Հինգշաբթի, Մայիսի 24, 2018

Շաբաթվա անցուդարձ

Հունվարի 27 - Փետրվարի 3

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

Հունվարի 29-ին մեկնարկել են խորհրդարանական խմբակցությունների ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի, ինչպես նաեւ հանրության լայն շրջանակների հետ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումները: Դրանից հետո նա՝ ժամկետներին համապատասխան, կկայացնի առաջադրվելու վերաբերյալ իր վերջնական որոշումը: Սարգսյանի առաջին հանդիպումը տեղի ունեցավ իշխող կոալիցիոն կուսակցությունների՝ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ: Հունվարի 29-ին նա նախ այցելեց Հանրապետական կուսակցության գրասենյակ, ապաեւ  երեկոյան՝ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրո, որտեղ ներկայացրեց իր մոտեցումներն ու պատասխանեց պատգամավորների հարցերին: Հունվարի 30-31-ին նախագահի թեկնածուն հանդիպումներ ունեցավ Երեւանի պետհամալսարանում, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում եւ այլուր: Հանդիպումները շարունակվում են:

... Ինչպես հաղորդվել է, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը նախագահի թեկնածության առաջարկը ստանալուց հետո Սերժ Սարգսյանից ժամանակ էր խնդրել որոշում կայացնելու համար՝ նշելով, որ մինչ այդ ցանկանում է հանդիպել թե՛ խորհրդարանական եւ թե՛ խորհրդարանից դուրս քաղաքական ուժերի ու հանրային հատվածի ներկայացուցիչներին: Այդ ցանկության մեջ արտառոց բան չտեսնելով հանդերձ՝ պետք է նկատել, որ հայաստանցի ընտրողը սովոր է այլ պրակտիկայի. նախընտրական շրջանում նախագահի թեկնածուն հանդիպում էր իր ընտրողներին, ներկայացնում ընտրվելու դեպքում իր գործունեության ծրագիրը, առանցքային խնդիրների վերաբերյալ դիրքորոշումներն ու դրանց կենսակոչման իր տեսլականը: Ընտրողն ըստ այդմ կողմնորոշվում եւ քվեարկում էր նախընտրած թեկնածուի օգտին: Անշուշտ` այս դիպաշարում շրջանցված են հայաստանյան իրականությանը հատուկ զանազան ընտրական աճպարարությունները: Կառավարման խորհրդարանական համակարգի պարագայում, որին առաջիկա մարտին կայանալիք ընտրություններից հետո անցնելու է Հայաստանի Հանրապետությունը, նախագահը կընտրվի ոչ թե քաղաքացիների, այլ Ազգային ժողովի կողմից: Եվ այս իրավիճակում, կարծես թե, ԱԺ խմբակցությունների հետ հանդիպումներն իմաստ են ստանում: Որոշ առումով տրամաբանական են թվում նույնիսկ արտախորհրդարանական քաղաքական ուժերի եւ հասարակական հատվածի ներկայացուցիչների հետ ծանոթությունները, նրանց տեսակետներին հասու լինելը: Միակ բանը, որը ոչ մի կերպ չի տեղավորվում առողջ դատողության շրջանակում, Արմեն Սարգսյանի հանդիպումն էր իր թեկնածությունն առաջադրած կուսակցության` ՀՀԿ-ի պատգամավորական խմբակցության հետ: Իմաստը ո՞րն է: Եթե իշխող քաղաքական ուժն ամբողջությամբ իր համաձայնությունը տվել է Սերժ Սարգսյանի առաջարկին, որ հենց նա է լինելու առանցքային այդ պաշտոնում, ուրեմն էլ ի՞նչ կարիք կար կեղծ «հավատաքննություն» խաղալ: «Իհարկե, սա եզակի է իր դեպքի մեջ, որովհետեւ առաջին անգամն ենք, որպես այդպիսին, հանրապետության նախագահի թեկնածուի հարց քննարկում, որին պիտի ընտրի Ազգային ժողովը»,- «Ազատության» հետ զրուցելիս այսպիսի բացատրություն է տվել ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Հարցին, թե այդ հանդիպումն ինչ-որ բան փոխելո՞ւ է ՀՀԿ խմբակցության մոտեցումներում, նա պատասխանել է. «Այս հանդիպման ժամանակ հնարավոր է` Արմեն Սարգսյանի պատկերացումներն ավելի հստակեցվեն, որպեսզի հանդիպումից հետո ինքը կայացնի իր որոշումը»։ Փաստորեն՝ ՀՀԿ-ական գործիչը չի բացառում, որ հանդիպումներից հետո Արմեն Սարգսյանը կարող է նաեւ հրաժարվել նախագահի թեկնածու լինելուց... Տեսնես ինքն իր ասածին հավատո՞ւմ է: Դժվար թե: Բաղդասարյանն այդքան միամիտ չէ:

Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում զետեղվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հեղինակած՝ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» նախագիծը, որով կարգավորում են վերջիններիս սոցիալական երաշխիքներին առնչվող հարաբերությունները: Ըստ այդմ՝ նոր նախագահի նստավայրը Բաղրամյան 26-ից կտեղափոխվի Մաշտոցի 47, իսկ վարչապետի նստավայրը կտեղակայվի Բաղրամյան 26-ում:

... Առաջարկվող փոփոխություններով՝ նոր նախագահին սպասարկման նպատակով տրամադրվում են. նստավայր Երեւանում, ծառայողական առանձնատուն Ձորափի 74 հասցեում (4-րդ մասնաշենք), պետական ամառանոց Սեւանում՝ ապահովված գույքով ու սպասարկմամբ, հատուկ նշանակության ավտոտրանսպորտ եւ անձնական բժիշկ՝ նախագահի առողջական վիճակին հետեւելու համար: Նոր վարչապետին նույնպես կտրամադրվեն առանձնատուն Ձորափի 74 հասցեում (3-րդ մասնաշենք), պետական ամառանոց Սեւանում՝ ապահովված համապատասխան գույքով ու սպասարկմամբ, եւ անձնական բժիշկ վարչապետի առողջական վիճակը մշտական հսկողության տակ պահելու նպատակով: Վարչապետը նաեւ իր տրամադրության տակ կունենա հատուկ նշանակության ավտոտրանսպորտ, հատուկ սարքավորված ինքնաթիռ եւ ուղղաթիռ: Իսկ ամենակարեւորը՝  իրավական փաստաթղթի դարձյալ «հատուկ» ձեւակերպմամբ նախագահական նստավայրը Բաղրամյան 26-ից տեղափոխվելու է Մատենադարանի հարեւանությամբ գտնվող կառավարության ընդունելությունների տուն, որտեղ այս օրերին վերանորոգման աշխատանքներ են կատարվում: Վերջնարդյունքում կունենանք կառավարության երկու մասնաշենք. մեկը Բաղրամյան պողոտայում, որտեղ կտեղավորվի վարչապետն իր աշխատակազմով, իսկ մյուսը Հանրապետության հրապարակում, որտեղ կլինեն փոխվարչապետները՝ դարձյալ իրենց աշխատակազմերով: Դատելով ամենից, Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին նախագահի պաշտոնը թողնելուց եւ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո մտադրություն չունի հեռանալ ներկայիս նախագահական նստավայրից: Նրա սիրտը ոչ մի կերպ Բաղրամյան 26-ից «չի կտրվում», եւ ամեն ինչ անում է վարչապետի պաշտոնը ստանձնելու դեպքում, իսկ դա գրեթե կասկած չի հարուցում, շարունակել պաշտոնավարումը Բաղրամյան 26-ում: Հնարավոր է՝ գործող նախագահը հոգեբանորեն իրեն այլ նստավայրում չի էլ պատկերացնում. չէ՞ որ այդտեղ են անցել նրա կյանքի վերջին 10 տարիները, միգուցե նաեւ ամենաքաղցր հուշերը հենց Բաղրամյան 26-ի հետ են կապված: Ամեն դեպքում այդ նվիրական հասցեն Սերժ Սարգսյանի համար թալիսմանի արժեք ունի, որը կորցնել՝ կնշանակի խոցելի դառնալ հազար ու մի փորձանքի առջեւ: Գործող նախագահն այդպիսի ռիսկի չի ուզում գնալ: Զգուշավորությունը լավ բան է:

Կառավարության փետրվարի 1-ի նիստում հավանության արժանացավ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագիծը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Օրենքի նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Թվարկելով առաջարկվող փոփոխությունները՝ նախարարը նշեց նաեւ, որ օրենքով սահմանվել է, որ կառավարության նիստերը դռնփակ կանցկացվեն: Միեւնույն ժամանակ նա հիշեցրեց, որ կառավարության ղեկավարը պետք է ապահովի կառավարության գործունեության հրապարակայնությունը:

… Նախ` նշենք, որ մինչ օրս Հայաստանի կառավարության նիստերը դռնբաց են եղել` բացառությամբ գաղտնի հարցերի քննարկման դեպքերի: Այժմ օրենքի ուժով սահմանափակումներն, ըստ էության, խստանում են: Դռնբաց կարող է անցկացվել նիստի միայն մի մասը, եւ այն էլ` վարչապետի որոշմամբ: Բացի դրանից, կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել կառավարությունում որեւէ հարցի քննարկման ընթացքի մասին: Կառավարության նիստերը, համաձայն նախագծի, արձանագրվում են վարչապետի աշխատակազմի կողմից: Արձանագրությունը կամ դրա մի մասը կարող է հրապարակվել վարչապետի հանձնարարությամբ: Ուշագրավ են օրենքի նախագծի ձեւակերպումները, այդպես չէ՞, «վարչապետի որոշմամբ…», «վարչապետի թույլտվությամբ…», «վարչապետի հանձնարարությամբ…» եւ այլն: Իսկը՝ ժողովրդավարություն հայկական ձեւով: Հապճեպ օրինագծեր է, որ անց է կացնում գործող նախագահը` սկսած Բաղրամյան 26-ն «անառիկ» պահելու վերաբերյալ համապատասխան նախագծից, վերջացրած ուժային կառույցներն իրավականորեն վարչապետի ենթակայությանը փոխանցելու մասին որոշմամբ: Եվ դա հասկանալի է` ապրիլի 9-ը, ինչպես ասում են, սարերի հետեւում չէ, պետք է հասցնել իրավական կարգավորումների «կոստյումը» մեկ մարդու հագով կարելու գործընթացը: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը եւ Հանրապետականի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը մի գլուխ պնդում են, թե կառավարության նիստերի դռնփակ ռեժիմը չի հակասում ժողովրդավարության եւ հրապարակայնության սկզբունքներին, ընդհակառակն` ավելի արդյունավետ է դարձնում կառավարության աշխատանքը: Գյումրեցին կասեր՝ «խելքի աշեցեք»:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Միջազգային մամուլ

 

Բողոքի ակցիաներ Ռուսաստանում

The New York Times-ը հայտնում է, որ հունվարի 28-ին ռուսական ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին կոչ է արել չմասնակցել մարտին կայանալիք նախագահական ընտրություններին, որոնց արդյունքում Վլադիմիր Պուտինը կընտրվի չորրորդ անգամ: Նավալին, որը գրեթե անմիջապես ձերբակալվեց, իր կողմնակիցներին դիմել է ձայնագրված ուղերձով. «Պուտինի իշխանության յուրաքանչյուր լրացուցիչ տարին եւս մեկ տարվա անկում է բերում»: Հոդվածագիրը նշում է, որ Պուշկինի հրապարակում հավաքված բազմությունը հնչեցնում էր «Սրանք ընտրություններ չեն» եւ «Վե՛րջ ցարին» կարգախոսներ:

Սենատոր Ջոն Մաքքեյնն իր աջակցությունն է հայտնել ցուցարարներին: Twitter-յան իր էջում նա «ոգեշնչող է դիտել, թե ինչպես է ռուս ժողովուրդն, անկախ ամեն ինչից, կանգնել իր իրավունքների համար»: «Պուտինի դիկտատուրան կարող է կեղծ ընտրություններ անցկացնել, բայց չի կարող լռեցնել ռուս ժողովրդին»,- գրել է նա եւ հավելել, որ Ռուսաստանն ազատ կլինի:

 

ԱՄՆ-ը Կովկասում. Ինչպես ռուսներին հաղթել իրենց իսկ խաղում

Ստեֆեն Բլանկը The Hill պարբերականում գրել է Կոնգրեսի անդամների`արտաքին քաղաքականության հարցերում հատուկ հետաքրքրություն ցուցաբերելու պրակտիկայի մասին: Նրա պնդմամբ՝ Կոնգրեսի որոշ անդամներ վերջին տարիներին «վարում են այնպիսի քաղաքականություն, որի միջոցով խայտառակ կերպով առաջ են մղում Ռուսաստանի շահերը», եւ բերում է Հարավային Կովկասի օրինակը: Հեղինակը գրում է, որ «հարցը հայկական լոբբիի՝ Կոնգրեսին կամ վարչակազմին խնդրանքով դիմելու իրավունքը չէ: Հարցն այն է, թե արդյոք իրենց պահանջները, որոնք հաճախ հակասում են Հայաստանի Հանրապետության շահերին, իսկապե՞ս համապատասխանում են ամերիկյան շահերին»: Հոդվածագիրն այնուհետեւ շարունակում է. «Հայաստանն ավելի մեծ կախվածության մեջ է ընկնում Ռուսաստանից (տնտեսական, ռազմական, քաղաքական)` արդյունքում վերածվելով Ռուսաստանի Դաշնությանը ծառայող վասալի»:

Ըստ Բլանկի՝ «ճշմարտությունն այն է, որ Մոսկվան՝ բացահայտ շահագրգռված լինելով պատերազմի երկարաձգմամբ, Լեռնային Ղարաբաղն օգտագործում է Հայաստանի ինքնիշխանությունը խաթարելու համար: Ռուսաստանը ռազմահենակետ է տեղակայել մինչեւ 2059թ. ժամկետով, եւ ամբողջովին վերահսկում է Հայաստանի տնտեսությունը»: «Թերեւս ամենակարեւորն այն է, որ հակամարտության պատճառով Հայաստանը մեծ մասամբ ետ է մնում աշխարհից, նաեւ անմասն է բազմաթիվ էներգետիկ, առեւտրային, երկաթուղային եւ տեխնոլոգիական նախագծերից, որոնք նպաստում են տարածաշրջանի բարգավաճմանը»:

Բլանկը նաեւ գրում է, որ Ադրբեջանի ժողովրդավարացման քաղաքականությունը խոչընդոտում է ԱՄՆ-ի աջակցությանը: «Բայց Հայաստանը եւս փայլուն կամ օրինակելի ժողովրդավարական պետության օրինակ չէ: Ավելին՝ երկու պետությունների ժողովրդավարության պակասը չի նշանակում երկու ժողովուրդների խաղաղության եւ բարգավաճման հրատապ կարիքի բացակայություն, եւ չեն փոխում ժողովրդավարացման հարցում ԱՄՆ-ի շահերը. այս նպատակներից որեւիցե մեկին չի լինի հասնել, եթե պատերազմը շարունակվի»: «Եթե Կոնգրեսը ցանկանում է օգնել Հայաստանին, ԱՄՆ-ին եւ նույնիսկ Ադրբեջանին, այն պետք է նպաստի ԱՄՆ-ի ակտիվ դիվանագիտությանը, որը չի թողնի տարածաշրջանը պատերազմի ճիրաններում եւ Մոսկվայի ողորմածությանը: Չմտածված աջակցությունը Հայաստանին կամ Ադրբեջանին, ի վերջո, օգուտ չի բերի պետություններից որեւիցե մեկին կամ ԱՄՆ-ի շահերին»:

 

Թրամփի ուղերձը

Հունվարի 30-ին Դոնալդ Թրամփը հղեց իր առաջին ամենամյա ուղերձը: Նա խոսեց հաջողությունների եւ հաջորդ տարվա գերակայությունների մասին: Նախագահը շեշտեց տնտեսության գրանցած աճը, ցածր գործազրկությունը, խոշոր կորպորացիաների կողմից լրացուցիչ աշխատատեղերի ստեղծումը, հարկերի կրճատման արդյունքում արտադրական աշխատատեղերի վերադարձը եւ կարգավորումների նվազեցումը: Թրամփը նաեւ անդրադարձավ ներգաղթի եւ սահմանային անվտանգության խնդիրներին:

Իր ելույթում Թրամփը ուշադրություն է դարձրել նաեւ արտաքին քաղաքականությանն ու պաշտպանությանը, մասնավորապես «Իսլամական պետության» պարտությանը: Նա կարեւորել է Պաշտպանության նախարարության լիարժեք ֆինանսավորումը: Ինչպես սպասվում էր, ուղերձում մեծ տեղ է տրված միջուկային զինանոցի վերակառուցման անհրաժեշտությանը՝ որպես կանխարգելիչ միջոցի, հաշվի առնելով Հյուսիսային Կորեայում ստեղծված իրադրությունը: Մյուս կարեւոր իրադարձություններից նա նշել է Երուսաղեմի՝ Իսրայելի մայրաքաղաք ճանաչումը, խոսել « ուժի կիրառման միջոցով խաղաղության» անհրաժեշտության մասին եւ վերահաստատել իր աջակցությունը Իրանում տեղի ունեցած ապստամբություններին: Թրամփը մեծ տերությունների մրցակցության վերածնման համատեքստում Չինաստանին եւ Ռուսաստանին հստակորեն անվանել է ԱՄՆ-ի թշնամիներ:

 

Պատրաստեց Մարինա Մուրադյանը

Մայիսի 18 2018
Մայիսի 11 2018
Ապրիլի 27 2018
Ապրիլի 20 2018
Ապրիլի 13 2018
Մարտի 30 2018

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am