Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ
Ավագանու ընտրությունները, որոնք անցած կիրակի՝ նոյեմբերի 16-ին, տեղի ունեցան Վաղարշապատի խոշորացված համայնքում, շաբաթվա հասարակական-քաղաքական կյանքի ամենաաղմկալից միջոցառումն էին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախնական տվյալներով՝ իշխող «Քաղպայմանագիր» կուսակցությունը 15 298 քվեով առաջատարն է: Ընդդիմադիր «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը ստացել է 10 051 ձայն, «Համահայկական ճակատը»՝ 295, «Հանրապետությունը»՝ 1 241, «Մայր Հայաստանը»՝ 1 692, «Ազատ դեմոկրատները»՝ 1 177, «Ժառանգությունը»՝ 440, «Հայրենիք» քաղաքական ուժը՝ 1 193 ձայն: Սրանք են Վաղարշապատի բոլոր 47 ընտրատեղամասերում գրանցված քվեարկության արդյունքները:
Ասում են՝ «Հաղթողին չեն դատում»: Բայց չեն ասում՝ «արդար հաղթողին»: ՔՊ-ական փոքրիկ խմբակն այդ օրերին յոթերորդ երկնքում էր, թե՝ «ջախջախիչ հաղթանակ» եւ այլն: Շաբաթվա ընթացքում, իսկապես, «ջախջախիչ» հաղթանակ եղել է, բայց դա Հայաստանի հավաքականի նկատմամբ Պորտուգալիայի թիմի տարած հաղթանակն էր, որովհետեւ արդար էր՝ առանց կեղծիքի ու խորամանկումների, ինչը Վաղարշապատում անցկացված ՏԻՄ ընտրությունների մասին չես ասի: Դիտորդներն այդ մասին բազում հաղորդումներ են տարածել, մամուլը գրել է՝ տեղամասերում եւ դրանցից դուրս կասկածելի կուտակումներ, ուղղորդումներ, բաց քվեարկություններ, հոսանքի անջատումներ, «մեռած հոգիներ» եւ այլն, եւ այլն:
Բայց սրանք դեռ «ծաղիկներն» էին: Տեսան՝ հաղթելու համար չի բավականացնի, ու որոշեցին Էջմիածին խոշորացված համայնքը եւս մեկ անգամ խոշորացնել՝ նրան միացնելով 18 գյուղական համայնք միավորող եւ արդեն խոշորացված Խոյ համայնքի հետ, որը 2021 թվականից ղեկավարում է Արգիշտի Մեխակյանը: Դա էլ քիչ թվաց, եւ Փաշինյանի գլխում միտք հղացավ Մեխակյանին վստահել նաեւ Էջմիածին քաղաքի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը, ինչը եւ ի կատար ածեց ամիսներ առաջ: Եվ ՔՊ կուսակցության թեկնածուն շատ հանգիստ սկսեց քարոզարշավ իրականացնել՝ ձեռքի տակ ունենալով Վաղարշապատի ու 32 359 բնակչություն ունեցող Խոյ համայնքի պաշարամիջոցները:
Մեխակյանը 4 տարի իր վստահելի թիմով աշխատում էր Խոյ խոշորացված համայնքում, բոլոր 18 գյուղերում հարգանք էր վայելում, անշուշտ, պատկառելի ընտրազանգված ուներ, որոնց էլ ընտրությունների օրը մեքենաներով բերել էին Էջմիածին՝ քվեարկության, եւ Խոյի ընտրողների 80 տոկոսից ավելին քվեն տվել էր հօգուտ Մեխակյանի: Հենց այդ հաշվարկով էին ՏԻՄ ընտրություններից առաջ Խոյ խոշորացված համայնքի 18 գյուղերը միավորել Էջմիածնի հետ՝ արհեստականորեն մեծացնելով իշխանական թեկնածուի կառավարման տարածագոտին (արեալ): ՔՊ-ի պյուռոսյան հաղթանակն իրականում 18 գյուղի «նվերն» էր իրենց համայնքապետին, որից շատ հարցերի բերմամբ մարդիկ կախվածություն ունեն:
Ինչպես երեւում է, համայնքապետերից կախվածություն ունի նաեւ իշխանությունն ինքը: Եվ պատահական չէ, որ Փաշինյանն իրեն կոտորում է, երբ ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն տանուլ է տալիս: Ընդդիմադիր հաղթողներ են ձերբակալվում, նույնիսկ կարող են ֆիզիկապես վերացվել, միայն թե ապահովվի յուրայինների ընտրությունը, որովհետեւ նրանց ընտրությունը՝ դա Փաշինյանի վերընտրությունն է, իսկ 2026թ. հունիսը սարերի հետեւում չէ: Ընտրությունների արդյունքից ոգեւորված՝ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հայտարարեց, որ այդ արդյունքը պրոյեկտվելու է նաեւ գալիք խորհրդարանական ընտրություններում:
Ի դեպ, բուն Էջմիածնում հաղթել է ընդդիմությունը՝ մասնավորապես «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը՝ ստանալով ավելի քան 10 հազար ձայն: Ընդ որում՝ ազնիվ ձայն: Բայց մարդա մեկը, որ ազնվության, բարեվարքության թշնամին է, շտապ կարգով ԱԱԾ-ականներ ու ոստիկանական ուժեր ուղարկեց՝ խուզարկություն իրականացնելու «Հաղթանակ» դաշինքի ընտրացուցակի առաջին տասնյակի տներում, որտեղից 5 հոգու հենց այնպես ձերբակալեցին: Բա ո՞ւր մնաց «ջախջախիչ» հաղթանակի առասպելը: Փուչի՞կ էր, պայթե՞ց… Թե՞ գլխի ընկաք, որ իրականում դուք չեք հաղթել, պարտվել եք ու հիմա, ինչպես միշտ, ուզում եք հաղթողների վրա շինծու գործեր «կարել»:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-21-ին պաշտոնական այցով գտնվի Ղազախստանում: Կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ այցի շրջանակում Փաշինյանն առանձնազրույց կունենա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը: Նա հանդիպումներ կունենա նաեւ Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի եւ Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ: Նախատեսվում են այցելություններ «Աստանա էքսպո»՝ «alem.ai» արհեստական բանականության միջազգային կենտրոն եւ Ղազախստանի ազգային թանգարան՝ ասված է պաշտոնական հաղորդագրությունում:
«Հայաստանում կա «Խաղաղության խաչմերուկ» եւ, զուգահեռաբար, Վաշինգտոնի հռչակագրի ստորագրված արդյունքում կա TRIPP նախագիծը, մնացած ցանկացած այլ տերմինաբանություն վերաբերելի չէ ՀՀ-ին»,- նոյեմբերի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Նա այսպես է արձագանքել լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունները եւ «Զանգեզուրի միջանցք» եզրույթի կիրառությունը: «Հայաստանն ու Ադրբեջանը այժմ քննարկում են «Զանգեզուրի միջանցքի» հարցը, երբ դա ու Հայաստանի Սահմանադրության հետ կապված խնդիրները լուծվեն, եւ խաղաղության պայմանագիրը վերջնականապես ստորագրվի, Անկարան կբացի Հայաստանի հետ սահմանը»,- հայտարարել էր արտգործնախարար Ֆիդանը:
Արդեն հինգ ամիս բանտում գտնվող գործարար Սամվել Կարապետյանի կալանքը նոյեմբերի 18-ին երկարաձգվեց եւս երկու ամսով: Փաստաբանների խոսքով՝ Կարապետյանը դատարանում եւս մեկ անգամ պնդել է, որ անմեղ է եւ պետք է ազատ արձակվի, բայց դատավոր Սարգիս Դադոյանը հիմք է ընդունել 52 քննիչների ու դատախազի պնդումները, թե միլիարդատեր գործարարն ազատության մեջ կխոչընդոտի գործի քննությանը: 60-ամյա գործարարը իրավապահների թիրախում հայտնվեց Հայ Առաքելական եկեղեցուն իշխանության արշավից պաշտպանելուց հետո: Նա մեղադրվեց իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար: Հետո եւս երկու հոդված ավելացավ՝ հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը, ինչպես նաեւ փողերի լվացումը, որոնք չեն հաստատվել:
Եվրամիությունը կշարունակի համագործակցությունը Ադրբեջանի եւ Հայաստանի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության եւ փոխադարձ զարգացման հասնելու ուղղությամբ՝ երկու օր առաջ X սոցիալական ցանցում գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն: «Եվրամիությունը աջակցում է մեր ադրբեջանցի եւ հայ գործընկերներին լիակատար խաղաղության ու տարածաշրջանային հաջողության ճանապարհին»,- գրել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետն այս շաբաթ Երեւանում կայացած հանդիպումներից հետո:
ՀՀ դատախազությունը դիմելու է Ռուսաստան՝ «Մարտի 1»-ի գործով նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ նույն գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հանձնման միջնորդությամբ: Այս մասին նոյեմբերի 18-ին ԱԺ-ում տվյալ գործով հանրային լսումների ժամանակ հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը. «Չունենք ռուսական կողմի համաձայնությունը նրանց արտահանձնելու համար, թեեւ դատախազությունը կրկին հանձնման միջնորդություն է ուղարկելու ՌԴ՝ խնդրելով նորից դիտարկել նախկինում մերժված հանձնումը»,- ասել է նա: Վարդապետյանը հայտնեց, որ եւ՛ Կոստանյանը, եւ՛ Հարությունյանը Ռուսաստանում են գտնվում: Հակակոռուպիցոն կոմիտեի նախագահն էլ ավելի վաղ ասել էր, որ Կոստանյանն ու Հարությունյանը դեռ հետախուզման մեջ են:

