Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

2-9 փետրվարի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Գործադիրի փետրվարի 6-ի նիստում մեկնարկեց Կառավարության ծրագրի քննարկումը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնավորապես նշեց, որ նախագծում արտացոլված են կառավարության հիմնական նպատակներն ու խնդիրները, առանցքային սկզբունքները, որոնց ներքո գործելու է կառավարությունը։

Առաջիկա հինգ տարիներին, ըստ Գրիգորյանի, կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաեւ բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող արտահանմանը, մրցունակ ու ներառական տնտեսության կառուցմանը։

Նշենք, որ կառավարության կազմավորումից հետո 20-օրյա ժամկետում վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում կառավարության ծրագիրը։ Վերջնաժամկետը փետրվարի 8-ն է:

…Առաջիկա 5 տարիներն ընդգրկող` Կառավարության ծրագիրը գրեթե ոչնչով չի տարբերվում Նիկոլ Փաշինյանի նախորդ ծրագրից: Այս ծրագիրը նույնպես չի առանձնանում ցուցանիշներով ու թվային տվյալներով, սակայն ծավալով ավելի քան երկու անգամ գերազանցում է նախորդին: Բավական հանգամանալից բաժին է նվիրված կրթությանն ու գիտությանը, որտեղ առանցքային են համարվում կրթության բովանդակության արդիականացումը, ինչպես նաեւ կրթություն-գիտություն-աշխատաշուկա կապի ամրապնդումը: Այսպիսով` հանրակրթության ոլորտում Կառավարության ծրագրային նպատակներից են. ա/ բարձրացնել նախադպրոցական կրթության մատչելիության եւ հասանելիության աստիճանը բոլոր համայնքներում` մինչեւ 2023 թվականը 3 տարեկանից բարձր երեխաների ընդգրկվածությունը հասցնելով 70 տոկոսի, բ/ ներդնել փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցների կրթության կազմակերպման արդյունավետ մոդելներ, գ/ ՀՀ բոլոր մարզերում եւ Երեւան քաղաքում մինչեւ 2023 թվականը անցնել համընդհանուր ներառական հանրակրթության, դ/ նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը՝ վերանայել չափորոշիչները, ուսումնական պլանը եւ առարկայական ծրագրերը՝ խթանելով քննական մտածողությունը, նորարարությունը, վերլուծական ու ստեղծագործական հմտությունները, ե/ գիտության ոլորտում բարձրացնել ֆինանսավորման արդյունավետությունը, տրամադրվող միջոցներն ուղղել երկրի տնտեսության կարիքներից բխող եւ գիտական հետազոտությունների արդի պահանջներին համապատասխանող ուղղություններին, զ/ գիտության ոլորտը դարձնել միջազգայնորեն մրցունակ, միջազգային գիտական նվաճումներին միտված, տնտեսության մրցունակությանը եւ անվտանգությանն ամիջականորեն նպաստող:

Ուշագրավ է ծրագրի սոցիալական ուղղվածությունը: Կառավարությունը նպատակադրվել է մինչեւ 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը եւ, առհասարակ, էապես նվազեցնել աղքատությունը: Այս նպատակի իրագործման համար առանցքային նշանակություն են ունենալու բնակչության աղքատ խավի շրջանում կրթության եւ աշխատանքի քաջալերումը, գործարարությունը խթանող ծրագրերի իրականացումը: Սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտում մասնավոր կազմակերպությունների մուտքը խրախուսելով՝ կձեւավորվի մրցակցային միջավայր, կներդրվեն ֆինանսավորման այլընտրանքային մոդելներ, կխթանվի սոցիալական ծառայությունների բազմազանությունը։ Պարբերաբար բարձրացվելու են պետական կենսաթոշակների չափերը՝ ապահովելով միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ՝ գնաճի նկատմամբ։ Բարեփոխվելու է նաեւ կուտակային բաղադրիչը՝ խրախուսելով կուտակային միջոցների ներդրումը Հայաստանում։ Կիրականացվի զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հասցեականության բարձրացում, նոր ծրագրերի ներդրում՝ նպատակաուղղված աշխատաշուկայում երիտասարդների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց մրցունակության բարձրացմանը, «կրթություն-աշխատաշուկա» փոխառնչությունների խթանմանը, գործատուների մոտ առկա թափուր աշխատատեղերի համալրմանը, արդյունքում՝ գործազրկության մակարդակի նվազմանը: Կառավարության ուշադրության կենտրոնում է լինելու կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնումը, ինչպես նաեւ կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների իրականացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը:

Այդուհանդերձ՝ սոցիալական ցանցերում ծրագրի քննադատության պակաս չկա: Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Նմանատիպ ծրագիր կարող էին ներկայացնել նաեւ Սերժ եւ Տիգրան Սարգսյանների կամ Հովիկ Աբրահամյանի կառավարությունները: Սա հեղափոխական կառավարության ծրագիր չէ, անգամ կարելի է ասել՝ հակահեղափոխական կառավարության ծրագիր է»: Փաստաբան Նորայր Նորիկյանը տրտնջում է, թե շուրջ 8 ամիս խոսվում էր Անցումային արդարադատության մասին, սակայն Կառավարության ծրագրում որեւէ տող կամ ակնարկ այդ նախագծի մեկնարկի, ռազմավարական հայեցակարգի, գործողության ժամկետի մասին առկա չէ: «Կառավարության ծրագիրը հերթական կենացների հավաքածու է»,- գրում է օգտատեր Արեն Ապիկյանը՝ հավելելով. «Ոչ մի տնտեսական վիճակի վերլուծություն, ոչ մի թիվ, ոչ մի շոշափելի KPI... Թռիչքաձեւ աճի մասին մոռացեք։ Թե բա՝ տնտեսական հեղափոխություն: Քաղաքականը հորով-մորով արեք, գոնե։ Տնտեսությունը ձեր խելքի բանը չի, արդեն պարզ է»: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ տարակուսանք է հայտնում, որ ծրագրում որեւէ խոսք չկա կուսակցությունների եւ ընտրությունների բարեփոխման մասին, որոնք ժողովրդավարական բարենորոգումների հիմքն են: «Եթե ծրագիրը գրողները մոռացել են հիշատակել այս կետերը՝ լավ չէ, իսկ եթե համարում են, որ դա էական հարց չէ, ապա թող նայեն Նիկոլ Փաշինյանի հեղափոխության ժամանակվա ելույթները: Հիմա՝ հարց. Ո՞վ է հակահեղափոխական»,- գրում է Իոաննիսյանը:

 

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին փետրվարի 4-ին հրավիրել էր խորհրդարան՝ ԼՀԿ խմբակցության անդամների հետ հանդիպման։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա նշել է, որ արտգործնախարարին հրավիրել են Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումների, ինչպես նաեւ երկրի արտաքին քաղաքական այլ առաջնահերթությունների վերաբերյալ քննարկման եւ մտքերի փոխանակման համար։ «Հանդիպման մասին որոշ պարզաբանումներ ու տպավորություններ կփոխանցենք հանդիպման ավարտին»,- նշել է Մարուքյանը։ 

…Սա, թերեւս, իշխանության երկու ճյուղերի` գործադիրի եւ օրենսդիրի միջեւ փոխգործակցության նոր, ուսանելի մշակույթ է եւ լիովին տեղավորվում է երկրի կառավարման խորհրդարանական համակարգի տրամաբանության ծիրում: Էդմոն Մարուքյանը մտադիր է առաջիկայում խորհրդարան հրավիրել նաեւ մյուս գերատեսչությունների պատասխանատուներին եւ նրանց հետ զրույցներ ունենալ խմբակցության անդամներին հետաքրքրող հարցերի վերաբերյալ: Բացի յուրատեսակ հաշվետվություններ լինելուց, այդպիսի հանդիպումները բարձրացնում են տարբեր ոլորտների մասին ժողովրդի ընտրյալների տեղեկացվածությունը: Կոնկրետ Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումը «Լուսավոր Հայաստան» խմբակցության համար բացառիկ հնարավորություն էր առաջին ձեռքից տեղեկանալու Արցախյան խնդրի շուրջ վերջին զարգացումների մասին, փարատելու որոշ մտահոգություններ: Մարուքյանի խոսքով` հակամարտության կարգավորման վերաբերյալ միշտ կա մտահոգություն, քանի դեռ այն կարգավորված չէ: «Ստացանք մեր հարցերի պատասխանները, թե ինչ է տեղի ունենում, ինչ քննարկումներ կան եւ այլն: Իսկ թե ինչու է ակտիվ պրոցեսը` նման հարց չունենք, բնական է, որ պետք է ակտիվ լինի, ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, ընտրություններից հետո չէր կարող այդ հարցը չքննարկվել: Ես երբեք չեմ ասել, որ շփումները մտահոգիչ են: Մենք միշտ ասել ենք, որ շփումներն ավելի լավ են, քան իրար վրա կրակելը»,- լրագրողների խնդրանքով պարզաբանել է ԼՀԿ ղեկավարը: Նոր ԱԺ-ի խմբակցությունների հետ աշխատելն իր համար` որպես կառավարության անդամի, շատ էական է համարում նաեւ ԱԳ նախարարը. «Սա երկխոսություն է, որտեղ մենք համեմատում ենք մեր մոտեցումները, գնահատականները, փորձում ենք մեզ համար հասկանալ, թե որտեղ ինչն է ճիշտ, ինչին պետք է առավել ուշադրություն դարձնել, նաեւ բացատրում ենք մեր կատարածը»,- «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո նշել է Զոհրաբ Մնացականյանը:

Պետք է ընդունել, որ արցախյան օրակարգի նկատմամբ նույնքան կարեւոր է հանրային տեղեկացվածության մակարդակի բարձրացումը, որպեսզի խնդիրն իր բոլոր դրսեւորումներով ճիշտ ընկալվի հասարակության մեջ: Միայն այդպես հնարավոր կլինի ապահովել խնդրի լուծման հանրային մասնակցության լայն տարրապատկեր, եւ հակամարտության կարգավորման գործընթացը դարձնել  ոչ միայն ավելի թափանցիկ, այլեւ յուրաքանչյուրի պատվի ու պատասխանատվության առարկան: Այդ առաքելության մեջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության սույն նախաձեռնությունը, անտարակույս, կունենա իր ծանրակշիռ դերակատարությունը:

 

Ըստ մամուլի հրապարակումների, Սերժ Սարգսյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է «Մարտի 1»-ի գործի շրջանակներում: Հարցաքննությունը տեղի է ունեցել անցած շաբաթավերջին եւ տեւել է շուրջ 6 ժամ, բայց չի ավարտվել ու դեռ պետք է շարունակվի: Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվում է մեկնաբանել այս տեղեկությունը, սակայն մինչ այս պահը տարածված լուրը ՀՔԾ-ի կողմից չի էլ հերքվել։

Սերժ Սարգսյանը 2008 թվականի մարտին դեռ Հայաստանի վարչապետն էր, եւ փետրվարին տեղի ունեցած ընտրությունների արդյունքով ընտրվել էր Հայաստանի նախագահ: Ընդդիմությունը վիճարկում էր ընտրությունների պաշտոնական արդյունքները եւ շուրջօրյա հանրահավաքներով իշխանափոխություն էր պահանջում: Փաստորեն` եթե խնդիրը դիտարկենք իշխանության համար մղվող պայքարի տեսանկյունից, ապա «Մարտի 1»-ը ձեռնտու էր առավելապես Սերժ Սարգսյանին, որովհետեւ առանց ուժի գործադրման նա Բաղրամյան 26-ում հայտնվելու ոչ մի շանս չուներ: Հակառակ պարագայում՝ եթե Սերժ Սարգսյանը չէր ուզում իշխանության գալ «արյան վրա», ապա կարող էր ողբերգական դեպքերից հետո ուղղակի հրաժարական տալ կամ, գոնե, չխոչընդոտել Սահմանադրական դատարանի որոշմանը, որը կարող էր նոր ընտրությունների նշանակման օգտին լինել: Նույնիսկ մի փոքր տարօրինակ է, որ Քոչարյանը նրա համար, ինչպես ասում են, «դոշ էր տալիս»: Չնայած` ինչո՞ւ միայն նրա համար. չէ՞  որ նժարի վրա նաեւ իր 10 տարվա կուտակած ահռելի ունեցվածքի ապահովության խնդիրն էր դրված: Եվ, բացի դրանից, Ռուսաստանի դաշնության նախագահի օրինակով Քոչարյանը վարչապետ դառնալու շահ էր հետապնդում, որը, բարեբախտաբար, չիրականացավ: Ինչ վերաբերում է 2008-ի մարտիմեկյան ոճրագործությանն անձամբ Սերժ Սարգսյանի մասնակցության չափին, որի մասին տարբեր կարծիքներ են հնչում, պետք է նկատել, որ երրորդ նախագահը նման օրհասական պահերին միշտ զգուշավոր է գտնվել: Համենայն դեպս` աշխատել է հնարավորինս հեռու մնալ ոչ միայն տեսախցիկներից, այլեւ բուն «դեպքի վայրից»: Այդպես էր նաեւ 2008-ի մարտի 1-ին, էլ չասած՝ 1999-ի հոկտեմբերի 27-ի մասին, երբ նա Ազգային անվտանգության նախարարն էր եւ ողբերգության օրը գտնվում էր Գորիսում:

Ի դեպ, Սերժ Սարգսյանի նախագահական 2-րդ ժամկետը եւս «նշանավորվեց» աննախադեպ ընտրակեղծարարությամբ, եւ 2013-ի փետրվարի 18-ին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձեռամբ, նա հաղթանակը պարզապես գողացավ Րաֆֆի Հովհաննիսյանից՝ պատմության մեջ հիշատակվելով «ընտրագող» մականվամբ: Այն ժամանակ էլ հրապարակներում ու փողոցներում եռում էին հետընտրական կրքերը: Տասնյակ հազարավոր ցուցարարներ պահանջում էին վերանայել ընտրությունների արդյունքները եւ վերականգնել արդարությունը: Սակայն իշխանությունը փորձ ուներ նման դեպքերի համար՝ ոստիկանական ուժերից բացի, հատուկ ջոկատայինների զինված կազմավորումներ էին կազմ ու պատրաստ սպասում վճռական գրոհին: Եվ եթե չլիներ հաղթած թեկնածուի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտնի «մոմավառության» դիպվածը, որին ոմանք հեգնաբար են վերաբերվում, Աստված գիտե, թե ինչքան արյուն կհեղվեր:

Հ.Գ. Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Մարտի 1»-ի գործով, որպես վկա, ՀՔԾ-ում հարցաքննության է հրավիրվել եւ շուրջ մեկուկես ժամ հարցաքննվել է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը 2008-ի փետրվար-մարտյան հետընտրական դեպքերի ժամանակ ընդդիմության առաջնորդն էր:

  

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Միջազգային մամուլ

Ֆրանսիան Ապրիլի 24-ը հայտարարում է որպես «Հայոց ցեղասպանության հիշատակի օր»

France 24-ը հաղորդում է, որ Նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում կայացած ճաշկերույթի ժամանակ հայ համայնքի առջեւ իր ելույթում ասել է. «Ֆրանսիան, առաջին հերթին, այն երկիրն է, որը գիտի, թե ինչպես է հարկավոր նայել պատմության դեմքին, այն երկիրը, որն առաջիններից 1915թ. հայ ժողովրդի զանգվածային սպանություններն անվանեց ցեղասպանություն, որը 2001-ին երկարատեւ պայքարից հետո ճանաչեց այն օրենքով: Ֆրանսիան առաջիկա շաբաթներին կհայտարարի Ապրիլի 24-ը`որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր»:

Պարբերականի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ճաշկերույթի ժամանակ Մակրոնն իր ելույթում կատարեց 2017թ. տված նախընտրական խոստումը: Ինչպես հայտնում է գործակալությունը, միջոցառման ժամանակ Մակրոնը նաեւ հարգանքի տուրք է մատուցել անցյալ տարվա հոկտեմբերին մահացած՝ հայկական ծագումով ֆրանսիացի շանսոնիե Շառլ Ազնավուրի հիշատակին:

Համաձայն Euronews-ի, Մակրոնն ասել է, որ նախօրոք տեղեկացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին իր կայացնելիք որոշման մասին` ավելացնելով, որ ցանկանում է բաց երկխոսություն սկսել Թուրքիայի հետ:

«Մենք տարաձայնություններ ունենք Իսլամական պետության դեմ պայքարի, Թուրքիայում մարդու իրավունքների ու քաղաքացիական ազատությունների եւ Ցեղասպանության շուրջ հարցերում»,- հավելել է Մակրոնը:

 

Պատրաստեց Մարինա Մուրադյանը

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: