Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Շաբաթվա ընթացքում ամենաքննարկվող նյութը փետրվարի 17-ին ՀՀ 2-րդ նախագահի մամուլի ասուլիսն էր, որի բովանդակությունը բավական հարուստ էր եւ հավակնոտ: Ակներեւ էր, որ երկուսուկես տարվա լռությունից հետո շատ ասելիք էր կուտակվել եւ 4 ժամ պահանջվեց այն մասամբ «պարպելու» համար: Քոչարյանի անդրադարձը բուռն հետաքրքրություն էր առաջացրել թե՛ ՀՀ-ում, թե՛ նրա սահմաններից դուրս: Ըստ «Փաստի» վկայության, փետրվարի 19-ի ժամը 15։30-ի դրությամբ՝ բազմաթիվ սոցհարթակներում ասուլիսը դիտել է մոտ մեկ միլիոն օգտատեր, ինչը խոսում է նախկին նախագահի խոսքից մեծ ակնկալիքների մասին։ Եվ դա դեռ ասուլիսի նկատմամբ հանրային հետաքրքրության ամբողջական պատկերը չէ:
Թեմայի շուրջ քննարկումները, բնականաբար, տարվում էին հիմնականում երկու հակադիր դիտանկյունից՝ բանախոսի կողմնակիցներ եւ ընդդիմախոսներ կամ, այլ կերպ՝ իշխանամետ շրջանակներ: Առաջին խումբը հանդես էր գալիս բանախոսի ներկայացրած հայեցակետերի, դատողությունների ու գնահատականների օգտին՝ համարելով, որ խնդրո ասուլիսը սառը ցնցուղ էր կառավարող քաղաքական ուժի եւ նրա առաջնորդի համար: Քոչարյանը խոսում էր ոչ միայն ստեղծված իրադրության ու դրա ահավորության մասին, այլեւ մատնանշում էր ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի թույլ տված ճակատագրական սխալները, որոնք ծանր հետեւանքների են հանգեցրել: Որո՞նք էին այդ սխալները:
Առաջին. 2019-ին Փաշինյանն, ըստ Քոչարյանի, անտեսել է ԵԱՀԿ ՄԽ միջնորդների ներկայացրած հետաքրքիր եւ ընդունելի առաջարկը՝ ասելով, թե բանակցությունները սկսելու է իր զրոյական կետից, ինչը նշանակում է միջնորդներին ուղղված նախատինք, թե ովքեր եք դուք եւ ինչով էիք զբաղվում 25 տարի, հիմա ես եկել եմ ու ինքս կբանակցեմ՝ ինչ կուզեմ։ Բանակցային գործընթացն, այսպիսով, մտցվեց փակուղի, հետո էլ հայտարարեց, թե Արցախը Հայաստան է եւ վե՛րջ: Դե, եթե այդպես է, ապա ինչի՞ շուրջ ենք մենք բանակցում. «Ըստ էության, դա պատերազմի կոչ էր, եւ իրավիճակն անխուսափելիորեն հանգեցրեց պատերազմի»,- նշել է Քոչարյանը՝ ավելացնելով, որ Փաշինյանն իր ողջ պահվածքով ցույց տվեց, որ անում է այն, ինչ ուզում է։
Երկրորդ. հաջորդ կոպիտ սխալը, 2-րդ նախագահի խոսքով, տեղի ունեցավ Պրահայում, երբ ընդունվեց հայտնի հայտարարությունը, որով Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս։ «Դա Արցախի դատավճիռն էր, համոզված է նախկին նախագահը,- սա այն փուլն էր, երբ Ռուսաստանը կորցնում էր դիրքերն Ուկրաինայում, եւ Երեւանը որոշեց, որ ճիշտ է՝ «վերջին վագոն» նետվել»: Սակայն այս որոշումը, նրա կարծիքով, զրոյացրեց ՌԴ-ի միջնորդական մանդատը. ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ նոյեմբերի 9-ի հայտարարության հարցում միջնորդ է եղել Ռուսաստանը, եւ երբ Լեռնային Ղարաբաղը հայտարարվում է Ադրբեջանի մաս, ռուսական առաքելությունը զրոյանում է։
Երրորդ սխալը, բանախոսի հայացքով, տեղի է ունենում հենց այս պահին, երբ աշխարհակարգ է փոխվում, եւ փոխվում են քարտեզներն ու ազդեցության բեւեռները: Այդպես էր նաեւ ԽՍՀՄ փլուզումից հետո։ ԱՄՆ-ը ընդունում է, որ աշխարհը ոչ միայն շարժվում է դեպի բազմաբեւեռություն, այլեւ արդեն բազմաբեւեռ է: Ի՞նչ է անում Հայաստանը։ Փոխում է վեկտորը եւ կարծում է, որ սա պատեհ պահ է։ «Ես պնդում եմ, որ սա ամենավտանգավոր պահն է։ Մենք մեր ուղղությունը փորձում ենք ուղղել դեպի այն կենտրոն, որն ակնհայտորեն թուլանում է, եւ մենք հեռանում ենք ուժեղացողից։ Ես չեմ կարող հասկանալ, թե ինչ տրամաբանություն է գործում»,- իր տարակուսանքն է հայտնում Քոչարյանը:
Իսկ ի՞նչ են ասուլիսի մասին խոսում իշխանամետ դաշտում: Նախկին նախագահի նկատմամբ արմատականորեն տրամադրված որոշ օդիոզ դեմքեր,- անուններ չտանք,- ասուլիսին զուգընթաց եւ հաջորդող օրերին՝ բացի գծուծ, վիրավորական տեքստերով, զգացմունքային կրքոտությամբ թեման «տաք» պահելուց, բանախոսի բառապաշարից քաղած «կոլորիտային» առանձին արտահայտություններ (կլիզմա, տռուսիկ եւ այլն) քննարկելուց, այն կողմ չանցան կամ չկարողացան անցել: Ոչ մի առողջ միտք, լրջախոհ ոչ մի վերլուծական կամ իմաստալից արձագանք հակադիր դաշտում չեղավ: Համենայն դեպս՝ ինձ չհանդիպեց:
Փոքրիշատե սթափ, կշռադատված խոսք հնչեց, այսպես կոչենք, «չեզոք գոտուց»: ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը «Մեդիալաբին» տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ 2-րդ նախագահի ասուլիսները միշտ, կարծես թե, կազմակերպվում են իշխանության ճգնաժամային վիճակի պայմաններում, եւ դա, ըստ Սամսոնյանի, նախկին-ներկա խոսույթը վերակենդանացնելու նպատակ ունի: «Նպատակը մեկն է՝ թարմացնել ժողովրդի վախերը, թե նախկինները նորից ուզում են Փաշինյանից իշխանություն խլել եւ, այդպիսով, ժողովրդին նորից կոնսոլիդացնել իշխանության շուրջ, որ հանկարծ նախկինները ետ չգան։ Այս տկար եւ ձախողված իշխանությունը այլ խաղաքարտ չունի»,- նկատում է նա:
Արդարեւ՝ այլ խաղաքարտ փաշինյանական «Քաղպայմանագիրն» այլեւս չունի, ուստիեւ սկսել է հանրությանը զբաղեցնել նոր սնամեջ հայեցակարգով՝ «Իրական Հայաստանի գաղափարախոսություն» կոչվող նախագծով, որի առանցքում, փաստորեն, ՀՀ Սահմանադրությունը Ալիեւի պահանջով փոխելու գաղափարն է՝ չնայած բոլորիս ուզում է համոզել, թե Մայր օրենքը փոխելու մասին ինքն ավելի վաղ է հայտարարել՝ դեռեւս 2020 թվականից: Ի՞նչ է իրենից ներկայացնում Փաշինյանի այս նոր «խաղալիքը», որով փորձում է հերթական անգամ զբաղեցնել հայ բազմաչարչար հանրությանը:
Նրա պարզաբանմամբ, որ տվեց փետրվարի 19-ին, «Իրական Հայաստանի» նախագիծը կամ գաղափարախոսությունը պետք է արտահայտվի ՀՀ պետական եւ հանրային կյանքի բոլոր ոլորտներում՝ տնտեսություն, արտաքին քաղաքականություն, կրթություն, մշակույթ եւ այլն: Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ըստ Փաշինյանի, աննախադեպ է եւ հիմնված է 14 հիմնական դրույթների վրա, որոնք սկսվում են «Հայրենիքը պետությունն է. սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունը» նրա հայտնի «ինքնաշեն» բանաձեւով եւ ավարտվում ՝ «Ապագա կա՛- կա՛ ապագա» նրա «անբովանդակ» կարգախոսով, որով խաթարեց բոլորիս թե՛ ներկան, թե՛ ապագան:
Շուրջ մեկ ժամ տեւած իր ուղերձում այս անձնավորությունն այդպես էլ չհստակեցրեց, թե իրավական ինչ կարգավիճակ է ունենալու տվյալ փաստաթուղթը: Արդյոք դրանո՞վ է ուզում փոխարինել ՀՀ անկախության Հռչակագիրը, որն Ալիեւի ու Էրդողանի աչքի փուշն է, թե՞ Սահմանադրության այն հատվածը, որի մեջ Ապշերոնի սուլթանը տարածքային նկրտումներ է տեսնում Հայաստանի կողմից: Ո՞րն է, առհասարակ, ցնդաբանությունների հավաքածու հիշեցնող այդ ուղերձի առաքելությունը: Փաշինյանը «պետականազուրկ ազգի մնացորդային գործելակերպից» ազատվելու մասին էր խոսում՝ ասելով, թե նոր Մայր օրենքի ընդունման ռազմավարական նպատակը «անցումն է պետականազուրկ ազգի ռելիկտային (մնացորդային) գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ»:
Անցում պետականակերտ ժողովրդի գործելակա՞րգ… Դե արի, բան հասկացիր: Բայց սա բոլորը չէ: Ըստ նրա, կա Սահմանադրությունը փոխելու եւս մեկ կարեւոր դրդապատճառ. «Նոր Սահմանադրության ընդունումն էական է, քանի որ գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված բոլոր հանրաքվեները հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս»,- դարձյալ հերյուրում է ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը: Անկեղծ ցանկություն է առաջանում կանգնել դեմառդեմ, նայել այդ մարդու աչքերի մեջ եւ իր իսկ հանգույն ասել. պարոն, Հայաստանում կա լեգիտիմության պակաս ունեցող մեկ մարդ, եւ այդ մեկ մարդը դո՛ւ ես:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Ռուբեն Վարդանյանը փետրվարի 17-ից Բաքվի բանտում հացադուլ է սկսել. Արցախի նախկին պետնախարարը ընտանիքի միջոցով հայտնել է, որ այսկերպ բողոքում է դատական ֆարսի դեմ: Ծավալուն հայտարարությունում նա պատմում է իր իրավունքների կոպտագույն խախտումների, հոգեբանական ճնշումների մասին: «Սա հարված է՝ ուղղված մի ողջ ժողովրդի: Ես հրաժարվում եմ այս ֆարսին մասնակցելուց: Ես դիմում եմ աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Այս գործընթացը ձեր ուշադրությունն է պահանջում: Արդարադատության իմիտացիան ապօրինությունն ու անարդարությունն արդարացնելն է», - հայտարարել է Վարդանյանը:
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը փետրվարի 18-ին իր առանձնատանը հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: ՀԱԿ առաջնորդի մամուլի խոսնակի հաղորդմամբ՝ ավելի քան մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի ներքին իրավիճակին եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Հայաստանի եւ ՌԴ-ի հարաբերությունները շարունակում են լարված մնալ, Երեւանը ՀԱՊԿ-ին անդամությունը դե ֆակտո սառեցրել է, եւ վերադարձն այդ կառույցի գրեթե անհնար է համարում:
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը փետրվարի 15-ին հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Հայաստանի կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ Փաշինյանն առողջություն է մաղթել Մյունխենում օրերս տեղի ունեցած միջադեպից տուժածներին: Կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգը եւ բազմոլորտ համագործակցության խորացման հեռանկարները: ՀՀ գործադիրի ղեկավարը կարեւորել է երկկողմ կապերի ընդլայնումն ու առեւտրատնտեսական կապերի ակտիվացումը:
ՆԱՏՕ-ի պատվիրակության՝ Հայաստան այցի շրջանակում փետրվարի 17-21-ն անցկացվում է «Գործընկերային ներդաշնակված կարողությունների գնահատում» խորագրով վարժանքի առաջին փուլը։ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հաղորդում են, որ վարժանքի նպատակը ՀՀ-ՆԱՏՕ գործակցության ամրապնդումն է։ Վարժանքին ներկա են նաեւ ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր պետությունների ներկայացուցիչներ:
Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը փետրվարի 17-ին հանդիպել է Իրանի առաջին փոխնախագահի՝ տարածաշրջանային համագործակցության եւ միջազգային հարցերով տեղակալ Ալի Նաջաֆի Խոշրուդիի հետ, քննարկել Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին, տարածաշրջանային եւ միջազգային վերջին զարգացումներին վերաբերող հարցեր։ Ըստ Իրանում Հայաստանի դեսպանության՝ երկուստեք կարեւորվել է Երեւան-Թեհրան հարաբերությունները խորացնելու եւ հնարավորինս զարգացնելու անհրաժեշտությունը: Հանդիպումից այլ մանրամասներ դեսպանությունը չի փոխանցում։
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց: Փետրվարի 18-ին դատարանը բավարարեց Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը: Թեեւ մեղադրող կողմը առաջարկում էր եւս երեք ամսով երկարաձգել կալանքը, դատավորն, այդուհանդերձ, Խաչատրյանի կալանքը փոխարինեց գրավով եւ չբացակայելու արգելքով։ Խաչատրյանն ազատ արձակվեց հենց դատարանի դալիճից՝ սահմանված գումարը վճարելու պայմանով։ Գրավը պետք է վճարվի եռօրյա ժամկետում: Գեներալը ձերբակալվել էր 44-օրյա պատերազմին առնչվող գործով եւ հունվարի 5-ին կալանավորվել երկու ամսով: