Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Անցած շաբաթավերջին Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան բոթը ցնցել էր ողջ հանրապետությունը: Նրա դին հայտնաբերվել էր իր բնակարանում՝ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Մամուլի հաղորդմամբ` դեպքը տեղի է ունեցել հունվարի 17-ին, երբ Կուտոյանը Պարույր Սեւակի փողոցում գտնվող իր բնակարանում միայնակ էր, իսկ կինն ու երեխան եղել էին ծնողների տանը: Ավելի ուշ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը լրագրողներին հայտնեց, որ կրակոցն արձակվել է Կուտոյանին պատկանող «Glock» տեսակի ատրճանակից, որը նա պարգեւատրման կարգով ստացել էր Վրաստանի ԱԱԾ ղեկավարի կողմից: Բնակարանի պատերին եւս կային կրակոցների հետքեր: Հարուցվել է քրեական գործ՝ 110 հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը): Սենյակում, որտեղ դին հայտնաբերվել էր, առկա էին բազմաթիվ պարկուճներ ու գնդակներ: Հետաքննությունը շարունակվում էր:
…«Թավշյա» հեղափոխությունից հետո սա, այսպես ասած, ուժային համակարգի նախկին բարձրաստիճան պաշտոնյայի` կասկածելի պայմաններում մահվան երրորդ դեպքն է: 2019 թվականի սեպտեմբերի 23-ին Բջնիի իր առանձնատանը հայտնաբերվել էր ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։ Երկու ամիս անց` նոյեմբերի 28-ին, Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում պայթյունի հետեւանքով մահացել էր Երեւանի նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը: Իսկ վերջինիս մահից երկու լրիվ ամիս չանցած` վրա հասավ այս նոր ողբերգությունը` ԱԱԾ-ի 39-ամյա նախկին տնօրենի մահը, որը պաշտոնավարել էր 2016-ի փետրվարի 12-ից մինչեւ 2018-ի մայիսյան հայտնի իրադարձությունները:
Ճանաչողները հանգուցյալին բնութագրում են որպես հաստատուն բնավորություն եւ ամուր հոգեբանություն ունեցող, պարկեշտ, շատ հավասարակշված անձնավորություն: «Կուտոյան Գեորգիին ես միշտ համարել ու համարում եմ մեր երկրի լավագույն իրավաբաններից մեկը, նա շատ լավ գիտնական էր, լրջագույն պետական այր եւ պետական գործիչ: Ողջ կյանքում հետեւողական եմ լինելու մահվան հանգամանքների պարզման ուղղությամբ եւ ոչ միայն Կուտոյանի մասով, այլեւ` Հայկ Հարությունյանի»,- հայտնել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, այժմ հետախուզման մեջ գտնվող Գեւորգ Կոստանյանը: Որոշ դիտորդներ ուշագրավ զուգադիպություններ են տեսնում Հայկ Հարությունյանի եւ Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքներում` երկուսն էլ մահացել են իրենց տներում, իրենց պատկանող զենքից` գլխի գրեթե նույն հատվածում ստացած վիրավորումից: Այս փաստը, ամենայն հավանականությամբ, չի վրիպի քննչական խմբի անդամների ուշադրությունից:
Տեղի ունեցածի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ «Սասնա ծռեր» կուսակցությունը Կուտոյանի սպանությունը «իշխանության նահանջի վերջին բնագիծ» է համարել: Պետությունը զավթած ազգադավ մաֆիան, ըստ «Սասնա ծռերի», 2018-ի գարնանը համաժողովրդական ընդվզմամբ տապալվելուց հետո անգամ չի չեզոքացվել։ «Հեղափոխական կոչվող նոր իշխանությունը հեղափոխություն անելու փոխարեն դարձավ մաֆիոզ ռեժիմի իրավահաջորդ եւ մինչ օրս փորձում է մաֆիային չեզոքացնելու փոխարեն «լեզու գտնել» նրա հետ»,- ասված է հաղորդագրությունում։ Եվ, իսկապես, գործող իշխանությունը շարունակում է կառավարման իմաստով մնալ անգործության վիճակում։ Նույնիսկ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի սպանությունից հետո իշխանությունը չսթափվեց եւ գոնե անվտանգության ապահովման միջոցներ չձեռնարկեց կարեւոր տեղեկատվության տիրապետող նախկին պաշտոնյաների նկատմամբ, որոնց մեծամասնությունը սովորաբար թիրախում է լինում։
Եվ այսպես` ո՞վ սպանեց Կուտոյանին կամ նրան ինքնասպանության հասցրեց, ինչպես դեպքից ընդամենը 1-2 ժամ անց` բոլոր հանգամանքները դեռ չուսումնասիրած, «ախտորոշեց» Քննչական կոմիտեն: Այս առնչությամբ մամուլում եւ սոցցանցերում բազմաթիվ վարկածներ էին շրջանառվում: Գործող իշխանությունների աջակիցները փորձում էին ամեն կերպ հիմնավորել, որ մեղավորները նախկին իշխանությունների միջավայրում են, նախկիններին սատարողներն էլ գործողների մեջ էին փնտրում սպանության պատվիրատուներին, ոմանք նույնիսկ ռուսական հետք էին տեսնում` կապված անցած տարվա մայիս ամսից այս կողմ հաճախացած այն խոսակցությունների հետ, թե ԱԱԾ-ից կարեւոր փաստաթղթեր են անհետացել:
Ամեն դեպքում գործի բացահայտումը քննչական մարմինների առաքելությունն է: Այլ հարց է, որ հետանկախական շրջանում կատարված մի շարք աղմկոտ սպանություններ ցայսօր մնում են չբացահայտված, ինչը թերահավատություն է առաջացրել իրավապահ մարմինների անաչառության նկատմամբ: Բավական է հիշել 1998-99 թթ. ողբերգական դեպքերի շարքը` ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի, նրա տեղակալի, Ներքին գործերի եւ Ազգային անվտանգության կոմիտեի փոխնախարար գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի, Պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխոռունու խորհրդավոր սպանությունները, ինչպես նաեւ սահմռկեցուցիչ «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչությունը:
Այսպիսով` վերջին առնվազն 20 տարիները ցույց տվեցին, որ մեզանում քաղաքական սպանությունները, որպես կանոն, չեն բացահայտվում: Ահա թե ինչու ժողովրդի ճնշող մեծամասնության շրջանում վստահություն չի ներշնչում ՀՀ գլխավոր դատախազության հավաստիացումը, թե իրեն վերապահված ողջ գործիքակազմով «ապահովելու է տեղի ունեցած ողբերգության բոլոր պատճառների ու հանգամանքների բացահայտումը»։ Ինքնասպանության պաշտոնական վարկածին հանրությունը չի հավատում:
«Կարեւորագույն ինֆորմացիայի կրողները, որ նաեւ առանցքային պոտենցիալ վկաներ ու պատմության մութ խորշերի ականատեսներ են` բռնի մահերով մեկը մյուսի հետեւից հեռանում են եւ, ամենայն հավանականությամբ, էլի կհեռանան: Իսկ մենք կշարունակենք լսել նորանոր հարյուր կամ հազար փաստեր այն մասին, թե ինչպես է Հայաստանն առաջ սլանում` հետեւում թողնելով արդեն Բրիտանիային, Կանադային եւ, իհարկե, Սինգապուրին»,- ֆեյսբուքյան իր էջում դառն հեգնանքով գրում է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:
Տխուր է, բայց փաստ է: Ցավո´ք:
Կառավարության շենքի դիմաց երեք օր առաջ մեկնարկած` մսավաճառների ու անասնապահների բողոքի գործողությունը հունվարի 20-ին զանգվածային բնույթ էր ստացել: Արարատի եւ հարակից մարզերի մի շարք բնակավայրերից մայրաքաղաք եկած գյուղացիների գլխավոր մտահոգությունը կենդանիների մորթը պարտադիր սպանդանոցներում իրականացնելու` իշխանության պահանջն էր: Կառավարությունից չստանալով ոչ մի արձագանք` ակցիայի մասնակիցները որոշեցին խնդիրը չվերանայելու դեպքում ընդարձակել բողոքի գործողության շրջանակները` ներառյալ մայրուղիների ու համայնքային ճանապարհների արգելափակումը:
Ակցիան վերահսկում էին մեծաթիվ ոստիկաններ:
…Ծննդատներ փակելու խիստ քննադատված որոշման տհաճ տպավորությունը դեռ չանցած` կառավարությունը, ի դեմս իր ենթակա գերատեսչությունների, կատարում է հաջորդ անխոհեմ քայլը, որն այս անգամ ծանր աշխատանքով բարիքներ ստեղծող գյուղացու դեմ է: Առողջ տրամաբանությունը պահանջում է ոչ թե լրացուցիչ ծախսերի բեռ դնել գյուղմթերքներ արտադրող մարդկանց ուսերին, այլ փորձել օգնության ձեռք մեկնել նրանց, տվյալ դեպքում գոնե սուբսիդավորել գյուղատնտեսության ոլորտը, ինչպես ընդունված է քաղաքակիրթ աշխարհում, քանի որ այդ ճյուղն ամենառիսկայիններից է համարվում:
Մինչդեռ հակառակն է կատարվում: Սպանդանոցային պարտադիր անասնամորթի հետ կապված նոր կարգը, որը գործում է հունվարի 15-ից, մի շարք նոր խնդիրներ է ստեղծում տնտեսվարողների համար: Գյուղացիները դժգոհում են սպանդանոցների ոչ բավարար քանակից, կենդանիների տեղափոխման դժվարություններից եւ մատուցվող ծառայությունների դիմաց այդ կետերում սահմանված գներից: Բացի դրանից, նրանք սպանդանոցներին չեն վստահում, այնտեղ, ըստ օդում կախված լուրերի, խաբում են, հաշվապահական փաստաթղթերում, ի վնաս անասնատիրոջ, իջեցնում են մսամթերքի սորտայնությունը, քաշը, իրենց են պահում մորթված անասունի գլուխը, ոտքերը, ներքին օրգանները եւ այլն: Այս ամենը բացասաբար է անդրադառնում անասնաբույծների շահույթի վրա, ուստիեւ բակային մորթի պապական եղանակը մարդիկ գերադասում են առաջատար մասնագետների կողմից առաջարկվող ավելի քաղաքակիրթ ձեւից:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ), իր հերթին, մտադիր չէ հրաժարվել առաջադիմականը ներդնելու մտքից: Ըստ նրա, մսի իրացման կետերում բոլոր տնտեսվարողները պետք է ունենան անասնաբուժական 5-րդ ձեւանմուշը, ինչը կվկայի, որ անասունը մորթվել է սպանդանոցում, ստուգված է, եւ միսն անվտանգ է։ «Հետքայլ չի լինելու, որովհետեւ ես չեմ ուզում, որ մեր երկիրը հայտնվի միջնադարում»,- ասում է ՍԱՏՄ ներկայացուցիչ Արթուր Շատվորյանը: Գյուղացին էլ իրենն է պնդում եւ իր պահանջները կառավարությանը լսելի դարձնելու համար դուրս է եկել հրապարակային պայքարի: Այդպիսով` կողմերից յուրաքանչյուրը, կարծես թե, ունի իր ճշմարտությունը. մեկը հակված է տեխնոլոգիական առաջընթացի կենսակոչմանը, որը ողջունելի է, իսկ մյուսն իր համար շահավետ պայմաններ է պահանջում, ինչը միանգամայն բնական է: Ուրեմն մի ելք է մնում՝ անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ այլընտրանքային, փոխշահավետ լուծում գտնելու օրակարգով:
Ճգնաժամային թվացող այս իրավիճակն առաջացել է հապճեպ որոշում կայացնելու, հարցի պատշաճ նախապատրաստության գործոնը շրջանցելու, կողմերից մեկի կամքն ու շահերը անտեսելու արդյունքում: Նույնը կարելի է ասել նաեւ ծննդատների դեպքում, երբ խնդիրը լուծելու փոխարեն ՀՀ առողջապահության նախարարը որոշում է պարզապես այն վերացնել: Չմտածված, անհավասարակշիռ որոշումների ընդունումը միշտ ծանր, երբեմն՝ անուղղելի հետեւանքներ է առաջ բերում:
Նման դեպքերի համար ժողովուրդը լավ խոսք ունի` «Մի անխելք քարը գլորեց ձորը, հազար խելոքներ չկարողացան հանել»:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունները` մի քանի տողով
Նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 21-ին Շվեյցարիայի Դավոս քաղաքում մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը, որն այս տարի անցկացվում էր «Շահագրգիռ կողմերը՝ հանուն աշխարհի համախմբման եւ կայունության» խորագրով: Ֆորումին այս տարի մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 700 բանախոսներ եւ ավելի քան 3000 մասնակիցներ: Հայաստանի նախագահը Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում որպես բանախոս մասնակցել է «Հավասարակշռելով ներքին եւ գլոբալ անհավասարությունը» թեմայով քննարկմանը: Նրա հետ որպես բանախոս հանդես է եկել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ժոզեֆ Ստիգլիցը: Նույն օրը Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպումներ է ունեցել համաժողովի մասնակից մի շարք պետությունների, կառավարությունների ղեկավարների, գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին այցելել է Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամ: Շրջայցի ընթացքում հիմնադրամի ղեկավարը Փաշինյանին է ներկայացրել CARD-ի գործունեությունը, հիմնադրամի տարբեր բաժինների աշխատանքները: Մանրամասն անդրադարձ է կատարվել հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին ու դրանց արդյունքներին, որոնք գոհացուցիչ են: Ի մասնավորի՝ նշվել է, որ հիմնադրամի խումբն իր մեջ ներառում է գյուղատնտեսության ոլորտում մասնագիտացված 6 կազմակերպություններ եւ գյուղատնտեսական սպասարկման 19 կենտրոններ, որոնք հիմնականում զբաղվում են անասնաբուծության, կաթի արտադրության ու վերամշակման, ինչպես նաեւ ջերմատնային արտադրության, գինեգործության, պտղաբուծության եւ գյուղատնտեսության մի շարք այլ ճյուղերի զարգացմամբ: Վարչապետը ողջունել է հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը եւ կարեւորել գյուղոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրման առումով գիտելիքների տարածումը:
Հունվարի 22-ին խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց քրեական ենթամշակույթին հարող անձանց՝ «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագիծը, որին կողմ է քվեարկել միայն իշխող խմբակցությունը` 73 կողմ ձայներով։ Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը քվեարկել է ձեռնպահ, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ դեմ։ Կառավարության հեղինակած օրենքով՝ քրեական աստիճանակարգի բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու, պահպանելու համար քրեական պատասխանատվության կենթարկվեն 7-10 տարի ժամկետով։
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հունվարի 21-ին տարածել է հայտարարություն՝ եւս մեկ անգամ ընդգծելով, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ «քրեադատավարական փաթեթավորմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում»: Հայտարարությամբ Սարգսյանի պաշտպանական թիմը վերահաստատում է, որ երրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել իր կարգավիճակից բխող գործողություններ կատարելու համար, ինչը հակասում է Սահմանադրությանը: Հարուցված քրգործում, ըստ դատապաշտպանների, չկա առերեւույթ հանցանքի կատարման մասին վկայող բավարար ապացույցների համակցություն: «Ավելին՝ գործով հավաքված տվյալներն աղաղակում են ընդհանրապես հանցագործության դեպքի բացակայության մասին», - ասված է հայտարարության մեջ:
Սերժ Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում: