Շաբաթ, Նոյեմբերի 28, 2020

Շաբաթվա անցուդարձ

28 մարտի - 4 ապրիլի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Մարտի 31-ին Արցախում համապետական ընտրությունների օր էր: Նախագահի պաշտոնի համար առաջադրվել էր 14 թեկնածու, իսկ ԱԺ 33 մանդատների համար մրցում էին 12 քաղաքական ուժեր:

Ընտրողների ընդհանուր թիվը 103 հազար 663 էր, որից 776-ը` Երեւանում ձեւավորված ընտրական տեղամասում քվեարկողների համար: Ընդհանուր առմամբ` կազմավորված էր 282 ընտրատեղամաս: Թագաժահրով պայմանավորված՝ առաջին անգամ ընտրություններին ներկա չէին օտարերկրյա դիտորդներ եւ լրագրողներ: Դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ-ում հավատարմագրվել էին տեղի ու հայաստանյան 963 դիտորդ եւ ԶԼՄ-ների 231 ներկայացուցիչ:

Ընտրությունների հաջորդ օրը քվեարկության արդյունքները ցույց տվեցին, որ կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, որտեղ կպայքարեն ամենաշատ քվեներ ստացած` նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը` 36.076 ձայն (49,26%) եւ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը` 19.360 ձայն (26,4 %): Առաջատարների եռյակը 10.755 ձայնով (14,7%) եզրափակում է Վիտալի Բալասանյանը: Երկրորդ փուլը նախատեսված է անցկացնել ապրիլի 14-ին:

Քվեարկության արդյունքում խորհրդարան է անցել հինգ քաղաքական ուժ: 33 մանդատից 16-ը կստանա Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը, 9 մանդատ` Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիքը», 3-ական մանդատ՝ Արցախի «Արդարություն» կուսակցությունն եւ ՀՅԴ-ն, եւս 2 մանդատ՝ Աշոտ Ղուլյանի ղեկավարած Արցախի ժողովրդավարական կուսակցությունը:

…Նախ` փաստենք, որ ընդհանուր գնահատմամբ` Արցախի ընտրություններն անցել են բավական բարձր մակարդակով` արդար, ազատ եւ թափանցիկ: Ահավասիկ` երկու պաշտոնական նկատառում: «Արցախը եւ արցախցիները եւս մեկ անգամ ապացուցեցին ժողովրդավարության ու մարդու իրավունքների սկզբունքների հիման վրա ազատ ու անկախ հայրենիք կառուցելու եւ զարգացնելու իրենց հաստատակամությունը»,- ասել է նախագահ Արմեն Սարգսյանը: «Արցախի ժողովուրդն իրավամբ վաստակել է ազատ ու արժանապատիվ ապրելու, ժողովրդավարական եւ ժամանակակից հասարակություն ունենալու իրավունքը»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը: Արդարեւ, այս ընտրությունները ազատ մրցակցության, ժողովրդավարության եւ քաղաքացիական համերաշխության վառ դրսեւորում էին:

Ընտրություններն անցան աշխարհը պատուհասած համաճարակի ահագնացման աննախադեպ իրադրությունում եւ այդպես էլ չհետաձգվեցին` չնայած մարտի 31-ը տեղափոխելու վերաբերյալ հնչած հորդորներին ու առաջարկություններին: COVID-19-ի վտանգն անտեսվեց թե´ Հայաստանի եւ թե´ Արցախի գործող իշխանությունների կողմից, ինչն անհասկանալի մնաց հանրության համար: Հեռացող նախագահ Բակո Սահակյանը, ամենայն հավանականությամբ, չուզեց պատասխանատվություն ստանձնել հետաձգման հետեւանքների համար, որոնց հետագա զարգացումները վերահսկելու հնարավորություն այլեւս չուներ իր իրավասությունների ավարտման պատճառով:

Ինչ վերաբերում է մարդկանց կյանքին ու ճակատագրին առնչվող ռիսկերի հանդեպ Հայաստանի ղեկավարության թվացյալ անտարբերությանը, հնարավոր է, որ իրեն արցախյան արդար ու ազատ ընտրությունների երաշխավոր հայտարարած Հայաստանը պարզապես փորձում էր ցույց տալ, թե չի խառնվում ինքնիշխան պետության ներքին գործերին, թեպետ անթաքույց պաշտպանում էր նախագահի թեկնածուներից մեկին: Խոշոր հաշվով, պետք է ընդունել, որ անվտանգության առումով Հայաստանի եւ Արցախի տարածքները միասնական գոտի են, հետեւաբար անբնական ոչինչ չկար նրանում, եթե վտանգի ժամին այդ տարածքները գտնվեին երկուստեք պահպանության ներքո: Հիշենք Ստեփանակերտում փետրվարի 22-ին Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթը, երբ նա ասաց. «Արցախը եւ Հայաստանը անվտանգության ընդհանուր տարածք են, անվտանգային ընդհանուր միջավայր, եւ այստեղ մեր օրակարգը որեւէ ձեւով չի կարող տարանջատված ու տարբերակված լինել»: Այս խոսքերը, սակայն, գործով չամրապնդվեցին, երբ կորոնավիրուսն ակնհայտորեն սպառնում էր Արցախի եւ Հայաստանի «ընդհանուր միջավայրին»` շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքին: Ինչեւէ:

Բայց գանք ընտրությունների թեմային: Եվ այսպես` Արցախի Հանրապետության չորրորդ նախագահի անունը հայտնի կդառնա ապրիլի 14-ին: Այդ օրը կպարզվի, թե երկու հավակնորդներից ով է արցախցիների «սրտի» առաջնորդը` Հարությունյա՞նը, թե՞ Մայիլյանը: Ըստ էության, ով էլ լինի` գլոբալ քաղաքական փոփոխություններ, ինչպիսիք 2018-ին եղան Հայաստանում, կարելի է չսպասել: Նոր քաղաքական էլիտայի ձեւավորում` նմանապես: Եվ դա լավագույն դիպաշարն է պատերազմական ռիսկերի սահմագլխին գտնվող Արցախի համար, որին ներհասարակական ցնցումներ բնավ հարկավոր չեն: Եվս մեկ առանձնահատկություն, որը պակաս կարեւոր չէ. ընտրությունները ցույց տվեցին, որ երկրորդ փուլի ելքը կանխորոշվելու է ժողովրդի կամահայտնության արդյունքում, իսկ դա նշանակում է, որ Արցախի հաջորդ նախագահն օժտված է լինելու օրինակարգության բարձր աստիճանով եւ չի համարվելու ինչ-որ մեկի կամակատար կամ դրածո:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի քաղաքական ղեկավարության համար խիստ ցանկալի է, որ Արցախի նոր իշխանությունները հնարավորինս զերծ լինեն ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների ազդեցություններից: Կարծես թե հավակնորդներից թե´ Մայիլյանը, թե´ Հարությունյանը Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի վերահսկողությունից դուրս են: Համենայն դեպս` հակառակն ապացուցող որեւէ ակնառու փաստ հանրորեն հայտնի չէ: Ավելին` ընտրություններով վերահաստատված փաստն այն է, որ երկրորդ փուլ դուրս եկած երկու հավակնորդներից յուրաքանչյուրն ընդունելի է ավելի լայն շրջանակների համար, քան 14-ի ցուցակում եղած թեկնածուներից ցանկացած մեկը: Մասիս Մայիլյանը լավ կրթություն ստացած պետական եւ քաղաքական փորձառու գործիչ է, ում կերպարում միահյուսված են ճկուն մտքի տեր դիվանագետը եւ ամենատես վերլուծաբանը, ինչը խիստ անհրաժեշտ է քաղաքական որոշումներ կայացնողի համար: Արայիկ Հարությունյանին այս կամ այն չափով ընդունելի են դարձնում բոլորի հետ հաշտ համագործակցելու փորձառությունը, Արցախի եւ Հայաստանի իշխանությունների հետ ունեցած բնականոն կապերը եւ, ինչու չէ, նաեւ ֆինանսական հնարավորությունները:

Այնպես որ, հետագա զարգացումները հազիվ թե որեւէ անակնկալ մատուցեն: Ով էլ ընտրվի երկու ֆավորիտներից, հաղթողն արցախցին է լինելու: Իր հողի վրա երկու ոտքով ամուր կանգնած արդարամիտ, արժանապատիվ եւ հաղթանակած արցախցին:

 

Մեկ օրում երկու արտահերթ նիստ հրավիրելով` մարտի 31-ի ուշ երեկոյան Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց քաղաքացիների տեղաշարժը, հեռախոսազանգերի շրջանակը հասանելի դարձնելու խնդրահարույց նախագիծը` «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթը, որը նպատակ ունի պարզելու կորոնավիրուսով վարակվածների շրջանակը։ Որոշումն ընդունվել է ձայների 71 կողմ, 0 դեմ եւ 0 ձեռնպահ հարաբերակցությամբ` առանց ընդդիմադիր ԲՀԿ եւ ԼԿՀ խմբակցությունների մասնակցության, որոնք բոյկոտել էին նիստերը:

Նախօրեին` մարտի 30-ին, նույն հարցի շուրջ հրավիրված առաջին արտահերթ նիստում նախագիծը երկրորդ ընթերցմամբ չէր ընդունվել` անհրաժեշտ 67 ձայն չհավաքելու պատճառով: Ընդդիմությունը բոյկոտել էր նիստը եւ քվեարկությանը չէր մասնակցել: Օրվա ավարտին ԱԺ-ն արտահերթ նիստ հրավիրվեց եւ, դարձյալ ընդդիմության բացակայությամբ, ընդունեց վերջինիս սուր քննադատությանն արժանացած օրինագիծը` նախ առաջին ընթերցմամբ, իսկ երեք ժամ անց` արդեն երկրորդ ընթերցմամբ։ Փաթեթը ներկայացնում էր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

…Հերթական անգամ փաստաթուղթը ներկայացնելիս` նախարար Բադասյանը պնդեց, որ փաթեթը բացարձակապես չի վերաբերում անձանց հեռախոսազանգերի, հաղորդագրությունների բովանդակությունների ստուգմանը, եւ որ «անձնավորված, ապանձնավորված բոլոր տվյալները ոչնչացվելու են արտակարգ դրության ավարտից հետո»: Սակայն, չնայած պաշտոնական հավաստիացումներին, թե նախատեսվում է նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ավելի արդյունավորել կորոնավիրուսի դեմ մղվող պայքարը` ներդնելով վարակված անձանց հետ շփվածների շրջանակն արագ բացահայտելու հավելյալ մեխանիզմ, օրենսդրական այս նախաձեռնությունը բախվեց հանրային դժգոհությունների ալիքին եւ ընկալվեց որպես քաղաքացիների իրավունքների սահմանափակումներին միտված քայլ: Պատահական չէ, որ երկրորդ ընթերցման փուլը ԱԺ-ում դեռ չավարտված` փաստաթուղթն արդեն մամուլում եւ սոցցանցերում կնքվել էր «հեռախոսով մարդկանց հետեւելու» օրինագիծ անունով:

Մարտի 30-ի առաջին նիստում սուր քննադատություն էր ծավալվել նաեւ բուն խորհրդարանում: Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորների գնահատմամբ` օրենքի նախագիծն անիմաստ, ժամանակավրեպ կարգավորում է, ինչը հասարակության շրջանում միայն խուճապ կարող է առաջացնել: Ընդդիմադիր պատգամավորների համոզմամբ` օրինագիծն անհամաչափ է ստեղծված իրավիճակին, եւ ոչ մի երաշխիք չկա, որ կյանքեր փրկելու պատրվակով այն վերահսկողություն չի իրականացնելու «անհաճո» անձանց տեղաշարժի ու հեռախոսային զրույցների նկատմամբ:

Տագնապի կոչնակ հնչեցրին նաեւ հասարակական-քաղաքական գործիչներն ու փորձագիտական մակարդակով խնդրին տիրապետող անձինք: «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը հայտարարեց, որ իշխանությունը գնում է դեպի կառավարման ավտորիտար համակարգ: Ֆեյսբուքի իր էջում նա գրում է. «Իրեն «ժողովրդավարության բաստիոն» հռչակած իշխանությունը միակն է ԵԽ անդամ պետությունների շարքում, որ կորոնավիրուսի համաճարակն օգտագործում է ընդդիմադիր մամուլի աշխատանքը սահմանափակելու եւ մարդկանց անձնական կյանքի ու տվյալների գաղտնիության իրավունքը վերացնելու համար»։

Օրինագծին վերագրվող դերակատարությանը թերահավատորեն է մոտենում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, որի փոխանցմամբ` դժվար թե հեռախոսազանգերով հնարավոր լինի պարզել վարակվածի հետ փոխկապակցված անձանց շրջանակը, «բայց շատ սիրուն կարելի է պարզել, թե ընդդիմադիր որ ակտիվիստի հետ այսինչը կամ այնինչը շփում ունի»: Հեռախոսով քաղաքացիների տեղաշարժը վերահսկելու օրինագիծը մարդու իրավունքների ու ազատությունների կոպիտ խախտում են որակել Մարդու իրավունքների նախկին եւ ներկա պաշտպանները, ընդդիմադիր մի շարք գործիչներ, իրավապաշտպաններ, քաղաքագետներ, հասարակագետներ եւ այլք:

Իշխող «իմքայլականները», սակայն, շարունակում են պնդել, որ արտակարգ դրության շրջանակում ժամանակավոր կիրառման մեջ դրվող սույն օրենսդրական փաթեթը կոչված է բացառապես մարդկանց կյանքեր փրկելու համար: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, իր իսկ խոստովանությամբ, ցնցված էր սոցցանցերի որոշ գրառումներից, որոնցում մտահոգություն եւ ցասում կային օրինագծի առնչությամբ: «Միեւնույն է` մենք կշարունակենք մեր քաղաքացիների կյանքերը փրկել` թեկուզ դա լինի մեր հեղինակության անկման հաշվին»,- մարտի 31-ի բազմաչարչար նիստերի օրվա ավարտին ասաց ԱԺ խոսնակը:

Դժվար է միանշանակ պնդել, թե ինչի հաշվին կամ ինչ գնով է կառավարությունը ջանում փրկել քաղաքացիների կյանքը… Իսկ միգուցե այդ գինը հենց քաղաքացիների տեղաշարժի եւ այլ ազատությունների սահմանափակո՞ւմն է լինելու: Արժեքներ, որոնք մեր երկիրը մեծ դժվարություններով է ձեռք բերել:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունները` մի քանի տողով

Ապրիլի 2-ին Հայաստանի ղեկավարներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել 2016-ի Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին: Կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ` վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել Ապրիլյան պատերազմի զոհերի, զորավար Անդրանիկ Օզանյանի ու սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին, ինչպես նաեւ ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում: Նախագահ Արմեն Սարգսյանը եւ նրան ուղեկցող «Հայրենիքի պաշտպան» նախաձեռնության անդամները ծաղիկներ են դրել 2016-ի Ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ իրենց կյանքը զոհաբերած հերոսների շիրիմներին, ասված է նախագահականի տարածած հաղորդագրությունում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 28-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բեռնափոխադրումների կազմակերպման գործընթացը՝ հաշվի առնելով ՌԴ-ի կողմից սահմաններին նոր սահմանափակումներ կիրառելու որոշումը։ Փաշինյանը եւ Միշուստինն արձանագրել են, որ Հայաստանից ՌԴ բեռնափոխադրումները կշարունակվեն կանոնավոր կերպով եւ վերը նշված սահմանափակումները չեն ազդի հայկական բեռների տեղափոխման վրա։ Արծարծվել են նաեւ հայ-ռուսական առեւտրատնտեսական համագործակցությանը վերաբերող արդիական հարցեր: Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել կանոնավոր շփումները` հետագա խնդիրներին արագորեն արձագանքելու համար:

Նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 30-ին նամակ է հղել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին` շնորհավորելով նրան նոր տիպի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում արձանագրված մեծ առաջընթացի առթիվ: Սարգսյանը նշել է. «Նոր տիպի կորոնավիրուսի համավարակը մեկ անգամ եւս ապացուցեց, որ միջազգային ընկերակցությունն ու համերաշխությունը գլոբալ մարտահրավերներին դիմակայելու միակ արդյունավետ միջոցն են, քանի որ աշխարհի որեւէ տարածաշրջան չի կարող զերծ մնալ վարակի տարածումից»: Հայաստանի համար ուսանելի համարելով Չինաստանի փորձը վարակի տարածումը կանխարգելելու եւ հիվանդության դեմ արդյունավետ պայքարելու գործում՝ նախագահ Սարգսյանը միեւնույն ժամանակ առաջարկել է դիտարկել Չինաստանի կողմից Հայաստանին հետագա օժանդակության ցուցաբերումը սարքավորումների, համապատասխան պարագաների, ինչպես նաեւ մասնագիտական օժանդակության ձեւով:

Նոյեմբերի 21 2020
Նոյեմբերի 15 2020
Հոկտեմբերի 17 2020
Հոկտեմբերի 10 2020
Սեպտեմբերի 26 2020
Սեպտեմբերի 21 2020

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Նիշքեր

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: