Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Հարցազրույց

Լեւոն Բարսեղյան. Վախով հնարավոր չէ պահել այս երկիրը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հայացքի հյուրն է «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը:

 

Պարոն Բարսեղյան, ապրիլի 9-ին տեղի ունեցավ նոր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Ի՞նչ սպասենք թեկուզ սահմանափակ լծակներով այս նոր նախագահից:

Ոչինչ էլ պետք չէ սպասել կարծում եմ, խնդիրը միանշանակ համակարգային է, այլ ոչ անձերի, առավել եւս Արմեն Սարգսյանը նույն այդ իշխանության դրածոն է եւ փոփոխություններ սպասել պետք չէ:

Ավարտվեց նաեւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, որպես նախագահ: Մի քանի բնորոշումով, ի՞նչ հետք է թողել Սարգսյանի նախագահությունը Հայաստանի, հայ ժողովրդի վրա:

Սերժ Սարգսյանի պաշտոնավարումից Ի՞նչ է գալիս մտքիս. 400,000 արտագաղթ, շուրջ 7 միլիարդի հասնող արտաքին պարտք, գործազրկության եւ աղքատության աճ, 800 հեկտար հողի կորուստ, մարդկային կորուստները, հայ-թուրքական խայտառակ արձանագրությունները, Հայաստանը՝ Եվրասիական տնտեսական միություն մտցնելու խայտառակ պատմությունը եւ այլն: Սրանք փաստացի տեղի ունեցած ձախողումներն ու նահանջներն են: Խոստումներ չկատարելու իմաստով նույնպես բազմաթիվ ձախողումներ կան. Կարող ես չխոստանալ եւ չկատարել, բայց մարդը խոստացել է բազմաթիվ բաներ եւ չի կատարել. Ատոմակայանի կառուցում, Իրան-Հայաստան երկաթուղու կառուցում, Երեւան-Ստեփանակերտ օդուղու գործարկում, երկրաշարժի հետեւանքով անօդեւան մնացածներին բնակարանների ապահովում, եթե մենք հետ գնանք կհիշեմ երիտասարդ ընտանիքներին բնակարանների եւ ավտոմեքենաների հնարավորության ապահովում, այսինքն աշխատանք, որ այդ մարդիկ կկարողանային դա գնել եւ այլն: Ունեցել ենք Հայաստանի ինքնիշխանության զիջում, կապված բազմաթիվ իրադարձություններում իր պահվածքի եւ իհարկե եվրոասոցացումից կտրուկ շրջադարձ դեպի Եվրասիական տնտեսական միություն: Սա է իմ ընդհանրական, համառոտ պատմությունը իր կառավարման 10 տարիների մասին:

Ո՞ւր է տանում երկիրը այս ներկա իշխանական համակարգը, նկատի ունեմ ավտորիտար իշխանության կատարելագործումը, անձի պաշտամունքի այս նոր դրսեւորումները: Ըստ երեւույթին, այդ նույնը հասարակությանն էլ են պարտադրելու:

Հասարակությանը անձի պաշտամունք են պարտադրում կուսակցության, իշխող ուժի քարոզչության, պրոպագանդայի, ագիտացիայի գործիքները, որոնք վաղուց են գործարկվել: Դրա վկայությունն են Սերժ Սարգսյանի նկարները պաշտոնյաների սենյակների պատերին, նույնիսկ բիզնես համակարգի որոշ ներկայացուցիչներ իրենց աշխատասենյակների պատերին ունեն Սերժ Սարգսյանի նկարը: Կրթօջախները վաղուց զավթված են պետության կողմից, որպես քարոզչական տարածք, հարթակ, որտեղ պետք է քարոզեն գործող իշխանությանը, նրա առաջին դեմքին, կուսակցությանը: Կրթական մյուս հաստատություններում էլ նույն պատկերն է: Սրանք վաղուց հիմնավորված բաներ են, այսինքն նոր չի, որ պետք է անեն:

Մյուս հանգամանքը, դա կոռուպցիայի մակարդակն է Հայաստանում, ես կնախընտրեյի «փչացվածություն» բառը: Կառավարման փչածվածությունը Հայաստանում վաղուց հասել է մի այնպիսի մակարդակի, 10-11 տարի է արդեն, երբ մասնագետները «Transparency International»-ի հետազոտություններում համարում են կոռուպցիան պետության զավթման մակարդակի, մեկ այլ բնութագրմամբ՝ համակարգային կոռուպցիա: Սա այն դրությունն  է երբ զավթված է ոչ միայն իշխանությունը, այլ նաեւ հանրային կյանքի բազմաթիվ այլ ոլորտներ, օրինակ՝ տնտեսությունը, տեղական ինքնակառավարման համակարգը, զանգվածային լրատվամիջոցները, մշակութային կյանքի մի զգալի հատված նույնպես զավթված է պետական իշխանության կողմից եւ տարբեր փորձագիտական գնահատականներ կան կիսակոնսոլիդացված ավտորիտարիզմի հետ կապված: Ամբողջությամբ համաձայնվում եմ այն մտքի հետ, որ մեծ բռնատիրական համակարգից անցնում ենք բռնատիրականի: Սա երեւում է մարդու իրավունքների ոտնահարումների ծավալի շեշտակի աճով աբցած մի քանի տարիների ընթացքում թվերով այդ ամբողջը հաստատվում է. 2013 թվական. Պուտինի գալու օրը 150 բերման ենթարկված, 2015 թվական՝ Էլեկտրիկ Երեւանի ժամանակ մոտ 350-400 հոգի բերման ենթարկված, 2016 թվական՝ Սասնա Ծռերի հետա կապված իրադարձությունների ժամանակ մոտ 800 հոգի բերման ենթարկված, 2015 թվականին ծեծված եւ կոտրված տեխնիկաներով լրագրողներ, 2016-ին նույնպես այդ պատկերն էր: Պատասխանատվությունը զրոյին մոտիկ բան է, այսինքն որեւէ մեկը չի բացահայտվել, չի պատժվել այդ ամենի համար: Այս միտումները հնարավորություն ունեն շարունակվելու եւ զարգանալու, այսինքն ով իշխանության հետ համաձայն չէ, բիրտ ուժի առաջ է կանգնում: Հաջորդը դա քաղաքական բանտարկյալների  առկայությունն է, որոնք իշխանության գալու պահից սկսած եղել են Հայաստանում, եւ մարտի 1-ի գործով բազմաթիվ քաղաքական բանտարկյալներ ունեցանք, մոտավորապես 130-ի կարգի: Այս տարիների ընթացքում այս թիվը պարբերաբար նվազեց, ավելացավ, նոր ալիքը եղավ 2014 թվականի նոյեմբերին Շանթի եւ ընկերների ձերբակալմամբ եւ անհամաչափ պատիժներ տալով, հետո սկսեց այդ թիվը զարգանալ. Հալածանքներ հիմնադիր խորհրդարանի, «Սարդարապատ» նախաձեռնության, Նախախորհրդարանի անդամների հետ կապված, «հարյուրամյակն առանց ռեժիմի» անդամների նկատմամբ հալածանքը թե Հայաստանու, թե Արցախի ճանապարհին, Գեւորգ Սաֆարյանի գործը, Սասնա Ծռերի ապստամբության ժամանակ մի շարէ քաղբանտարկյալների առաջ գալը. Կարո Եղնուկյանը, Անդրիաս Ղուկասյանը եւ ուրիշներ: Հիմա տպավորությունս այն է, որ եթե պահպանվում է կառավարման նույն համակարգը եւ խնդիրները չեն լուծվում, իշխանությունը վախենում է հանրային բողոքից ու դիմում է իր սիրած ավանդական մեթոդին, դա ռեպրեսիաների միջոցով խնդիրները լուծելն է: Սա կեղծ լուծում է իհարկե: Սա ուղիղ կապված է նաեւ ԵԱՏՄ ազդեցության, Ռուսաստանի հետ կապի, Ռուսաստանում կիրառվող մեթոդների եւ ընդհանրապես ավտորիտար մեթոդների հետ: Այդ մեթոդներն, իհարկե հայերը չեն հայտնաբերել, դրանք վաղուց կային: Այս ամբողջի մեջ եթե հետ գնանք մարտի 1-ի հանցագործների անպատժելիության խնդիրը կա, որովհետեւ մարտի 1-ի հանցագործությունն ամբողջությամբ դիտավորյալ չի բացահայտվել, իշխանությունն ունեցել է անհրաժեշտ լծակները բացահայտելու, իսկ սա բերում է հասարակակն կյանքի վրա ծանր ազդեցության: Այս 380,000 հոգու արտագաղթն անցած 10 տարում նաեւ ուղղակի հետեւանքն է հենց մարտի 1-ից ահաբեկվածների ռեակցիան է, իրենց բողոքի եղանակն է սա: Այսպես մոտավորապես գնում ենք ավտորիտարիզմ, եթե հանկարծ չհաջողվի Սերժ Սարգսյանին զրկել վարչապետ դառնալու հնարավորությունից, իսկ եթե դա հաջողվի, հնարավոր են շղթայական նոր զարգացումներ:

Կան իհարկե, այս լրջագույն վտանգները զգացող հասկացող ուժեր, անհատներ, կա նաեւ այս ամենից դժգոհ հասարակություն: Հնարավոր համարո՞ւմ եք հասարակության գործուն ըմբոստություն այս փուլում:

Հնարավոր համարում եմ, ճիշտն ասած, որ հիմա շատ-շատերը, ովքեր օրեցոր սկսում են հասկանալ, որ փաստացի, Սերժ Սարգսյանը հիմա ձեւական իմաստով գոնե իշխանություն չունի, ճիշտ է, դեռ նկարը պահպանվում է պաշտոնյաների սենյակներում, բայց մարդիկ սկսում են քիչ-քիչ հասկանալ, որ այդ մարդը, որը ահռելի վնասներ է տվել երկրին եւ անձամբ իրենց տարբեր ձեւերով, հիմա իշխանություն չունի: Տեսնելով այս երիտասարդների շարժումները, ճակատի շարժումը, Նիկոլ Փաշինյանի եւ «Քաղաքացիական պայմանագրի» շարժումը, հետզհետե սկսում են խանդավառվել: Մոտակա օրերին կերեւա, թե որքան մարդ է պատրաստ փողոցի եւ զանազան ակցիաների մասնակցել: Կրկնում եմ, ահագին ահաբեկվածություն կա հանրության մեջ, նոր բան չէ, դրա կուլմինացիան եղել է մարտի 1-ը եւ հետագա քաղաքական հալածանքները: Իշխանությանը հաջողվել է խորությամբ ահաբեկոլ հանրությանը, շատ շատերը լայնորեն բողոքում են, բայց դա տեղի է ունենում մասնավոր, անձնական, տնական, թաղային մակարդակում, աշխատատեղերում, բայց հրապարակային բողոքի մարդի վախենում են դուրս գալ: Սա չի նշանակում, որ վախով հնարավոր է պահել այս երկիրը: Մի օր մի տեղից ճաքելու է սարսափելի կերպով:

 

Հարցազրույցը վարեց Գեւորգ Ղահրամանյանը

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: