Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ
Հաշվետու ժամանակահատվածի ամենակարեւոր իրադարձությունը, բնականաբար, մայիսի 8-ից մեկնարկած եւ մինչեւ հունիսի 5-ը՝ մոտավորապես մեկ ամիս, շարունակվող նախընտրական քարոզարշավն է, որի առաջին շաբաթը թույլ է տալիս սխալվելու չնչին հավանականությամբ գնահատել ԱԺ ընտրություններին մասնակցող առաջատար քաղաքական ուժերի հնարավորությունները: Այսպես, փորձագետների հաշվարկներով՝ խորհրդարան կարող են անցնել 19 կուսակցություն-դաշինքներից 4-5-ը: Մնացյալ 14-15 քաղաքական միավորներն ընդդիմության ձայներ փոշիացնողներն են կամ, այլ կերպ ասած, «յուղ վառողները»:
Մասնավորապես անցողիկ շեմը ենթադրյալ հաղթահարող մասնակիցների շարքում են իշխող «Քաղպայմանագիր» կուսակցությունը, որի վարչապետության թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, ընդդիմությունից՝ Սամվել Կարապետյանի կողմից կազմավորված «Ուժեղ Հայաստան» դաշինքը, որ Նարեկ Կարապետյանն է գլխավորում, Արցախի առաջին եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը եւ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Ազգային ժողով անցնելու որոշակի հնարավորություն ունի նաեւ ընդդիմադիր դիրքավորված՝ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի «Միասնության թեւեր» կուսակցությունը:
Սակայն հնարավորություն ունենալը մեկ բան է, այն մինչեւ քարոզարշավի վերջնագիծ պահպանելն ու զարգացնելը՝ մեկ այլ բան: Եվ սա միայն ընտրություններին առաջին անգամ մասնակցող «Միասնության թեւեր»-ին չի վերաբերում: Ընթացիկ ընտրարշավը առանձնահատուկ է եւ ընդդիմությունից շատ ջանքեր են պահանջվում տանուլ չտալու համար, որովհետեւ նժարին մեր պետականության լինելության հիմնահարցն է դրված: Նիկոլի հեռացումը ժամանակի աներկբա հրամայականն է, բայց նա համառորեն կառչել է աթոռին եւ պոկ չի գալիս: Հայաստանը նման չտես ղեկավար չի ունեցել:
Արձանագրենք նաեւ, որ երբեք ՀՀ-ում չեն եղել նախընտրական այնպիսի անհավասար պայմաններ, ինչպիսիք տեսնում ենք այսօր՝ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ: Իշխանությունների թիրախում ընդդիմության այն առաջնորդներն են, որոնցից ամենաշատն են վախենում: Շինծու քրգործեր են բացում նրանց դեմ, կալանավորում, իսկ ընդդիմադիր շտաբների աշխատողներին կեղծ մեղադրանքներով բերման են ենթարկում, խուզարկություններ անցկացնում նրանց տներում, հոգեբանական ճնշումներ գործադրում, մի խոսքով՝ խոչընդոտում նախընտրական քարոզարշավների պատշաճ իրականացումը եւ այլն: Անգամ ընտրողների նկատմամբ են վախեր, ճնշումներ ու շանտաժ բանեցնում:
Պաշտոնավարման 3-րդ ժամկետի գնացող Փաշինյանը, որ ինքն իրեն ժողովրդավար առաջնորդ է կարծում, բայց իրականում փոքր բռնապետիկ է, առիթը երբեք բաց չի թողնում հասարակությունն ըստ տարատեսակ հատկանիշների՝ հայաստանցի-արցախցի, մերոնք-ձերոնք եւ այլն, պառակտելու, միմյանց դեմ արհեստական լարվածություն առաջացնելու եւ մեկմեկու հանդեպ ատելություն ու թշնամանք սերմանելու համար: Ինքը՝ պետության գլուխը, գրեթե ամեն օր ինչ-որ սադրիչ հայտարարություն է դնում շրջանառության մեջ, հայհոյախոսում է, զրպարտում քաղաքական ախոյաններին, ընդդիմախոսներին եւ «գրպանային» իրավապահներին ուղղորդում բոլոր նրանց դեմ, ովքեր կխանգարեն վարչապետի պաշտոնում իր վերարտադրությանը:
Չնայած նախորդ՝ 2021 թվականի համեմատ ընտրապայքարին մասնակցող ուժերի թիվը նվազել է, սակայն քաղաքական դաշտը շարունակում է մնալ բազմաբեւեռ եւ խիստ մրցակցային։ Առաջիկա շաբաթներին՝ մինչեւ հունիսի 7-ի քվեարկությունը, հիմնական քաղաքական պայքարը կծավալվի վերը հիշատակված ուժերի միջեւ։ Բախտը կժպտա այն քաղաքական ուժին, որն ի վիճակի կլինի միջին վիճակագրական ընտրողին լավագույնս ապացուցել երկիրը սոցիալ-տնտեսական, գոյութենական մղձավանջից դուրս բերելու իր տեսլականի, ծրագրահենքի, առաջարկների եւ ռազմավարության արդյունավետությունը: Այս մասին են կուսակցությունների՝ նախընտրական քարոզչության շրջանակներում փոխանցվող հիմնական ուղերձները:
«Հայացքի» արտահաստիքային թղթակիցը, որը «ծպտված» մասնակցում էր առաջատար քաղաքական ուժերից մի քանիսի մարզային շրջայցերին, նախընտրական քարոզչության իրավիճակից հետաքրքիր տեղեկատվություն է հայտնել խմբագրությանը: Անցած կիրակի ՔՊ-ն Կապանում անցկացրեց հանրահավաք, որի կազմակերպման համար ի սպաս էին դրվել մարզային իշխանության ողջ ներուժը, վարչական պաշարամիջոցները, ապահովվել հանրահավաքին պետական հիմնարկ-ձեռնարկների աշխատակազմերի պարտաճանաչ ներկայությունը՝ հույս ունենալով, որ գոնե 10 հազար մարդ կհավաքվի ավելի քան 45 հազար բնակչություն ունեցող Կապան քաղաքի հրապարակում: Բայց՝ ավաղ:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոննիսյանն իր աէրոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում ստացվել է 2.180 մարդու ներկայություն: Ի դեպ, նույն Իոաննիսյանի հաշվարկներով, «Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավի մեկնարկին՝ «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ 5 հազար 650 մարդ էր ներկա գտնվել: Ընդ որում՝ պարզ է, որ իշխանությունների դեպքում թիվն ուռճացված է, ընդդիմության դեպքում՝ նվազեցված: Էլ չասած, որ մարդկանց բերելու՝ իշխանության ռեսուրսը քանիցս գերազանցում է ընդդիմության ռեսուրսին:
Նոյեմբերյանում «Ուժեղ Հայաստան»-ի անդամներին դիմավորել էր անձամբ Արսեն Աղաբաբյանը՝ քաղաքապետը, ով «Ապրելու երկիր» ընդդիմադիր կուսակցության անդամ է: Թեեւ 2021-ին «Քաղպայմանագիր»-ն ավելի շատ ձայն էր ստացել, բայց երկու ընդդիմադիր ուժերի միավորմամբ՝ հաջողվել է անցկացնել իրենց թեկնածուին եւ քաղաքապետ ընտրել: «Ապրելու երկրի» համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն իր ելույթում նույնպիսի արդյունք մաղթեց հունիսի 7-ի ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերին՝ ընդգծելով, որ նոյեմբերյանցիների քվեի շնորհիվ արդեն հինգ տարի ՔՊ-ն այդ քաղաքում ընդդիմություն է: «Մենք պետք է «Քաղպայմանագրին» ընդդիմություն սարքենք ամբողջ Հայաստանում»,- ասել է Առաքելյանը:
«Ուժեղհայաստանցիներն» այդ օրը եղան նաեւ Բերդ համայնքի Պառավաքար գյուղում, որտեղ նրանց դիմավորեց գյուղի վարչական ղեկավարը՝ հայտարարելով, որ համայնքն անթաքույց աջակցում է Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական ուժին եւ, մեծ հաշվով, ընդդիմությանը: Տավուշի մարզում ՈՒՀ դաշինքն իր քարոզարշավը փաստացի սկսել է Բագրատաշենից, այնուհետեւ շրջայցը շարունակել Զորական, Կողբ գյուղերում ու օրն ամփոփել Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում կայացած մեծ հանրահավաքով: Այդտեղ էլ հնչել են «Ուժեղ Հայաստան»-ի հիմնական թեզերն ու խոստումները՝ ներառյալ 0 տոկոս հարկը փոքր բիզնեսի համար, 300 հազար նոր աշխատատեղերը, անվճար կրթության ու գյուղատնտեսության բարելավման ծրագրերը եւ այլն։
Ով ինչպես է տանում քարոզարշավը՝ ըստ մեր թղթակցի ամփոփ գրառումների. ա/ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը քարոզարշավը տանում է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու օրակարգով՝ ընտրողին անընդհատ զգուշացնելով Պուտինի հետեւյալ խոսքից. Երեւանի եվրոպական հավակնությունները կարող են վատ ավարտ ունենալ; բ/ ԲՀԿ նախագահը եւս Հայաստանի տնտեսական ապագան ՌԴ-ի հետ է տեսնում. «Գազը դառավ Եվրոպայի գնին՝ 600-800 դոլար, ի՞նչ ենք անելու». Ծառուկյան; գ/ «Ուժեղ Հայաստան» դաշինքում գիտեն՝ ինչպես դիրքերն ամրացնել թե՛ Եվրասիական միությունում, թե՛ ՀԱՊԿ-ում եւ շահած դուրս գալ; դ/ Թաթոյանը չի կարծում, թե հիմա ԵՄ-ին անդամակցելու լավագույն ժամանակն է: Եվ այլն:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի։ Գարեգին Երկրորդը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ եւ աղոթք բարձրացրել Հայրենական մեծ պատերազմում եւ Արցախյան հերոսամարտերում զոհվածների հոգիների հանգստության ու խաղաղության համար: Մայիսի 9-ի առթիվ հղած ուղերձում կաթողիկոսը նշել է. «Այսօր, երբ բռնազավթված եւ հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը։ Անցյալի այս իրադարձությունները մեզ պետք է ամուր եւ հաստատակամ պահեն զորեղ ու անվտանգ պետության կերտման մեր տեսիլքների իրագործման ճանապարհին»:
Մ.Նահանգները ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ առեւտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը։ «Այս քայլը ցույց է տալիս երկու երկրների հանձնառությունը՝ ընդլայնելու տնտեսական կապերը եւ խթանելու տեւական խաղաղությունն ու բարեկեցությունը Հարավային Կովկասում»,- ասված է դեսպանատան՝ մայիսի 14-ին տարածած հայտարարությունում։ Նոր կարգավորման արդյունքում Թուրքիայից երրորդ երկիր, ապա Հայաստան ուղարկվող ապրանքների վերջնական կետը հնարավոր կլինի նշել որպես Հայաստան: Մինչ այժմ ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունը հիմնականում իրականացվում էր միջնորդ երկրների միջոցով:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 10-ին այցելեց տնային կալանքի տակ ապօրինաբար գտնվող ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանին: Նորին Սրբությունը մեծանուն հայորդուն բերեց Սուրբ Էջմիածնի օրհնությունը եւ բարեմաղթեց տոկունությամբ ու հավատով դիմագրավելու առկա դժվարություններն ու փորձությունները։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ հակառակ այս նեղությունների՝ տիար Սամվել Կարապետյանը հուսառատությամբ, հայրենասեր ու եկեղեցասեր իրեն բնորոշ ոգով պիտի շարունակի ազգօգուտ իր ծանրակշիռ ներդրումը բերել հանուն հայրենիքի եւ աշխարհասփյուռ հայոց կյանքի պայծառության:
Մայիսի 13-ին երեւան է ժամանել ԱՄՆ պատվիրակությունը՝ քննարկելու TRIPP նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը: Պատվիրակությանն ընդունել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Հայաստանի կառավարության փոխանցմամբ՝ քննարկվել ու համաձայնեցվել են TRIPP-ի իրականացման հետ կապված գործառնական եւ իրավական մի շարք հարցեր: Գրիգորյանը կարեւորել է այդ նախագծի հետեւողական իրագործումը: ՀՀ փոխվարչապետը խոսել է նաեւ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին՝ շեշտելով տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման անհրաժեշտությունը, ներուժը եւ հեռանկարները:
Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ չի մասնակցի մայիսի 28-29-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվելիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին եւ դա բացատրեց նախընտրական քարոզարշավով: Նրան նիստում կփոխարինի Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ չնայած ընդունված կարգի համաձայն՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստերին մասնակցում են անդամ երկրների ղեկավարները:
«Աբովյանում 52 պարեկի աշխատանքից հեռացրել են»,- մայիսի 13-ին Տավուշի մարզի Աչաջուր գյուղում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը: Պատճառը, ըստ Գագիկ Ծառուկյանի, այն է, որ նրանց հարազատներն իր առաջնորդած ուժի համակիրն են: «Նշված հայտարարությունն ապատեղեկատվություն է, չի համապատասխանում իրականությանը»,- «Ազատությանը» փոխանցել են Ներքին գործերի նախարարությունից՝ առանց մեկնաբանելու 52 պարեկի միանգամից աշխատանքից հեռացնելու բուն պատճառը:

