Չորեքշաբթի, Դեկտեմբերի 07, 2022

Խմբագրական

Ճանաչել-չճանաչել Արցախը… ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Սեփական սխալը չգիտակցել՝ նշանակում է ապագայում այն կրկնել՝ շատ ավելի վատ արդյունքով: Արցախյան 44-օրյա պատերազմի պարտության պատճառները՝ քաղաքական, ռազմական, հոգեբանական, գաղափարական, մտավոր հարթություններում, մենք այդպես էլ չենք փորձում վերլուծել ու հետեւություններ անել: Այդօրինակ վերլուծության փոխարեն քաղաքական, մերձքաղաքական ու լրատվական դաշտը հեղեղված է մեղավորների փնտրտուքով: «Ո՞վ է մեղավոր» հարցադրումը շղարշել է «ինչո՞ւ այդպես ստացվեց» հարցադրմանը:

Տպավորությունն այնպիսին է, որ բոլոր կողմերի մեղավոր փնտրողները հիմնականում զբաղված են իրենց բաժին մեղքը ծածկելու գործով: Իրականում մեղավոր են շատերը՝ թե՛ նախկիններն ու ներկաները, թե՛ իրենց քաղաքական գործիչ համարողներն ու պատվերով «խաղաղություն» քարոզողները, թե՛ բարձրաստիճան զինվորականությունն ու «քաղաքացիական հասարակություն» կոչվող գորշությունը: Բոլոր մեղավոր փնտրողները սլաքներն իրենց վրայից մյուսի կողմն են ուղղում, եւ մեղավորի փնտրտուքը չի տալիս գլխավոր հարցի պատասխանը՝ «ինչո՞ւ այդպես ստացվեց»: Այսինքն՝ չպարզաբանված է մնում այն պահը, թե ինչն է սխալ արվել՝ առանց որի ապագայի հույս չի կարող լինել:

Քիչ է հավանականությունը, որ այդ սխալի (կամ սխալների) պատասխանը մենք կգտնենք՝ դրանք չգտնելու շահառուները շատ են ու գտնվում են բոլոր ճամբարներում: Բայց փորձենք կենտրոնանալ ընդամենը մեկ հարցի՝ Արցախի անկախության ճանաչման բաց թողնված հնարավորության կամ նպատակահարմարության վրա:

Պնդումը, թե 30 տարվա ընթացքում անհնար էր ճանաչել Արցախի անկախությունը, բացահայտ սուտ է։ Ե՛վ կոսովյան ե՛ւ կիպրոսյան, ե՛ւ Հարավային Օսիայի ու Աբխազիայի նախադեպերով՝ մենք տեսնում ենք, որ դա հնարավոր էր, եւ վաղուց պետք է Հայաստանի կողմից ճանաչվեր Արցախը: Այդ դեպքում հակամարտությունն այլ երանգ կստանար՝ հարցը կքննարկվեր այլ հարթությունում եւ այլ հարթակներում։

Էլ ավելի մեծ սխալ էր այն, որ Արցախի հարցը եւ դրա հետ կապված՝ Սյունիքի ճակատագիրը դիտարկվում էր բացառապես հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում՝ այն դեպքում, երբ դա կախված է ավելի ազդեցիկ խաղացողների ուժերի հավասարակշռությունից։ Նույն Կոսովոյի, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի նախադեպերը ցույց են տալիս, որ շահագրգռված կողմերն անհրաժեշտության դեպքում ճանաչում են այս կամ այն կազմավորման անկախությունը՝ ելնելով իրենց շահերից, այդ թվում նաեւ անվտանգության գոտիների ստեղծման ու պահպանման նպատակով։

Պատահական չէր 44-օրյա պատերազմից հետո ՌԴ նախագահի այն հայտարարությունը, թե Հայաստանն այդպես էլ չճանաչեց Արցախի անկախությունը՝ ակնարկելով, որ այդ չճանաչված իրավիճակում իրենք ստիպված էին ստանալ Ադրբեջանի համաձայնությունը Արցախում ռազմական անձնակազմ տեղակայելու համար: Թյուր կարծիքը, թե Արցախի անկախությունն անհնար է ճանաչել, ձեւավորվել էր դեռեւս 1990-ականներին եւ արդարացվում էր Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, ի հաշիվ Արցախի, բնականոն հարաբերություններ հաստատելու մտադրությամբ։ Ճիշտ չէր նմանապես այն թեզը, որ եթե մենք բարեկամության ձեռք մեկնենք՝ հարեւանների հետ ոչ մի խնդիր այլեւս չի լինի։

Այսօր մենք տեսնում ենք, որ խնդիրը ոչ թե Արցախն է, այլ, առաջին հերթին, Սյունիքը, որը աշխարհաքաղաքական մեծ նշանակություն ունի եւ կապված է Արեւելք-Արեւմուտք, Հյուսիս-Հարավ ճանապարհների հետ, իսկ նման ճանապարհներն աշխարհաքաղաքական դասավորության վրա ազդող գործոններ են: Եթե Հայաստանը չի վիճարկում Ադրբեջանի իրավասությունն Արցախի նկատմամբ, ապա մնում է ընդամենը մեկ թեզ՝ Ադրբեջանի հայտնի թեզը: Եվ մյուս խաղացողները, բնականաբար, իրենց քաղաքականությունը կառուցում են՝ ելնելով այդ թեզից:

Սա պարտության ընդամենը մեկ հարթության խնդիր է, սակայն նույնիսկ դրա շուրջ հանրային ըմբռնում չի ձեւավորվում:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: