Կուսակցությունները ստեղծվում են խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, առավել եւս, որ նախագահական ընտրություններ այլեւս չեն լինելու, եւ ինքնադրսեւորման այլ հնարավորություն նրանք չունեն։ Բազմաթիվ կուսակցություններ հրաժարվում են մասնակցել դեկտեմբերին տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Իսկ նրանք, ովքեր մասնակցում են` հայտարարում են, թե մասնակցում են ընդդիմություն լինելու համար (բացի ընտրություններում առաջատար համարվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից): Սա տարօրինակ պահվածք է, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ առաջին անգամ Հայաստանում կա համոզմունք, որ ընտրությունները չեն կեղծվելու։ Դա, կարծես թե, պետք է խթաներ մասնակիցների քանակի մեծացումը, սակայն տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Ինչո՞ւմն է բանը, ի՞նչ է կատարվում Հայաստանի քաղաքական համակարգի հետ եւ ինչո՞ւ են բազմաթիվ կուսակցություններ հրաժարվում իրենց բուն կոչումից։
Հայաստանում քաղաքական կուսակցությունները չեն կարողանում վերածվել հանրային լայն ներգրավվածություն ունեցող քաղաքական ինստիտուտների։ Օրվա իշխող կուսակցությունն իր զանգվածայնությունն ապահովում է բիզնեսի եւ նոմենկլատուրային էլիտայի ներգրավվման միջոցով, իսկ շարքային անդամների համար այն ծառայում է որպես աշխատանքի տեղավորման բյուրո։
Ցանկացած կայացած պետության ողնաշարը քաղաքական համակարգն է, որը ներառում է քաղաքական կուսակցությունները, քաղաքացիական հասարակությունը, որոնք մեկ միասնական հավաքականություն են դառնում որոշակի արժեքային համակարգի շնորհիվ։ Այդ ամենի արդյունքում` մի կողմից հասարակությունը դառնում է համապատասխան քաղաքական մշակույթի կրող եւ ձեռք է բերում քաղաքական գիտակցություն, մյուս կողմից` կուսակցությունները սոցիալականացվում են։
Այդ ամենը կանոնակարգվում է Սահմանադրությամբ, օրենքներով եւ քաղաքական ավանդույթներով։ Այն քաղաքական կազմակերպություններն ու խմբավորումները, որոնք չեն ընդունում այդ համակարգի կանոններն ու արժեքները` կամ հայտնվում են լուսանցքում, կամ էլ նրանց գործունեությունն արգելվում է օրենքի ուժով։
Հայաստանում այդպես էլ չստեղծվեցին պետության առանցք հանդիսացող արժեքային համակարգ եւ քաղաքական մշակույթ։ Սահմանադրությունը յուրաքանչյուր քաղաքական փուլում վերաձևվել է ըստ օրվա իշխանության շահերի, Ընտրական օրենսգիրքը վերածվել է մանիպուլյացիաների գործիքի, իսկ Կուսակցությունների մասին օրենքը չի կանոնակարգում քաղաքական գործընթացը:
Ապրիլին տեղի ունեցած իշխանափոխությունը ցույց տվեց գործող օրենքների ու ինստիտուտների սնանկությունը։ Կուսակցություններն այլեւս ասելիք չունեն, իսկ հասարակությունը չունի քաղաքական չափորոշիչներ, քաղաքական գիտակցություն եւ իրավագիտակցություն, որպեսզի նրանց գնահատի։
Ստեղծված իրավիճակում քաղաքական համակարգի ողջ անկարությունը միանգամից դուրս եկավ ջրի երեսը։ Կուսակցությունները չեն կարողանում հասարակությանը համոզիչ կերպով բացատրել, թե ինչու են իրենք մասնակցում ընտրություններին, իսկ հասարակությունը չի հասկանում, թե ինչու պետք է մասնակցի քվեարկությանը։ Մնում է միայն մեկ միջոց` ավելի ու ավելի համոզիչ կերպով կարողանալ շանտաժի ենթարկել ու ահաբեկել ընտրողներին, ստեղծել վտանգի մթնոլորտ, որպեսզի նրանց ստիպի գնալ ընտրատեղամասեր եւ կատարել Հայաստանի հպարտ քաղաքացու իրենք պարտքը: