Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Փաշինյանի անհամ-անհոտ դատողությունները, որոնց գերակշիռ մեծամասնությունը թուրք-ադրբեջանական պատմույթներ են, եկան-հասան ազգի ամենազգայուն թեմային՝ Ցեղասպանությանը: «Մենք Հայոց ցեղասպանությանն էլ պետք ա վերադառնանք…»,- Շվեյցարիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է նա՝ հասկանալ տալով, որ «Կադաստրի թղթին» անդրադարձել է, Սահմանադրությանն ու Հռչակագրին անդրադարձել է, Արարատին, ՀՀ օրհներգին, մյուս խորհրդանիշներին անդրադարձել է, պատմության իրական ու պատմական «երեսներին» անդրադարձել է, եւ հիմա հերթը Ցեղասպանությանն է:
Ասում է՝ «Մենք Հայոց ցեղասպանությանն էլ պետք ա վերադառնանք։ Մենք պետք ա հասկանանք, թե ի՞նչ ա տեղի ունեցել եւ ինչո՞ւ ա տեղի ունեցել։ Եվ ինչպես ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք դա ընկալել։ Ո՞նց ա եղել, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, եւ ոնց ա, որ 1950 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել ա»։ Այս հարցադրումներն ինքնին վկայում են, որ դրանց հեղինակը չփարատված կասկածներ ունի Ցեղասպանության եղելության առնչությամբ, հետեւաբար ուզում է հասկանալ ու բոլորիս հասկացնել, թե իրականում ինչ է տեղի ունեցել 1915-1923 թվականներին եւ՝ ինչու:
Միգուցե ցեղասպանություն իսկապե՞ս չի եղել՝ մարդն ուզում է հասկանալ: Մինչդեռ դրա կարիքը չէր լինի, եթե ժամանակին մի քիչ հետաքրքրվեր իր ազգի պատմությամբ՝ պատանի տարիքում ուսման մեջ բաց թողնվածը 50-ից հետո դժվար է լրացնելը: Ուրեմն՝ մի տարբերակ է մնում՝ չիմացած բաների մասին երբեք չխոսել: Բայց չի բացառվում, որ լավ էլ հասկանում է, ուղղակի տոն է տալիս թուրք-ադրբեջանական խոսույթին: Պատկերավոր ասած՝ լվանում է Էրդողանի եւ Ալիեւի արյունոտ ձեռքերը: Դե՛, դա կարելի է հասկանալ՝ «քիրվայությունը» պարտավորեցնում է:
Հիմա՝ ավելի լուրջ բաների մասին: Մարդը հարցնում է, որովհետեւ ուզում է հասկանալ՝ ինչու 1939 թվականին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել: Անտարակույս՝ չէր էլ կարող լինել, քանի որ նշված թվականին ուղղակի միջազգայնորեն ընդունված նման եզրույթ դեռեւս գոյություն չուներ: Ցեղասպանություն հանցագործության վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիան ընդունվել էր 1948-ին, այսինքն՝ մոտ 10 տարի ավելի ուշ, եւ ուժի մեջ էր մտել 1951-ին: Ցեղասպանություն (genocide) եզրույթն ի հայտ է եկել Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո. այն հեղինակել է Լեհաստանում բնակվող հրեա իրավագետ Ռաֆայել Լեմկինը՝ հիմք ընդունելով հրեական Հոլոքոսթը եւ, առանձնապես, Հայոց ցեղասպանությունը:
Ի դեպ՝ Իսրայելում Հոլոքոստի փաստի շուրջ նման ձեւակերպումները քրեորեն պատժելի են։ ՀՀ հաջորդ իշխանությունները պարտավոր են Ցեղասպանությունը դույզն-ինչ կասկածի տակ դնող, խեղաթյուրող հայտարարությունները որակել որպես պետական դավաճանություն, իսկ դրանց հեղինակներին ու սատարող անձանց ենթարկել քրեական պատասխանատվության: Ցեղասպանագիտությունը վաղուց տվել է բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք ՀՀ-ում վարչապետի աթոռը զբաղեցնող անձի համար թեական են։ Ցեղասպանության մասին գրել են ոչ միայն հայազգի խոշորագույն պատմագետներ, այլեւ օտարերկրյա հետազոտողներ, այդ թվում՝ ազգությամբ թուրքեր:
Անգամ օսմանյան դատարանն էր քննել Հայոց ցեղասպանության արյունոտ գործը եւ մահվան դատապարտել ոճրագործության գլխավոր կազմակերպիչներին ու հայակեր դահիճներին՝ Թալեաթ, Էնվեր, Ջամալ, Նազիմ փաշաներին եւ մյուս գիշատիչներին, որոնցից շատերի դատաստանն ի կատար է ածվել հայ վրիժառուների արդար ձեռքով: Մի՞թե Թուրքիայի դատարանը հենց այնպես ամենածայրահեղ պատիժը կիրառեց իր երկրում շատերի համար ազգային հերոսներ համարվող մարդկային թափթփուկների նկատմամբ: Ի դեպ՝ իրենց բաժինը ստացել են նաեւ հայ հորջորջվող դավաճաններն ու ներքին մատնիչները… Եվ այդպես լինելու է միշտ:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Հայաստանում հունվարի 28-ին հիշատակվեց ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձը: Շնորհավորական իր ուղերձում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն մասնավորապես նշել է. «Զինվորականների արիասիրտ ծառայության եւ սխրանքների ամուր հիմքը միշտ եղել եւ մնալու է հայրենիքի հանդեպ սերն ու նախանձախնդրությունը, ազգային արժեքների նկատմամբ հավատարմությունը: Աղոթում ենք հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված քաջորդիների հոգիների հանգստության համար»։ Այդ օրը Կառավարության ղեկավարն այցելել է ՊՆ, որտեղ Բանակի ստորաբաժանումների մասնակցությամբ նախ տեղի է ունեցել քայլերթ, ապաեւ՝ հանդիսավոր նիստ ԶՈՒ բարձրագույն սպայակազմի մասնակցությամբ:
Հունվարի 30-ին Երեւան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որին «Զվարթնոց»-ում դիմավորել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Այցի շրջանակներում երկու երկրների վարչապետների ղեկավարությամբ տեղի է ունեցել Վրաստանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը, որից հետո Նիկոլ Փաշինյանը եւ Իրակլի Կոբախիձեն հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարություններով: Երեւանում էր նաեւ Վրաստանի արտգործնախարարը: Նա հանդիպում, ապաեւ համատեղ ասուլիս է ունեցել իր հայ գործընկերոջ հետ:
Շվեյցարիայի հայկական եւ հայամետ միությունների խորհուրդը (CAAS) իր խորին մտահոգությունն է հայտնում ՀՀ վարչապետի՝ շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում արված հայտարարությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ մի դեպքում չպետք է վտանգվի քաղաքական կամ դիվանագիտական նկատառումների պատճառով։ «Մենք կոչ ենք անում Հայաստանի վարչապետին պարզաբանել իր խոսքերը եւ վերահաստատել իր հանձնառությունը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում»,- ասված է CAAS-ի՝ հունվարի 30-ին տարածած հաղորդագրության մեջ։
Ադրբեջանն «անհիմն ու անհեթեթ» է որակել ՀՀ վարչապետի հունվարի 25-ի հայտարարությունները, թե հայկական կողմի հետախուզական տվյալներով՝ Բաքվում պահվող հայերի նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառվում, որպեզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզեն: Նախօրեին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Բաքվում ընթացող դատավարությունն օգտագործվելու է ՀՀ-ի դեմ: Ադրբեջանական «ԱՊԱ»-ին երկրի ԱԳՆ-ից հավաստիացրել են, թե «մեղադրյալների բոլոր իրավունքներն ու պարտականությունները պատշաճ կերպով ապահովված են»: