Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ
Անցնող շաբաթվա ամենաուշագրավ իրադարձությունը, թերեւս, փետրվարի 9-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ժամանումն էր Երեւան: Դա ինչ-որ առումով պատմական նշանակության փաստ է, եթե նկատի ունենանք, որ Վենսը Միացյալ Նահանգների առաջին փոխնախագահն է, ով երբեւիցե պաշտոնական այցով եկավ Հայաստան: Այցի շրջանակում տեղի ունեցան ՀՀ վարչապետի հետ ԱՄՆ փոխնախագահի հանդիպումն ու զրույցը նախ առանձին, ապա նաեւ ընդլայնված կազմերի ձեւաչափով: Ամերիկացի բարձրաստիճան հյուրի այցը տարակարծությունների, բուռն քննարկումների տեղիք է տվել:
Մինչ հայաստանյան որոշ ուլտրա-արեւմտամետ ուժեր իշխանական շրջանակների հետ ձեն-ձենի տված՝ բարձրագոչ հայտարարություններ են հնչեցնում Վենսի «փրկչական» առաքելության, նրա այցով ՀՀ-ին սպասվող երջանիկ կյանքի եւ բարօր ապագայի մասին, Վաշինգտոնից լսում ենք հաղորդումներ, որոնք խորացնում են մեր մտահոգությունները: Նիկոլական մոլորյալների գլխին սառը ցնցուղի ներգործություն ունեցավ այցի նախօրեին Osmanqizi English-ին ԱՄՆ պետքարտուղարության նախկին աշխատակից, վերլուծաբան Փոլ Գոբլի տված հարցազրույցը, որը կարեւոր մեկնաբանություն է Ջեյ Դի Վենսի՝ Ադրբեջան եւ Հայաստան նախատեսված այցերի քաղաքական ու ռազմավարական նշանակության վերաբերյալ։
Գոբլի խոսքով՝ Ադրբեջանը Ամերիկայի համար առանցքային գործընկեր է։ Այդ երկիրը, ըստ նրա, Միացյալ նահանգների կողմից դիտարկվում է որպես «տարածաշրջանային ինքնուրույն ուժ, որը փաստացի դուրս է եկել ռուսական վերահսկողության շրջանակից»։ Վերլուծաբանի վստահեցմամբ՝ Բաքվի հետ քննարկումների առանցքում միաժամանակ մի քանի ռազմավարական ուղղություններ են դրված: Դրանք երեքն են. ա/ Իրանի գործոնը, որտեղ Ադրբեջանը կարող է հանդես գալ որպես զսպող եւ տեղեկատվական գործընկեր, բ/ Զանգեզուրի միջանցքը՝ որպես տարածաշրջանային հաղորդակցությունների բացման կարեւոր նախագիծ, գ/ Չինաստանի ազդեցության սահմանափակումը՝ հատկապես անդրկասպյան ենթակառուցվածքների միջոցով:
Գոբլի տրամաբանության համատեքստում Ադրբեջանը Վաշինգտոնի համար այնպիսի գործընկեր է, որի հետ կարելի է «գործարքային եւ երկարաժամկետ հարաբերություններ կառուցել»։ Փոլ Գոբլը հատուկ ընդգծում է, որ Ադրբեջանի վերջին քայլերը՝ Հայաստանի համար գազի եւ ցորենի մատակարարումները, մի քանի գերու ազատ արձակումը եւ այլն, պայմանավորված են սեփական շահերով, այլ ոչ թե Միացյալ Նահանգների ուղղակի ճնշմամբ։ Ինչ վերաբերվում է ՀՀ-ին, ապա վերջինիս դերը, վերլուծաբանի բնորոշմամբ, այցի շրջանակում երկրորդական է. Վենսի այցն ընդամենը Երեւանին ուղղված քաղաքական ազդակ է, որ ԱՄՆ-ը չի հեռանում ՀՀ-ի օրակարգից. «Դա հատկապես կարեւոր է առաջիկա խորհրդարանական ընտրությունների խորապատկերին»։
Փաստացի Վենսի այցը Հայաստանի համար նաեւ քաղաքական ապահովագրող գործոն է՝ ուղղված ներքին կայունության պահպանմանը եւ ռուսական ազդեցության հետագա նահանջին։ Գաղտնիք չէ, որ թե՛ Բրյուսելը եւ թե՛ Վաշինգտոնը,- Բաքվի ու Անկարայի մասին էլ՝ չասած,- խիստ տրամադրված են այս տարվա հունիսի 7-ին տեղի ունենալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ սատարել Փաշինյանի թիմին: Այդ առումով Վենսը երեւանյան մամլո ասուլիսում չթաքցրեց ԱՄՆ-ի դիրքորոշումը, այն է՝ աջակցել գործող իշխանության վերընտրությանը: Եվրամիությունից եւս հստակ աջակցության ուղերձներ են հղվել՝ մասնավորապես ՌԴ-ից սպառնացող «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի համատեքստում:
Միացյալ նահանգների փոխնախագահի այցի շրջանակներում ամենաքննարկվող թեմաներից մեկն էլ 9 միլիարդ դոլարի առեղծվածն է: Անգլերենին մասնագիտորեն տիրապետողների պնդմամբ՝ Վենսը իր հայտարարության մեջ բառացի ասում է՝ խաղաղ միջուկային ծրագրի գործակցության առաջին փուլում ԱՄՆ 5 միլիարդ դոլարի նյութեր, տեխնոլոգիա կարտահանի Հայաստան, իսկ երկրորդ փուլի համար կկնքվեն շուրջ 4 միլիարդ դոլար արժողության պայմանագրեր, ինչը չի նշանակում այդքան փողի ներդրում ՀՀ-ում: Մինչդեռ պաշտոնական քարոզչության մակարդակով հանրությանը մատուցվում է, թե ԱՄՆ-ը 5 միլիարդ դոլար է ներդնելու Հայաստանում առաջին փուլով, 4 միլիարդ էլ՝ երկրորդ փուլով:
«Երբ մենք համեմատում ենք բնօրինակն ու Կառավարության թարգմանչի ասածը՝ հասկանում ենք, որ մեզ մեծ սուտ են ցանկանում վաճառել: Հատուկ սխալ է թարգմանվել, ներկայացվել որպես ներդրում, որպեսզի մենք չհասկանանք, որ դա պետական պարտքով ատոմային մոդուլյար կայանի մասին է, որի համար ներդրում է անելու ոչ թե ամերիկացի գործարարը, այլ մենք բոլորս՝ Հայաստանի քաղաքացիներս»,- պարզաբանել է «Մեր ձեւով» նախաձեռնության համակարգող, քաղաքագետ Նարեկ Կարապետյանը: Ավելին՝ ըստ նրա, այս գումարը ծանրանալու է արդեն կուտակված 14 միլիարդ պետական պարտքի վրա՝ կազմելով բավական պատկառելի թիվ:
ԱՄՆ փոխնախագահի՝ Ադրբեջան մեկնելուց հետո «Հ1»-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը «թարգմանական սխալի» մասին ոչ մի բառ չասաց, ընդհակառակն՝ ցույց տվեց, որ շատ ուրախ է այն ներդրումների համար, որ շուտով, իբր, Ամերիկայից կհոսեն դեպի Հայաստան՝ չնայած իրականում ներդրումների խոստում մեզ ոչ ոք չի տվել, առավել եւս տիկնոջ ու երեք երեխայի հետ ՀՀ-ում մեկ գիշեր անցկացրած Ջեյ Դի Վենսը: Չլինի՞ իրենց թարգմանչի սխալը նույնիսկ Փաշինյանը «չի նկատել»: Իսկ եթե նկատել, բայց չնկատելու է տվել՝ նշանակում է «սխալը» կանխավ ծրագրված է եղել: Պատահական չէ, որ ամերիկյան կողմը չշտապեց ուղղել այն: Տվյալ համատեքստում հատկանշական է նաեւ Վենսի թափանցիկ ակնարկը, թե իրենց նպատակը Նիկոլ Փաշինյանի վերընտրությունն է:
Այսպիսով՝ Ջեյ Դի Վենսը եկավ-գնաց, բայց ՀՀ-ում եւ նրա շուրջ կուտակված հարցերը մնացին չլուծված: Խոսքը ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվի դատարաններում կայացված ցմահ ազատազրկման դատավճիռների մասին է, այլեւ ներհայաստանյան ցավոտ խնդիրների՝ քաղբանտարկյալների, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իշխանության տեւական ճնշումների եւ այլն: Այս առումով Վենսի այցը Հայաստանի համար ռազմավարական շրջադարձ չէր: Այն միանշանակ խրախուսում է երկրի ռազմավարական կողմնորոշման փոփոխությանն ուղղված՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը:
Իսկ խոշոր հաշվով՝ բացահայտում է Վաշինգտոն-Հայաստան եւ Վաշինգտոն-Բաքու հարաբերություններում առկա կառուցվածքային անհամաչափությունը։ Եվ՝ վերջ:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Ռուսաստանը մտադիր է շարունակել զարգացնել իր հարաբերությունները ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի հետ՝ փետրվարի 11-ին հայտարարել է Կրեմլը՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան եւ Ադրբեջան այցերից հետո։ Միջուկային ոլորտում ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններին անդրադառնալով, որոնք կարող են ճանապարհ հարթել ամերիկյան տեխնոլոգիաներով նոր ատոմակայան կառուցելու համար, Պուտինի խոսնակը կրկնել է՝ Ռուսաստանը շահեկան դիրք ունի Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման մրցույթում։ «Որպես այս ոլորտում աշխարհի ամենաառաջադեմ երկիր՝ ՌԴ-ն կարող է դիմակայել միջազգային մրցակցության ամենաբարձր մակարդակին եւ ապահովել ավելի լավ որակ առաջիկա տարիների ընթացքում՝ ավելի ցածր գնով»,- պնդել է Պեսկովը:
Չնայած սահմանադրական արգելքին՝ «Ուժեղ Հայաստան»-ի վարչապետի թեկնածուն, ինչպես ենթադրվում էր, տնային կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանն է: Դա հայտնի դարձավ փետրվարի 12-ին կուսակցության համաժողովում միլիարդատիրոջ եղբորորդու՝ Նարեկի հայտարարությունից: 60-ամյա գործարարը, սակայն, երկքաղաքացի է, եւ գործող օրենքով չի կարող ո՛չ վարչապետի, ո՛չ պատգամավորի թեկնածու լինել: Իշխանության հավակնող կուսակցության անդամները համաժողովում այդպես էլ մինչեւ վերջ չպարզաբանեցին՝ հաշվի առնելով օրենսդրական արգելքները, ի վերջո, ո՞վ է գլխավորելու «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակը: Ընդամենն ասվեց, որ Սահմանադրությունը ունի 148-րդ հոդված, ըստ որի՝ ԱԺ-ում քվեարկությամբ փոխվելու է գործող դրույթը:
Միացյալ նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ջնջել է փետրվարի 10-ի առավոտյան X-ում Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցի մասին գրառումն ու լուսանկարները, փոխարենը կիսել իր խոսնակի գրառումը, որտեղ, ի տարբերություն իր գրառման՝ Հայոց ցեղասպանություն եզրույթը բացակայում է: Վենսի էջում ավելի վաղ հայտնված գրառման մեջ նշված էր. «Այսօր փոխնախագահ Վենսը եւ երկրորդ տիկինը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում մասնակցել են ծաղիկներ խոնարհելու արարողությանը՝ հարգելով 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»: Իսկ Վենսի խոսնակի գրառման մեջ Հայոց ցեղասպանության մասին հիշատակում չկա:
Ռուսաստանը Հայաստանի հետ բանակցություններ կսկսի հայկական երկաթուղիների երկու հատվածների վերականգնման շուրջ. Մոսկվան ու Երեւանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածների վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ՝ լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Ըստ նրա՝ նման որոշում է կայացվել «հայկական կողմի դիմումի համաձայն եւ, ելնելով ՀՀ ժողովրդի հանդեպ բարեկամական, եղբայրական զգացմունքներից»: Այդ հատվածները կապահովեն միացումը Ադրբեջանի երկաթուղիներին Երասխի շրջանում, ինչպես նաեւ Ախուրյանի շրջանում՝ Թուրքիայի երկաթուղիներին: Փոխվարչապետի խոսքով՝ վերականգնման ենթակա երկաթուղային հատվածների ընդհանուր երկարությունը մոտ 1,6 կմ եւ 12,4 կմ է:
Իրավապահներն ուրբաթ առավոտից խուզարկում են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը: ԲԿ մամուլի խոսնակը հաստատել է, որ առավոտից իրավապահները տնօրենի աշխատասենյակում են: Քննչական կոմիտեից դեռեւս չեն մանրամասնում, թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում քննչական գործողությունները: «Ազատության» տեղեկություններով՝ այն կապված է հարկեր չվճարելու հետ: ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավորը 2024 թվականին դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման: Հայտնի բժիշկը մեղադրվում էր ԲԿ աշխատակիցներին 2021-ի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար: Չարչյանը մեղադրանքը չէր ընդունել:

