Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

30 մարտի - 6 ապրիլի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Երկուշաբթի օրը` ապրիլի 1-ին, Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները բողոքի ակցիա անցկացրին կառավարության շենքի մոտ՝ պահանջելով չեղարկել Օպերային թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի մարտի 28-ի հրամանը, ինչպես նաեւ զբաղեցրած պաշտոնից ազատել նույն Ղարիբյանին: Ակցիային միացել էին այլ թատրոնների ղեկավարներ, ստեղծագործական միությունների անդամներ, մտավորականներ, թատերական գործիչներ, շարքային հանդիսատեսներ:

Ցուցարարների լիազոր խմբին ընդունելով` Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կառավարության դիրքորոշումը, համաձայն որի` մաեստրո Օրբելյանի նշանակումը եղել է օրենքի խախտումներով, հետեւաբար նա չի կարող շարունակել աշխատանքը տնօրենի պաշտոնում: Վարչապետը խմբի անդամներին ծանոթացրել է իր համար պատրաստված տեղեկանքին, որտեղ նկարագրված էին Օրբելյանի ազատման հիմքերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ եթե թատրոնի աշխատողները ներկայացնեն հակափաստարկներ՝ հերքելով տեղեկանքում առկա  փաստերից թեկուզ մեկը, ապա Օրբելյանի ազատման հրամանը կհամարվի սխալ, եւ կեղծ տեղեկության հեղինակն անմիջապես հրաժեշտ կտա իր պաշտոնին:

Թատրոնի անձնակազմը լի է Մշակույթի նախարարության կամայական որոշման դեմ մինչեւ վերջ կանգնելու, հարկ եղած դեպքում նույնիսկ գործադուլի դիմելու վճռականությամբ: «Բողոքի տարատեսակ ակցիաները կլինեն շարունակական` մինչեւ նախարարությունն ականջալուր լինի ՀՀ հպարտ քաղաքացիների, այս դեպքում նաեւ բարձր արվեստը ներկայացնող արտիստների արդարացի պահանջին»,- ի մասնավորի` ասված է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Ռուսաստանի դաշնության վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը Հայաստան էր հրավիրվել նախկին իշխանությունների օրոք` 2016-ին, եւ նշանակվել դժվար օրեր ապրող` Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար: Հետագայում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի նախաձեռնությամբ մաեստրո Օրբելյանը համատեղել էր օպերային թատրոնի տնօրենի ու գեղարվեստական ղեկավարի պաշտոնները, ինչպես ընդունված էր ոչ միայն Հայաստանում, այլեւ բազմաթիվ այլ երկրներում: Իրականությունն այն է, որ նշված զույգ պաշտոնների համատեղման մեկուկես տարվա ժամանակահատվածում եւ, ինչու չէ, դրա արդյունքում Օպերայի թատրոնը ոտքի է կանգնել` արձանագրելով որակական ու ստեղծագործական աննախադեպ աճ: Զգալիորեն ավելացել է ներկայացումների թիվը, որոնց պրեմիերաներին, ի դեպ, մշակույթի ոլորտի թիվ մեկ պատասխանատուն` տիկին Ղարիբյանը, ոչ մի անգամ ներկա չի գտնվել:

Իր գործունեության ողջ ընթացքում Կոնստանտին Օրբելյանը, գործընկերների վկայությամբ, չարաշահումներ չի կատարել, պետական բյուջեից գումար չի գրպանել, Օպերան չի հեղինակազրկել, աշխատանքում չի թերացել, գործընկերների հանդեպ անհարգալից վերաբերմունք չի դրսեւորել: Ավելին` օգտագործելով անձնական կապերն ու սեփական միջոցները, հետզհետե ամրապնդել է թատրոնի նյութատեխնիկական բազան եւ ստեղծարար ներուժը: Օպերայի անձնակազմն իր տնօրենին սիրով ընդունում է, հանդիսատեսը դժգոհ չէ: Ուրեմն ինչո՞ւ է նախարարի պաշտոնակատարն ազատել նրան զբաղեցրած պաշտոնից: Վերջինիս հիմնավորումները, որոնք ներկայացվել են նաեւ վարչապետին, բողոքի գործողությունների մասնակիցներին չեն գոհացնում: Ասում է` Օրբելյանը հայերենին չի տիրապետում: Է, հետո՞ ինչ, աշխատակիցների հետ հաղորդակցվում է ռուսերենով, որին բոլորն ազատ տիրապետում են: Իսկ խոշոր հաշվով՝ երաժշտությունը լեզվական, նույնիսկ ազգային եւ աշխարհագրական կապանքներ չի ճանաչում: Սպիտակցի Հայկոյի «Մի՛ գնա» երգը նույնիսկ մեր ոչ բարյացակամ հարեւան երկրում՝ Թուրքիայում, իսկական հիթ է դարձել: Այնուհետեւ մատնանշում են մաեստրոյի հաճախադեպ գործուղումները եւ, որպես հետեւանք, տեւական բացակայություններն աշխատանքից: Բայց չէ՞ որ դրանից ոչ ոք չի տուժել, աշխատանքի արդյունավետությունը չի ընկել, ընդհակառակն՝ արդյունքում շահել է թե՛ անձնակազմը, թե՛ հանդիսատեսը: Այդ ամենը նախարարությունում չտեսնելու են տալիս: Այդտեղ, ըստ որոշ տեղեկությունների, հակված են Օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնում տեսնել «Իմ քայլը» դաշինքից Երեւանի ավագանու անդամ ընտրված Արմեն Սարգսյանին, ում դեռեւս անցած տարի էր խոստացվել այդ պաշտոնը: Եվ զարմանալի չէ, որ պարոն Օրբելյանի պաշտոնազրկման հետ կապված պարզաբանումները՝ ամենաբարձր իշխանական մակարդակներով անգամ, մի տեսակ շինծու են ստացվում: Անկեղծ չեն:

Ակնհայտ է, որ «տնօրենափոխության» պատճառները քաղաքական հարթությունում են. Կոնստանտին Օրբելյանը նախորդ իշխանությունների հրավիրյալն է եւ, մանավանդ, հեղափոխության օրերին չի մասնակցել Գյումրի-Երեւան քայլարշավին: Եվ սրանով, կարծես թե, ամեն ինչ ասված է:

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. Երբ այս մեկնաբանությունը պատրաստ էր թողարկման, հայտնի դարձավ, որ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակազմը, պայմանավորվածության համաձայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել տնօրենի պաշտոնից Կոնստանտին Օրբելյանի ազատման հրամանի հակափաստարկները: Ընդ որում` դրանցում անճշտություններ են մատնանշվում Մշակույթի նախարարության կողմից վարչապետին ներկայացված փաստերից ոչ թե մեկում, այլ բոլոր 13 կետերում: Այժմ Օպերայի անձնակազմը սպասում Նիկոլ Փաշինյանի արձագանքին: Մաեստրո Օրբելյանը շարունակում է պնդել, որ ինքը ոչ մի օրենք չի խախտել. «Ինձ ասում են՝ կա կառավարության որոշում, որով ձեզ տնօրենի պաշտոնին նշանակել է Արմեն Ամիրյանը: Ես էլ ասում եմ՝ այդ դեպքում դուք կառավարության հետ խնդիր ունեք, ուրեմն կառավարությանը դատի տվեք, եւ թող դատարանը որոշի՝ լեգիտի՞մ եմ, թե՞ ոչ: Բայցեւայնպես` իմ պայմանագիրը ձեզ հետ օրինական է: Ես ոչ մեկից ոչինչ չեմ խնդրել, առավել եւս՝ անօրինական ճանապարհով»,- լրագրողներին ասել է Օրբելյանը: Իսկ ինչ վերաբերում է տասնյակ տարիների ընթացքում թատրոնի կուտակած 92 միլիոն դրամ պարտքին, որից վերջին 4 տարում մարվել է միայն 10 միլիոնը, մաեստրոյի պնդմամբ, ինքն այդ պարտքի հետ որեւէ առնչություն չունի եւ «ժառանգություն» է ստացել նախորդ իշխանություններից: Բայց, չնայած դրան, սկսել է ու մտադիր է այն աստիճանաբար մարել:

Հետաքրքիր է, վարչապետն իրեն գոնե զգո՞ւմ է խաբված՝ իր ենթականերից:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին` մի քանի տողով

Երկօրյա աշխատանքային այցով Արցախում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 2-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Ըստ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի՝ նրանք քննարկել են երկու երկրների փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Այնուհետեւ Հայաստանի նախագահը Արցախի նախագահի հետ այցելել է Թալիշ գյուղ, որտեղ հայկական երկու պետությունների նախագահները ծաղիկներ են դրել 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ անձնվիրաբար զոհված հերոսների եւ արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Մարտի 1-ին տեղի ունեցած` Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են օրեր առաջ Վիեննայում Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքները: Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին տեղեկացրել է Վիեննայի հանդիպման արդյունքների մասին եւ «շնորհակալություն է հայտնել ռուսաստանյան կողմին՝ բանակցային գործընթացում միջնորդական ծանրակշիռ դերի համար»: Պուտինը «վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ հետագայում եւս աջակցություն ցուցաբերել կարգավորման առանցքային ասպեկտներով հանգուցալուծումների որոնմանը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով»:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին վերաբերող տարբեր հարցերի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների, Պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ ապրիլի 2-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել 2016-ի ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին։ Փաշինյանը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, ապրիլյան պատերազմում իրենց կյանքը զոհած հերոսների շիրիմներին, մոտեցել նրանց հարազատներին եւ զորակցության խոսքեր ասել:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ապրիլի 3-ին աշխատանքային քննարկում է ունեցել ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ` առաջարկելով տալ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների մեկնարկը։ «Ես եւ խորհրդարանական գործընկերներս ձգտելու ենք իրականացնել բարեփոխումներ, որոնք բավարար օրենսդրական ու ինստիտուցիոնալ հիմք կստեղծեն 2018թ. դեկտեմբերի 9-ի ազատ, արդար, թափանցիկ ու միջազգային չափորոշիչներին համապատասխանող ընտրությունների փորձառությունը կապիտալիզացնելու համար»,- ՖԲ իր էջում գրել է Միրզոյանը՝ հավելելով, որ գործընթացը թափանցիկ, արդյունավետ ու ներառական պահելու նպատակով շուտով կնախաձեռնի թեմայի վերաբերյալ խորհրդարանական լսումներ։

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: