Շաբաթ, Նոյեմբերի 02, 2024

Հարցազրույց

Արմինե Ղազարյան․ «Իշխանության լեգիտիմության ուժը նաեւ մյուս առողջ ուժերի ընդդիմությամբ է»

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 
Scannews-ի զրույցը ՌԱՀՀԿ փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանի հետ է:

- Ինչպե՞ս եք գնահատում հետհեղափոխական գործընթացները Հայաստանում։ Արդյոք կա՞ ճգնաժամ (նաեւ հոգեբանական) այն առումով, որ ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչներ տարիներ շարունակ գործել են որոշակի պարտադիր պայմանների ներքո։

- Հետհեղափոխական իրավիճակները եւ զարգացումները միանշանակ չեն բոլորի համար․ լրիվ դիրքափոխված իրավիճակ է, բեւեռների փոփոխություն, որի դեպքում, սակայն, չունենք քաոտիկ վիճակ։ Ընդհանրապես, գլոբալ առումով կարելի է ասել, որ հետհեղափոխական զարգացումներն ու իրավիճակը՝ որպես շարունակություն, համահունչ են հեղափոխության գաղափարին եւ կարգախոսներին․ փոփոխությունների այն խոստումները, որոնք տրվել են պայքարի ընթացքում, այժմ հերթով իրականացվում են։ Այս առումով ժողովրդի ինքնասիրությունը շոյված է։ Եթե նույնիսկ որոշ պոպուլիստական քայլեր էլ կան, ապա դրանք նշանակալի չեն՝ պետական ապարատը եւ համակարգը մաքրելուն ուղղված փոփոխությունների ու քայլերի դիմաց։ Ընդհակառակն՝ եթե պոպուլիստ թվացող վարք է, որը խրախուսվում է հասարակության կողմից, դա յուրահատուկ պարտադրանք պետք է դառնա հասարակության կողմից, իսկ կառավարության անդամների համար՝ վարքագծի կամ մոտեցումների ամրապնդում։

Շոշափելի մի պարզ օրինակ բերեմ․ սկզբում խոսվել է նախարարություններին տրամադրված մեքենաների քանակի մասին, որ պետք է վերանայեն ու կրճատեն։ Նույնիսկ հասարակական տրանսպորտով երթեւկող նախարարների նկար դրվեց։ Ողջունվեց հասարակության կողմից։ Դա չպետք է մնա միանգամյա կոնտեքստում, եւ չպետք է լինի ձեւական։ Նրանց գլխավորությամբ հեղափոխությունը կայացավ, քանի որ հասարակության միջից ու հասարակության լեզվով էին խոսում՝ ծանոթ լինելով մանր ու մեծ խնդիրներին։ Ուրեմն հիմա էլ ավելի հաճախ պետք է դուրս գան ժողովրդի մեջ։ Շատերը սպասում են հետհեղափոխական կառավարությունում այլ արժեքային մոտեցումների, վարքի այլ դրսեւորումների, գուցե այն պարզության պահպանմանն եւ ազնվությանը, ինչը եւ նպաստեց երիտասարդների հանդեպ համընդհանուր վստահությանը։

Գոյություն ունեցող հետհեղափոխական ճգնաժամ գուցեեւ կա, բայց այն բեւեռում ու մարդկանց մեջ, որոնք եղել են պետության թալանի մասնակիցները՝ իրենց ընտանիքներով։ Այդ ճգնաժամը ժողովրդի ապրումների հետ կապ չունի։ Ընդհակառակն՝ ուղղակի ու անուղղակի մարդկանց ազատագրման իրավիճակ եւ հոգեվիճակ է։ Շատերին անսովոր է այս ազատությունը, որին պետք է ադապտացվեն։ Ժողովրդի կենսամակարդակի բարձրացում, համենայն դեպս, հնարավոր չէ շատ արագ, բայց մարդիկ գիտակցաբար, նաեւ ներըմբռնողաբար հասկանում են, եւ ուրախ են այն քայլերից ու փոփոխություններից, ինչ ուղղությամբ կատարվում է։ Ժամանակի մեջ սովորական կդառնան պետական ոլորտներում քրեական հանցագործների բացահայտումը եւ պատժումը, ժողովուրդը այլեւս ուշի ուշով չի հետեւելու, դա վստահության համակարգում կդառնա «comme il faut» (ինչպես եւ պետք է), եւ առաջ կգան այլ պահանջմունքներ, խնդիրներ եւ դրանց բարձրաձայնումը։

- Ինչպիսի՞ անցում կարելի է ակնկալել։ Այս ճանապարհին կլինե՞ն բարդություններ, եթե այո՝ ապա հիմնականում ինչի՞ հետ կապված կլինեն այդ բարդությունները։

- Եթե անցում ասելով՝ նկատի ունեք նախորդ իշխանությունից դեպի նորը, ապա տեսնում ենք այդ անցման հնարավոր անցնցում վիճակները՝ ի բարօրություն ժողովրդի։ Բարդություն եղել է այն ժամանակ, երբ օրինաչափորեն զարգացող կյանքը, մարդկանց առաջընթացը արհեստականորեն զսպելու, կանխելու եւ կառավարելի դարձնելու համար տգիտություն է «տարածվել» այն իշխանությունների կողմից, որն ունեցել ենք։ Կյանքը, տեխնոլոգիաները այնքան արագ են զարգանում: Բոլոր ոլորտների նորացումների կարիք կա, պետք է երիտասարդ, նոր մտածողության կրողներին դաշտ տալ ու ազատություն։ Դրա զսպվածությունը եւ այս մարդկային ռեսուրսի չօգտագործումը նման են եղել հոսող ջրի արհեստականորեն պատնեշմանը եւ մի տեղում թողնելուն։ Սա ամենակարեւոր առանձնահատկությունն է՝ եթե անցման մասին ենք խոսում, քանի որ արդեն սրա շարունակությունը վերաբերում է կարծրատիպերի ու միֆերի կոտրելուն։ Շատերը ֆիքսեցին, նույնիսկ մատնանշեցին բազմաթիվ կարծրատիպեր, որ կոտրվում են, միֆեր, որ վերանում են։ Ինչպե՞ս կոտրվեցին կարծրատիպերը․ եթե մի բառով փորձեմ գնահատել կամ նկարագրել ապա՝ անկեղծությամբ, պարզությամբ։

Այո՛, իրականում արհեստական ոչինչ չեղավ, այլ նույն կենսակերպով մարդիկ երբ առաջ եկան եւ հաջողեցին, եւ նույն արժեքներով շարունակելն ինքնըստինքյան արժեքային փոփոխությունների հիմք է՝ որպես կառավարող անձանց օրինակելի վարք։ Իսկ արժեքային համակարգը ամենախոցվածներից մեկն է, քանի որ տարիներով մարդկանց «թելադրել» են արժեքների փոխարեն «հակաարժեքներ», հերոսների փոխարեն՝ «հակահերոսներ», անձի որակը գնահատվել է ըստ «յուրացնելու ճարպկության» ընդունակության։ Իմ կարծիքով՝ այս դաշտը կարիք ունի մաքրվելու՝ իրենց ամենաշքեղ կենցաղն ապահոված պետական հանցագործների դատապարտմամբ, մարդուն գնահատելու չափանիշների, հերոսին գնահատելու չափանիշների վերանայմամբ, հասարակության մեջ արժեքային այլ համակարգի «նորոգմամբ»։

Ընդհանրապես՝ բոլոր ժամանակներում էլ նույն սխեման է գործում, թեման էլ նույնն է՝ պահպանել իշխանությունը, տարբեր է ժամանակաշրջանի համար զարգացվածության աստիճանը։ Եթե առաջներում կայծակով են վախեցրել, հիմա էլ մի մարդու անփոխարինելիությամբ՝ ինչ-որ հարցում կամ ոլորտում։ Սա այն է, ինչ քանդվում է, բայց այն է, ինչ նոր իշխանության հետ ու ոգեւորված մարդիկ չպիտի իրենք կառուցեն։ Կարծրատիպեր են կոտրվում, բայց գալիս են նորերը, որոնց բովանդակություն տալու կարիք կա։ 

- Ըստ Ձեզ, լեգիտիմությունն ունենալով որպես գլխավոր իմունիտետ, ՀՀ նոր իշխանությունները կկարողանա՞ն արտաքին հարաբերություններում լուրջ հաջողությունների հասնել։

- Իշխանությանը ժողովրդի կողմից տրված լեգիտիմությունը կարեւորագույն հիմքերից է առհասարակ՝ այս կամ այն հարցը հաջողելու համար։ Նույնն էլ արտաքին հարաբերություններում, դա նորություն չէ, անհրաժեշտ, բայց լուրջ հաջողությունների համար բոլոր դեպքերում ոչ բավարար պայման է։ Առհասարակ, խնդիրը չէի մասնավորեցնի՝ որպես արտաքին հարաբերություններում հաջողության հասնելու գրավական, այլ ընդհանրապես, նոր կառավարությանն հանդեպ ժողովրդի վստահությունը, ի դեմս վարչապետի, տալիս է լեգիտիմություն՝ տված խոստումներն ի կատար ածելու։ Բոլոր ոլորտները փոխկապված են միմյանց։ Մի ոլորտ մաքրելուց մյուսին անպատճառ դիպչում է, ազդում։ Հաջող աշխատանքի արդյունքում համակարգը կնմանվի ժանգերից մաքրված ժամացույցի մեխանիզմի, երբ որեւէ կադրի փոփոխությամբ ոլորտի աշխատանքն ու արդյունավետությունը չեն կաթվածահարվում։ Դա ժամանակի խնդիր է։ Ժողովրդի լեգիտիմությունը շատ ուժեղ գործոն է, բայց ավելի կուժեղանա, երբ կառուցողական ընդդիմություն կունենա։

Ընդդիմությունը կառավարությանն առողջ պահելու դաշտ է․ օրինակ, գոյություն ունեցող տարաբնույթ հարցեր, թերություններ, բողոքներ չեն կարող ֆեյսբուքում ընկերների ցանկում որեւէ նախարարի ունենալով՝ նշել բողոքը, եւ այդ հարցը բարձրացնելու մակարդակով բավարարվել։ Թերեւս կրկին նշեմ՝ ժամանակավոր է։ Այս պահին կան տարաձայնություններ ունեցող քաղաքացիներ, քաղաքական գործիչներ՝ այս կամ այն հարցի հետ կապված։ Իսկ ընդդիմադիր կուսակցություններ, որ հայտ են ներկայացնում տարբեր գաղափարական կամ սկզբունքային տարաձայնություններով՝ չկան։ Բնական է դա՝ հաշվի առնելով այն, որ շատերի մասնակցությամբ հեղափոխության արդյունքում եկած եւ ժամանակավոր կառավարություն է։ Բոլոր դեպքերում իշխանության լեգիտիմության ուժը նաեւ մյուս առողջ ուժերի ընդդիմությամբ է, նաեւ արտաքին հարաբերություններում։

 

Հարցազրույցը վարեց
Անի Եղիազարյանը

https://scannews.am/news/view/18298.html

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: