Չորեքշաբթի, Դեկտեմբերի 07, 2022

Խմբագրական

Վստահության պակասուրդ

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

2018 թվականից առաջ բավական մեծ էր ընտրական համակարգի նկատմամբ հասարակության շրջանում առկա անվստահությունը, ինչը ժողովրդի ընկալումներում նվազեցնում էր կառավարող հաստատությունների օրինակարգության (լեգիտիմության) աստիճանը: Սակայն այն ժամանակվա իշխանություններն ունեին մեկ արդարացում՝ դա Արցախում տարած հաղթանակն էր եւ այն հիմնավորումը, որ ունենք ուժեղ, մարտունակ բանակ։ 2018-ի իշխանափոխությունից հետո ընտրությունների հանդեպ վստահության հարցը մնաց չլուծված: Ժխտողական էր հանրային վերաբերմունքը թե՛ 2018-ի եւ թե՛, առավել եւս, 2021-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների նկատմամբ:

Ինչ վերաբերում է կառավարող ինստիտուտներին, պետք է նկատել, որ կառավարման համակարգի ճգնաժամը մեզանում գնալով ուժգնանում է։ Սա նշանակում է, որ մեր պարագայում վերոնշյալ արտահերթ ընտրությունները, թերեւս, լուծեցին խնդրի սոսկ տեխնիկական կողմը՝ ապացուցելով, որ կառավարման ճգնաժամը ՀՀ-ում ավելի լուրջ պատճառներ ունի, որոնք ընտրություններով հնարավոր չէ հաղթահարել: Ահա թե ինչու 2018-ից սկսված կառավարման ճգնաժամն այդպես էլ հանգուցալուծում չստացավ: Ավելին՝ վերջին երեք տարում դրան ավելացել են անվտանգային, քաղաքական, բարոյահոգեբանական ճգնաժամերը։ Իսկ եթե դրան գումարենք նաեւ Արցախում կրած պարտությունը, բանակի փլուզումը, մարդկանց ապրուստի վատթարացումը, բոլոր ոլորտներում առկա անմխիթար վիճակը, ապա իրադրությունն անելանելի կպատկերանա։

Առհասարակ՝ աշխարհում ընտրությունները կառավարման ճգնաժամերը հաղթահարելու փորձված միջոց են, բայց՝ ոչ Հայաստանում, որտեղ այս տարվա հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, ինչպես նշվեց, ճգնաժամն ավելի է խորացել։ Ընտրություններ, որոնց արդյունքում հանրային վստահություն չստացանք, կառավարման որակի բարձրացում՝ նույնպես, իսկ հասարակության ներսում փոխադարձ ատելությունն ու թշնամանքը ավելի մեծացավ՝ խտացնելով անհուսության եւ անորոշության մթնոլորտը։

Վերջին ընտրությունները, նախեւառաջ, Հայաստանի քաղաքական համակարգի չգոյության եւ հանրային վստահության պակասուրդի ցայտուն վկայությունն են։ Ըստ էության, մարդիկ ընտրություն կատարելու օբյեկտիվ դժվարություն ունեն՝ չնայած սնկի պես աճած 100-ից ավելի կուսակցությանների գոյությանը։ Պատահական չեն վերջին համապետական եւ ՏԻՄ ընտրություններին մասնակցած ընտրողների աննախադեպ ցածր թվերը: Որոշ դիտորդների կարծիքով՝ սա արդեն արժեհամակարգային կամ, ավելի ստույգ, քաղաքակրթական ճգնաժամ է տանում, որից ելք, կարծես թե, չի նշմարվում։

Նման իրավիճակներում համապարփակ կարգավորումներ դժվար է գտնել: Հետեւաբար՝ մնում է բավարարվել ժամանակավոր լուծումներով։ Ներկայում հիմնական խնդիրն այդ ժամանակավոր քայլերի ճանապարհային քարտեզի մշակումն է։ Մեզ պետք է նոր կառավարություն՝ առայժմ եղած խորհրդարանի պահպանման պայմաններում, որովհետեւ Հայաստանն այսօր ի վիճակի չէ գնալ ընտրությունների: Այդուհանդերձ՝ բոլոր կողմերի համար տանելի ժամանակավոր կառավարության կազմավորման շրջանակում համերաշխության որոշակի իրադրության ստեղծումը հրատապ խնդիր է։

Մենք դեռեւս տեւապես ապրելու ենք «ժամանակավոր» բառի տրամաբանության շրջանակում՝ ժամանակավոր խորհրդարան, ժամանակավոր կառավարություն, ժամանակավոր պաշտոնյաներ… «Ժամանակավոր»-ի պատճառն այն է, որ մենք այժմ պատրաստ չենք արմատական լուծումների, տարբեր հարցերի հաստատուն պատասխանների: Մեր բոլոր քայլերը, ցավոք սրտի, դեռ երկար ժամանակ պայմանավորված են լինելու իրավիճակով։ Այսպիսի փուլում է Հայաստանն այսօր։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: