Չորեքշաբթի, Հունիսի 03, 2020

Շաբաթվա անցուդարձ

7-14 մարտի

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Ազգային ժողովի նախորդ քառօրյայում առաջին ընթերցմամբ ընդունվել էր տարբեր հարթակներում երկու տարուց ավելի հանրային քննարկումներ անցած` «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» եւ հարակից օրենքների» նախագծերի փաթեթը, որով ակնկալվում է կատարելագործել ապօրինի ծագում ունեցող գույքը տնտեսական շրջանառությունից հանելու օրենսդրական գործիքակազմը։

Օրինագծի իրավական մեխանիզմը թույլ է տալիս բռնագանձել այն գույքը, որի ձեռքբերումը նախատեսված էական ծավալներով չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Օրենքը նախատեսում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հնարավորություն, եթե դրա արժեքը գերազանցում է 50 միլիոն ՀՀ դրամը։ Նախագիծը նպատակ է հետապնդում որդեգրել միջազգային պայմանագրերով եւ միջազգային կառույցների խորհրդատվական բնույթի փաստաթղթերով առաջարկվող լավագույն չափանիշները հանցավոր ակտիվների շրջանառության դեմ պայքարի ոլորտում:

…Միանգամից նկատենք, որ օրինագիծը բավական «փշոտ» ճանապարհ է կտրել` սկզբնավորվելով դեռեւս նախկին Հանրապետական իշխանության օրոք եւ անցնելով աղմկոտ քննարկումների փուլ: Միաժամանակ դրա ընդունումը Հայաստանի միջազգային պարտավորությունն է, հետեւաբար հետդարձի ճանապարհ, կարծես թե, չկա: Թե ինչու նախկին իշխանությունները չէին շտապում այն դնել գործածության մեջ` այլ թեմա է, որին մեկ այլ հարմար առիթով, հնարավոր է, կանդրադառնանք: Ամեն դեպքում ներկայիս Կառավարությունը կարեւոր է համարում շարունակել նախորդի «կիսատ թողած» գործը եւ ստեղծել օրենսդրական մեխանիզմ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման համար` չնայած «Հանրային ծառայության մասին» օրենքով այդ ուղղությամբ արդեն առկա է իրավակարգավորումների որոշակի հիմք:

Որպես անցումային արդարադատության մաս դիտարկվող` առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման էությունը, ըստ ոլորտի պատասխանատուների, հետեւյալն է՝ եթե կոռուպցիոն որեւէ գործով անցնող քաղաքացու մոտ իրավապահները կնկատեն ստացած եկամուտների եւ տիրապետած գույքի 25 միլիոն դրամից ավելի տարբերություն, ապա կարող են գույքը բռնագանձելու քաղաքացիական հայցով դիմել դատարան: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հավաստմամբ՝ օրենքի թիրախում են կոռուպցիայի մեջ ներգրավված ներկա կամ նախկին պաշտոնատար անձինք, փողերի լվացմամբ զբաղվողներն ու հանցավոր խմբավորումների անդամները, մի խոսքով` հիմնականում կոռուպցիոն բնույթի հանցագործությունները: «Այստեղ լինելու են նաեւ քրեական ենթամշակույթին առնչվող հոդվածները. այս շրջանակից դուրս որեւէ մեկը չի կարող հայտնվել օրենքի կարգավորման դաշտում, բացառությամբ այն դեպքերի, եթե տվյալ անձի անունով արհեստականորեն, օրինակ, ձեւակերպվել է գույք»,- հավելել է Բադասյանը:

Սակայն, չնայած պաշտոնական պարզաբանումներին, թե խնդրո առարկա նախագիծը որեւէ վտանգ չի ներկայացնում արդար վաստակով որոշակի դրամագլուխ կուտակած եւ համապատասխան գույք ունեցող անձանց համար, հանրության միջավայրում այն արդեն կնքվել է «կուլակաթափության օրենք» բնորոշմամբ: Դրա մասին կարծիք հայտնողների մեջ զգալի թիվ են կազմում մարդիկ, որոնց համոզմամբ` այդպիսով դրվում է մասնավոր սեփականության վերաբաշխման իրավական հիմքը, ինչը ցանկացած հեղափոխության անկապտելի մասն է: Ահա թե որտեղ է թաղված «շան գլուխը»: Եթե ներդրվող իրավական նոր մեխանիզմը, հիրավի, ծառայելու է որպես հանրությունից ու պետությունից խլվածը վերադարձնելու գործիք` միայն ողջունել կարելի է: Սակայն հետեւանքները կարող են աղետալի լինել, եթե այդ մեխանիզմը իշխանության ձեռքում մահակ ծառայի անհաճո անձանց պատժման կամ, որ ավելի վտանգավոր է, սեփականության վերաբաշխման համար: Չպետք է երբեք մոռանալ, որ սեփականության անձեռնմխելիությունը ցանկացած պետության կայունության երաշխիքն է:

Կա նաեւ երրորդ վտանգը, որից ՖԲ-յան իր էջում զգուշացնում է Արդարադատության նախկին նախարար, իրավագետ Արփինե Հովհաննիսյանը: Նա գրում է. «Նախագիծն այս տեքստով, այս լուծումներով ոչ միայն խնդիրներ է ստեղծելու ՀՀ քաղաքացների համար` ոտնձգելով նրանց սեփականության իրավունքին, անմեղության կանխավարկածին, մի շարք այլ իրավունքներին ու երաշխիքներին, այլեւ հետագայում մեջքով շրջվելու է դեպի պետությունը»: Քաղաքացիների իրավունքների ոտնահարումները եւ, առավելապես, օրենքի «սելեկտիվ» կիրառումները պետության ամոթն են:

Հուսանք, որ օրենքի ուժ ստանալուց հետո այն իշխանությունների մոտ քաղաքացու իրավունքների քամահրման, օրենքի ընտրովի կիրառման գայթակղություն չի առաջացնի:

 

Շաբաթվա ամենաքննարկվող թեմաներից մեկն էլ մետրոյում օրերս տեղի ունեցած միջադեպն էր: Վարչապետի նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ նա «Այո»-ի բուկլետներ էր բաժանում, ուղեւորներից մի երիտասարդ աղջիկ բուկլետը պատռեց եւ նետեց վարչապետի կողմը, ինչին Փաշինյանն արձագանքեց. «Նորմալ է, մենք հարգում ենք ձեր տեսակետը, ժողովրդավարությունը հենց դրա համար է»։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան «լայվ» է մտել Երեւանի Մետրոպոլիտենից եւ կից կատարել հետեւյալ գրառումը. «Քարոզարշավ եմ անում Մարիամի եւ Շուշանի հետ»։ Փաշինյանը ապրիլի 5-ին նշանակված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավի շրջանակում դստրերի հետ մետրոյի ուղեւորներին «Այո»-ի բուկլետներ էր բաժանում:

…Դեպքից հաշվված րոպեներ անց, ինչպես նաեւ հաջորդ օրերին սոցցանցային աղմուկը չէր դադարում: Հանդուգն աղջկան թուքումուր տվողների պակաս չկար` «անամոթ», «տխմար», «անդաստիարակ», «լկտի» եւ նմանօրինակ այլ վիրավորական պիտակներ, ծաղրանկարներ եւ այլն: Իհարկե` կային նաեւ բուկլետ պատռողի արարքին ըմբռնումով մոտեցողներ: Հավանաբար` աղջիկը մեկն էր ՀՀ այն քաղաքացիներից, որոնք չեն ընդունում վարչապետի պոպուլիստական հռետորաբանությունը կամ, պարզապես, անտարբեր են ապրիլի 5-ին նշանակված Հանրաքվեի հանդեպ` համարելով, որ այն հանրորեն պահանջված չէ: Դժգոհության, եթե չասենք՝ չարության, այլ պատճառներ եւս կարող էին լինել` կապված, օրինակ, «մետրոյի աղջկա» կամ նրա ընտանիքի հանդեպ ենթադրյալ անարդարության, անտարբեր վերաբերմունքի տարաբնույթ դրսեւորումների հետ: Ի՞նչ իմանաս, թե ինչ ցավ կա մարդու հոգում:

Մյուս կողմից էլ` եթե ուզում եք ճիշտն իմանալ, աղջկա վարվելաձեւը միանգամայն համարժեք էր երկրում առկա ատելության ու կեղծիքի մթնոլորտի տրամաբանությանը: Եթե երկրի վարչապետն իրեն կարող է թույլ տալ անհաճո ընդդիմախոսներին պիտակել «շնաբարո վնգստացող դուրսպրծուկներ» բնորոշմամբ, խոսել «ասֆալտին փռելու» կամ «պատերով տալու» լեզվով, էլ ինչ կարելի է սպասել միջին վիճակագրական քաղաքացուց: Առավել եւս՝ երիտասարդ, լուսավոր ապագայի հույսեր փայփայած, բայց ինչ-ինչ անիրավություններից, «գաղջից» միգուցե հուսախաբություն ապրած երիտասարդ կնոջից: Ահա թե ֆեյսբուքյան իր էջում ինչ է գրում «Ոչ»-ի շտաբի հիմնադիր, իրավապաշտպան Արսեն Բաբայանը. «Նայեցի մետրոյում տեղի ունեցածը: Իսկապես տհաճ տեսարան էր: Ինձ համար անընդունելի են մերժման այդպիսի դրսեւորումները... Բայց հիշելով, թե իշխանության վերնախավը որքան մեծ ատելություն է տարածում հանրության շրջանում, հասկանում եմ, որ դժվար է քննադատել այդ աղջկան»:

Կարող է տարօրինակ թվալ, բայց ոմանք չեն բացաոում, որ մետրոյում տեղի ունեցածը «իմքայլականների» թիմի կողմից լավ մտածված բեմադրություն էր եւ նպատակ ուներ ապացուցելու, թե որքան ժողովրդավար, ներողամիտ ու հանդուրժողական է Փաշինյան-գործիչը` հատկանիշներ, որոնք բացակայում էին նախորդ ղեկավարների վարքագծում: Ինքը` վարչապետը կատարվածը համարում է «Այո»-ի ամենամեծ քարոզչությունը: «Այդ աղջկան ոչինչ չի սպառնում, նրան անգգույշ չեն քաշքշում մոտակա զուգարանում, նա շարունակելու է ապրել իր բնականոն կյանքով, ազատ արտահայտելու է իր տեսակետը, աշխատանքից չի ազատվելու, որովհետեւ ապրում է եւ ապրելու է Ազատ ու Երջանիկ Հայաստանում»,- Ֆեյսբուքի իր էջում այսպիսի գրառում է կատարել Փաշինյանը:

Թատրո՞ն էր «մետրոն», թե` ոչ, դժվար է ասել, բայց վարչապետի գործողություններում երկակի չափորոշիչների առկայությունը քանիցս նկատված փաստ է: Մի դեպքում նա կարող է իր վրա բուկլետի պատառոտված կտորներ նետողի արարքը նորմալ համարել` միանգամայն իրավացիորեն դրանում տեսնելով ժողովրդավարության տարրեր: Իսկ մեկ այլ դեպքում խիստ զայրանալ եւ պատմություն սարքել լրագրողի հարցում հնչած «սորոսական» բառից, ինչպես դա եղավ Կապանում այս տարվա հունվարի 25-ին տեղի ունեցած ասուլիսում: Կամ մի՞թե տարօրինակ չէ, որ «մետրոյի աղջկա» վարմունքի մեջ «թավշյա» հեղափոխության դրական արդյունք տեսնող անձը նույնը չի տեսնում, ասենք, Սահմանադրական դատարանի պարագայում: Չէ՞ որ իրապես անկախ ՍԴ-ն եւս հեղափոխության կարեւոր նվաճումներից կարելի է համարել, որովհետեւ դա՛ է պետության ժողովրդավարության ամենակարեւոր առհավատչյան: Ինչեւէ:

Այն, ինչ կատարվեց երեւանյան մետրոյում, պետական կառավարման համակարգի նկատելի խեղաթյուրումները կասեցնելու, հասարակության գունաբաժանումն ու ատելության սերմանումը դադարեցնելու առաջին հուզական պոռթկումն էր: Միգուցե` չգիտակցված, բայց առաջին լուրջ ազդանշանը, որ այսպես շարունակել այլեւս չի կարելի՝ թշնամին մեր դարպասների մոտ է: Եվ այդ միջադեպը ոչ թե աղջկան ծաղրելու կամ «անարգանքի սյունին գամելու» առիթ պետք է լիներ, այլ` բոլորիս մեծ ու ընդհանուր ընտանիքի՝ Պետության մասին լրջորեն մտորելու:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունները` մի քանի տողով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ին աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել՝ Եվրոպական միության կառույցներ։  Հայաստանի վարչապետը հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։ Բրյուսել այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաեւ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկի հետ։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Կանանց տոնի նախօրեին նախագահական նստավայրում հյուրընկալել է հանրորեն ճանաչված մի խումբ կին մտավորականների՝ ցեղասպանագետ, դոկտոր-պրոֆեսոր Վերժինե Սվազլյանին, Մատենադարանի ավագ գիտաշխատող, Երկրորդ Համաշխարհային պատերազմի մասնակից Մարգարիտա Դարբինյանին, երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Գեղունի Չթչյանին, Երկրորդ Համաշխարհային պատերազմի վետերան Ռոզալիա Աբգարյանին:

Մարտի 8-ի եւ կանանց միամսյակի առթիվ նախագահական նստավայրում կազմակերպվել է նաեւ տոնական ընդունելություն, որի ժամանակ՝ շնորհավորելով նախագահի աշխատակազմի կանանց եւ աղջիկներին, Արմեն Սարգսյանը նրանց հանձնված տոնական ծաղիկների հետ միասին հղել է իր բարեմաղթանքները:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում մարտի 10-ին տվեց «Այո»-ի ակտիվ քարոզարշավի մեկնարկը՝ այն սկսելով Սյունիքի մարզից: Փաշինյանն այցելել է Կապան, Քաջարան, Մեղրի քաղաքներ, հանդես եկել նախընտարական ելույթով, շրջել գյուղական մի շարք համայնքներում ու «Այո»-ի քարոզչական բուկլետներ բաժանել քաղաքացիներին՝ նրանց կոչ անելով ապրիլի 5-ին «Այո» ասել հանրաքվեին:

Վարչապետին ուղեկցում էին նրա տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Հարավարեւելյան հատվածում տեղակայված ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ մարտի 10-ին հակառակորդի կրակոցի հետեւանքով կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, 1994 թվականին ծնված շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը։ Այդ մասին տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջը։

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում Զոհրաբ Սիանոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

Մայիսի 29 2020
Մայիսի 23 2020
Մայիսի 15 2020
Մայիսի 09 2020
Ապրիլի 25 2020
Ապրիլի 18 2020
Ապրիլի 11 2020

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: