Երեքշաբթի, Մարտի 18, 2025

Շաբաթվա անցուդարձ

1-8 փետրվարի 2025թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Հայաստանի վարչապետը՝ տիկնոջ հետ, փետրվարի 3-7-ն աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում էր: Այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Վաշինգտոնում ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթաժողովին, ինչպես նաեւ «Ազգային աղոթքի նախաճաշին»։ Բացի դրանից, տեղի են ունեցել մի շարք այլ հանդիպումներ՝ այդ թվում ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց հայաստանյան մամուլը լայնորեն անդրադարձել է:

Առաջին հարցը, որ պաշտոնատար անձանց արտասահմանյան այցելությունների առնչությամբ սովորաբար ծագում է, թող կոպիտ չհնչի, հետեւյալն է. ի՞նչ է նա այնտեղ կորցրել: Լավ, մենք մի քիչ մեղմենք հարցը՝ ո՞րն էր այցի նպատակը: Եթե ասենք, որ կրոնի ու կրոնական ազատության համար Նիկոլի «ուշքը գնում է», դժվար թե հավատացող լինի, որովհետեւ 2018-ին իշխանության եկած Փաշինյանի ու նրա թիմի առաջին թիրախը Հայ առաքելական եկեղեցին եւ անձամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը դարձան: Հետագա տարիների ընթացքում իշխող քաղաքական ուժի «կրոնասիրությունն» էլ ավելի ցայտուն դրսեւորումներ ունեցավ, որոնց մասին հանրությունը լավ գիտի:

Հետաքրքրական էր Վաշինգտոն մեկնած պատվիրակության կազմում տեսնել Արսեն Թորոսյանին՝ ՀՀ առողջապահության նախկին նախարարին, որը Փաշինյանի մերձավոր շրջապատից էր, բայց վերջին շրջանում նրանց ջրերն այլեւս մեկ առվով չէին հոսում, լուրջ տարաձայնություններ ունեին: Հիմա, կարծես թե, հաշտության եզր են գտել՝ հաստատ երկուսից մեկի գործերը թարս են գնում: Համենայն դեպս՝ Արսենը եւս, որքան հայտնի է, կրոնից ու հավատքից հեռու անձնավորություն է: Ուստի՝ դատելով ամենից, Միջազգային կրոնական ազատության գագաթաժողովը միայն պատրվակ է, իսկ Փաշինյանի վաշինգտոնյան այցն իրականում այլ դրդապատճառ ունի, անտարակույս՝ ոչ կրոնական:

Ամերիկյան հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանը «Ֆեյսբուքի» իր էջում թվարկում է այն հիմնական պատճառները, որոնք դեմոկրատների պարտության բերումով «անտեր» մնացած Փաշինյանին կարող էին հրապուրել եւ Վաշինգտոն տանել: Սարգսյանը վերջինիս համար կենսական կարեւորություն ունեցող 7 հայեցակետ է առանձնացրել, որոնցից մի քանիսն արժե մեջբերել: Եվ այսպես՝ Փաշինյանը, ըստ փորձագետի, խորապես շահագրգռված է պարզել կամ հասկանալ.

ա/ ո՞ր ուղղությամբ է զարգանալու Թրամփի արտաքին քաղաքականությունը: Արդյո՞ք կարող է ապավինել ԱՄՆ-ի աջակցությանը, եւ արդյո՞ք նոր վարչակազմը կտրամադրի այն տնտեսական, ֆինանսական եւ քաղաքական աջակցությունը, որը Բայդենի վարչակազմը տրամադրում էր Փաշինյանին; բ/ արդյո՞ք Թրամփի թիմը պատրաստ է շարունակել միջնորդ լինել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում; գ/ արդյո՞ք այս վարչակազմը հետաքրքրված է իր, այսպես կոչված, Խաղաղության խաչմերուկի կոնցեպտով եւ որքանով է պատրաստ աջակցել դրա կյանքի կոչմանը; դ/ ինչպիսի՞ն է լինելու Թրամփի քաղաքականությունը Իրանի եւ ՌԴ-ի հանդեպ, որպեսզի հասկանա, թե որքան մանեւրելու հնարավորություն կունենա այս երկրների հետ հարաբերություններում կամ որքան հեռավորություն կարող է պահպանել դրանցից:

Սարգսյանը չի բացառում, որ Փաշինյանը պատրաստ է նաեւ համոզել պաշտոնական Վաշինգտոնին, հայ համայնքին եւ լոբբիստներին, որ Միացյալ Նահանգները չկիրառի ճնշումներ Ադրբեջանի նկատմամբ, հրաժարվի 907-րդ բանաձեւից եւ ցանկացած այլ բանաձեւի հնարավոր ընդունումից, որը կարող է ուղղված լինել Ադրբեջանի եւ Ալիեւի դեմ՝ թեմա, որի մասին պաշտոնական Բաքուն վերջին օրերին շատ է խոսել:

Ալիեւը եթե այսքանն իմանա, հրճվանքով կբացականչի՝ մաշալլա՜, Փաշինյան, մաշալլա՜, կարդաշ…

 

Շաբաթը հագեցած էր հանրային դժգոհությունների, ողբերգական միջադեպերի, մռայլ, դառնահամ զգացողությունների մթնոլորտով: Լրահոսը տագնապալի տեղեկություններ է բերում մայրաքաղաքից ու մարզերից. գործադուլ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, որտեղ մի խումբ աշխատակիցների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել, եւ 8 մարդ բերման է ենթարկվել; զոհեր ու վիրավորներ Գյումրի-Երեւան մայրուղու վթարից; սպանություն Մերձավանի համայնքապետի տան դարպասի մոտ. սպանվածը 29-ամյա Գրիգոր Օհանյանն է, որը նոր էր նշանվել: Թանկացումներ, բոլոր տեսակի հարկերի, տուգանքների բարձրացում, տրանսպորտային բոյկոտ, համընդհանուր հայտարարագրում եւ այդպես շարունակ:

Այս ամենը անհետեւանք չի մնում: Իշխանությունների դեմ բողոքի ալիքն օր-օրի ուժգնանում է եւ, շարունակվելու դեպքում, կարող է վերաճել սոցիալական բունտի: Նախորդ շաբաթվա վերջերին՝ կանխազգալով հանրային ընդվզումների վտանգն ու դրա հնարավոր հետեւանքները, իշխանությունները որոշ մեղմացման գնացին տրանսպորտի գնային փոփոխության, եկամտի հայտարարագրման ժամկետի երկարաձգման եւ այլ հարցերում: Այդ օրերին Փաշինյանն էլ Կառավարությունում հավատարմագրված լրագրողներին հրավիրեց մամլո ասուլիսի՝ փորձելով մեղմել այն տպավորությունները, որոնք հանրության վրա թողել էին նրա ավելի վաղ արած հայտարարությունները:

Խոսքը Հայոց ցեղասպանության, Արարատ լեռան, Զինանշանի, Իրական Հայաստան-պատմական Հայաստան անհարկի շարակցման եւ բազմաթիվ այլ հակագիտական թեզերի, տափակ դատողությունների մասին է, որոնցից ժողովրդի մեծամասնությունն արդեն հոգնել է: Վերջին ասուլիսում՝ թեեւ խիստ արտահայտված աղմկոտ մտքեր ու հայտարարություններ չեղան, սակայն փոխարենը լրագրողների բավական հաջողված հարցերից եւ ոչ մեկը, ըստ էության, պատասխան չստացավ: Պատասխանները լղոզվում էին տրված պարզ հարցի հետ բացարձակապես կապ չունեցող խորհրդածություններով ու դժվարընկալելի ձեւակերպումներով:

Այս անգամ հունից դուրս չեկավ, կարողացավ զսպվածություն պահպանել 4 ժամ տեւած ասուլիսի ընթացքում, ինչը նրան հազվադեպ է հաջողվում: Դե, պետք է հաշվի առնել, որ լրագրողների ճնշող մեծամասնությունը յուրային էին, որոնք շատ նեղը չէին գցում «դժվար» հարցերից խուսափելիս: Արանքում փորձում էր ցույց տալ, թե ինքը դահլիճում նստածներից մեկն է իրեն համարում՝ բոլորին մոտ ու հարազատ. «Մի տնից չենք՝ մի հալից ենք»,- ասում է՝ խորամանկ ժպտալով: Ակներեւաբար ջանում էր «լավ պահել» իրեն, սրամիտ երեւալ, որովհետեւ այն վիճակում չէ, որ կոպտություն եւ անտակտություն թույլ տա՝ վարկանիշը պատմական նվազագույնի նիշում է՝ 8-10%:

Նա գիտի, որ իր «դարաշրջանն» ընդհուպ մոտեցել է ավարտին: Մի տեսակ վիրավոր գազանի է նման, որը խեղճացել է, բայց այդ վիճակում ավելի մեծ վտանգ կարող է ներկայացնել:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Կառավարությունը մտահոգված է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում (ԶՊՄԿ) ստեղծված իրավիճակով: Արդեն մեկ շաբաթ է՝ կոմբինատում գործադուլ են անում, իսկ աշխատակիցների ու ԶՊՄԿ-ի ղեկավարության միջեւ բանակցություններն ավարտվում են անարդյունք։ «Բնականաբար, մտահոգված ենք, որովհետեւ Հայաստանի արդյունաբերության առաջատարը եթե մեկ շաբաթ չի աշխատում, ակնհայտորեն ազդելու է տնտեսական ցուցանիշների եւ հարկերի հավաքագրման վրա»,- փետրվարի 6-ին «Ազատության» հարցին ի պատասխան՝ ասել է էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։ Նրա խոսքով՝ իրավիճակը հանգուցալուծելու հարցը ճյուղային արհմիության եւ հանքարդյունաբերության համալիրի աշխատողների տիրույթում է գտնվում:

Տարածաշրջանի երկրներից միայն Իրանն է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում կանգնած է Հայաստանի կողքին. այս մասին փետրվարի 6-ին հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին: «Հայաստանն ու Իրանը «Զանգեզուրի միջանցքի» մասին միատեսակ են մտածում: Միայն Իրանն է աջակցում Հայաստանին՝ մենք Հայաստանի հետ, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցում տարաձայնություն չունենք: Զանգեզուրի միջանցքը» վնաս է ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Իրանին»,- ասել է դեսպանը: Սոհբանին շեշտել է, որ ճանապարհների ապաշրջափակմանը դեմ չեն, եթե այն իրականացվում է տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու հիման վրա:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 3-ին հանդիպել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի հետ: Ռազմական գերատեսչությունից հայտնում են, որ նրանք քննարկել են երկու երկրների միջեւ պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը եւ հեռանկարները, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: Նախորդ մարտին Հռոմում տեղի ունեցան Հայաստան-Իտալիա պաշտպանական խորհրդակցություններ, ստորագրվեց Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցության տարեկան ծրագիրը։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 7-ին պաշտոնական այցով մեկնեց Նորվեգիա: Հայաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ նախատեսված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարթ Էյդեի հետ: Այցի օրակարգը ներառում է քննարկումներ նաեւ խորհրդարանական եւ փորձագիտական շրջանակների հետ՝ նշված է հաղորդագրությունում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ադրբեջանը մեկ միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է ուղարկում Ուկրաինա։ Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի՝ փետրվարի 5-ի որոշմամբ նախագահի պահուստային ֆոնդից է այդ գումարը հատկացվելու Ադրբեջանի էներգետիկայի նախարարությանը, որպեսզի վերջինս տեղում արտադրվող էլեկտրատեխնիկական սարքավորումներ գնի եւ ուղարկի Ուկրաինա՝ որպես մարդասիրական աջակցություն։ Ալիեւի հրամանագրում այս աջակցությունը հիմնավորվել է Ադրբեջանի ու Ուկրաինայի միջեւ բարեկամական ու գործընկերային հարաբերություններով:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: