Մեր զրուցակիցն է թուրքագետ, ՄԱՀՀԻ Ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանը
- Պարոն Գաբրիելյան, թուրքական բանակի ներխուժումը Աֆրին ի՞նչ խնդիր է լուծում՝ ահաբեկիչների դեմ օպերացիայի քողի ներքո: Ինչքանո՞վ հաջողվեց կոնկրետ այս գործողությունը:
- Նախեւառաջ նշեմ, որ թուրքական կողմը հայտարարում է, թե Աֆրինում պայքարում է ինչպես Սիրիայի քրդերի (YPG), այնպես էլ՝ ԻՊ-ի դեմ՝ շարունակ ընդգծելով, թե նրանց երկուսին էլ համարում է ահաբեկիչներ: Հայտնի է, որ ԻՊ-ը չի գործում Աֆրինի շրջանում, եւ Թուրքիան նմանօրինակ հայտարարություններով փորձում է իսկություն հաղորդել իր այն պնդումներին, թե «պայքարում է ահաբեկչության դեմ»: Նկատենք, որ Թուրքիան իր գործողություններով ցույց է տվել, որ երկակի ստանդարտներ է կիրառում «ահաբեկչության դեմ պայքարում»: Երբ 2014թ. Սիրիայում սկսվել էր ԻՊ-ի հաղթարշավը, երբ ԻՊ-ը հարձակում էր ձեռնարկել Սիրիայի քրդերի դեմ, երբ զբաղվում էր «քրդական հարցի» լուծմամբ, երբ ԻՊ-ը 200 կիլոմետրանոց սահման էր ձեռք բերել Թուրքիայի հետ, դա խնդիր չէր պաշտոնական Անկարայի համար, որը ոչ միայն աչք էր փակում այդ ամենի վրա, այլեւ՝ գաղտնի ու ոչ գաղտնի ձեւերով օժանդակում էր ԻՊ-ին: Թուրքիան կարող էր Իրանի նման ԻՊ-ին զգուշացնել, որ իր սահմանին չմոտենա 40 կմ-ից ավելի, այլապես՝ կհարվածի նրան, սակայն չարեց դա, եւ երբ սկսվեց հակառակ գործընթացը՝ Սիրիայի քրդերի հաղթարշավն ընդդեմ ԻՊ-ի, դա սկսեց խստորեն մտահոգել թուրքական կողմին, ով սկսեց հատկապես հրետանիով, ինչպես նաեւ օդուժով հարվածել Սիրիայի քրդերին՝ թույլ չտալու համար անցնել Եփրատի արեւմտյան ափը: Աֆրին թուրքական ներխուժումից առաջ Սիրիայի քրդերն արդեն վերահսկում էին Սիրիայի տարածքի մոտ 25 տոկոսը, Թուրքիային սահմանակից Սիրիայի շրջանների 65 տոկոսը, թուրք-սիրիական 911 կմ-անոց սահմանի 500-550 կմ-ը (Թուրքիան նման սահման ունի Իրանի հետ՝ 560 կմ, ընդհանրապես Թուրքիան ամենամեծ ցամաքային սահմաններն ունի հենց Սիրիայի ու Իրանի հետ): Սա, իհարկե, չէր կարող չմտահոգել քրդական հոծ բնակչություն ունեցող Թուրքիայի իշխանություններին, որոնք մտավախություն ունեին, թե Սիրիայի քրդերը չեն սահմանափակվի ձեռք բերածով եւ կփորձեն Աֆրինի շրջանից շարժվել առաջ՝ հասնելու համար Միջերկրական ծով (դեպի ծով ելքը Սիրիայի քրդերին հետագայում զերծ կպահեր միջազգային շուկաներ դուրս գալու համար Թուրքիայի տարածքից մեծ կախվածություն ունենալուց): Թուրքիան ներկայիս «Ձիթենու ճյուղ» գործողությամբ նպատակադրվել է ոչ միայն կանխել Սիրիայի քրդերի նման հնարավոր փորձերը, այլեւ՝ Սիրիայի քրդերի բոլոր շրջանների (Աֆրին, Քոբանի, Ջիզրե) միավորումը եւ, այդպիսով, իր հարավային սահմաններին «քրդական միջանցք» («քրդական պատնեշ») ստանալը: Բացի դրանից, Թուրքիան այսպիսով մեծացնում է իր ռազմական ներկայությունը հարեւան երկրում, «ահաբեկչության դեմ պայքարում» իր մասնաբաժինը՝ հետպատերազմյան եւ անգամ ներկայիս Սիրիայում ձայնի իրավունք ունենալու, այն մեծացնելու, Սիրիան իրենից կախյալ պետության վերածելու համար: Չմոռանանք նաեւ 1923թ. Լոզանի համաձայնագրի վերանայման «անհրաժեշտության» մասին Էրդողանի վերջին հայտարարությունները. Լոզանի համաձայնագիրը ֆիքսել է նաեւ թուրք-սիրիական սահմանը: Ինչ վերաբերում է «Ձիթենու ճյուղ» գործողության հաջողությանը, ապա արդեն իսկ որոշակիորեն կարելի է հաջողված համարել՝ հաշվի առնելով, որ այն ընդհանրապես տեղի ունեցավ, թեեւ շատերը կասկածում էին, թե Թուրքիան կհամարձակվի գնալ նման քայլի: Ռազմական առումով «Ձիթենու ճյուղ» գործողությունն ունի հաջողության հասնելու մեծ հնարավորություններ. թեեւ առկա տեղեկություններով՝ Սիրիայի քրդերը կատաղի դիմադրում են (դրան մղում է նաեւ այն, որ նրանք նահանջելու տեղ ընդհանրապես չունեն, թերեւս միայն Սիրիայի կառավարական զորքերի վերահսկած տարածքներով), սակայն ուժերն անհավասար են: Թուրքիան ու նրա վերահսկողության տակ գտնվող սիրիական ընդդիմադիր, ահաբեկչական խմբավորումները Աֆրինի վրա գրոհում են մի քանի ճակատով, Աֆրինի շրջանը կտրված է Սիրիայի քրդերի հիմնական շրջաններից, եւ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն անգամ արգելել է Սիրիայի քրդերին Քոբանիից, Մանբիջից օգնության հասնել Աֆրինի քրդերին: Դա կարող է վճռել Աֆրինի գործողության ճակատագիրը՝ հօգուտ Թուրքիայի:
- Արդյո՞ք թուրքական բանակի առաջխաղացումը պայմանավորված է նաեւ գերտերությունների (Ռուսաստան, ԱՄՆ) թողտվությամբ կամ լուռ համաձայնությամբ: Ինչպիսի՞ն է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ներկայիս դիրքորոշումը քրդերի միավորման հարցում:
- Բնականաբար, Թուրքիայի ձեռնարկած «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը (2018թ.), իսկ դրանից առաջ նաեւ «Եփրատի վահան» (2016թ.) գործողությունը եւ Իդլիբի նահանգում Թուրքիայի ռազմական ներկայության հաստատումը (2017թ.) հնարավոր է եղել առաջին հերթին Ռուսաստանի թողտվությամբ: Օրինակ՝ երբ սկսվեց «Եփրատի վահանը», ԶԼՄ-ները գրեցին, որ թուրքական օդուժը 9-10 ամիս անց վերադարձավ Սիրիա. հայտնի է, որ 2015թ. նոյեմբերի 24-ին Թուրքիայի կողմից Սիրիայի հետ սահմանին ռուսական SU-24M ռմբակոծիչի ոչնչացումից հետո թուրքական ավիացիան դադարեցրել էր իր թռիչքները Սիրիայում՝ վախենալով, որ Սիրիայում տեղակայված ռուսական ՀՕՊ-ը վրեժխնդիր կլինի: Եթե 2016թ. Ռուսաստանը Թուրքիայից վերստին ստացավ «Թուրքական հոսք» գազատարի առաջին ճյուղի կառուցման թույլտվությունը, ապա այս օրերին Թուրքիան Ռուսաստանին արտոնել է «Թուրքական հոսքի» արդեն երկրորդ ճյուղի կառուցումը: Բացի դրանից, խոսք կա «Իդլիբի դիմաց Աֆրինը» ռուս-թուրքական գործարքի մասին, երբ Ռուսաստանի աջակցությունը վայելող Սիրիայի կառավարական զորքերը սկսեցին առաջ գնալ Իդլիբի նահանգում, իսկ Թուրքիան ու նրա վերահսկողության տակ գտնվող ընդդիմադիր, ահաբեկչական խմբավորումները շարժվեցին Աֆրինի ուղղությամբ: Ինչպես հաղորդվում է, ԱՄՆ-ը նախապես իրազեկված է եղել թուրքական գործողության մասին, ԱՄՆ-ն «արդարանում» է նրանով, որ նախկինում չի աշխատել Աֆրինի քրդերի հետ, որ վերջիններս չեն մասնակցել ԻՊ-ի դեմ պայքարին եւ, հետեւաբար, պարտավորություններ չունի նրանց հանդեպ (ԱՄՆ-ը թերեւս փորձում է այդպիսով որոշակիորեն մեղմել Թուրքիայի հետ առկա լարվածությունը, նրա «դրեյֆը» դեպի Ռուսաստան): Կարծում եմ, որ Ռուսաստանն ու Թուրքիան (որոշակի վերապահումով՝ Իրանը եւս) «Ձիթենու ճյուղ» գործողությամբ ձգտում են վարկաբեկել նաեւ ԱՄՆ-ին, ցույց տալ, թե ինչ կարող է պատահել Սիրիայի քրդերի հետ (եւ ոչ միայն), որոնք հույսեր են կապել ԱՄՆ-ի հետ, ցույց տալ, որ Սիրիայի, ինչպես նաեւ (2017թ. անկախության հանրաքվեից հետո) Իրաքի քրդերի այս օրինակները պետք է դաս հանդիսանան մնացած բոլորի համար, որ տարածաշրջանի հարցերը լուծում են առաջին հերթին հենց տարածաշրջանային երկրները (Ռուսաստան, Իրան, Թուրքիա) եւ ոչ թե արտատարածաշրջանային երկրները (ԱՄՆ):
- Արդյո՞ք նոր սրացումներ են սպասվում տարածաշրջանում, նաեւ ճգնաժամ սիրիական բանակցություններում: Թուրքիան այս քայլով ավելի՞ է խորացնում Արեւմուտքի հետ հակասությունները եւ Էրդողանի վարչախմբի անսանձելիությունը:
- «Ձիթենու ճյուղ» գործողությամբ սիրիական հակամարտությունը թեւակոխում է նոր փուլ, կողմերի միջեւ սպասվում են ծանր բանակցություններ, կարծում եմ, որ Թուրքիան ամեն դեպքում միայն «բլից-կրիգ» ձեռնարկելու հնարավորություն է ստացել, եւ որ «Ձիթենու ճյուղը» «Եփրատի վահանի» նման չի տեւի ավելի քան 7 ամիս, որ դրա տեւողությունը կախված կլինի ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իրանի դիրքորոշումներից, նրանց բանակցություններից: «Ձիթենու ճյուղ» գործողությունն ուղղված է ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Սիրիայի քրդերի դեմ, ստացվում է, որ անուղղակիորեն նաեւ ԱՄՆ-ի ու նրա պլանների դեմ: Դրանով թուրք-ամերիկյան հարաբերություններում կարող է ստեղծվել հերթական լարվածության օջախը, եթե Թուրքիան փորձի Սիրիայի քրդերին վտարել նաեւ Մանբիջի շրջանից, ավելի լայն ասած՝ Եփրատ գետի արեւմուտքից: Կարելի է կարծել, որ Էրդողանը գոնե այս փուլում չի հանգստանա, քանի դեռ Սիրիայի քրդերին չի մղել դեպի Եփրատի արեւելյան ափ: 2016թ. Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդում որոշվել էր Սիրիայի քրդերի համար «կարմիր գիծ» սահմանել Եփրատի արեւմտյան ափը, որ նրանք չանցնեին գետի արեւմտյան ափը (Եփրատ գետը որպես վահան կիրառել նրանց դեմ): Սակայն Սիրիայի քրդերն ԱՄՆ-ի աջակցությամբ գետանցեցին Եփրատը եւ սկսեցին ԻՊ-ից ազատագրել Ազեզ-Ջերաբլուս մոտ 100 կմ-անոց գոտին, եւ եթե նրանք հասցնեին ամբողջովին անել դա, ապա կմիավորեին իրենց բոլոր շրջանները՝ նաեւ Աֆրինը, թուրք-սիրիական սահմանի ճնշող մեծամասնությունը (Իրաքի սահմանից մինչեւ Աֆրին) կհայտնվեր նրանց ձեռքում, Սիրիայի քրդերը կդառնային Թուրքիայի հետ խոշորագույն ցամաքային սահման ունեցող ուժը: Հենց այդ հանգամանքը Թուրքիայի գոռոզ նախագահ Ռեջեփ Էրդողանին հարկադրեց շատ արագ ներողություն խնդրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից, «կանաչ լույս» վառել Պուտինի իմիջի հետ կապված «Թուրքական հոսքի» կառուցման առջեւ, իսկ Պուտինն էլ իր հերթին «կանաչ լույս» վառեց «Եփրատի վահանի» առջեւ (մինչ այդ Պուտինը ԵՄ-ի ճնշման ներքո հրաժարվել էր «Հարավային հոսք» գազատարի նախագծից եւ ԵՄ-ին ցույց էր տվել, որ ունի այլընտրանք՝ ի դեմս «Թուրքական հոսքի», սակայն ինքնաթիռային միջադեպից հետո Պուտինը զրկվել էր նաեւ դրանից):
- Ինչ վերաբերում է ռուսական կողմի դիրքորոշմանն այս գործողության ընթացքում. հայտնի է, որ ռուսական զորքը նախապես դուրս է բերվել Աֆրինից, փաստացի թուրքական բանակին հրավիրելով դաշնակից Սիրիայի տարածք: Չնայած ռազմաքաղաքական իրադրությունների տարբերությանը, սա ի՞նչ նախադեպ է հայկական կողմի համար, որտեղ նույնպես տեղակայված է ռուսական զորամաս: Ի՞նչ վարքագիծ կարող է դրսեւորել ռուսական կողմը նման հնարավոր իրավիճակում Հայաստանի պարագայում:
- Այո՛, թուրքական զորքի ներխուժումից առաջ ռուս զինվորականները լքել են Աֆրինը՝ այդպիսով ճանապարհ բացելով նրա առջեւ, մինչդեռ, ասենք 2016թ., երբ ռուս-թուրքական հարաբերությունները վատթարացել էին, Ռուսաստանը զենք էր մատակարարում Աֆրինի քրդերին: Ռուսաստանը, բնականաբար, առաջնորդվում է սեփական շահերով, նա գիտակցում է, որ Թուրքիան իրեն կարող է առաջարկել շատ ավելին, քան՝ Սիրիայի քրդերը, եւ նախապատվությունը տալիս է համապատասխան կողմին՝ կախված իրավիճակից: Կոնկրետ «Ձիթենու ճյուղ»-ի պարագայում Ռուսաստանը թեեւ հարուցեց Սիրիայի քրդերի դժգոհությունը, սակայն, ինչպես արդեն նշեցի, ա) Թուրքիայից ստացավ «Թուրքական հոսքի» երկրորդ ճյուղի կառուցման թույլտվություն, բ) Թուրքիայի միջոցով ստացավ ԱՄՆ-ին վարկաբեկելու հնարավորություն՝ ցույց տալով, թե ինչ կարող է պատահել բոլոր նրանց, ովքեր հույսեր կկապեն ԱՄՆ-ի հետ (Վրաստանի ու Ուկրաինայի օրինակները կարելի է տեղավորել այս համատեքստում): Թեեւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դատապարտել է թուրքական ներխուժումն Աֆրին, սակայն կարծում եմ, որ Սիրիայի քրդերին զսպելու հարցում համընկնում են նրա (Սիրիայի) ու Թուրքիայի, ինչպես նաեւ Իրանի շահերը: Այնպես որ, Բաշար Ասադն էլ թերեւս դեմ չէ, որ իրենից հետո երկրի տարածքներն ամենաշատ վերահսկող երկրորդ ուժը (Սիրիայի քրդեր) շատ չզորեղանա ու չունենա տարածքային նոր ձեռքբերումներ: Թուրքիան վարպետորեն օգտվեց նրանից, որ Բաշար Ասադը վերահսկում է իր հետ սահմանի աննշան մասը, եւ 2016, 2017 ու 2018 թվականներին, փաստորեն, ամեն տարի ռազմական ներկայություն է հաստատում ու ընդլայնվում Սիրիայում՝ խախտելով միջազգային իրավունքը (Թուրքիան նաեւ օգտվել է նրանից, որ Իրաքի իշխանություններն ընդհանրապես չեն վերահսկել իր հետ սահմանը, եւ 2015թ. ավարտին շեշտակիորեն մեծացրել էր իր ռազմական ներկայությունն այդ երկրի հյուսիսում): Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Սիրիայի քրդերի այս օրինակը ցույց է տալիս երկու հիմնական դաս. ա) բոլոր դեպքերում պետք է առաջին հերթին հույսը դնել ինքդ քեզ վրա եւ ոչ թե որեւէ օտար երկրի՝ լինի դա ԱՄՆ-ը, թե Ռուսաստանը, բ) գերտերությունները մշտապես իրենց նպատակին հասնելու համար պատրաստ են զոհաբերել փոքր երկրներին, իրենցից շատ մեծ կախվածություն ունեցողներին, արտաքին քաղաքական դաշտում իրենց խուսանավելու հնարավորությունից զրկածներին: Այս համատեքստում Ռուսաստանը բացառություն չէ: Օրինակ՝ ինքնաթիռային միջադեպից (24.11.2015) հետո՝ Ռուսաստանը արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում ապրիլյան թեժացման ժամանակ դատապարտում էր Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ Թուրքիայի հայտարարությունները (վարչապետ Դմիտրի Մեդվեդեւ), դրանք որակում որպես պատերազմի կոչեր (արտգործնախարար Սերգեյ Լավրով), բացառում էր Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում Թուրքիայի միջնորդությունը՝ ընդգծելով, որ հիմնախնդրի նկատմամբ նրա դիրքորոշումը միակողմանի է եւ ապակառուցողական (ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լուկաշեւիչ): Սակայն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից հետո Ռուսաստանը փոխեց իր այդ դիրքորոշումը՝ չբացառելով, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում Թուրքիայի միջնորդությունը «կարող է օգտակար լինել» (Սերգեյ Լավրով, ընդ որում՝ Երեւանում): Չպետք է մոռանալ, որ Ռուսաստանը (ԽՍՀՄ) իր ներքին ցնցումների պատճառով 20-րդ դարի սկզբներին ու վերջերին երկու անգամ հեռացել է Հայաստանից (տարածաշրջանից): Մենք մշտապես պետք է հաշվի առնենք, որ այդ դիպաշարը կարող է եւս մեկ անգամ կրկնվել հետագայում եւ պատրաստ լինենք դրան, այդ թվում նաեւ արտաքին քաղաքական դաշտում ճկուն դիվանագիտություն վարելու, արտաքին քաղաքական մանեւրի դաշտը լայնացնելու, առաջին հերթին սեփական շահերի վրա հինված բազմավեկտոր արտաքին քաղաքականությունն աշխուժացնելու, տեղեկատվական պատերազմում ակտիվություն դրսեւորելու միջոցով: Ավելորդ է ասել, որ Թուրքիան հենց արտաքին քաղաքական ճակատում կատարած աշխատանքների շնորհիվ կարողացավ հնարավոր դարձնել «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության (եւ, ընդհանրապես, նման գործողությունների) իրականացումը:
- Շնորհակալություն հանգամանալից պարզաբանումների համար:
Հարցազրույցը վարեց Գեւորգ Ղահրամանյանը