Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ
Աշխատանքային շաբաթվան նախորդող շաբաթ եւ կիրակի օրերը նշանավորվեցին ներքաղաքական ակտիվ գործընթացներով: Հոկտեմբերի 18-ին Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկեց 2026թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցելու քաղաքական հայտ ներկայացրած «Մեր ձեւով» շարժման հանրահավաքը՝ հաջակցություն ավելի քան չորս ամիս կալանքում գտնվող Սամվել Կարապետյանի, Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հայրերի եւ մյուս բոլոր քաղբանտարկյալների։ «Փաստի» աղբյուրների համաձայն՝ հանրահավաքին մասնակցում էր շուրջ 30․000 քաղաքացի:
Սա, կարելի է ասել, խոստումնալից սկիզբ է եւ հանրային վստահության բավական տպավորիչ ապացույց: Սակայն միամտություն կլինի կարծել, թե այսքանով կարելի է վերջնական հաջողության երաշխիք ապահովել: Թե՛ «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, թե՛ շարժման համակարգող խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը խոսում են գործող իշխանությունների թույլ տված սխալների ու թերացումների մասին, խոստանում իշխանության գալու դեպքում բերել սոցիալ-տնտեսական առաջընթաց, բարեկեցություն, կենսաթոշակային արդար համակարգ, առողջ հասարակություն, անվտանգություն, ներդրումներ եւ այլն:
Բարեկամաբար ասած՝ խոստումների փոխարեն, որոնցից հանրությունը կուշտ է, ավելի լավ կլինի ժողովրդի դատին ներկայացնել հստակ ծրագրեր՝ համոզիչ հիմնավորումներով ու ճանապարհային քարտեզներով, որպեսզի քաղաքացին կարողանա ընտրություններից առաջ ճիշտ կողմնորոշվել, թե թեկնածուներից որի օգտին է պատրաստվում տալ իր քվեն: Մեզ խոստումներ շատ են տվել, բայց չեն կատարել, եւ հարցը լոկ խոստմնազանցությունը չէ: Տված խոստումն իրագործելու առումով հաշվետվողականության որեւէ մեխանիզմ առաջարկո՞ւմ է թեկնածուն կամ՝ ինչպե՞ս վարվել, եթե ստանձնել է, բայց չի կատարել իր պարտավորությունը: Այսինքն՝ խաբել է ընտրողին, ինչպես, օրինակ, Փաշինյանը:
Հանրահավաքում, իհարկե, հնչեցին առանցքային խնդիրներ լուսաբանող ելույթներ, որոնցից մեկը «Մեր ձեւով» շարժման անդամ, տնտեսագետ Հայկ Ֆարմանյանի խոսքն էր ՀՀ-ում փոքր եւ միջին ձեռնարկատիրության անմխիթար վիճակի մասին: Նախորդ տարվա տվյալներով, ըստ տնտեսագետի, ՀՀ պետական եկամուտները կազմել են մոտավորապես 6,5 մլրդ դոլար. այս մուտքերի մեջ չնչին տոկոս են կազմում փոքր ու միջին գործարարների վճարած հարկերը՝ խոսքն ընդամենը 15 միլիոն դոլարի մասին է։ «Մեր Կառավարությունը կրկնապատկել է այդ փոքր ու միջին բիզնեսի հարկերը, ինչի արդյունքում փակվել են 2000-ից ավել ընկերություններ, եւ այս մարդիկ համարվում են պոտենցիալ արտագաղթողներ»,- ասել է Ֆարմանյանը։
Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանն էլ հայտարարել է, որ հոգեւորականներն, այո, զբաղվում են քաղաքականությամբ՝ ոգու քաղաքականությամբ, որն, ըստ նրա, միտված է մեր ազգային ոգու արժեքները պահելու, վերարծարծելու համար: «Երբ հոգեւոր-ազգային արժեքները զոհաբերվում են ըստ պայմանների եւ անտարբերությունն է դառնում մեր կողմնացույցը, մենք կորցնում ենք մեր հոգին, եւ առանց հոգու ազգը դառնում է գերի ազգ։ Հոգեւոր-բարոյական մեր հետընթացի պատճառը մեր գիտակցության մեջ սկսված ճգնաժամն է։ Ոչ մի բարեփոխում ու ստորագրված թուղթ չի փրկելու մի ազգի, որի ոգին քնած է»,– ասել է հոգեւորականն իր ելույթում:
Հանրահավաքի միջոցառումն ամփոփել է «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ հայտնելով, որ «մենք միասին սկսում ենք 3-րդ շարժումը՝ Հայաստանի վատ շրջանի ավարտի եւ վերակառուցման շրջանի մեկնարկի շարժումը»։ Այնուհետեւ հանրահավաքի մասնակիցները Ազատության հրապարակից երթով շարժվել են դեպի ԱԱԾ շենք, որի մեկուսարանում պահվում են գործարար Սամվել Կարապետյանը եւ Միքայել ու Բագրատ Սրբազանները: Երթն առաջնորդում էին Կարապետյանի ընտանիքի անդամները։ Ոստիկանությունը շրջապատել էր շենքը։ Երթի մասնակիցները բացականչում էին՝ «Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին»։
Փաստաբան Արամ Վարդեւանյանը կարեւոր լուր փոխանցեց ԱԱԾ մեկուսարանի դիմաց հավաքվածներին՝ հայտարարելով, որ Սամվել Կարապետյանը պատրաստ է ստանձնել «Մեր ձեւով» շարժման ստեղծելիք կուսակցության նախագահի պաշտոնը. «Սամվել Կարապետյանը խոսում է այն ծրագրերից, որոնք պատկերացնում է մեր երկրի համար։ Նա այնպիսի ծրագրեր է մշակել, որ Հայաստանը դառնալու է աշխարհի ամենաերջանիկ երկրներից մեկը»,- ընդգծել է Վարդեւանյանը: Դե, ինչ. մնանք այդ ծրագրերին սպասող:
Վերջին շրջանում գրեթե չկա մի շաբաթ, որն անցնի առանց աղմկոտ միջադեպերի կամ ձերբակալությունների: Այս շաբաթ հանրային ուշադրության կենտրոնում էին Գյումրիի ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի «թատերականացված» ձերբակալությունն ու կայծակի արագությամբ նրա նկատմամբ երկամսյա կալանքի դատավճռի կայացումը: Կաշառք ստանալու համար մեղադրվող Գյումրիի քաղաքապետի խափանման միջոցի հարցը Հակակոռուպցիոն դատարանը քննել է մի ամբողջ գիշեր, որոշումը հրապարակել առավոտյան եւ, միաժամանակ, կասեցրել համայնքի ղեկավարի լիազորությունները:
Բառերով չես նկարագրի այն ցնցող տեսարանները, որոնցով գյումրեցիներն անցան հոկտեմբերի 20-22-ին, երբ ոստիկանական մեծաթիվ խմբերը, կարմիր բերետավորները շրջապատել էին քաղաքապետարանը՝ ցուցարար քաղաքացիների դեմ կիրառելով բիրտ, անհամաչափ ուժ եւ, փաստորեն, հրահրելով լարվածություն ու անհարկի քաշքշուկ: Երկու օրվա ընթացքում բերման են ենթարկվել մի քանի տասնյակ քաղաքացիներ, 29 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը, զանգվածային անկարգություններին մասնակցելուն դրդելը եւ այլն:
Իրավապահները հայտարարում են, թե Վարդան Ղուկասյանը եւ քաղաքի գլխավոր ճարտարապետը քանդման ենթակա մոտավորապես 1500 քառակուսի մետր մի ինքնակամ շինություն օրինականացնելու համար 4 միլիոն դրամ կաշառք են պահանջել քաղաքացուց: Հակակոռուպցիոն կոմիտեն էլ ձայնագրություններ է հրապարակել, որտեղ, ենթադրաբար, լսվում է քաղաքապետի ու նրա ենթակայի խոսակցությունն այս թեմայի շուրջ: Փաստացի՝ մեղադրանքի հիմքը մի քաղաքացու տված ցուցմունքն է եւ ինչ-որ ձայնագրություններ, որոնց պատրաստման տեխնոլոգիաները մեզ արդեն հայտնի են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի եւ մյուսների «թխովի» գործերից:
Ի դեպ՝ խորհրդային շրջանում կաշառքի գործերը բացահայտելու հատուկ պրակտիկա կար՝ կաշառատուն նախապես դիմում է իրավապահներին, թե այսինչ պաշտոնյան, այնինչ գործի համար իրենից այսչափ գումար է պահանջում: Իրավապահ ատյանում պահանջվող գումարը հատուկ նյութով մշակում էին, տալիս նրան, որպեսզի տանի կաշառակերին, իսկ իրենք՝ 2-3 օպերաշխատող, աննկատ հետեւում են կաշառատուին: Պաշտոնյան՝ ոչինչ չկասկածելով, վերցնում է գումարը, ինչից կարմիր բծեր են մնում մատների վրա: Կաշառատուն պաշտոնյայի աշխատասենյակից դուրս գալուն պես՝ ներս են մտնում օպերատիվ ծառայողներն ու տեղում ակտավորում կոռուպցիայի ակնհայտ փաստը:
Հիմա այդ կարգն այնքան էլ հարգի չէ նիկոլական արդարադատության համար: Ըստ երեւույթին՝ ավելի լավ է բավարարվել կասկածելի մարդկանց ցուցմունքներով կամ շինծու ձայնագրություններ մոգոնելով: Ղուկասյանը, բնականաբար, մեղադրանքը չի ընդունում, պաշտպանությունը գործը քաղաքական հետապնդում է որակում. «Նա ընդդիմություն է, այսինքն՝ չի՞ հասկանում, որ ինքը խոշորացույցի տակ է, նման էժան գործողությունների տա՞կ պիտի մտներ… ակնհայտ է, որ սա պատվեր է, եւ բոլորս գիտենք՝ ումից է գալիս…»,- լրագրողներին ասել է Ղուկասյանի դատապաշտպանը:
Փաստաբան Զարուհի Փոստանջյանի վկայությամբ՝ Գյումրիի քաղաքապետի հանդեպ անմարդկային, վատ վերաբերմունք է դրսեւորվում. «Նրան չեն տրամադրել սնունդ, նա ունի շաքարային դիաբետ, չունի հագուստ, 24 ժամ չի կարողացել օգտվել հիգիենայի պարագաներից»,- ասել է նա եւ խոսքի շարունակության մեջ հավելել. «Գործ ունենք ակնհայտ պատվիրված շինծու քրեական գործի հետ, որը նպատակ ունի զրկել Գյումրին կառավարելու իրավունքից ու ստեղծել քաոս»։ Դե, առջեւում բախտորոշ ընտրություններ են, եւ ամեն ինչ հասկանալի է:
Վարդան Ղուկասյանը՝ ընդունենք նրա գաղափարները թե ոչ, անշուշտ, իրենից մեծ ուժ է ներկայացնում 2026-ի առաջիկա ընտրությունների համատեքստում։ Նա ղեկավարում է հանրապետության՝ մեծությամբ երկրորդ քաղաքը, գյումրեցիները նրան հարգում են, մեծարում եւ, դրանով իսկ, իշխանությունների համար՝ որպես ընդդիմադիր գործիչ, տեղով մեկ վտանգ է: Հետեւաբար ամբողջ՝ ընդդիմությունը պետք է նեցուկ կանգնի Ղուկասյանի թիկունքին եւ ամեն ինչ անի Գյումրին ընդդիմադիր պահելու համար։ Սա միայն Վարդան Ղուկասյանի ու նրա թիմի խնդիրը չէ, սա, առանց չափազանցության, ազգային խնդիր է, որը պիտի հուզի բոլոր առողջ ուժերին, մտավորականներին, Հայաստանի ճակատագրով իրապես մտահոգ յուրաքանչյուր խելահաս քաղաքացու:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Թբիլիսիում հոկտեմբերի 22-23-ն անցկացվող «Մետաքսի ճանապարհ» 5-րդ համաժողովին մասնակցելու համար նախօրեին Վրաստանի մայրաքաղաք էին մեկնել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Ալի Ասադովը: Համաժողովը, ըստ վրացական կողմի, կբացի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Ակնկալվում է շուրջ երկու հազար պատվիրակների՝ բարձրաստիճան քաղաքական գործիչների, գործարար հատվածի, համաշխարհային առաջատար ընկերությունների ղեկավարների, միջազգային ֆինանսական ինստիտուտների եւ փորձագետների մասնակցություն: Թվով 5-րդ համաժողովի գլխավոր թեման կայունության պայմաններում ներդրումներ կատարելն է, կքննարկվեն գլոբալ առեւտրի, տրանսպորտի եւ լոգիստիկայի, Միջին միջանցքի զարգացման, էներգետիկայի, թվային տրանսֆորմացիայի եւ այլ թեմաներ:
Ընդդիմությունը հոկտեմբերի 22-ին բոյկոտեց վարչապետի մասնակցությամբ խորհրդարանում մեկնարկած ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն «Ազատությանը» փոխանցեց, որ որոշել են պարզապես չմասնակցել: Կառավարությանը հարց տալու համար գրանցվել էր 2 տասնյակից ավելի իշխանական պատգամավոր: «Մեր գանձերը բա ո՞ւր են էսօր»,- մտնելով դահլիճ՝ հարցրել է Փաշինյանը՝ ակնարկելով խորհրդարանում ընդդիմադիրների դատարկ աթոռները: «Գանձարանում»,- արձագանքել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Հիմա ընդդիմությունը ինչո՞ւ է բացակա, որովհետեւ իրենց բոլոր թեզերը ջարդվել են, հիմա գան ի՞նչ հարցնեն»,- հայտարարել է վարչապետը:
Հոկտեմբերի 21–22-ին Հայաստանի եւ Ադրբեջանի փորձագիտական համայնքների ներկայացուցիչների նախաձեռնությամբ ու երկու երկրների պաշտոնական կառույցների աջակցությամբ Երեւանում տեղի է ունեցել երկկողմ կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել են հայկական եւ ադրբեջանական կողմից 5-ական փորձագետ: Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փոխանցմամբ՝ նախաձեռնությունն ուղղված է խաղաղության օրակարգի առաջմղմանը՝ համաձայն 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունված Համատեղ հռչակագրի: Մասնակիցներն անդրադարձել են երկու երկրների հանրություններին հուզող թեմաների լայն շրջանակի՝ ներառյալ հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի հեռանկարները: Հանդիպման երկրորդ մասում ԱԽ քարտուղարը պատասխանել է ներկաների հարցերին:
Չորեքշաբթի օրվա նիստում ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Շողակաթ» հ/ընկերությանը հանրային հեռարձակողներից դուրս թողնելու նախագիծը, որին կողմ քվեարկեց 63 պատգամավոր, դեմ՝ 31-ը: Գործող օրենքով՝ պետմիջոցների հաշվին հեռարձակվում են Հանրային հեռուստաընկերությունը, Լրատվական ալիքն ու «Շողակաթը»: Իշխանական պատգամավորները, որ այս նախագծի հեղինակներն են, հիմնավորում են, թե երեքի դեպքում միջոցներն արդյունավետ չեն ծախսվում, դիտումները ցածր են, որակը՝ նույնպես: Օրենքը փոխելու ու միջոցները արդյունավետ ծախսելու դեպքում նրանք դրական ակնկալիքներ ունեն: Ընդդիմությունը, լրագրողական կազմակերպությունները, սակայն, այստեղ քաղաքական հնչերանգ են տեսնում: Տարիներ առաջ այս հեռուստաընկերությունը հիմնադրել է Մայր Աթոռը: Բյուջեի կեսն էլ Մայր Աթոռն է հատկացնում:
Ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից 2 տարվա փոխարեն կլինի 1.5 տարի. այս մասին հայտարարել է, չգիտես ինչու, ՀՀ վարչապետը: Ժամկետային զինծառայության ժամկետի կրճատման վերաբերյալ նախագիծն առաջարկել էր ՀՀ Պնախարարությունը՝ դա հիմնավորելով, պայմանագրային զինծառողների թվի աճով եւ պայմանագրայինների զինվորական ծառայության ընդլայնմամբ: «Ի սկզբանե նախատեսված էր, որ այս կարգավորումը ուժի մեջ մտնի 2026-ի ամառային զորակոչից: Այսօր քննարկում եմ ունեցել Պնախարարի հետ, նախորդող շրջանում խորհրդարանական գործընկերների հետ եւ որոշել ենք, որ օրենքն ավելի շուտ ուժի մեջ մտնի՝ 2026թ. հունվարի 1-ից»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

