Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Անցած շաբաթավերջին մի խումբ քաղաքացիներ ու քաղաքացիական նախաձեռնություններ «Մերժիր Սերժին» կարգախոսով նստացույց իրականացրին՝ փակելով Երեւանի Մաշտոցի պողոտան եւ Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները։ Նրանց պահանջը մեկն էր՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ից հետո չպետք է առաջադրվի վարչապետի թեկնածու. «Սարգսյանի կառավարման տասը տարիներին Հայաստանը բոլոր ոլորտներում հետընթաց է արձանագրել»,- փաստում էին ցույցի մասնակիցները: Մոտավորապես 20 րոպե տեւած նստացույցից բացի, ցուցարարները երթով շրջեցին մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով, հասան իշխող Հանրապետական կուսակցության գլխավոր գրասենյակ եւ, նույնիսկ, պաստառներ փակցրին մուտքի դռանն ու պատերին: Բողոքի բոլոր գործողությունները, բարեբախտաբար, անցան առանց ոստիկանական խոչընդոտների։
…Քաղաքացիական նախաձեռնության կազմում հիմնականում երիտասարդներ էին, հասարակական տարբեր կառույցների ներկայացուցիչներ ու ակտիվիստներ։ Ինչպես հայտնի է, ապրիլի 9-ին, երբ կավարտվեն Սերժ Սարգսյանի` որպես ՀՀ նախագահի, լիազորությունները, Ազգային ժողովի խմբակցությունները մեկշաբթյա ժամկետում վարչապետի թեկնածուներ են առաջադրելու, իսկ ընտրությունը կայանալու է վերջնաժամկետի հաջորդ օրը՝ պատգամավորների բաց քվեարկությամբ։ Թեեւ հանրապետականները հայտարարում են, թե իրենց թեկնածուի հարցը դեռ չեն քննարկել, սակայն ցույցի մասնակիցների համոզմամբ՝ վարչապետ դառնալու է Սերժ Սարգսյանը, որը, նոր Սահմանադրության համաձայն, առնվազն մինչեւ 2022-ը կշարունակի ղեկավարել երկիրը։ Մի գործիչ, ում նախագահության տասը տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթել է շուրջ 400 հազար քաղաքացի, աղքատության մակարդակը զգալիորեն աճել է, արտաքին պարտքն ավելացել 5 միլիարդ դոլարով, իսկ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմում երկիրը կորցրել է ավելի քան 800 հեկտար տարածք: Ահա թե ինչու պետության փաստացի առաջին դեմքի կարգավիճակում Սարգսյանի հետագա պաշտոնավարման դեմ Հայաստանում դիմադրության օջախներ են առաջանում: Ընդդեմ վերջինիս վարչապետության` փողոցային պայքարի ծրագրային քարտեզ է մշակել ընդդիմադիր «Ելք» դաշինքին մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որին, սակայն, չեն միանա դաշինքի մյուս երկու քաղաքական ուժերը` «Հանրապետությունը» եւ «Լուսավոր Հայաստանը»: Իշխանության ներկայացուցիչները շտապեցին ազդարարել «Ելք»-ում ներդաշինքային խմորումների սկիզբը, բայց այդ մասին` մեկ այլ առիթով: Փողոցային պայքարի մարտավարություն է ընտրել նաեւ արտախորհրդարանական մի շարք կուսակցություններ միավորած «Հանուն Հայաստան պետության» ճակատը: Նախաձեռնության անդամ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը նույնպես անցած շաբաթ օրը երթի շարքերում էր։ Նրա խոսքով` քաղաքացիների պահանջը տրամաբանական է, եւ Սարգսյանի «երրորդ ժամկետի» դեմ պայքարող նախաձեռնությունները կարող են հանդես գալ մեկ միասնական ճակատով։ Ցավոք, «միասնական ճակատ» կոչվածը հայաստանյան ընդդիմության ամենախոցելի տեղն է: Կստացվի՞ գոնե այս անգամ հաղթահարել հատվածապաշտության համախտանիշը` ցույց կտա մոտալուտ ժամանակը:
Մարտի 26-ին Ազգային ժողովում մեկնարկեցին «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգի, ինչպես նաեւ դեղերի ու դեղանյութերի հաշվառման կարգի սահմանման մասին» թեմայով «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները։ Ինչպես հայտնի է, Կառավարության որոշմամբ` մարտի 1-ից հակաբիոտիկ, հորմոններ ու կոդեին պարունակող դեղեր գնելու համար քաղաքացին պետք է բժշկի դեղատոմս ունենար։ Միայն դեղատոմսերով դեղերի վաճառքն առաջացրել էր քաղաքացիների, մի շարք բժիշկների ու դեղատնատերերի դժգոհությունը: Կառավարությունը մասնակի կասեցրել էր մարտի 1-ից գործող դեղորայքի` դեղատոմսերով վաճառքի որոշումը:
…Խորհրդարանական լսումների ժամանակ շատ պատգամավորներ մտահոգություն հայտնեցին, որ առանց դեղատոմսերի դեղերի վաճառքի արգելումը կխթանի «ստվերի» աճը ոլորտում: Այսինքն` արգելված դեղերը, նրանց կարծիքով, շատ արագ կհայտնվեն «սեւ» շուկայում` ստեղծելով ստվերային հնարավորություններ: Մամուլում արդեն լուրեր են տարածվել «սեւ» շուկայում հայտնված դեղերի մասին, ձերբակալվել են մարդիկ, որոնք անօրինաբար վաճառքի էին հանել դեղատոմսերով իրենց բաշխված դեղերը: Կառավարության սահմանած նոր կարգի եւ լսումների մասնակիցների հարցերի շուրջ պարզաբանումներ էր տալիս առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը. «Երբ այս կարգը չկար, նախարարությանը մեղադրում էին, որ շուկայում վերահսկողություն չենք իրականացնում, եւ դեղերը, որոնք պիտի դեղատոմսով դուրս գրվեին, ազատ վաճառքի են հանված: Տվյալ դեպքում, կարծում եմ, որ Կառավարության որոշումը, դրա վատ կամ լավ լինելը պայմանավորված են մի շարք շահագրգիռ խմբերի վրա ուղղակի ազդեցությամբ»,- նշել է փոխնախարարը: Կարելի է համաձայնել քննարկման ընթացքում ընդգծված այն մտքին, որ սույն որոշման նպատակները գուցեեւ բարի են, բայց` միաժամանակ թերի: Այն խուճապ է առաջացնում հասարակության, բուժհաստատությունների ու դեղատների աշխատակիցների շրջանում, որոնք զգուշանում են մասնավորապես դեղերի ապօրինի վաճառքի վտանգներից: Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն, օրինակ, վստահ է, որ Կառավարության որոշման տակ այլեւայլ վտանգներ են թաքնված. «Սրանով մենք դեղի մաֆիայի առջեւ կանաչ ճանապարհ ենք բացելու: Որովհետեւ գաղտնիք չէ, որ ունենք բազմաթիվ, այսպես ասենք՝ դեմքեր, ովքեր դեղ են ներկրում, ունեն իրենք հիվանդանոցներն ու դեղատները, ուրեմն եւ իրենց հիվանդանոցներից էլ մարդկանց ուղղորդելու են դեպի այն դեղատները, որտեղ իրենց ներկայացուցիչը տալու է տվյալ օլիգարխի ներկրած դեղը: Ո՞վ չի հասկանում, թե ինչի է տանելու, ինչ մենաշնորհի է տանելու այս համակարգը»,- ասել է Զոհրաբյանը: Փոխնախարարն անընդհատ հորդորում էր խնդիրը չքաղաքականացնել. «Մեկ բացասական ասելուց` մի մոռացեք 10 դրականը եւս նշել»,- բոլոր կոշտ հարցերին այսպես էր արձագանքում Խաչատրյանը: Ինչ ասել կուզի` անորոշություններ, անշուշտ, կան Կառավարության խնդրո առարկա որոշման համատեքստում: Հանրությանը մնում է առայժմ մխիթարվել նրանով, որ արդեն հոկտեմբերից միայն դեղատոմսերով վաճառվելու է Հայաստանում գրանցված ավելի քան 4 հազար անուն դեղերի ուղիղ կեսը: Մյուս կեսը` ամենից առօրեականն ու կենսականորեն անհետաձգելին, կարելի կլինի ձեռք բերել ազատ վաճառքից: Համենայն դեպս՝ այդպես էր պնդում ոլորտի պատասխանատուն:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Միջազգային մամուլ
Ռուսաստանի լրտեսների ամենամեծ հավաքական արտաքսումը պատմության մեջ
The Guardian-ը գրում է, որ մարտի 26-ին ավելի քան 20 արեւմտյան դաշնակիցներ պարտադրել են տասնյակ ռուս դիվանագետների արտաքսումը` ի պատասխան Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած հարձակման: «Ցուցաբերած համերաշխությունը Սառը պատերազմից հետո Արեւմուտքի կողմից ռուսական հետախուզական ցանցերին հասցված ամենամեծ հարվածն է: Ավելի քան 100 ռուս դիվանագետներ, որոնք մեղադրվում են արեւմտյան երկրներում լրտեսության լինելու մեջ, վերադառնալու են Մոսկվա՝ ռուսական հետախուզության նախկին պաշտոնյա Սերգեյ Սկրիպալին եւ նրա դուստր Յուլիային մարտի 4-ին Սալիսբերիում քիմիական զենքի օգտագործմամբ սպանելու հարցում համաձայնեցված պատասխանի արդյունքում»,- գրում է թերթը:
Ինչպես տեղեկացնում է Bloomberg-ը, Միացյալ Թագավորությունն ուշադրություն է դարձնում Պուտինին եւ նրա օլիգարխներին: «Լոնդոնում, հատկապես անշարժ գույքի մեջ, միլիոնավոր ներդրումներ կատարող հարուստ ռուսներ կան, որոնք կարող են նաեւ Պուտինի դաշնակիցները լինել: Կան նշաններ, որ Միացյալ Թագավորության կառավարությունն ուղիներ է փնտրում այդ օլիգարխներին թիրախավորելու համար»,- շեշտում է պարբերականը: Այդ հարուստ ռուսները, ըստ հոդվածագրի, սովորաբար դիմում են «Tier 1» (Ներդրողների) վիզայի համար, որը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են Մեծ Բրիտանիայում 2 միլիոն կամ ավել ֆունտի ներդրումներ կատարել: Մեյը խոսել է «ապօրինի եւ կոռումպացված ֆինանսների մասին» եւ ակնարկել, որ կարող է խստացնել այն կանոնները, որոնք թույլ են տալիս արտասահմանցի քաղաքացիներին դիմել այդ վիզաների համար:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Բրիտանիան հակաքարոզչական պատերազմ կսկսի Ռուսաստանի դեմ, երբ Թերեզա Մեյը ներկայացրեց նոր պաշտպանական ծրագիրը: The Telegraph-ը հայտնում է, որ վարչապետը հետախուզական ծառայություններին հանձնարարել է օգտվել սոցիալական լրատվամիջոցներից` հակազդելու ապատեղեկատվությանը, քանի որ խոստացել է օգտագործել «մեր տրամադրության տակ եղած ամեն հնարավորություն` Մեծ Բրիտանիային սպառնացող վտանգը հաղթահարելու համար»:
Նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է 60 ռուս պաշտոնյաների արտաքսումը եւ Սիեթլում Ռուսաստանի հյուպատոսության փակումը: ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է հաշվետու լինի իր ապակայունացնող վարքի համար. «Մարտի 4-ին Ռուսաստանը օգտագործել էր ռազմական քիմիական գազ՝ փորձելով սպանել Բրիտանիայի քաղաքացու եւ նրա դստերը Սալիսբերիում: Մեր դաշնակից Միացյալ Թագավորության վրա կատարած այս հարձակումը բազմաթիվ անմեղ զոհերի կյանքը վտանգի տակ դրեց եւ լուրջ վնաս պատճառեց երեք անձանց, այդ թվում` ոստիկանության աշխատակցին: Քիմիական զենքի կիրառման կոնվենցիայի եւ միջազգային իրավունքի խախտման համար այսօր Միացյալ Նահանգներն արտաքսում է 48 ռուս պաշտոնյաների, որոնք ծառայում են Միացյալ Նահանգներում Ռուսաստանի երկկողմ առաքելությանը: Մենք նաեւ պահանջում ենք, որ Ռուսաստանի կառավարությունը մինչեւ 2018թ. ապրիլի 2-ը փակի իր հյուպատոսությունը Սիեթլում: Մենք այս գործողություններն իրականացնում ենք Միացյալ Թագավորության հետ մեր անխախտ համերաշխության դրսեւորման եւ Ռուսաստանի կողմից միջազգային նորմերի շարունակական խախտումների հանդեպ լուրջ հետեւանքներ առաջացնելու համար... Միացյալ Նահանգները կոչ է անում Ռուսաստանին ընդունել պատասխանատվությունը իր գործողությունների համար եւ աշխարհին ցույց տալ, որ կարող է կատարել իր միջազգային հանձնառություններն ու պարտականությունները որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ` միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման համար»:
Թուրքիա-ԵՄ առաջնորդների հանդիպումը
2018 թվականի մարտի 26-ին Բուլղարիայի Վառնա քաղաքում տեղի ունեցավ ԵՄ-Թուրքիա առաջնորդների հանդիպումը: ԵՄ-ը ներկայացնում էին Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը եւ Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը:
Առաջնորդները լայնածավալ քննարկումներ են ունեցել ԵՄ-Թուրքիա հարաբերությունների եւ առաջիկա զարգացումների մասին: Նրանք մասնավորապես քննարկել են միգրացիոն հոսքերի կառավարման վերաբերյալ գործակցությունը, ահաբեկչության դեմ պայքարի ընդհանուր շահերը, Թուրքիայում օրենքի գերակայությունը, Թուրքիայի վերջին գործողությունները Արեւելյան միջերկրածովյան ու Էգեյան ծովում եւ Թուրքիայի ներգրավվածությունը Սիրիայում:
Politico-ն գրում է. «Սկսած Էրդողանի կողմից Թուրքիայի ժողովրդավարական ինստիտուտների ապամոնտաժումից մինչեւ Թուրքիայի կողմից Սիրիայում քրդական ուժերի վրա հարձակմանն ուղղված փորձը, ԵՄ ղեկավարները մտավախություն ունեն, որ Անկարան ավելի շատ խնդիր է դարձել, քան գործընկեր»: Սակայն, չնայած այդ ամենին`«երկու կողմերն էլ ունեն փոխադարձ կախվածություն»:
«Թուրքիան պետք է Եվրոպային փախստականների հարցով երկամյա պայմանագիրը պահպանելու համար, ինչը խիստ կարեւոր է սիրիացի փախստականների ԵՄ մուտքը կառավարելու համար... Այն, ինչ Էրդողանը ստանում է ԵՄ-ից, կարող է ամփոփվել մեկ բառով`գոյատեւում: Մոռացեք Էրդողանի`Եվրոպայի հակաթուրքական «ահաբեկիչների» մասին հռետորաբանությունը: Իրողությունն այն է, որ Թուրքիան գրեթե լիովին կախված է ԵՄ-ից`տնտեսությունը պահպանելու համար»:
Հանդիպումից առաջ Էրդողանը պնդում էր. «ԵՄ անդամակցությունը մնում է մեր ռազմավարական նպատակը»: Սակայն, ինչպես գրում է հեղինակը, «նման մեկնաբանությունները, որոնք չեն համընկնում վերջին տարիների Անկարայի գործողությունների հետ, նպատակ են հետապնդում Թուրքիայի ընտրախավին եւ ֆինանսական շուկաներին հուսադրել, որ, չնայած վերջին ցնցումներին, երկիրը մնում է Արեւմուտքին նվիրված»:
Կիմ Չեն-ընի այցը Չինաստան
The Telegraph-ի տեղեկացմամբ՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդը մեկնել է Պեկին` հանդիպելու Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինին: «Հյուսիսային Կորեայի առաջնորդի ուղեւորությունը իշխանության գալուց հետո առաջին ճամփորդությունն է եւ արտասահմանյան պետությունների ղեկավարների հետ ունեցած առաջին հանդիպումը, որը տեւել է կիրակիից չորեքշաբթի»,- հայտնում է պարբերականը: Պաշտոնական աղբյուրների համաձայն, Կիմ Չեն-ընը Սի Ցզինպինին ասել է, որ ինքը պատրաստ է ազատվել միջուկային զենքերից եւ վերահաստատել նախագահ Դոնալդ Թրամփի հետ գագաթաժողով անցկացնելու պատրաստակամությունը: «Կորեական թերակղզու միջուկային զենքերի զինաթափման հարցը կարող է լուծվել, եթե Հարավային Կորեան եւ Միացյալ Նահանգները մեր ջանքերին արձագանքեն բարի կամքով, ստեղծեն խաղաղության եւ կայունության մթնոլորտ՝ խաղաղության հաստատման համար համաժամանակյա միջոցներ ձեռնարկելով», - ասել է Կիմ Չեն-ընն իր այցի ընթացքում:
The Telegraph-ը հաղորդում է նաեւ, որ Չինաստանը հանդիպումների մասին զեկուցել է ԱՄՆ նախագահին: Ի պատասխան՝ Սպիտակ տունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Միացյալ Նահանգները սերտ կապի մեջ է մեր դաշնակիցներ Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի հետ: Մենք տեսնում ենք այս զարգացումը որպես հերթական ապացույց առ այն, որ առավելագույն ճնշման մեր քաղաքականությունը Հյուսիսային Կորեայի հետ երկխոսության համար նպաստավոր մթնոլորտ է ստեղծում»:
Պատրաստեց Մարինա Մուրադյանը