Երեքշաբթի, Մարտի 18, 2025

Շաբաթվա անցուդարձ

8-15 փետրվարի 2025թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Նիկոլ Փաշինյանը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով Ֆրանսիայում էր, որտեղ մասնակցել է Արհեստական բանականության գործողությունների գագաթաժողովին: Այցի շրջանակներում ՀՀ-ում վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ փետրվարի 3-7-ը, Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Մ.Նահանգներ, որտեղ Սպիտակ տանը, հանդիպել էր ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։ Վաշինգտոնյան այցը, որին «Հայացքը» նախորդիվ անդրադարձել է, ըստ ոչ իշխանական փորձագիտական կարծիքի, տապալված էր: Հիմա գանք փարիզյան այցին:

Բայց նախ՝ հակիրճ մի տեղեկանք. Ֆրանսիան ավանդաբար Հայաստանին բարեկամ երկիր է, եւ այդ բարեկամությունը խոր արմատներ ունի: 1915-ի եղեռնագործության ժամանակ Ֆրանսիան փրկարար նավեր էր ուղարկել 53-օրյա դիմադրությունից հետո Մուսա լեռան բնակչությանն օգնություն ցույց տալու եւ հետագա շրջանում տասնյակ հազարավոր հայ փախստականների ապաստանելու համար։ 2001-ին պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, իսկ 5 տարի անց՝ 2006-ին, խորհրդարանը քվեարկեց մի օրինագծի օգտին, որը Հայոց ցեղասպանության ժխտումը դարձրեց անօրինական:

ՀՀ հետանկախական շրջանում բարեկամ երկիրը տասնյակ հայանպաստ բանաձեւեր, օրենքներ, զանազան բնագավառներում գործակցության համաձայնագրեր է ընդունել: Ֆրանսիական տնտեսական ներկայությունը Հայաստանում տարեցտարի առաջընթաց է գրանցում: Միայն 1990-ականներին այստեղ հիմնադրվել են 100-ից ավելի ֆրանսիական ընկերություններ։ Պատմական կապերը, որոնք մեկ դարից ավելի սերտորեն միավորել են այդ երկու երկրները, արտացոլվում են Ֆրանսիայի ու ֆրանսիացիների` Հայաստանում ընկալվող դրական կերպարի մեջ:

Հետաքրքիր զուգադիպությամբ փետրվարի 10-ին՝ Փաշինյանի այցի օրը, Ֆրանսիայի Սենատում արցախահայերի՝ ԼՂ վերադարձի առնչությամբ համաժողով էր ընթանում՝ «Հայ ժողովուրդը եւ իր հողերը վերադառնալու իրավունքը» խորագրով: Այն կազմակերպել էր  «Համերգ հանուն Հայաստանում խաղաղության» միությունը: Փաշինյանի տեղն ազգային առաջնորդ լիներ, թերեւս, ցանկություն ունենար մասնակցելու՝ թեկուզ կարճ ժամանակով, եւ իր խոսքն ասելու հայությանը կենսականորեն մտահոգող այդ խնդրի կապակցությամբ: Ցավոք, Փաշինյանի դեպքում բացառվում է. վերջինիս համար Արցախն այլեւս խփված խաղաթուղթ է, որի անունը լսել անգամ չի ուզում: Գլխից ձե՞ռք է քաշել՝ դուրս գա Ալիեւի դեմ, այն էլ Ֆրանսիայում, որին Իլհամն ատելով ատում է:

Ալիեւի հիվանդագին խանդը չշարժելու հարցում ՀՀ-ում վարչապետ աշխատող անձը չափից դուրս զգուշավոր է: Շատերը կհիշեն Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցը, որի վերաբերյալ կողմերի համատեղ տարածած հաղորդագրության մեջ տարընթերցում էր սպրդել. հայկական կողմի տարբերակում բացակայում էր Հայաստանի տարածքային ամբողջականության մասին Մակրոնի խոսքը: Փաստացի՝ հաղորդագրության տեքստից հանվել էր «Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը» հատվածը: Ֆրանսիական տարբերակում, մինչդեռ, այն պահպանվել էր: Այնպես որ, Ֆրանսիա մեկնելն ինքնին արդեն մեծ խիզախություն է Փաշինյանի կողմից: Իլհամը հանկարծ չբարկանա:

 

Համենայն դեպս՝ Փարիզ մեկնելուց առաջ Փաշինյանն իրեն ապահովագրել էր Ալիեւի հնարավոր ցասումից՝ հապճեպ հրապարակելով «Խաղաղության բոլոր նախադրյալներն առկա են» վերնագրով իր հոդվածը: Դրանում հայ-ադրբեջանական առկա իրավիճակի փաշինյանական ընկալումը հետեւյալն է. Բաքվի քարոզչությունն ավելի ու ավելի շատ է կենտրոնանում այն թեզի վրա, թե Հայաստանը զինվում է, պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա եւ, հետեւաբար, Ադրբեջանը կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու իրավունք ունի: Սա ասել է թե՝ «Հայաստանը պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա, հետեւաբար ավելի լավ է՝ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, որպես կանխարգելիչ միջոցառում»:

Բայց այս իրավիճակը, ըստ էության, ոչ թե խաղաղության, այլ պատերազմի նախադրյալ է: Կարծում ենք՝ Աստված մի արասցե, այն ավելի շուտ պատերազմին է հարում: Եվ սա դեռ հոդվածի առաջին տողերն են: Հաջորդիվ խոսվում է նշված թեզերի ծագումնաբանության երկու տարբերակի մասին՝ կամ Ադրբեջանը իրոք մտածում է, թե Հայաստանն իր վրա հարձակվելու մտադրություն ունի, կամ հենց ինքը հարձակվելու մտադրություն ունի եւ փորձում է դա իրագործելու հիմքեր ձեւավորել: «Երկու դեպքում էլ բազային դրույթը Ադրբեջանի վրա հարձակվելու՝ Հայաստանի մտադրության մասին Ադրբեջանի պնդումն է»,- եզրակացնում է հոդվածագիրը:

Նյութի շարունակության մեջ Փաշինյանը փորձում է հիմնավորել, որ՝ ա/ Հայաստանը չի պատրաստվում հարձակվել Ադրբեջանի վրա, եւ հավատարիմ է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված ռազմավարական պայմանավորվածությանը (ակնարկում է, որ ԼՂ-ն էիր ուզում՝ տվեցի, է՞լ ինչ ես ուզում ինձնից: Անունն էլ դրել է «ռազմավարական պայմանավորվածություն»), ՀՀ-ն ու Ադրբեջանը Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը (իրականում Ալիեւի բերանից նման հանձնառություն չի հնչել).

բ/ Հայաստանի բանակի բարեփոխումները կապ չունեն Ադրբեջանի հետ. մեր բանակը ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս չպետք է կիրառվի. սա մեր անխաթար սկզբունքն է. գ/ Հայաստանի Հանրապետությունն իր բանակը բարեփոխում է վերը բերված սկզբունքի շրջանակում, այսինքն՝ իր միջազգայնորեն, այդ թվում Ադրբեջանի կողմից ճանաչված տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը պաշտպանելու համար: «Սա, ընդ որում, ցանկացած երկրի միջազգայնորեն ճանաչված իրավունքն է, որը վիճարկելն իսկ միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է»,- Ալիեւին փորձում է հավաստիացնել հոդվածի հեղինակը՝ շեշտելով, որ ՀՀ-ի՝ Ադրբեջանի վրա հարձակվելու մտադրության մասին թեզերը մտացածին են:

Անշուշտ, Ալիեւը լավ  գիտի, որ Հայաստանն Ադրբեջանի վրա հարձակվելու ռեսուրսներ չունի՝ ո՛չ զինական, ո՛չ գործնական, ո՛չ բարոյահոգեբանական, ո՛չ որեւէ այլ առումով: Համենայն դեպս՝ ներկա պայմաններում: Համենայն դեպս՝ Նիկոլ Փաշինյան պատուհասի կառավարման օրոք: Նա «հետոյի» համար է մտահոգված, որովհետեւ լավ է հասկանում, որ Արցախի հարցը լուծված չէ, լավ է հասկանում, որ նիկոլները գնացական են եւ, վերջապես, լավ է հասկանում, որ Հայաստանից յուրացրած տարածքները չի մարսելու, բկին են մնալու:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գործադուլի մասնակիցները կվերսկսեն աշխատանքները։ Այս մասին փետրվարի 12-ին հայտարարեց գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը։ Ըստ նրա, կոմբինատն ընդառաջ քայլ էր արել՝ հայտարարելով աշխատավարձերը միջինը 20 տոկոսով ավելացնելու մասին եւ երաշխավորելով, որ օդափոխության արդի համակարգեր կտեղադրվեն։ ԶՊՄԿ-ում աշխատավարձերը բարձրացնելու եւ աշխատանքային պայմանները բարելավելու պահանջով գործադուլը մեկնարկել էր հունվարի 31-ին:

Խորհրդարանը փետրվարի 12-ին 63 կողմ եւ 7 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը: «Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը։ Եվրոպամետ ուժերի «Եվրաքվե» նախաձեռնության կողմից ստորագրահավաքի միջոցով այս նախագիծը նախ ուղարկվել էր Կառավարություն, ապա ԱԺ։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների կարծիքով՝ նախագիծը «խայտառակ բլեֆ է եւ արտաքին քաղաքական ավանտյուրա՝ ներքաղաքական նպատակներով»։ Երեւանի կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթացի քննարկումը Մոսկվան դիտարկում է իբրեւ ԵԱՏՄ-ից ելքի սկիզբ:

Իրանը շարունակում է պահպանել տարածաշրջանում աշխարհաքաղաքականության անփոփոխության իր դիրքորոշումը: Ըստ IRNA գործակալության՝ այդ մասին հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ-Ռավանչին՝ անդրադառնալով ՀՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ Թեհրանի դիրքորոշմանը: ԻԻՀ-ում ՀՀ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ փետրվարի 13-ին հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստան-Իրան քաղաքական, տնտեսական եւ էներգետիկ ոլորտներում համագործակցության հարցեր, մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ:

Հայաստանի Պնախարար Սուրեն Պապիկյանը աշխատանքային այցի շրջանակներում Հնդկաստանում է, որտեղ օդուժի «Ելահանկա» ավիաբազայում նա փետրվարի 10-ին մասնակցել է «Aero India» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։ Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին՝ հայտնում են ՀՀ ռազմական գերատեսչությունից: The Times of India պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները, անցած տարվա հոկտեմբերի վերջին հաղորդեց, որ Հայաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան 2023-2024 ֆինանսական տարում դարձել են հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն ներկրողները։

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցություններին, բայց կողմերն ի վիճակի են դրանք վարել նաեւ ինքնուրույն՝ փետրվարի 11-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Պահպանելով մեր պատրաստակամությունը ցանկացած հնարավոր օգնություն ցուցաբերելու համար՝ մենք կողջունենք կողմերի անկախ ջանքերը»,- ասել է Պեսկովը։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահը լրագրողների հետ ճեպազրույցում քիչ հավանական է համարել ՌԴ միջնորդությունը հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններում:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: