Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

19-26 մարտի

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը մարտի 21-ին նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ՝ ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Հեղինակն ընդդիմադիր խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն է: Լսումներին մասնակցել են Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների գործող եւ նախկին պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, քաղաքագետներ:

Բացելով միջոցառումը՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն անդրադարձել է հետպատերազմյան Հայաստանում եւ Արցախում առկա իրավիճակին, ՀՀ կողմից վարվող արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային մարտահրավերներին եւ անվտանգային խնդիրներին, իշխանությունների գործելաոճին: Նա ընդգծել է քննարկվող նախաձեռնության կարեւորությունը:

 

Մեկնաբանությունը

Իշխանական թեւից ոչ ոք Ազգային ժողովի լսումներին չէր մասնակցում, փոխարենը ներկա էին Արցախի խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ, քաղաքագետներ, փորձագետ-վերլուծաբաններ: Իշխանություններին՝ մասնավորաբար վարչապետին, ՀՀ ԱԺ նախագահին եւ արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանատուներին հասցեագրված հարցերը մնացին անպատասխան: Այդ պահին, երբ ընթանում էին լսումները, ՔՊ-ն՝ իր առաջնորդի գլխավորությամբ, ԱԺ մեկ այլ դահլիճում դռնփակ խորհրդակցություն էր անցկացնում, որի օրակարգի մասին հանրային ծանուցում չեղավ:

Ընդդիմադիր շրջանակներում տարածվում են լուրեր, համաձայն որոնց՝ իշխանությունները պատրաստվում են գնալ նոր զիջումների, ինչը փորձում են անել ժողովրդի աչքից հնարավորինս աննկատ: Ոմանք գաղտնի պայմանավորվածությունների ծիրում են դիտարկում անգամ ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի, այսպես կոչված, 5 սկզբունքները: Դա նկատելի էր առանձնապես այն բանից հետո, երբ լրագրողների հարցին ի պատասխան՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե այդ դրույթներում ինքը հայկական կողմի համար «անընդունելի ոչինչ չի տեսնում»: Մինչդեռ մասնագիտական գնահատականներով՝ Ադրբեջանի առաջարկները, ըստ էության, Արցախի հայաթափմանն ուղղված վտանգավոր նախապայմաններ են:

Խորհրդարանական լսումների ընթացքում այդ թեմային անդրադարձավ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը` նշելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի եւ Արցախի նկատմամբ հարկադրանքի քաղաքականություն են իրականացնում։ Պաշտոնական Երեւանը, ըստ նրա, Ադրբեջանի փոխանցած 5-կետանոց պահանջներին հստակ պատասխանելու փոխարեն պատրաստակամություն է հայտնել խաղաղության համաձայնագրի վերաբերյալ բանակցություններ կազմակերպելու համար դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը: «Չգիտե՞ն մեր պաշտոնյաները, որ Մինսկի խումբը չունի նման մանդատ, չե՞ն հասկանում, որ այսկերպ բանակցային գործընթացից Արցախը դուրս թողնելով՝ անդառնալի սխալ են գործում, թե՞ հերթական անգամ սպասարկում են ադրբեջանական օրակարգը»,- ասաց Վանեցյանը։

«Հինգ կետերի» խնդիրը շաբաթվա ամենաքննարկվածներից է, եւ խորհրդարանական լսումների ժամանակ եւս այն չշջանցվեց: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանն այդպիսով փորձում է մեկընդմիշտ փակել հակամարտության էջը եւ զրկել Հայաստանին թե՛ ներկայում, թե՛ ապագայում Արցախի ինքնորոշման հարցը բարձրացնելու հնարավորությունից: «Ի՞նչ է անում Հայաստանը՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում գործընթաց սկսելու անհասկանալի առաջարկ: Արդյոք սա ադեկվա՞տ պատասխան է: Ինչո՞ւ չկա մեր շահերն արտահայտող օրակարգ կամ, եթե կա այդ առաջարկը, որտե՞ղ է նա»,- շատերին հուզող այս հարցերը բարձրաձայնեց ընդդիմադիր պատգամավորը:

«ԱԺ Կանոնակարգ» օրենքում փոփոխություն անելու օրենսդրական նախաձեռնությունը, ըստ նախագծի հեղինակ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի, միտված է հանրության թիկունքում իրականացվող գաղտնի պայմանավորվածությունների գործելակերպի փոփոխությանը։ «Այս օրենսդրական նախաձեռնությունը կատարում ենք նրա համար, որպեսզի այլեւս ոչ մեկը լկտիություն չունենա ասելու՝ ինչ պետք է, էդ էլ բանակցում ենք»,- պարզաբանեց Մամիջանյանը: Նրա խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները թույլ չեն տա, որպեսզի ԱԺ-ն, որն առաջնային մանդատով օժտված կառույց է, բանակցային կարեւորագույն որոշումների կայացման ժամանակ հայտնվի լուսանցքում: «Այս խորհրդարանական ընդդիմությունը կոֆե խմող ընդդիմություն չէ»,- հավաստիացրեց Մամիջանյանը:

Նախագծով մի շարք ուշագրավ նորամուծություններ են բերվում խորհրդարան: Օրինակ՝ առաջարկվում է, որ ԱԳ նախարարը տարեկան չորս, իսկ վարչապետը՝ երկու անգամ պետք է ԱԺ ներկայացնեն զեկույց՝ ՀՀ անվտանգության, պաշտպանության ու արտաքին քաղաքականության համար ռազմավարական նշանակության հարցերում տեղի ունեցող գործընթացների շրջանակում վարվող բանակցությունների եւ ձեռք բերված պայմանավորվածությունների առանցքը կազմող հիմնարար դրույթների վերաբերյալ:

Հաջորդը. փոփոխությունները ԱԺ բոլոր ուժերին՝ այդ թվում փոքրամասնություն կազմող խմբակցություններին, թույլ կտան հավասարապես իրացնել օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունները՝ մասնավորապես մշտական հանձնաժողովների միջոցով խորհրդարանական վերահսկողությունն իրականացնել ավելի լայն ծավալով: Ըստ հիմնավորման՝ առաջարկվող կարգավորումները հնարավորություն կընձեռեն, որպեսզի պատգամավորների առնվազն մեկ քառորդի պահանջով ներկայացված զեկույցի վերաբերյալ քննարկում կազմակերպվի Ազգային ժողովի հերթական նիստում:

Լսումների մասնակիցներն իրենց ելույթներում շոշափեցին օրվա ամենակենսահույզ թեմաներից մինչեւ 2018-ից ի վեր կուտակված խնդիրների ամենասուր անկյունները՝ գալով եզրակացության, որ այսպես շարունակել այլեւս հնարավոր չէ, «դանակը հասել է ոսկորին», պետականություն եւ հայրենիք ենք կորցնում, հետեւաբար իշխանափոխությունը՝ որպես առաջնահերթություն, այլընտրանք չունի: Անդրադարձ եղավ նաեւ աշխարհաքաղաքական զարգացումներին ու տարածաշրջանային մարտահրավերներին, Արցախի կարգավիճակին ու արցախահայության անվտանգությանը, հայ-թուրքական բանակցություններին, խաղաղության դարաշրջան բացելու՝ իշխանության անհեռանկար ծրագրին, Ադրբեջանի հակահայկական հռետորաբանությանը, գերիներին, գնաճին եւ այլ հիմնահարցերի:

Շատ բանախոսներ նախագծի վերաբերյալ առաջարկներ ներկայացրին: Այսպես՝ առաջարկվեց, որ տարեկան 4 անգամ խորհրդարանին զեկույցներ ներկայացնեն նաեւ ՀՀ պաշտպանության նախարարը եւ ԱԱԾ տնօրենը: Մասնակիցներից ոմանց կարծիքով՝ նախագիծը կարեւոր է, քանի որ այն թափանցիկ եւ հաշվետու լինելու մշակույթ կարող է ձեւավորել երկրում, ինչպես նաեւ ավելացնել գործադիր մարմնի հանդեպ օրենսդիրի վերահսկողական գործառույթը: Եզրափակիչ ելույթում Արթուր Վանեցյանը շնորհակալություն հայտնեց նախագծի շահագրգիռ քննարկման համար՝ մեկ անգամ եւս ընդգծելով քննարկվող նյութի հրատապությունն ու ընդունման անհրաժեշտությունը:

Ցավոք, դեռ մեծ հարցական է՝ արդյո՞ք Ազգային ժողովի ՔՊ-ական մեծամասնությունը կունենա օրինագիծն անցկացնելու քաղաքական կամք: Առայժմ խորհրդարանական ընդդիմության բոլոր օրենսդրական նախաձեռնությունները՝ հատկապես այնպիսիք, որոնք բխում են մեր ազգային շահից, մերժման են արժանացել: Չհաշված, միգուցե, 1-2 աննշան բացառություններ:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւորագույն իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Ազգային ժողովը ձայների 30 կողմ, 63 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ մարտի 23-ին չընդունեց ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող հայտարարությունները քրեորեն պատժելի դարձնելու՝ ընդդիմության առաջարկը։ Նախքան քվեարկությունը «ՔՊ» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել էր, որ իրենք դեմ են քվեարկելու այս նախագծին։ «Սա հերթական ցավալի հանգամանքներից է»,- եղավ ընդդիմության արձագանքը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 21-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Դեսպան Լին Թրեյսին շնորհավորել է նախագահ Խաչատուրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ի եւ Միացյալ Նահանգների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Ավելի վաղ նախագահն ընդունել էր ՀՀ-ում Ռուսաստանի եւ Չինաստանի դեսպաններին:

Հինգշաբթի Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի կողմից շփման գծի խախտման մասին։ Նրանում, մասնավորապես, ասվում է. «Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։ Պաշտպանության բանակի եւ Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը եւ նրանց վերադարձնել ելման դիրքեր: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք եւ երեխաները»։

«Ադրբեջանը համակարգված կերպով լայնածավալ աշխատանք է տանում Ղարաբաղի եւ արեւելյան Զանգեզուրի բարեկարգման ուղղությամբ»,- մարտի 20-ին հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը։ Նա շեշտել է, թե իրենք ընդմիշտ վերադարձել են Ղարաբաղ ու արեւելյան Զանգեզուր եւ «այսուհետ ապրելու են այստեղ»` այն անվանելով իրենց «պատմական հողերը»:

Արցախում մարտի 21-ի երեկոյան կրկին դադարեցվել է գազամատակարարումը, ինչպես Արցախի տեղեկատվական կենտրոնն է պնդում՝ «ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետեւանքով»: «Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը։

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: