչ անել, ապա այն պետք է առաջին հերթին ուղղվի Նիկոլ Փաշինյանին»,- նկատել է ընդդիմադիր պատգամավորը: Որեւէ առարկություն չի կարող լինել՝ դա փաստ է:
Հայացք Երեւանից

