Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2024

Շաբաթվա անցուդարձ

17-24 փետրվարի 2024թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում փետրվարի 17-ին տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը: Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ: Նախօրեին մեկնարկած 60-րդ միջազգային ավանդական միջոցառումը անվտանգության հարցերով աշխարհի ամենահեղինակավոր հարթակն է, որին Ռուսաստանի եւ Իրանի կառավարությունները չէին հրավիրվել:

Չնայած այցի մասին կանխավ չէր հայտարարվել եւ այցը, կարծե թե, անակնկալ էր, բայց Փաշինյանը Գերմանիա մեկնեց բավական պատկառելի պատվիրակությամբ՝ ընտանիքի գրեթե լրիվ կազմով, ինչի նախադեպը միջպետական պաշտոնական հանդիպումների պրակտիկայում չկա, տասնյակ թիմակիցների ու յուրային փորձագետների ուղեկցությամբ: Համաժողովն, ըստ էության, արեւմտյան ուղղվածություն ուներ եւ աչքի էր ընկնում հակառուսական շեշտադրումներով: Այն աստիճանի հակառուսական, որ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը տեղի հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ առիթը բաց չթողեց հայտարարելու, որ Ուկրաինայի հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ:

Փաշինյանը նույնիսկ վկայաբերեց Ալմա-աթայի 1991թ. բազմաչարչար հռչակագիրը՝ հիշեցնելով, որ այն վերաբերում է բոլորին՝ ոչ միայն Հայաստանին, քանի որ այդ փաստաթուղթը ստորագրել են նախկին Խորհրդային միության հանրապետությունները, այդ թվում՝ Ռուսաստանն ու Ուկրաինան, ճանաչելով միմյանց սահմանները: Այսինքն՝ նա ՌԴ-ին ակնարկում է ձեռնպահ մնալ հարեւան երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունից: Փաշինյանն ավելի լավ է՝ ՌԴ-ից սովորի եւ «Ալմա-աթային» երբեք հղում չանի, քանի որ այդ փաստաթուղթը ԽՍՀՀ նախկին երկրների սահմանների ճանաչման մասին չէր, այլ՝ ԽՍՀՄ-ի լուծարման եւ ԱՊՀ-ի կազմավորման:

Բայց Մյունխենում մեզ ամենաշատ հետաքրքրողը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումն է: Շոլցն այն դրական է գնահատել՝ ընդգծելով, որ հակամարտող կողմերը պայմանավորվել են խնդիրները լուծել առանց նոր բռնությունների։ Ուշագրավ է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ Ալիեւի այն նկատառումը, թե Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ ՀՀ վարչապետի հետ հանդիպումը «շատ օգտակար է եղել եւ անցել է կառուցողական մթնոլորտում»: Ալիեւից, ով վերջին շրջանում խուսափում էր արեւմտյան հարթակներում երեւալուց եւ, հատկապես, Փաշինյանի հետ հանդիպելուց, նման գնահատական լսելը բավական տարօրինակ է, եթե չասենք՝ վտանգավոր:

Ի՞նչ կարող է սա նշանակել: Համենայն դեպս՝ Ադրբեջանի նախագահի բնորոշած «կառուցողականը» հայկական կողմին հազիվ թե որեւէ լավ բան խոստանա: Օրինակ՝ չի բացառվում, որ Ադրբեջանի նախագահն, այսպես կոչված, «անկլավների» վերադարձի պայմանավորվածություն է կորզել Փաշինյանից՝ Հայաստանի համար իրականում ոչինչ չարժեցող խաղաղության պայմանագրի դիմաց: ՀՀ իշխանություններին, սակայն, դա պետք է՝ ցույց տալու համար, որ իրենց առաջ քաշած խաղաղության նախագիծը գործողության մեջ է մտել եւ, ուր-որ է, կյանքի կկոչվի:

Բայց հայաստանյան փորձագիտական միտքը շատ ավելի մռայլ կանխատեսումներ է անում Ալիեւ-Շոլց-Փաշինյան եռակողմ հանդիպման խորապատկերին: Ահավասիկ. «Պրահայում Փաշինյանը հանձնեց Արցախը, Մյունխենում հանձնեց Հայաստանը»: Կամ այս մեկը. «Մյունխենում Փաշինյանը հերթական պասը տվեց Ալիեւին. գոլը Հայաստանի դարպասին, թերեւս, չի ուշանա»:

 

Մարտունի-Գավառ ճանապարհին դարձյալ անհանգիստ է՝ մարդիկ զանգվածաբար դուրս են եկել եւ, ի նշան բողոքի, փակել ճանապարհը: Բայց այս անգամ պատճառը համայնքների խոշորացմամբ պայմանավորված անբարեհարմարությունները չեն: Ակցիան իրականացվում է ընդդեմ ՊԵԿ-ի նոր օրենսդրական փոփոխությունների, ըստ որոնց՝ արտագնա աշխատանքի մեկնողները այլ պետություններում ստացած եկամուտից պետք է հարկ վճարեն նաեւ Հայաստանի հանրապետությանը: Փաստորեն գործող իշխանությունը՝ փոխանակ աշխատատեղեր ստեղծելու իր քաղաքացիների համար, որպեսզի վերջիններս ստիպված չլինեն տուն ու տեղից կտրվել եւ վաստակի մեկնել օտար ափեր, նրանց վրա կրկնակի հարկման բեռ է դնում:

Լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով բողոքի գործողություններին, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը շեշտում է, որ որոշումն ընդունվել է 2018-ից առաջ, «որովհետեւ հարկային օրենսդրության մեջ միշտ եղել է այդպիսի կանոն, որ ռեզիդենտը վճարում է թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում առաջացող հարկերը»։ Նրա խոսքով՝ ՊԵԿ-ը հանձնառու է ԱՊՀ-ի շրջանակներում հարկային վարչարարություն իրականացնել։ «Երբ տարվա ընթացքում մեզ էլեկտրոնային եղանակով գալիս են մեր քաղաքացիների ստացած եկամուտները, մեզ որեւէ բան չի մնում անել, քան այդ մասով վարչարարություն իրականացնել»,- մեղքը փորձում է Կառավարությունից հեռու վանել Բադասյանը:

Իհարկե, օրենքը մնում է օրենք, որի շրջանակներից ոչ ոք դուրս գալու իրավունք չունի: Բայց երբ հարցը չի դիտարկվում արդարացիության տեսանկյունից, օրենսդրությունն ինքնին վերածվում է պատժամիջոցի: Փորձենք ավելի հստակեցնել. եթե սահմանված կանոններն իրական գետնի վրա հարուցում են մարդկանց որոշակի խմբերի ցասումը եւ նրանց դուրս են բերում փողոց, ինչպես տվյալ պարագայում՝ նշանակում է մի բան այն չէ կամ այդ կանոնների հետ, կամ՝ այդ կանոնները մեկնողների: Օրենքն անհատի կյանքը լավարկելու, արդարության ուժը ի ցույց դնելու համար է: Այնինչ այս կոնկրետ դրվագում անարդարության զգացումը չի վերանում, ավելին՝ շարունակում է կեղեքել մարդու ներաշխարհը:

…Վաղ առավոտից Մարտունի-Գավառ ճանապարհին կիլոմետրերով ձգվող խցանումներ են: Արտագնա աշխատանքով ընտանիք պահող հարյուրավոր բնակիչներ փակել են ճանապարհը եւ պահանջում են հետ կանչել կրկնահարկման աղմկահարույց կարգավորումը: Վրդովված քաղաքացիները հարկ վճարելու մասին ծանուցագրեր են ստացել ՊԵԿ-ից, բայց չեն հասկանում, թե ինչու պիտի ՀՀ-ում եւս եկամտահարկ մուծեն, եթե ՌԴ-ում իրենց աշխատած վայրերում արդեն մուծել են: Եվ ոչ մի տեղից ողջամիտ պատասխան չեն ստանում:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Փետրվարի 20-ը Արցախյան շարժման 36-րդ տարեդարձի օրն է, որն անտեսվեց ՀՀ իշխանությունների կողմից: Արժանահիշատակ այդ օրը «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը, այլ պաշտոնյաներ եւ ծաղիկներ խոնարհել զոհվածների հիշատակին։ Նույն օրն Արցախի ներկայացուցչությունում՝ պատգամավորների մասնակցությամբ, տեղի է ունեցել միջոցառում, որի շրջանակներում Արցախի խորհրդարանի հանդիսավոր նիստ է գումարվել: Նիստին ներկա էր նաեւ նախագահ Շահրամանյանը:

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 21-ին երկօրյա աշխատանքային այցով ժամանել էր Ֆրանսիա: Այդ օրը նախատեսված էր ՀՀ վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ: Երեկոյան երկու երկրների ղեկավարները տիկնանց հետ Փարիզի պանթեոնում ներկա գտնվեցին Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի եւ կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը: Փաշինյանն ավելի ուշ հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահի, Ֆրանսիայի վարչապետի եւ Փարիզի քաղաքապետի հետ: ՀՀ պատվիրակության կազմում Փարիզ էր մեկնել նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը. այդ մասին փետրվարի 18-ին X-ում գրել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։ Նա նշել է, որ շատ կարեւոր է տեսնել, որ երկու երկրները կրկին հանդիպել են ամենաբարձր մակարդակով եւ համաձայնել երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները շարունակելու անհրաժեշտության շուրջ:

Հայաստանի եւ Հնդկաստանի ԱԳ նախարարները Մյունխենում փետրվարի 18-ին տեղի ունեցած զրույցում տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցությունն ավելի խորացնելու պատրաստակամություն են հայտնել։ Արարատ Միրզոյանը եւ Սուբրամանյամ Ջայշանկարը հանդիպել են մյունխենյան համաժողովի շրջանակներում, քննարկել երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր: Ինչպես հաղորդել են ՀՀ ԱԳՆ-ից՝ առանց մանրամասներ հայտնելու, Հայաստանը 44-օրյա պատերազմից հետո ռազմատեխնիկական ոլորտում համագործակցում է Հնդկաստանի հետ։ Արդեն 2022-ի աշնանը հնդկական մամուլը գրեց, որ Երեւանը եւ Դելին սպառազինությունների մատակարման մասին գործարք են կնքել:

Փետրվարի 19-ից Ադրբեջանի Զինված ուժերում տանկերի եւ մարտական մեքենաների անձնակազմի պատրաստման վարժանքներ են անցկացվում։ Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ վարժանքների ընթացքում զինվորականները՝ «հաղթահարելով բնական եւ արհեստական խոչընդոտները, կատարում են տարբեր նպատակներով տանկերի ու մարտական մեքենաների կառավարման առաջադրանքները»: Ավելի վաղ Ադրբեջանի Պնախարարությունը հայտնել էր բանակի օպերատիվ ստորաբաժանումների զորավարժությունների մասին, որոնց ընթացքում, համաձայն հաղորդագրության, զինվորականներին հանձնարարված էր «վնասազերծել պայմանական հակառակորդի ժամանակավոր ապաստարանները»։

Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024
Սեպտեմբերի 22 2024
Սեպտեմբերի 14 2024
Օգոստոսի 31 2024
Օգոստոսի 24 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: