Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ
Նիկոլ Փաշինյանը ստացել է Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը։ Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի փոխանցմամբ՝ Փաշինյանն ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով խաղաղության առաջմղման Հայաստանի հանձնառությունը: Թրամփի «Խաղաղության խորհուրդը» ներկայանում է որպես նոր միջազգային խաղաղապահ մարմին: New York Times-ը, որ ծանոթացել է Խորհրդի կանոնադրությանը, գրում է՝ Թրամփը հրավիրում է երկրներին միանալ երեք տարվա ժամկետից ավելի, եթե նրանք պատրաստ են առաջին տարում վճարել ավելի քան մեկ միլիարդ դոլար:
Այսինքն՝ այն պետությունները, որոնք Կանոնադրության՝ ուժի մեջ մտնելուց հետո առաջին տարվա ընթացքում մեկ միլիարդի ներդրում կատարեն, կստանան մշտական անդամակցություն, իսկ մյուսները կնշանակվեն առավելագույնը երեք տարվա ժամկետով։ Փաստաթղթի համաձայն՝ Թրամփը կդառնա Խաղաղության խորհրդի առաջին նախագահը եւ ինքը կվճռի՝ ում հրավիրել կազմակերպություն։ Խմբում որոշումները կընդունվեն ձայների մեծամասնությամբ, եւ յուրաքանչյուր անդամ-պետություն կունենա մեկ ձայն։ Միեւնույն ժամանակ, ինչպես նշվում է փաստաթղթում, բոլոր որոշումները ենթակա են նախագահի հաստատմանը։
Ամերիկացի անանուն պաշտոնյան Bloomberg-ին ասել է, որ հավաքագրված միջոցները կօգտագործվեն Խաղաղության խորհրդի՝ Գազայի հատվածը վերականգնելու մանդատը կատարելու համար։ Սկզբնապես Խաղաղության խորհրդի ստեղծումը Թրամփի՝ Գազայի հատվածում հակամարտությունը լուծելու խաղաղության ծրագրի մի մասն էր։ Սակայն, ինչպես գրում է Financial Times-ը, Կանոնադրության տեքստում Գազան չի հիշատակվում։ Փաստաթղթի համաձայն՝ «Խաղաղության խորհուրդը» «միջազգային կազմակերպություն է, որը ձգտում է նպաստել կայունությանը, վերականգնել վստահելի ու օրինական կառավարումը եւ ապահովել երկարատեւ խաղաղություն այն տարածքներում, որոնք տուժել են հակամարտություններից»։
Հնչում են կարծիքներ, որ ԱՄՆ նախագահը փորձում է ստեղծել ՄԱԿ-ի այլընտրանք, որին վաղուց է քննադատում, կամ դրան մրցակից կազմակերպություն: Ըստ Թրամփի հայտարարությունների՝ խորհուրդը լինելու է «երբեւէ ստեղծված ամենահզոր մարմինը», որի Կանոնադրությունը նախատեսված է ստորագրել 2026-ի հունվարի 22-ին Դավոսում: Խորհրդի գործադիր կազմում ընդգրկվելու են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահի խորհրդական Ջարեդ Քուշները, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյրը եւ Համաշխարհային բանկի նախագահ Աջայ Բանգան: Մի շարք պետություններ ժամանակավորապես կամ ամբողջությամբ հրաժարվել են մասնակցությունից կամ հարցականի տակ են դնում իրենց անդամակցությունը։
Այսպես՝ Ֆրանսիան պաշտոնապես հրաժարվում է մասնակցել ծրագիրին: Այդ երկրի ԱԳ նախարարը հայտարարել է, որ այս փուլում չեն կարող ընդունել նախաձեռնությունը, քանի որ Խորհրդի կանոնադրությունը դուրս է գալիս ՄԱԿ-ի կողմից հաստատված՝ Գազայի հետպատերազմյան վերականգնման ու կառավարման շրջանակներից։ Կանադան չի հրաժարվել անդամակցությունից, սակայն ընդգծել է, որ չի պատրաստվում վճարել հարկադրված $1 միլիարդը՝ մշտական անդամակցության համար։ ԵՄ մի շարք երկրներ (օրինակ՝ Գերմանիան) նույնպես նշում են, որ ուսումնասիրում են առաջարկը, բայց ցույց են տալիս զգուշավորություն կամ, հավանաբար, չեն միանալու։
Փաստացի՝ «Խաղաղության խորհրդի» շուրջ ձեւավորվող գործընթացը դեռեւս չունի միջազգային կոնսենսուս, հստակ իրավական հիմք եւ ընդունելի մանդատ նույնիսկ նրա նախաձեռնող դաշնակիցների համար։ Այդ պայմաններում Հայաստանի մասնակցությունը, որին իր համաձայնությունը տվել է Փաշինյանը, առաջացնում է ավելի շատ հարցեր, քան պատասխաններ. Հայաստանը ի՞նչ է շահելու այդ նախաձեռնությունից, ի՞նչ երաշխիքներ ունի եւ ի՞նչ գին կարող է վճարել տվյալ նախաձեռնության մեջ ներգրավվելու համար: Որքանո՞վ խելքին մոտ բան է, որ աղքատ, արտաքին պարտքի տակ ճռռացող երկրի վտիտ ուսերին լրացուցիչ մեկ մլրդ դոլարի բեռ դնել:
Հունվարի 21-ին ԱԺ-ն շարունակում էր քառօրյա նիստերի աշխատանքը։ Վերջին երկու օրերի ընթացքում խորհրդարանականները քննարկել էին օրակարգի բոլոր 27 հարցերը եւ օրվա երկրորդ կեսից սկսած անցել ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին, որը 2026 թվականին առաջինն էր։ Հարցերի մեծամասնությանը, ինչպես նախորդ նիստերի ժամանակ եւ ինչպես նախորդ նախահարձակ վարքուբարքով, պատասխանում էր Նիկոլ Փաշինյանը: Ահավոր էր լսել ընդդիմադիր պատգամավորների հարցերին երկրի ղեկավար կոչեցյալի «պատասխանները»: Խե՛ղճ հայ ժողովուրդ, այս ինչ խոր փոսի մեջ ես հայտնվել ու չես կարողանում դուրս գալ:
Հարցնում են պաշտոնյաներին վեցանիշ թվերով պարգեւատրելու մասին, որը ժողովրդի բուռն դժգոհությունների ծիրում է, ձեռնածությունների, ստերի, դատարկաբանությունների մի ամբողջ շարան է բացում ամբիոնի մոտ կանգնած անձը: Ասում է՝ բա մենք պետական ինստիտուտները պետք է ուժեղացնենք. «Մենք իրականացնում ենք մեր տեսլականը, որի համաձայն՝ ուզում ենք ունենալ բառիս բուն իմաստով անարատ եւ որեւէ կողմնակի ազդեցությունից զերծ պաշտոնյա, այսինքն՝ «զրո կոռուպցիայի» քաղաքականության իրագործում»,- նշում է նա՝ փորձելով ինչ-որ կցկտուր հիմնավորումներ բերել:
Հեր օրհնած, ի՞նչ «զրո կոռուպցիա», ի՞նչ բան, աչքներդ լայն բացեք՝ երեկ խոհանոցում սառնարան, լվացքի մեքենա չունեցող «չփլախներն» այսօր առանձնատներ ու թանկարժեք մեքենաներ են ձեռք բերել, անդրօվկիանոսյան երկրներ են ֆռֆռում, քեֆերի ու վայելքների մեջ են՝ ահա ձեր ասած քաղաքականության իրագործման արդյունքը: Հետո ասածները մի կերպ հիմնավորելու համար հավելում են, որ համակարգը պետք է հիմնված լինի կատարողականի գնահատման վրա, վարձատրությունն էլ՝ փոխկապակցված այն պարտավորությունների կատարման ընթացքի հետ, որոնք ստանձնել ենք:
Իրականում ստանձնած ոչ մի հանձնառություն կամ խոստում չի կատարվել, բայց արդարանալու համար ՔՊ-ական խմբակը չարչրկված մի պատրվակ միշտ գտնում է, մասնավորապես՝ «նախկինների» գործոնը, որը, չնայած այլեւս չի աշխատում, սակայն շարունակում է իշխանությունների համար մնալ որպես «մատի փաթաթան», քանի որ այլ պատրվակներ չկան: Եվ պարգեւավճարների խայտառակ պատմության համատեքստում Նիկոլ Փաշինյանը փորձեց ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանի հնչեցրած հարցին հակադարձել բազմիցս փորձարկված այդ «փաթաթանով»: Նա նշեց, որ նախկին իշխանությունների համար, ի տարբերություն իրենց, ճամպրուկներով, ծրարներով փող էին բերում:
Փաշինյանը հիշատակեց Միքայել Մինասյանի անունը, ով, իբր, ծրարներով կաշառք էր մատուցում բարձրաստիճան պաշտոնյաներին: Պատգամավորի համարձակ արձագանքից նա պայթեց, կորցրեց ինքնատիրապետումը եւ սկսեց գոռգոռալ: Ըստ երեւույթին՝ Աննան խփել էր նրա ամենացավոտ տեղին: Վերջինս շատ հանգիստ ասաց. «Կներեք, բայց միակ մարդուն, որին Մինասյանը ծրարների մեջ փողեր էր տալիս, դա դուք էիք»: Տեղերից ընդդիմադիր պատգամավորները հաստատեցին գործընկերուհու պնդումները, ինչից ամբիոնի մոտ կանգնած անձը էլ ավելի բորբոքվեց՝ գոչելով. «Գլուխը պատովն է տվել դրա ասողն էլ, Մինասյանն էլ, կասկածողն էլ… ասացի՝ դո՛ւս մի տվեք, դո՛ւս մի տվեք…»:
Այդպիսի տեսարանները նորություն չեն: «Ոտերները ջարդելու», «բոլորին ԱԱԾ-ի պադվալները քշելու» եւ նմանօրինակ սպառնալիքները՝ նույնպես: Ագնեսա Խամոյանի հարցին պատասխանելիս՝ պարգեւավճարների թեման, որն իշխանությունների համար, ամենախոցելին է, դարձյալ մեջտեղ ընկավ, եւ Փաշինյանը շեշտեց, որ նախկինների թալանածի զրո, զրո, զրո ամբողջ, մեկ հազարերորդական տոկոսը հավաքել, բաժանել ենք պետական ապարատի ուժեղացման համար, եւ ճիշտ ենք արել, որովհետեւ դրա շահառուն ՀՀ քաղաքացին է: Տարօրինակ է, որ «թալանչիների» թալանածը ժողովրդին բաժանելու փոխարեն իշխանությունն իրարու մեջ է այն բաժանել:
Ինչ-որ է: Լսում ես ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանն ու մտածում՝ մի՞թե պրծում չի լինելու այս տգետ, պոռոտախոս իշխանություններից, թե՞ հայ ժողովրդին վիճակված է դեռ երկար տառապել սրանց ձեռքին:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի վարչապետի թեկնածուն որոշված է. «Ազատության» հարցին ի պատասխան՝ այս մասին հունվարի 20-ին հայտնել է «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Թեկնածուի անունը, սակայն, Կարապետյանը չի հայտնել՝ միայն նշելով, որ թեկնածուն վաղուց որոշված էր եւ նրան հանրությանը կներկայացնեն փետրվարի 12-ին՝ կուսակցության համագումարին: «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած «Մեր ձեւով» շարժումը դեմ է, որ Հայաստանի նախկին առաջնորդներից որեւէ մեկը նորից ղեկավարի Հայաստանը:
Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ին։ Այս մասին «Ազատությանը» հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը: Նրա խոսքով՝ Հայ Առաքելական եկեղեցու որեւէ ժողովական մարմին, բացառությամբ Ազգային-Եկեղեցական ժողովի, իր նիստերը կարող է գումարել ցանկացած վայրում։ Մայր Աթոռի փոխանցմամբ՝ նման նախադեպեր եղել են ինչպես Եպիսկոպոսաց ժողովի, այնպես էլ Գերագույն հոգեւոր խորհրդի գումարման պարագայում:
Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա։ Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանը Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ կմասնակցի «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւս մեկնել է Դավոս: Ավելի վաղ Ալիեւը հայտնել էր, որ ընդունում է ԱՄՆ նախագահի առաջարկը՝ միանալ Խաղաղության խորհրդին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելու մասին օրենքի նախագիծը հունվարի 20-ին ԱԺ-ում ընդունվեց 69 կողմ եւ 15 դեմ ձայների հարաբերակցությամբ: Նախագծի հեղինակներ են ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը եւ Գեղամ Նազարյանը: ԱԺ փոխխոսնակը նախօրեին տեղեկացրել է, որ քվեարկությունից հետո այս հունվարի 27-ն արդեն կլինի ոչ աշխատանքային օր: Օրենքը ուժի մեջ կմտնի ոչ թե պաշտոնական հրապարակման 10-րդ օրը, այլ՝ անմիջապես:
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ հունվարի 21-ին ադրբեջանցի վերաբնակիչների առաջին խումբը ժամանել է Ստեփանակերտ։ Իշխանությունների փոխանցմամբ, Լեռնային Ղարաբաղի նախկին մայրաքաղաք տեղափոխված ադրբեջանցիների ընդհանուր թիվը 162 է՝ ընդհանուր առմամբ 36 ընտանիք։ «Վերաբնակիչների ամենամեծ խումբը՝ 15 ընտանիք, Բաքվից է»,- հաղորդում է APA-ն։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այսպիսով 2020-23 թվականներին Բաքվի վերահսկողության տակ հայտնված շրջաններում վերաբնակեցված ադրբեջանցիների թիվը հասել է 26 հազար 500-ի:

