Հետանկախական ողջ շրջանում նախադեպը չունեցող մտավոր ձախորդության բախվեց Հայաստանի կրթական համակարգը: Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (OECD) վերջին հետազոտության արդյունքներից պարզ դարձավ, որ հայաստանցի 15-ամյա դպրոցականները գրագիտության լուրջ խնդիր ունեն մաթեմատիկա, բնագիտություն առարկաների եւ ընթերցանության գծով: Ըստ այդմ՝ մեր երկրի Հիմնական դպրոցների 15 տարին լրացած շրջանավարտների ընդամենը 1%-ը լավագույն արդյունք ցույց տվեց մաթեմատիկայից: Նույն տարիքի ոչ մի հայ սովորող լավագույն արդյունքով առանձնապես աչքի չընկավ նաեւ թե՛ բնագիտության ոլորտում, թե՛ ընթերցանության մեջ:
Այս երեք առանցքային թեմայով տրված թեստում բազայինից բարձր գնահատականներ ստացած հայ աշակերտները մասնակից երկրների միջինից ավելի քան երկու անգամ վատ ցուցանիշ ունեցան: Բնագիտության գծով մեր 15 տարեկանները միջինում 28% ցուցանիշ գրանցեցին՝ այն դեպքում, երբ OECD-ի միջինը 74% է: Մաթեմատիկայում եւս նույն` 28% արդյունքն է ապահովվել՝ աշխարհում ընդունված միջինի՝ 65%-ի դիմաց: Ամենացածրը ընթերցանության թեստի տվյալներն են. բազայինից բարձր գնահատական ստացած հայ աշակերտներն ունեն 19% արդյունք, այնինչ OECD-ի միջինը 67%-ն է: Կարճ ասած՝ Հայաստանը 354 միավորով ցուցակի վերջից երրորդն է. իրենից ցածր արդյունք ունեն միայն Պարագվայը՝ 352, եւ Քենիան՝ 278 միավոր։
Դե ինչ, աչքներս՝ լույս, գրագիտության չափանիշով Հայաստանը, որ ԽՍՀՄ տարիներին միշտ առաջին շարքում էր, հայտնվել է OECD-ի ստուգատեսին մասնակցող՝ աշխարհի 91 պետությունների վերջին եռյակում: Ցանկացած կարգին երկրում ժամեր կպահանջվեին կրթության ոլորտը նման աղետալի վիճակի հասցրած պատասխանատու անձին առնվազն պաշտոնից ազատելու համար, բայց նիկոլական ՀՀ-ում այլ չափանիշներ են գործում, որոնցից ամենակարեւորը Փաշինյանին հավատարմորեն ծառայելու գործոնն է: Վերջինս իրավապահ մարմիններին «բռի մեջ» պահելուց զատ՝ շռայլ պարգեւավճարներ ու «յուղոտ» պաշտոններ բաժանելով՝ կարողանում է իր կողմը քաշել թուլակամ, զոմբիացած անձանց, որոնցից մեկն էլ ԿԳՄՍ նախարարն է:
OECD-ն կրթական առաջադիմության ուղղությամբ աշխարհի առաջատար չափանիշներից մեկն է, եւ դրա արդյունքները մանրամասն ուսումնասիրվում են կառավարությունների ու կրթական ոլորտի մասնագետների կողմից։ ՀՀ-ն առաջին անգամ էր մասնակցում OECD-ի ենթաճյուղը հանդիսացող՝ Սովորողների գնահատման միջազգային ստուգատեսին՝ PISA-2025-ին, որի հետազոտության արդյունքներն ամփոփվեցին օրերս՝ սեպտեմբերի 8-ին, մեծ հիասթափություն պատճառելով հայ հանրության սթափ մտածող հատվածին: Լավագույն՝ 93-97% արդյունք նվաճած Չինաստանի հետ, բնականաբար, չենք հավակնում «ոտք մեկնել», բայց կուզենայինք ետ չմնալ գոնե հարեւան Վրաստանից, Ադրբեջանից եւ Թուրքիայից (Իրանը, հավանաբար, չէր մասնակցում): Բայց եղավ այն, ինչ եղավ:
PISA հետազոտությունն անցկացվում է 4 տարին՝ մեկ. այն ցույց է տալիս, թե որքանով է սովորողը կարողանում գիտելիքը կիրառել տարբեր իրավիճակներում։ Հետազոտության համաձայն՝ կրթական առաջադիմության տեսանկյունից աշխարհում առաջատարն Արեւելյան Ասիայի երկրներն են՝ թեստին մասնակցած չինական քաղաքները, Ճապոնիան, Հարավային Կորեան, Սինգապուրը, Թայվանը։ Լավագույն տասնյակում են նաեւ Մեծ Բրիտանիան եւ Էստոնիան՝ ընթերցանության, մաթեմատիկայի եւ բնագիտության ցուցանիշներով։ Հայաստանը զիջում է ոչ միայն ցանկում ընդգրկված՝ տարածագոտու բոլոր երկրներին, այլեւ Ուզբեկստանին, Մոլդովային, Ռումինիային, Ղազախստանին եւ այլն:
Մի քանի օր առաջ Փաշինյանը սպառնալիքի պես հայտարարեց. «Ատեստավորում չանցած ուսուցչին արգելելու ենք աշխատել դպրոցում»: Ասել է թե՝ «մեղավորին» գտել ենք: Ավելի վաղ խոսում էր ոլորտում «ծավալուն եւ խորը բարեփոխումների» անհրաժեշտությունից: Դատելով հեղինակավոր թեստի արդյունքներից՝ ՀՀ կառավարության ռազմավարությունը որեւէ տեսանելի արդյունք չի տվել: Եվ չէր կարող տալ: Որովհետեւ կեղծ կարգախոսներով, անբովանդակ ճառախոսությամբ, մակերեսային պատկերացումներով ու այլակարծությունը մերժող պահվածքով ոլորտ չես կառավարի, պատշաճ քաղաքականություն չես մշակի: Հենց այս մասին է ՀՀ կրթության պատասխանատուներին OECD-ի հասցրած ապտակը:
«Հայացք Երեւանից»

