Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

9-16 մարտի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

Անցած շաբաթավերջին՝ մարտի 9-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հաղորդագրությամբ՝ ողջունելով մոտ ժամանակներս կայանալիք Փաշինյան-Ալիեւ առաջին ուղիղ շփումների պատրաստակամությունը: Միջնորդները դրական գնահատեցին շփման գծում մահվան դեպքերի բացակայությունը, ինչպես նաեւ երկու երկրների բնակչությանը խաղաղության նախապատրաստելու առաջին քայլերը: Միաժամանակ Մինսկի խումբը կողմերին հորդորեց զերծ մնալ այնպիսի հայտարարություններից ու գործողություններից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն, նախապես որոշում են ապագա բանակցությունների արդյունքը կամ ստեղծում նախապայմաններ, առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձեւաչափի փոփոխություն, հնչեցնում ռազմական գործողությունները վերսկսելու հռետորաբանություն:

Եռանախագահները վերստին վկայակոչել են Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքները՝ շեշտելով, որ խնդրի արդար ու տեւական կարգավորումը պետք է հիմնված լինի ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա:

...Հայտարարությունը բավական ծավալուն է եւ ներառում է այն նույն տարրերը, որոնք 2009-2012 թվականներին առաջարկում էին համանախագահող երկրները: Դրանք մեր հանրությանը քաջածանոթ ձեւակերպումներ են՝ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ, Արցախի համար միջանկյալ կարգավիճակ` անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքների տրամադրմամբ, ԼՂՀ-ն Հայաստանի հետ կապող միջանցքի ապահովում, իրավականորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցում, բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք եւ միջազգային անվտանգության երաշխիքներ, «որը կներառի նաեւ խաղաղապահ գործողություն»:

Այս սկզբունքներն ու բաղադրիչները, ըստ համանախագահների, պետք է ընկած լինեն հակամարտության կարգավորման ցանկացած արդարացի, երկարաժամկետ հանգուցալուծման հիմքում եւ ընկալվեն որպես փոխկապակցված ընդհանրություն։ Միջնորդները համապատասխան խնդիրների քննարկումը շարունակելու են նաեւ հակամարտության հետեւանքներն ուղղակիորեն կրող կողմերի հետ՝ կարեւորելով բանակցային գործընթացի հաջողության համար նրանց տեսակետներն ու մտահոգությունները: Այստեղ խոսքը, պաշտոնական Բաքվի եզրութաբանությամբ, «Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքների» մասին է: Այս թեզը, որի սնանկության թեման Հայաստանի վարչապետն արծարծել է Իլհամ Ալիեւի հետ ոչ պաշտոնական հանդիպումներից մեկի ժամանակ, Ադրբեջանի նախագահը եւ այդ երկրի այլ պաշտոնական անձինք հաճախ են շրջանառության մեջ դնում` փորձելով իրավիճակի նույնականության համատեքստում դիտարկել երկրամասի բնիկների ու ազգային փոքրամասնության շահերի ներկայացումը: Եվ սա այն դեպքում, երբ բանակցային գործընթացում վերջիններիս շահերը ներկայացնելու մանդատով օժտված է հենց Իլհամ Ալիեւը, որին նրանք ընտրել են: Մյուս կողմից էլ` բանակցություններին Արցախի մասնակցությունը նոր տարր չէ: Հակամարտության կողմերը` Հայաստան-Ադրբեջան-Արցախ կազմով, միջազգայնորեն ճանաչված ձեւաչափ է, որը 1994-ին ընդունվել է Բուդապեշտի գագաթաժողովում` նորաստեղծ ԵԱՀԿ-ի կողմից: Ցավոք, այսօր նույն կառույցի ՄԽ համանախագահները պատշաճ սկզբունքայնություն չեն ցուցաբերում իրենց իսկ սահմանած եռակողմ բանակցային ձեւաչափի վերականգնման համար, որը բավական արդյունավետ էր: Իսկ ինչ վերաբերում է ԼՂՀ-ի վերջնական կարգավիճակի ապագա հստակեցմանը, հարկ է նկատել, որ այն հստակեցվել է դեռեւս 1991թ. դեկտեմբերի 10-ին` օրինական կարգով անցկացված հանրաքվեի միջոցով:

Երկու երկրների հանրություններին խաղաղության նախապատրաստելու հարցը վերջերս շատ է հոլովվում: Դրան անդրադարձել են նաեւ համանախագահները` ողջունելով այդ ուղղությամբ կատարվող «սկզբնական քայլերը»: Կդժվարանանք մտաբերել, թե ինչ քայլերի մասին է խոսքը, փոխարենը շատ լավ տեսանելի են Ադրբեջանի ապակառուցողական քայլերը` սկսած չդադարող ռազմաշունչ կոչերից, վերջացրած մարտի 11-15-ն անցկացված լայնածավալ զորավարժություններով, որոնք աննախադեպ էին ներգրավված սպառազինությամբ: Ռազմական փորձագետների կարծիքով` Փաշինյան-Ալիեւ հանդիպման շեմին այս զինավարժությունը հայկական կողմի վրա ճնշում գործադրելու նպատակ է հետապնդում:

Իսկ խոշոր հաշվով` չպետք է բացառել, որ պատերազմի ուրվականը մոտենում է մեր տան շեմին:

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 11-ին աշխատանքային այցով Արցախում էր, որտեղ նախ Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ առանձնազրույց ունեցավ Արցախի Հանրապետության (ԱՀ) նախագահ Բակո Սահակյանի հետ, ապա հանդիպումը շարունակվեց ընդլայնված կազմով: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկու հայկական պետությունների ներքին ու արտաքին քաղաքականության, անվտանգության եւ այս ուղղություններով համագործակցության թեմաների շուրջ:

Հաջորդ օրը՝ մարտի 12-ին, Փաշինյանի եւ Սահակյանի համանախագահությամբ, Ստեփանակերտում կայացավ Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, որի օրակարգը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, նվիրված էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում «ներկա իրավիճակի համատեղ գնահատմանն ու համակարգված գործողությունների ուրվագծմանը»:

…Թե ինչու է որոշվել Հայաստանի անվտանգության խորհրդի նիստն անցկացնել հենց Արցախում, միայն ենթադրել կարելի է, թե դա Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի արձագանքն է: «Հանկարծ չմտածեք, թե ինչ-որ մի արտառոց երեւույթ է»,- լրագրողներին ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը՝  խոստանալով մանրամասներ հայտնել Անվտանգության խորհրդի նիստից հետո: Բայց «Հանկարծ չմտածեք»-ը ավելի շուտ մտածելու տեղիք է տալիս, քան՝ հակառակը, որովհետեւ անցնող շաբաթ Արցախի շուրջ իսկապես իրավիճակը բավական զգայուն էր: Պաշտոնական եւ ոչ պաշտոնական որոշ շրջանակներ մտահոգություն հայտնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության առնչությամբ, որտեղ նրանք, ի շարս այլ նկատառումների, հորդորում են զերծ մնալ «ձեւաչափի միակողմանի փոփոխություն» պահանջող հայտարարություններից: Ի դեպ՝ Արցախում տիրապետող կարծիքն այն է, որ դա ոչ մի կապ չունի Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկի հետ: Այնտեղ գրեթե համոզված են, որ համանախագահների խոսքը ՄԽ եռանախագահության ձեւաչափի մասին է եւ կարող է վերաբերվել Ադրբեջանին, ով մի ժամանակ պնդում էր Մինսկի խմբում Թուրքիային ներգրավելու պահանջը:

Այսպես թե այնպես՝ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց, որ Արցախը պետք է ներգրավվի բանակցային գործընթացում: Հատկանշական է, որ Փաշինյանի հայտարարությունը հնչեց Ալիեւի հետ հանդիպումից առաջ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հորդորից անմիջապես հետո: Նա, մասնավորապես, ասել է. «Հարկ եմ համարում ընդգծել, որ Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում մեզ համար քմահաճույք չէ, ոչ էլ առավել եւս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը: Այս դիրքորոշումն արտահայտում է մեր հարգանքը ոչ միայն Արցախի ժողովրդի ու նրա իրավունքների, այլեւ բանակցային գործընթացի մասնակից մեր բոլոր գործընկերների նկատմամբ»: Քաղաքական վերլուծաբաններից շատերի դիտարկմամբ՝ ղարաբաղյան բանակցություններում նոր շրջափուլ է սկսվում: «Ազատության» հետ զրույցում Հակոբ Բադալյանը կարծիք է հայտնել, որ ՀՀ վարչապետի կողմից դրվել է բավական բարձր ու պատասխանատու նշաձող, որից ետ կանգնելն արդեն չափազանց վտանգավոր կարող է լինել Հայաստանի համար:

ԱՀ նախագահն էլ՝ նույնպես ելույթով հանդես գալով համատեղ նիստում, ընդգծել է համազգային օրակարգի անհրաժեշտությունը, որի մասին վերջերս շատ է խոսվում, բայց, ինչպես ասում են, սայլը տեղից չի շարժվում: «Մենք նաեւ այս ընթացքում կարեւորել ենք, որ անհրաժեշտություն կա համազգային օրակարգ ունենալու, եւ ես ավելի քան համոզված եմ, որ այսօրվա մեր համատեղ նիստը նպաստելու է այդ ազգային օրակարգի ձեւավորմանը»,- ասել է Բակո Սահակյանը:

Միաժամանակ նիստում վերահաստատվեց, որ Արցախի անվտանգության ապահովումն ու նրա կարգավիճակը հայկական կողմերի համար եղել եւ մնում են բացարձակ գերակայություններ:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

* * *

Անցնող շաբաթը բավական հագեցած էր: Նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով մարտի 13-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Այցի շրջանակում Վրաստանի նախագահը հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, հյուրընկալվել է Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին: Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մեծ Եղեռնի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝  5-րդ բանակային զորամիավորման N զորամասում երեք փուլով անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն. զորամասը բերվել է մարտական պատրաստության, ապաեւ պայմանականորեն իրականացվել է հարձակողական մարտի նախապատրաստում եւ վարում:

Նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 11-ին ընդունել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրային: Զրուցակիցները կարեւորել են ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի արդյունավետ մասնակցությունը: Մտքեր են փոխանակվել նաեւ տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների վերաբերյալ:

Մարտի 12-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը։ Ավելի վաղ՝ լինելով Բաքվում, նա հայտարարել է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը նախագահության առաջնահերթություններից մեկն է: Երեւանում ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, այնուհետեւ կողմերը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Այցի շրջանակներում Լայչակը հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

 

Միջազգային մամուլ

Ռուսաստանն այլեւս չի կարող համարվել ԵՄ-ի «ռազմավարական գործընկեր» 

Radio Free Europe/Radio Liberty-ի տեղեկացմամբ՝ Եվրախորհրդարանը ներկայացրել է բանաձեւ, որում մասնավորապես ասված է. «Ռուսաստանն այլեւս չի կարող համարվել «ռազմավարական գործընկեր», եւ «ԵՄ-ն չի կարող աստիճանաբար վերականգնել հարաբերությունները, մինչեւ Ռուսաստանն ամբողջովին չկատարի Մինսկի համաձայնագրի իր բոլոր պարտավորությունները (որը նախատեսում է արեւելյան Ուկրաինայում խաղաղության հասնելու գործընթաց) եւ վերականգնի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»:

Խորհրդարանի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի շարունակական խախտումները, ավտորիտար վարչակարգերի ու անջատողական քաղաքական ուժերին ցուցաբերվող օժանդակությունը, ապատեղեկատվության տարածումը եւ ԵՄ-ի ու նրա անդամ պետությունների միջեւ լարվածության բարձրացմանն ուղղված կիբեր-հարձակումները նշանակում են, որ ԵՄ-ը պետք է պատրաստ լինի ընդլայնելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակը: Եվրախորհրդարանի պատգամավորները միաժամանակ մտավախություն են հայտնում, որ «Nord Stream-2» ծրագիրը կարող է ամրապնդել ԵՄ-ի կախվածությունը ռուսական գազամատակարարումներից եւ սպառնալ ԵՄ ներքին շուկային:

 

Իրանը նավեր է փնտրում՝ նավթն արտահանելու համար

Reuters-ը գրում է, որ Իրանը երկրորդ երկրներում նավեր է փնտրում, որպեսզի թարմացնի իր ծերացող նավատորմը եւ կարողանա ապահովել նավթի արտահանումը:

Ըստ լրատվականի աղբյուրների, այն բանից հետո, ինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018թ. նոյեմբերին վերականգնեց պատժամիջոցները՝ կանգ առան Հարավային Կորեայի հետ մինչեւ 10 նոր նավթային տանկերներ ձեռք բերելու համար ընթացող բանակցությունները, իսկ Պանաման իր ռեեստրից հանեց առնվազն 21 իրանական նավ, եւ Թեհրանն այժմ ստիպված լրացուցիչ նավեր է փնտրում Վիետնամում: «Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իրանի նավահանգիստների, էներգետիկայի եւ նավթային ոլորտների նկատմամբ, սակայն բացառություն է արել նավթի ութ խոշորագույն պատվիրատուների՝ այդ թվում Չինաստանի, Հնդկաստանի եւ Ճապոնիայի համար, որպեսզի նրանք շարունակեն իրանական իրանական նավթ գնել»,- հաղորդում է պարբերականը: Օգտագործված նավերի հավանական վաճառողները, ըստ թերթի, ավելի մեծ զգուշավորություն են դրսեւորում այն բանից հետո, երբ հունական գործակալությունը, որն օգնել էր Իրանին նախորդ պատժամիջոցների ժամանակ տանկերներ գնել, հայտնվեց սեւ ցուցակում: Արեւմտյան ապահովագրողները նույնպես ձեռնպահ են մնում՝ բարդացնելով ԱՄՆ-ի պատժամիջոցներից դուրս մնացած գնորդներին նավթ արտահանելու՝ Իրանի փորձերը:

Haaretz-ի փոխանցմամբ՝ Իսրայելը զգուշացրել է, որ իր նավատորմը կարող է գործել Իրանի դեմ, եթե նա փորձի մաքսանենգ ճանապարհով նավթ արտահանել` օգտագործելով պատժամիջոցների նախորդ փուլում կիրառած գաղտնի միջոցները:

The Wall Street Journal-ն էլ հայտնում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նավթ արդյունաբերողներին կոչ է արել համագործակցել Թրամփի վարչակազմի հետ՝ նպաստելու ԱՄՆ արտաքին քաղաքական շահերին հատկապես Ասիայում ու Եվրոպայում եւ պատժելու այսպես կոչված՝ «վատ դերակատարներին», որպեսզի ԱՄՆ-ը, իբրեւ նավթագազային գերտերություն, օգտագործի իր հզորացող կարգավիճակը՝ հակառակորդներին հակազդելու եւ ողջ աշխարհում ազատ առեւտուրն ու ժողովրդավարությունը խթանելու համար: Մայք Պոմպեոն, ըստ պարբերականի, ասել է. «Մենք հավատարիմ ենք իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնելու մարտավարությանը՝ այն արագությամբ, որը թույլ կտան շուկայական պայմանները»:

 

Պատրաստեց Մարինա Մուրադյանը

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: