Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Նոր քաղաքական ուժի պահանջը հասունացել է

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հայաստանի քաղաքական միտքը (եթե այդպիսին երբեւէ ունեցել ենք) վերադառնում է իր ակունքներին՝ պետականությունից զուրկ ժողովրդին բնորոշ վարքագծին: Սա նշանակում է արտաքին եւ ներքին համակարգված քաղաքականություն վարելու, պետության շահերին համահունչ արտաքին քաղաքական ուղեգիծ որդեգրելու, պետական-կառավարչական կառույցները ժամանակի պահանջների ոգով կայացնելու փոխարեն ընտրել «միջազգային հանրության» օգնությանը դիմելու գործելաոճ՝ ապավինելով այլոց բարեհաճությանը:

Ասվածի լավագույն առհավատչյան սեփական երկրի մայրաքաղաքում՝ օգնության ակնկալիքով, օտարեկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների գրասենյակների առջեւ հանրահավաքների կամ բողոքի այլ գործողությունների կազմակերպումն է, որոնց մասնակցում են նաեւ քաղաքական ուժեր՝ այդ թվում խորհրդարանում ներկայացված:

Պետականություն չունեցող ժողովուրդների, նույնիսկ ազգային փոքրամասնությունների դեպքում հասկանալի է. նրանք չունեն իրենց խնդիրների վրա միջազգային հանրության ուշադրությունը գրավելու այլ գործիքակազմ, կարող են միայն բողոքի տարատեսակ ակցիաների միջոցով ազդել նույն միջազգային հանրության խղճի վրա, հանդես գալ մի դեպքում խնդրողի, մեկ այլ դեպքում՝ իրավատիրոջ դիրքերից, եւ այդկերպ տեղ հասցնել իրենց խոսքը:

Սակայն անհասկանալի է, երբ նման կերպ գործում է ՄԱԿ-ի անդամ երկրի հանրությունը, որի կառավարությունն ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին պաշտոնապես դիմելու մեխանիզմներ: Առավել եւս՝ խորհրդարանում ներկայացված խմբակցությունները, որոնք կարող են հանդիպել դեսպանների հետ, բայց դեսպանատների դիմաց ցույցեր են անում, ինչը շատ լուրջ ահազանգ է: Մենք պետություն ունեցող երկրից վերածվում ենք պետականազուրկ հանրության: Առայժմ՝ հոգեբանորեն:

Թե՛ կառավարությունը, թե՛, անգամ, պաշտոնական ընդդիմությունը կոչված են վարելու քաղաքականություն, մշակելու քաղաքական հայեցակարգեր, խոսելու քաղաքական լեզվով, հասկանալու, թե ուր է գնում աշխարհը, ինչպիսի մարտահրավերներ են ծառացած մեր առջեւ, եւ համարժեք ձեւով արձագանքելու կենսահույզ խնդիրներին: Հատկապես կարեւոր է հանրությանն իրազեկել, համախմբել եւ առաջնորդել մարտահրավերներին ընդառաջ:

Սա է կառավարության, Ազգային ժողովի եւ իշխանության մյուս կրողների կոչումն ու պատվավոր հանձնառությունը, ժողովրդին ծառայելու վսեմ առաքելությունը, ինչը նրանք ոչ միայն չեն կարողանում գլուխ բերել գոնե կազմակերպչորեն, այլեւ հասկանալ բուն պետության դերն ու պետական ծառայողների գործառույթները: Ավելին՝ հենց իրենք են երբեմն տոն տալիս կամ անձամբ մասնակցում օտարերկրյա ներկայացուցչությունների գրասենյակների հարակից տարածքներում անցկացվող բողոքի այս կամ այն գործողությանը:

Այս երեւույթը գոյություն ուներ նաեւ նախկինում, սակայն 2018-ից հետո անկումն ավելի խորացավ, ինչն էլ հանգեցրեց 2020-ի պարտությանը, որն, ըստ էության, կանխորոշված էր: Արձանագրենք, որ Հայաստանում քաղաքական համակարգի խորքային ճգնաժամ է, որից ելքերը այս պահին չեն նշմարվում: Լուծումը գործող կառավարության հրաժարականն է, սակայն հանրությունը հապաղում է, որովհետեւ չի տեսնում ապագա կառավարության, ինչպես նաեւ խորհրդարանի ուրվագծերը, որոնք վստահություն կներշնչեն: Սա է այսօր մեր ներքին հիմնական մարտահրավերը:

Նոր քաղաքական ուժի պահանջը հասունացել է, սակայն ինքը՝ ուժը տեսանելի չէ: Ո՞ւր է այն ուժը, որն ի վիճակի կլինի հանրային ու քաղաքական դաշտ բերել նոր մտածողություն, մեծամասնության համար ընկալելի նոր առաջնորդ, գեներացնել կազմակերպական-կառուցվածքային նոր ձեւեր, առաջարկել հանրության մտքին ու հոգուն հասու այլընտրանք առկա քաղաքական համակարգին՝ իր իշխանական եւ ընդդիմադիր հատվածներով հանդերձ:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: