Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) դեկտեմբերի 31-ին համաձայնություն տվեց քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին՝ խափանման միջոցի կարգը խախտելու համար: Ըստ մամուլի հաղորդագրության, ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազը ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, ԲԴԽ էր ներկայացրել դատավոր Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդման հարուցմանն ու ազատությունից նրա զրկմանը համաձայնություն տալու միջնորդություններ:
Դատավորների միությունը մտահոգություն է հայտնել Բախշիյանի նկատմամբ ՀՀ դատախազության եւ ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու եւ նրան անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելու առնչությամբ, որը պայմանավորված է դատավորի գործունեությամբ: Խնդրի վերաբերյալ իր բացասական տեսակետն է հայտնել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանը:
Մեկնաբանություն
Նախ հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ով փոխել է «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) նկատմամբ խափանման միջոցը` կալանքը փոխարինելով գրավով եւ չհեռանալու մասին ստորագրությամբ։ Մասնագիտական որոշ գնահատականներով՝ ԲԴԽ-ն ոտնահարել է դատավորի սահմանադրական իրավունքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ընդգծել է նաեւ Բախշիյանի փաստաբան Արսեն Սարդարյանը: «ԲԴԽ-ն ակնհայտ ապօրինի որոշում է կայացրել՝ սա դատավորի անկախության դեմ ուղղված քայլ է»,- նշել է նա։ Հատկանշական է, որ դատական ապօրինության այդ գործընթացում ներքաշված են մի քանի իրավասու մարմիններ՝ ԱԱԾ քննչական վարչությունը, Գլխավոր դատախազությունը եւ ԲԴԽ-ն: Վերջինս, ըստ էության, կոչված է պաշտպանելու դատավորների իրավունքներն ու անկախ գործունեությունը, սակայն վերջին գրեթե մեկ տարում Կառավարությունից իջեցվող «պետպատվերի» շրջանակներում իրականացնում է իր առաքելությանը ներհակ գործառույթներ:
Բայց խնդիրն այստեղ միայն ԲԴԽ-ն չէ, ոչ էլ ԱԱԾ-ն կամ դատախազությունը: Կան ավելի խորքային պատճառներ, եւ դրանցից առանցքայինը գործող կառավարման համակարգի աղճատված պատկերացումն է՝ մեկ մարմնում գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանություններին կենտրոնացնելու ձգտումը, ինչի մասին օրեր առաջ բաց տեքստով հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրման գործում կարեւորելով իշխանության երեք ճյուղերի միջեւ «ներդաշնակության» ապահովումը: ԲԴԽ-ն, դատախազությունը, ԱԱԾ-ն, ինչպես նաեւ ուժային մյուս ատյանները պարզապես կույր գործիք են իշխանությունների տարանջատման սկզբունքն անտեսած եւ ողջ իշխանությունը յուրացրած քաղաքական ուժի ձեռքում: Անաչառ վճիռ կայացնող դատավորի նկատմամբ քրեական հետապնդման իրականացումը չի կարող ընկալվել այլ կերպ, քան բոլոր դատավորների ազատության սահմանափակում, որը հարիր չէ իրավական եւ ժողովրդավարական պետության արժեհամակարգը դավանող որեւէ պետության։
Դատական իշխանության հանդեպ ՔՊ-ական վարչախմբի, մեղմ ասած, անհանդուրժողականությունը գալիս է դեռեւս 2019թ. մայիսի 19-ից, երբ Երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը օրինական հիմունքով փոխելու պատճառով տակավին մեկ տարեկան «թավշյա» իշխանությունը հիստերիայի մեջ էր ընկել: Այդ ժամանակ էլ տեղի ունեցավ դարի աննախադեպ ակցիան. Նիկոլ Փաշինյանի կոչով արգելափակվեցին ՀՀ դատարանների ելումուտերը, ինչը զոռբայության գագաթնակետն էր, իսկ Քոչարյանի կալանքը փոխած դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցվեցին եւ նրան, Ճիշտ նույն ձեռագրով, որն օրերս կիրառվեց Բորիս Բախշիյանի նկատմամբ, ինչ-որ շինծու մեղադրանք առաջադրվեց: Դրանից մոտ երկու տարի անց՝ 2021թ. մարտի 26-ին, ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց ՀՀ երկրորդ նախագահին մեղսագրվող Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը: Համակարգում իրավական ամենաթողությունը չափ ու սահմանն անցում էր: Այսօր արդե՛ն անցել է:
Դատավորների միությունը վտանգված է տեսնում դատական իշխանության անկախությունը, ընդդիմությունը տեղի ունեցողը համարում է «տեռոր» դատական համակարգի նկատմամբ, մամուլը գրում է, որ Գագիկ Ջհանգիրյանի տարիքը չի համապատասխանում ԲԴԽ անդամ ընտրվելու համար, սակայն օրենքները շրջանցելով՝ նրան ուղարկեցին ԲԴԽ, «որպեսզի բոլոր անհնազանդ դատավորներին իր բուռը հավաքի», ինչով եւ զբաղված է: Մասնագետներն ահազանգում են, ՄԻՊ-ն արձանագրում է իրավունքի կոպիտ խախտումը, հասարակությունը՝ մտահոգվում, բայց իշխանությունների հոգը չէ. միակ բանը, որ նրանց մոտ լավ է ստացվում, կալանավորումն է: Այլ խափանման միջոց գրեթե չի կիրառվում, միայն՝ կալանավորում, ընդ որում՝ ձեռնաշղթաներով եւ «ասֆալտին փռելու» պարտադիր տեսարանով:
Գանք Աշոտ Մինասյանին եւ փորձենք հասկանալ, թե որն է նրա մեղքը: Ի՞նչ հանցանք է գործել արցախյան երեք պատերազմների հերոսը, որի խափանման միջոցը փոխելու համար սյունեցի դատավորին քրեական պատասխանատվության են ենթարկում: Մինասյանն ի սկզբանե մեղադրվում էր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ենթադրյալ սպանություն նախապատրաստելու եւ զենք-զինամթերք պահելու գործով: Շատերը կհիշեն 2020-ի նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցած հակաիշխանական զանգվածային ընդվզումները, որոնք ճնշելու համար մի շարք աղմկահարույց ձերբակալություններ կատարվեցին: Այդ օրերին էր, որ ԱԱԾ-ն հեռախոսային մի «ֆեյք» խոսակցության ձայնագրության հիման վրա, իբրեւ Փաշինյանի «սպանությունը» նախապատրաստող «հանցավոր խմբի» անդամների, ձերբակալեց ընդդիմադիր մի քանի գործիչների, այդ թվում՝ «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատարին։ Դատարանների որոշմամբ՝ բոլորի ձերբակալությունը ճանաչվեց ոչ իրավաչափ, իսկ կալանավորման միջնորդությունները մերժվեցին՝ հիմնավոր կասկածի բացակայությամբ։
Ավելի քան մեկ տարի անց հաստատվեց, որ ընդդիմադիր բոլոր 5 գործիչներին մեղսագրված քրեական գործերը մտացածին են եղել, եւ նրանց նկատմամբ Փաշինյանի սպանության նախապատրաստման ու իշխանության յուրացման հատկանիշներով քրեական հետապնդումը դադարեցվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այժմ այդ գործիչներն ունեն արդարացվածի կարգավիճակ։ Ինչ վերաբերում է զենք-զինամթերքի դրվագին, ապա այժմ Մինասյանը մեղադրվում է միայն այդ հոդվածի (ՀՀ ՔՕ 235-րդ հոդված) 1-ին մասով, եւ հենց նշված դրվագով է նախաքննության ավարտ հայտարարվել։ Դատաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդություն էր ներկայացրել՝ պահանջելով Մինասյանի նկատմամբ նաեւ այդ դրվագով դադարեցնել քրեական հետապնդումը, սակայն ԱԱԾ քննչական դեպարտամենտը մերժել էր միջնորդությունը։ «Աշոտ Մինասյանի մեղադրանքը հիմա էնպիսին է, որ, ասենք, խանութից մեկը մի բան գողացած լինի, դու էդ մարդուն ամեն ձեւով պահես կալանավորված։ Հոդվածն, այ էդքան անլուրջ է, թույլ է, էլ չեմ ասում, որ ոչ մի հիմնավորում չունեն»,- նկատել է իրավաբան Արամ Վարդեւանյանը։
Փետրվարի 2-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում դատավոր Դավիթ Արղամանյանը մեկնարկել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը։ Այն Արղամանյանին մակագրելու հանգամանքն առաջ է բերել փաստաբանական համայնքի վրդովմունքը եւ քննադատությունների ալիք է բարձրացրել։ Վերջինս նոր ձեւավորված՝ մինչդատական վարույթի գործեր քննող դատարանի դատավոր է նշանակվել մի քանի ամիս առաջ։ Իսկ գիտե՞ք, թե ով է Դավիթ Արղամանյանը՝ 2018թ. «հեղափոխության» օրերի թմբկահարը, նշանավոր «դը՛մփ, դը՛մփ հո՛ւ»-ի հեղինակը: Նրան էր վերապահված Բորիս Բախշիյանի նկատմամբ իշխանության պատվիրած «գործի» վերջին ակորդը հարվածելու պատիվը:
Առաջնորդվելով Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 2-րդ եւ 4-5-րդ մասերով՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը մարտի 2-ին Հանրապետության նախագահի թեկնածու է առաջադրել Վահագն Գառնիկի Խաչատուրյանին: Այս մասին մամուլը տեղեկանում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունից։
Թեկնածուները պետք է առաջադրվեն մինչեւ փետրվարի 6-ը: Նախագահի արտահերթ ընտրությունը, ըստ օրենքի, կանցկացվի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, եւ ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո: Ենթադրվում է, որ ընտրությունը տեղի կունենա փետրվարի վերջին կամ մարտի սկզբին։ Վահագն Խաչատուրյանը տեւական ժամանակ համարվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմակիցը:
Մեկնաբանություն
Աշխատանքային կենսագրությունից մի քանի տվյալներ. Վահանգն Խաչատուրյանը 1992-96 թթ. եղել է Երեւանի քաղաքապետ, 1996-98-ին զբաղեցրել է Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհրդականի պաշտոնը: 2002 թվականից «Քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական հետազոտությունների կենտրոն»-ի փոխնախագահն է: 2006-ին ընտրվել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ, 2019-21 թթ.՝ Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ: 2021-ի օգոստոսի 4-ին նա նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Հայկ Չոբանյանին: Ոչ պաշտոնական որոշ լուրերի համաձայն՝ ՀՀ նախագահի պաշտոնում Խաչատուրյանի թեկնածությունը երաշխավորել է Սուքիասյանը: Ոմանց դիպուկ բնորոշմամբ՝ ի դեմս Խաչատուրյանի, ՀՀ նախագահի աթոռին վերատիրանում է Լ. Տեր-Պետրոսյանը:
Արմեն Սարգսյանի հրաժարականի թանաքը դեռ չչորացած՝ արդեն նախագահացուների մի փունջ անուններ էին դրվել շրջանառության մեջ՝ Էդմոն Մարուքյան, Արայիկ Հարությունյան, Ալեն Սիմոնյան եւ էլի մի քանիսը: Ֆեյսբուքը Մարուքյանից ակնհայտորեն «դրական ազդակներ» էր բերում՝ ուղղված ում որ հարկն է, թե «հայ-թուրքական սահմանի բացումը կխթանի մեր երկրի տնտեսական առաջընթացը» (մեջբերումը՝ հիշողությամբ-Գ.Լ.): Արայիկ Հարությունյանի պահով հասարակությունն ընդվզեց եւ, քանի որ դժգոհության ալիքը նկատելի էր, Խաչատուր Սուքիասյանը Փաշինյանին խորհուրդ տվեց «յան տալ» ԿԳՄՍ նախկին սկանդալային նախարարից, իսկ Ալեն Սիմոնյանի պաշտոնի համար թիմակիցները հարմար թեկնածու էին մտմտում, որպեսզի Ալենը ԱԺ նախագահի թիկնաթոռը հանգիստ սրտով փոխարինի ՀՀ նախագահի թիկնաթոռով: Բայց Սուքիասյանը խառնեց բոլորի խաղաքարտերը եւ առաջ մղեց Երեւանի երբեմնի քաղաքապետին, ով ժամանակին սատարել էր իր բիզնեսին:
Միանշանակ էր, որ ՀՀ հինգերորդ նախագահը «պատահական» մեկը լինել չէր կարող՝ որքան էլ բարձր արժանիքներ ունենար: Հունվարի 23-ից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը ուրվագծեց իր նախընտրելի թեկնածուի կերպարը՝ մարդ, ով ի զորու կլինի Նախագահի ինստիտուտը ներդաշնակեցնել միասնական իշխանության գործադիր եւ օրենսդիր թեւերի հետ: «Նոր նախագահը պետք է ներդաշնակ աշխատի կառավարության եւ խորհրդարանական մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագրի» հետ»,- վերջին առցանց ասուլիսում ընդգծել է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Արմեն Սարգսյանը չստորագրեց Գլխավոր շտաբի պետի պաշտոնանկության իր հրամանագիրը, երբ Օնիկ Գասպարյանը պահանջում էր վարչապետի հրաժարականը։ Իրականում Փաշինյանի սպասումն այնպիսի նախագահ ունենալն է, որը բոլոր հարցերում համամիտ կլինի կառավարող ուժի կարծիքի հետ եւ երբեք չի շեղվի ՔՊ-ական իշխանության քաղաքական ուղեգծից:
Արմեն Սարգսյանը՝ չնայած այսօր «հետեւից» հազարումի պիտակ են կպցնում՝ «անսկզբունք», «անհայրենիք», «թուլամորթ», «լպրծուկ», «խամաճիկ» եւ այլն, մեծ հաշվով, աշխարհայացքային, գիտատեխնոլոգիական եւ քաղաքական որոշակի մշակույթի կրող էր եւ Հայաստանի համար, թերեւս, շատ բան կարող էր անել միանգամայն այլ պայմաններում ու իրավիճակներում, քան՝ այն, ինչին բախվեց 2018 թվականից ի վեր: Պահի գնահատականը եւ իր հրաժարականի բուն պատճառները նա հստակ ու ամբողջական շարադրել է հրաժարականի հայտարարության տեքստում: Այդտեղ Սարգսյանը հանրության ուշադրությունը հրավիրում է պետության առջեւ ծառացած իրական խնդիրների ու մարտահրավերների վրա՝ բնութագրելով երկրում ստեղծված իրավիճակը որպես համազգային ճգնաժամ: Ըստ նրա, նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի եւ ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին ու արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա: Ասել է թե՝ նախագահի սուղ լիազորություններն այդ հնարավորությունը չեն տալիս:
Մինչդեռ ասուլիսում բերած իր օրինակում Փաշինյանը բոլորովին հակառակ ծայրից է մոտենում խնդրին. «Ներդաշնակության սակավության պատճառով մենք շատ լուրջ մարտահրավերներ ենք ունեցել, որոնց խորությունը գուցե թե չենք էլ արձանագրել էդ պահին։ Մասնավորապես՝ նախորդ տարի Գլխավոր շտաբի հայտնի հայտարարության համատեքստում՝ էստեղ իշխանության խնդիր չէր բացարձակապես, կառավարության խնդիր չէր, գործադիր իշխանության խնդիր չէր… իմ գնահատականն այն է, որ մենք պետականության կորստի եզրին էինք գտնվում այդ ժամանակ»,- հայտարարել է Փաշինյանը՝ վարչապետի հրաժարականի արդարացի պահանջի մեջ տեսնելով պետականության կորուստ: Իսկ թշնամի հարեւանների ամենօրյա սպառնալիքները ոչինչ են…
Դե, ինչ, կլրացնի՞ Վահագն Խաչատուրյանը իշխանությունների միջեւ «ներդաշնակության սակավությունը», թե՝ ոչ, չշտապենք կանխատեսումներ անել՝ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը հայրապետական այցով փետրվարի 1-ին մեկնել է Միացյալ Նահանգներ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ Նորին Սրբությունը հանդիպումներ է ունեցել Մայր Աթոռի բարերարների հետ`քննարկելու իրականացվող ծրագրերը: Գարեգին երկրորդի վերջին այցը ԱՄՆ 2021 թվականի ապրիլին էր։
Արցախում ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով: Նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 31-ին ստորագրել է համապատասխան հրամանագիրը, որով հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը՝ Արցախի նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանի գլխավորությամբ: Համաձայն հրամանագրի՝ հանձնաժողովին հանձնարարվել է եռամսյա ժամկետում նախագահին ներկայացնել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:
«Հայ-վրացական հարաբերություններում նոր դինամիկա է»,- փետրվարի 2-ին ընդունելով Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին՝ ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա կարեւորել է երկու երկրների իրավապահ համակարգերի համագործակցության հաստատումը: Գոմելաուրին, իր հերթին, ողջունել է Պարեկային ծառայությունը, որ կիրառվում է Հայաստանում:
Ավելի վաղ Հայաստանում էր Վրաստանի արդարադատության նախարարը: Երկու երկրների հարաբերությունների աննախադեպ դրական ու նոր փուլի մասին անցած տարեվերջին կայացած հանդիպմանը բարձրաձայնել էին եւ՛ Ղարիբաշվիլին, եւ՛ Փաշինյանը:
Փետրվարի 2-3-ը Երեւանում էր Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգը։ Նա առանձնազրույց է ունեցել ՀՀ իր պաշտոնակցի հետ, որին հետեւել է ընդլայնված կազմով հանդիպումը, ապա երկու երկրների ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ ասուլիսով։ Շալենբերգ այցը նպատակաուղղված էր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը, դրանց որակական նոր լիցք հաղորդելուն, հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը:
Ավստրիայի արտգործնախարարին ընդունել է նաեւ ՀՀ վարչապետը՝ կարեւորելով քաղաքական, տնտեսական եւ հումանիտար ոլորտներում Հայաստանի եւ Ավստրիայի կառավարությունների ակտիվ փոխգործակցության անհրաժեշտությունը: Փաշինյանը եւ Շալենբերգը միաժամանակ անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին:
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին` Վիեննայում։ Այս մասին փետրվարի 3-ին հայտնել է Հայաստանի ԱԳ նախարարության խոսնակը: Հայ եւ թուրք ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին Մոսկվայում, որից հետո կողմերը հայտարարեցին, թե համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների: