Շաբաթ, Հունիսի 23, 2018

Հարցազրույց

Գոռ Հակոբյան. Մշակվում են քայլեր՝ հասնելու Տարոն Մարգարյանի հրաժարականին

Հայացքի հյուրն է քաղաքագետ Գոռ Հակոբյանը:

 

Վերջին օրերին քննարկման առարկա է քաղաքապետի հրաժարականի հարցը: Ի՞նչ մոտեցումներ ունեք այս հարցի շուրջ: Ի՞նչ խնդիր է դրված եւ ո՞րն է ցուցարարների պահանջը:

 Երևանի ավագանու ընտրությունները կեղծվել են և ավագանին ու իր կողմից ընտրված քաղաքապետը լիարժեք չեն ներկայացնում Երևանի բնակիչների կամքը: Միաժամանակ քաղաքապետարանի, ավագանու և քաղաքապետի հետ են կապվում բազմաթիվ կոռուպցիոն դեպքերի, չարաշահումների, գնումների, ապօրինի հարստացման մասին տեղեկություններ: Երևանի ավագանին և քաղաքապետ՝ Տարոն Մարգարյանը ներկայացնում են Հայաստանում հաստատված քրեաօլիգարխիկ, կլանային ու փակ կառավարման համակարգը, որը օտարում է մարդուն, քաղաքացուն, Երևանի բնակչին, նրանք չեն մասնակցում իրենց քաղաքի կյանքին վերաբերվող որոշումների ընդունմանը, արգելում են զբաղվել քաղաքականությամբ և նրանց զրկում են իրեց իշխանությունից/զորությունից. տեղի է ունենում իշխանության ուզուրպացում տեղական ինքնակառավարման մակարդակում:
Դրված է հետևյալ խնդիրը՝ Տարոն Մարգարյանի հրաժարականը, ավագանու արձակումը, պատասխանատվության ենթարկելը և նոր ընտրությունների անցկացումը:
Ցուցարարների պահանջները բազմաթիվ են՝ հրաժարականններից ու պատասխանատվությունից սկսած մինչև Երևանի նոր կառավարման համակարգի ու նոր զարգացման տեսլականի ստեղծումը:

Ըստ էության, առաջին անգամ մարդկանց դուրս բերեցին ի պաշտպանություն գործող ՀՀԿ-ական պաշտոնյայի: Ի՞նչ է սա նշանակում:

Կարծում եմ սա առաջին դեպքը չի, տեղական ու հանրապետական ընտրությունների ժամանակ այդ մարդկանց հանրապետականը միշտ օգտագործել է  «բազմամարդ» հանրահավաքներ կազմակերպելու համար, կամ բազմաթիվ կեղծ մտավորականներ ու այսպես կոչված հայտնի մարդիկ հանդես են եկել քաղաքապետին սատարող հայտարարություններով, որոնք պատվիրված են եղել: Իսկ վերջին դեպքերը ցույց տվեցին, թե ինչքան է արմատացած մարդկանց մեջ համակարգի նկատմամբ վախը և ինչ խորը արմատներ է գցել իրավազրկությունը, ճնշումը և շանտաժը: Մարդկանց իրենց կամքին հակառակ գործողություն պարտադրելը և իրենց անձնական շահերին ծառայեցնելը խոսում է , որ նրանք ի վիճակի չեն փոփոխվելու և նրանց բոլոր խոստումնները սին են, ու նրանց հրաժարակը առավել քան ակտուալ է: Ես կարծում եմ, որ այս հարցով պետք է զբաղվեն նաև իրավապահները և պաշտպանեն մարդկանց քրեական ու վարչական ճնշումներից և պատասխանատվություն ենթարկեն իրականացնողներին:

Ի՞նչ հնարավոր սցենարներ կարելի է ենթադրել քաղաքապետի հրաժարականի հարցում, Փաշինյանի՝ ցույցերը դադարեցնելու կոչից հետո: Այսինքն, ի՞նչ տարբերակներ կան խնդիրը թե քաղաքական, թե իրավական հարթության վրա լուծելու:

Այս պահին ցուցարարների մի խումբ դիմել է ՀՀ Գլխավոր Դատախազին և ՀՀ Ոստիկանապետին, որպեսզի նրանք իրենց լիազորությունների սահմաններում հետաքննություններ սկսեն ԶԼՄ-ներում հրապարակված չարաշահումների և այլ հանցագործությունների մասով : Այս դիմումները նպատակ ունեն իրավապահ մարմիններին ներգրավելու գործընթացի մեջ և նրանց միջոցով պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Միաժամանակ տարբեր հարթակներում Տարոն Մարգարյանի հրաժարականը և ավագանու ազատ արձակման հարցերը մնում են ակտուալ, շարունակվում են ճնշումները և հանրային մոբիլիզացիան, մշակվում են քայլեր ուղղակի գործողություններով հասնելու Տարոն Մարգարյանի հրաժարականին և ավագանու ազատ արձակմանը: Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի կոչը չէր վերաբերվում Երևանի քաղաքապետի հրաժարականին և դրանից բխող գործողություններին:

Կարծում եմ, որ իրավապահ մարմինների արձագանքից ելնելով՝ կորոշվեն հետագա քայլերը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am