Շաբաթ, Դեկտեմբերի 07, 2024

Հարցազրույց

Ատոմ Մարգարյան. «Առկա տնտեսական ֆոնը հնարավորություն է տալիս անցնել ավելի լուրջ քաղաքականության»

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 

Հանրապետության հրապարակում կառավարության 100-օրյա գործունեության արդյունքներն ամփոփելիս` վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հղում անելով ԱՎԾ տվյալներին, հայտարարեց, որ Հայաստանում աննախադեպ իրողություն է գրանցվել` երկրում տեղի ունեցած հեղափոխությունից հետո տնտեսության բոլոր ոլորտներում աճ է արձանագրվել: Ինչպե՞ս է մասնագիտական շրջանակներում գնահատվում նոր կառավարության տնտեսական քաղաքականությունը: Թեմայի շուրջ է Ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ «Հայացքի» զրույցը:

- Պարոն Մարգարյան, Հայաստանում տեղի ունեցած «թավշյա» հեղափոխությունից հետո տնտեսությունը, պաշտոնական տվյալներով, ոչ միայն անկում չապրեց, այլեւ հակառակը` շատ ավելի մեծ աճ գրանցեց: Արդյո՞ք հետհեղափոխական նման զարգացումն իրոք արտառոց երեւույթ է:

- Նախ` այդ օրինաչափությունը, որ հեղափոխությունից հետո անպայման պետք է անկում տեղի ունենա, իհարկե, երկրների մի զգալի մասում առկա է: Բայց Համաշխարհային բանկը մի քանի տարի առաջ նման ուսումնասիրություն արել է` վերջին 50 տարվա ընթացքում «թավշյա» հեղափոխություններ իրականացրած 60 երկրներում, որտեղ հետհեղափոխական տնտեսական զարգացումներ են եղել, մոտ 40 տոկոսի պարագայում է, որ անկում է գրանցվել, իսկ շուրջ 15 տոկոսի պարագայում ընդհակառակն` այդպիսի զարգացումները բերել են տնտեսական աճի: Եվս 40 տոկոսի պարագայում ժողովրդավարական գործընթացն այդքան կարճ ժամկետում չի անդրադարձել տնտեսական աճի եւ զարգացման վրա:

Ինչո՞ւ է այդպես: Որովհետեւ մեր պարագայում, նախ, հեղափոխությունն անցնցում էր` առանց բախումների, առանց կրակոցների, եւ իշխանությունն էլ, ըստ երեւույթին, լավ հասկանալով երկրում իրավիճակը եւ ժողովրդի բացարձակ մեծամասնության պահանջն ու օժանդակությունը նոր քաղաքական ուժին, զիջեց դիրքերը: Թերեւս նաեւ սրանով պետք է բացատրել այս տնտեսական համակարգի կայունությունը: Մակրոտնտեսական աճի ցուցանիշը 7 ամիսների տվյալներով` 9,3 տոկոս է, իսկ վերջին ամիսներին այդ ակտիվությունը դինամիկ աճել է: Բացի դրանից, պետք է դիտարկել նաեւ ֆինանսական համակարգի կայունության ցուցանիշը, մասնավորապես` դրամի փոխարժեքը կայուն է եւ այս ամիսների ընթացքում նույնիսկ որոշ չափով ամրապնդվել է, պետական բյուջեն առաջանցիկ տեմպերով կատարվում է, հարկային եկամուտները, փաստորեն, ավելի քան 15 տոկոսով աճել են 7 ամսվա տվյալներով, եւ այն հավելաճի կանխատեսումը, որն այս տարվա բյուջեում դրված էր` հարկային եկամուտների գծով` 12 ամսվա կտրվածքով կատարվել է 7 ամսվա ընթացքում: Միայն այս 3 ամիսների ընթացքում ավելի քան 28 մլրդ դրամի լրացուցիչ հարկ է հավաքվել: Արտաքին պարտքի մասով եւս կայուն իրավիճակ է, երկրի պարտատոմսերի թե՛ ներքին գանձապետական, թե՛ արտաքին` եվրոբոնդերի եկամտաբերությունը չի բարձրացել, այսինքն` ռիսկայնության մակարդակը չի բարձրացել, եւ գրավչությունը շարունակել է մնալ ավելի բարձր: Այնպես որ, նույնիսկ այս մակրոտնտեսական ցուցիչներից կարող ենք դատել, որ` այո՛, այդ հեղափոխական անցումը տնտեսության վրա բարենպաստ ներգործություն է ունեցել: 

- Կարելի՞ է ենթադրել, որ եթե այս կայունությունը պահպանվի, կիրականանա Նիկոլ Փաշինյանի այն կանխատեսումը, թե տնտեսության աճը կշարունակվի նաեւ առաջիկա ամիսներին:

- Այս ամիսների արդյունքները վկայում են, որ առկա ֆոնը հնարավորություն է տալիս անցնել ավելի լուրջ քաղաքականության: Տնտեսությունն, անշուշտ ե՛ւ ինքնաբերական, սպոնտան զարգացումների տիրույթում է, ե՛ւ քաղաքականությունից է կախված: Մի կողմից, այո, այդ զարգացումները կարող են վերընթաց կորեր ապահովել` ե՛ւ թողարկումների, ե՛ւ եկամուտների, ե՛ւ բյուջեի մասով, բայց մյուս կողմից պետք է լինեն հաշվենկատ, հավասարակշռված քաղաքականություն եւ, հատկապես, հարկային քաղաքականության մեջ նոր մոտեցումներ, որովհետեւ այս հակակոռուպցիոն, հակաստվերային պայքարը, ճիշտ է, ահագին միջոցներ դուրս է բերում ստվերից, բայց մյուս կողմից, կարծես թե, բեռը ծանրանում է բիզնեսի վրա, եւ արդեն խետք է մտածել հարկային բեռն իջեցնելու մասին: 

- Վարչապետն առաջարկում է եկամտահարկն իջեցնել: Սա կնպաստի՞ ձեր նշած հավասարակշռությունը պահելուն:

- Եկամտային հարկը երկու բաղադրիչ ունի` եկամտահարկն ու սոցիալական ապահովագրության բաղադրիչը` միասին վերցրած: Ամիսներ առաջ, երբ կուտակային կենսաթոշակային համակարգին միարժեք անցնելու խնդիրը ծագեց, այդպիսի առաջարկներ նույնիսկ նախորդ կաբինետն ուներ, որ եկամտային հարկը պետք է իջեցվի, որովհետեւ դա հաշվի առնելով` բիզնեսը չի գրանցում աշխատողներին, ստվերում է տնտեսավարում, այսինքն` բարձր եկամտային հարկից վնասն ավելի շատ է, քան օգուտը, ընդորում` ոչ միայն պետությանը, այլեւ հենց աշխատողներին: Եթե աշխատողը ստվերում է, եւ գրանցված չէ, նրա համար սոցիալական ապահովագրության վճար չի վճարվում, մարդը չի կարողանում հետագայում նորմալ կենսաթոշակի հնարավորութուն ունենալ, նաեւ այլ վճարումներից օգտվել, օրինակ` սոցիալական փաթեթներից եւ այլն: Եկամտային հարկը, անշուշտ, պետք է գտնվի ողջամտության տիրույթում, այն պետք է որոշակիորեն իջեցվի, բայց, մյուս կողմից, եթե բյուջեն կորուստներ ունենա այս փուլում, պետք է մտածել այլ հարկատեսակների հաշվին դրանք փոխհատուցելու մասին: Դրանք կարող են լինել սպառողական բնույթի հարկերը, ասենք`շրջանառության, ավելացված արժեքի հարկը: Տարբերակներ էլի կան: Ուղղակի մոտեցումը պետք է լինի բալանսավորված եւ ճկուն: 

- Պարո՛ն Մարգարյան, դուք ձեր խոսքում հիշատակեցիք, որ նախկին իշխանություններն էլ էին ծրագրել այս հարկային փոփոխությունները: Իսկ ի՞նչն էր պատճառը, որ չիրականացրին, գոնե իրենց իշխանության վերջին 1-2 ամիսներին:

- Այո՛, Կարեն Կարապետյանն իր կաբինետին, եթե հիշում եք, հենց կառավարության նիստում այդպիսի հանձնարարական տվեց, իր հեռանալուց շուրջ 1 ամիս առաջ: Բայց այդպես էլ այդ հանձնարարականը մնաց թղթի վրա: Պատճառը, կարծում եմ, հենց այդ նույն քաղաքական փոփոխություններն էին, որոնք խզեցին ամեն ինչ:

 

Հարցազրույցը վարեց Նորայր Շողիկյանը

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: