Երեքշաբթի, Հունիսի 28, 2022

Շաբաթվա անցուդարձ

26 մարտի - 2 ապրիլի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

ՌԴ պաշտպանության նախարարության մարտի 27-ի հաղորդմամբ՝ ռուսական խաղաղապահ առաքելություն-ադրբեջանական կողմ բանակցությունների արդյունքում վերջինս դուրս է բերել իր ստորաբաժանումները Փառուխ բնակավայրի տարածքից: «Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը՝ համագործակցելով հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ, կայունացրել է իրավիճակը»,- ասված է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ իրադրությունը Աղդամին սահմանակից Ասկերանի շրջանի Փառուխ եւ Խրամորթ գյուղերում կտրուկ սրվել է նախորդ հինգշաբթի օրվանից, երբ ադրբեջանական զինուժը խախտեց շփման գիծը Փառուխի ուղղությամբ՝ նպատակ ունենալով գրավել եւ ամրանալ Քարագլխի՝ ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող բարձունքում։ Թշնամու նախահարձակ գործողությունների հետեւանքով Արցախի ՊԲ-ի երեք զինծառայող զոհվել է, 15-ը՝ վիրավորվել, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Ադրբեջանական կողմը եւս ունեցել է զգալի կորուստներ, ինչը Բաքուն հերքում է:

 

Մեկնաբանությունը

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության արձագանքից մեկ օր անց՝ մարտի 28-ին, հայտարարություն տարածեց նաեւ ՀՀ ԱԳ նախարարությունը եւ շատ նրբանկատորեն, որպեսզի ռազմավարական դաշնակիցը հանկարծ իրեն վատ չզգա, տեղեկացրեց, որ ադրբեջանական զինուժի ներխուժումը ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է. «Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը կոնկրետ միջոցներ կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը դադարեցնելու եւ Ադրբեջանի զինված ուժերը դուրս բերելու համար»,- ասված է ՀՀ ԱԳ նախարարության հայտարարությունում: Ռուսական կողմի տարածած հաղորդագրությանն արձագանքել է նաեւ Ադրբեջանը՝ հակադարձելով, որ այն չի համապատասխանում իրականությանը:

Այն, որ Լեռնային Ղարաբաղում իրադրության վերջին սրացումը հետեւանք է ադրբեջանական զորաշարժի, արձանագրել է ոչ միայն Ռուսաստանը, այլեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող մյուս երկրները: Նրանք միաժամանակ բանակային ստորաբաժանումները ետ քաշելու կոչ են հղել ադրբեջանական կողմին: Տարածագոտում ստեղծված իրավիճակով իրենց մտահոգություն են հայտնել ՄԱԿ-ը, պաշտոնական Վաշինգտոնը, այլ երկրների առաջնորդներ ու միջազգային կառույցներ: Սակայն ադրբեջանական պնդաճակատությունը համառում է. Իլհամ Ալիեւն այնքան է տարվել վերջին երկու տարվա հանկարծահաս հաջողություններով, որ խառնել է իրական իր տեղն ու կշիռը աշխարհում, չէ՞ որ թիկունքում ունի ավագ եղբոր՝ Թուրքիայի աջակցությունը:

Ավելին՝ չպետք է մոռանալ, որ 2020 թվականի օգոստոսից ադրբեջանական բանակի «վերահսկիչ փաթեթը» Թուրքիային է պատկանում։ Այդտեղից են իրականացվում Ադրբեջանի զինված ուժերի օպերատիվ վերահսկողությունը, տեղեկատվական ապահովումը եւ մի շարք այլ գործառույթներ: «Ադրբեջանի ղեկավարի, պաշտպանության կամ արտաքին գործերի նախարարների շփումները ոչ մի արժեք չունեն, եթե չկա ՌԴ-Թուրքիա պայմանավորվածություն»,- նկատել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը: Նրա խոսքով՝ Թուրքիան ամենաշահագրգիռ կողմերից է հարավկովկասյան տարածագոտում «ուրիշի ձեռքերով» լարվածության օջախներ ստեղծելու եւ ՌԴ-ին «մաշեցնելու» առումով։

Սահմանային խնդրի հետ կապված հակասություններն ու սրացումները Ադրբեջանի բանակի նկատմամբ Թուրքիայի դիրքի գերակայության տեսանկյունից է դիտարկում նաեւ «Պատիվ ունեմ»-ի մեկ այլ պատգամավոր՝ խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, որը միամտություն է համարում ստեպ-ստեպ շրջանառվող այն տեսակետը, թե Արցախում իրավիճակը կարող է շտկվել ռուսական եւ ադրբեջանական կողմերի երկխոսության հիման վրա։ Ըստ Մամիջանյանի, իրական պատասխանները կարող են հայտնվել միայն Մոսկվայի եւ Անկարայի միջեւ բանակցությունների արդյունքներից հետո։ «Արցախում արդեն կասկածներ չունեն, որ ՀՀ իշխանություններն, ի վերջո, «լվացել են ձեռքերը»: Հայաստանի իշխող վերնախավի բոլոր հայտարարությունները Ղարաբաղի վերաբերյալ միայն թոզ փչելու համար են՝ ոչ ավելին»,- վստահ է պատգամավորը:

Ամեն դեպքում՝ փառուխյան միջադեպից մեկ շաբաթ անց դեռ վերացված չեն ադրբեջանական ներխուժման հետեւանքները եւ, դրանով պայմանավորված, Արցախի արեւելյան սահմանագոտում իրադրությունը մնում է լարված: Թեեւ Փարուխն այժմ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է, սակայն գրավյալ շատ բնագծերից՝ գլխավորապես Քարագլխի բարձունքից, Ադրբեջանի ստորաբաժանումները չեն հեռացել եւ, կարծես թե, հեռանալու միտք չունեն, ինչի մասին բաց տեքստով հայտարարում է այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Հետեւաբար՝ լարվածությունը շփման գծի այդ հատվածում կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ թշնամու հրոսակախմբերը չեն վերադարձել իրենց ելակետային դիրքերը:

Փաստորեն՝ օգտվելով ռուս-ուկրաինական զինված առճակատման պատեհությունից, Ադրբեջանը «սողացող» պատերազմ է սկսել արցախահայության դեմ: Դրանում անսպասելի ոչինչ չկա. տեղի է ունենում այն, ինչի մասին վաղուց խոսվում էր փորձագիտական մակարդակով: Սակայն վտանգի զգացողությունը, ինչպես միշտ, մեր իշխանություններին ամենաուշն է հասնում: ԱԽ-ն մարտի 28-ին հրավիրված նիստում քննարկեց ԼՂ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը եւ այն գնահատեց «խիստ լարված»: Ըստ երեւույթին, իշխանությունը դարձյալ շատ ուշ է հասկացել, որ Ադրբեջանը «մտացածին հիմնավորումներով հող է նախապատրաստում ԼՂ-ի ուղղությամբ նոր սադրանքներ ու հարձակում սկսելու համար», մյուս կողմից էլ ՀՀ-ին «մեղադրում է խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների մեջ»:

Հայաստանը, ճիշտ է, անարձագանք չթողեց հակառակորդի մեղադրանքը, բայց ավելի լավ կլիներ լուռ մնար՝ գոնե ցույց չտալու համար իր վախվորածությունը, քան որպես թույլի արդարացում, վկայաբերեր Ադրբեջանի փոխանցած հինգ սկզբունքների վերաբերյալ պաշտոնական Երեւանի ավելի վաղ բարձրաձայնած դրական դիրքորոշումը եւ, միաժամանակ, պատրաստակամություն հայտներ «անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ»: Միտքը պարզեցնելու դեպքում այդ պատասխանը կհնչեր մոտավորապես հետեւյալ կերպ. «ներեցեք, եթե սխալվել եմ, պատրաստ եմ անմիջապես ուղղել սխալս»: Արժանապատվությունը լավ բան է, արժե դրանից գոնե մի քիչ ունենալ:

Այժմ փորձենք հասկանալ այն մղումներն ու դրդապատճառները, որոնք փառուխյան «այսբերգի» չերեւացող հատվածն են. ի՞նչ է թաքնված այս իրադարձությունների խորքում, ո՞վ սրեց իրավիճակը, ի՞նչ նպատակ է այն հետապնդում: Շրջանառության մեջ կան մի քանի վարկածներ. ա/ Ադրբեջանն իր համար նպաստավոր պահն օգտագործում է՝ շարունակելու համար Արցախի հայաթափման քաղաքականությունը; բ/ միջադեպը ծրագրվել է Ալիեւ-Փաշինյան գաղտնի պայմանավորվածությամբ, իսկ նպատակը տարածաշրջանից ռուս խաղաղապահների հեռացումն է; գ/ խաղաղապահների եւ ադրբեջանական կողմի նախաձեռնած համատեղ սադրանք է; դ/ այս ամենի «դիրիժորական փայտիկը» Ռուսաստանի ու անձամբ Պուտինի ձեռքին է եւ այլն: Անգամ ուկրաինական հետք տեսնողներ կան, որոնց կարծիքով՝ Ուկրաինայից Ալիեւին հորդորում են Հարավային Կովկասում, իսկ ավելի ստույգ՝ Արցախում երկրորդ ճակատ բացել:

Այս բոլոր տեսակետներն, անշուշտ, գոյության իրավունք ունեն: Տարատեսակ վարկածներում, սակայն, ակնհայտորեն գերակշռում է Ռուսաստանին ուղղված մեղադրանքի տեսակարար կշիռը: Տպավորություն է, թե իշխանական շրջանակները նպատակասլացորեն, մեկ կենտրոնից հատուկ հրահանգված հակառուսական տրամադրություններ են առաջացնում: Հատկապես՝ մարտի 24-ից հետո, երբ ադրբեջանական ստորաբաժանումները ներխուժեցին Փառուխ: Հաջորդ իսկ օրը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հրատապ ասուլիս հրավիրեց խորհրդարանում եւ տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը դրեց ռուսական կողմի վրա՝ խաղաղապահների գործունեությունը համարելով անարդյունավետ:

«Հրապարակ»-ի աղբյուրները չեն բացառում, որ ռուսների թիկունքում հայ-ադրբեջանական ստվերային պայմանավորվածություն է կայացել՝ Արեւմուտքի քավորությամբ, «եւ հիմա երկու կողմից ուզում են խաղաղապահներին փուռը տալ, կասկածի տակ դնել անվտանգությունն ապահովելու նրանց առաքելությունն ու ցանկությունը»։ Արդյունքում Փաշինյանը, ըստ թերթի, կստորագրի Ալիեւի պարտադրած խաղաղության պայմանագիրը կամ Արցախը կդառնա Սիրիա:

Եվ սա դեռ ամենաողբերգականը չէ, որ կարող է պատուհասել մեր ժողովրդին: Ցավոք, կա նաեւ վատթարագույնը՝ իշխանությունների հենց այս օրերի գործողություններից ակնհայտ է դառնում, որ պաշտոնական Երեւանի համար կարող է ընդունելի լինել Արցախի կարգավիճակը Ադրբեջանի կազմում, որի հիմքերը մեր իսկ թողտվությամբ դրել է ՔՊ-ական այս չարիքի իշխանությունը 2018-ից ի վեր: Եվ սա դավադրաբար տանուլ տրված 44-օրյա պատերազմից հետո երկրորդ ծանր հարվածը կլինի ողջ հայության համար:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւորագույն իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 31-ին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը՝ շեշտը դնելով տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման գործնական խնդիրների լուծման վրա: Վերահաստատվել է եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների հետեւողական կատարման կարեւորությունը։

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Խովաեւը մարտի 28-ին քննարկել են ԼՂ շփման գծի խախտման եւ Փառուխ գյուղի հատվածում մարտի 24-ից շարունակվող ադրբեջանական ներխուժման հետեւանքով ստեղծված իրավիճակը՝ մասնավորապես ելման դիրքեր ադրբեջանական ստորաբաժանումների վերադարձի անհրաժեշտությունը: Կարեւորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լիարժեք գործունեության վերսկսումը։

Բրյուսելում մարտի 30-ին կայացել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հանդիպումը՝ «առաջ մղելու երկու երկրների միջեւ մի շարք խնդիրների լուծում գտնելու ջանքերը»: Մասնավորապես, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկումները կենտրոնացել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ ապրիլի 6-ին Բրյուսելում ծրագրվող հանդիպման նախապատրաստման վրա:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մարտի 25-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում որոշում է կայացվել` ելնելով Արցախում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից ու 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից, պաշտոնական գրությամբ դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ առաջարկել ավելացնել ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկա թվաքանակն ու սպասարկող միջոցների քանակը եւ, համապատասխանաբար, ավելացնել ինչպես զինծառայողների, այնպես էլ զինտեխնիկայի միջոցները։

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը քննադատության է ենթարկել ՀՀ իշխանություններին՝ օրենսդրական փոփոխությունների միջոցով անկախ մամուլը եւ քննադատական խոսքը սահմանափակելու, ՀԿ-ների եւ ԶԼՄ-ների դեմ հարձակումների ու սպառնալիքների արդյունավետ հետաքննությունը ձախողելու համար։ Կազմակերպության՝ մարտի 29-ին հրապարակված տարեկան զեկույցը արձանագրում է՝ ՀՀ-ում խոսքի ազատությունը շարունակում է անարդար կերպով սահմանափակված մնալ։ «Կառավարությունը նախաձեռնել է օրենսդրական մի քանի փոփոխություններ, որոնք սահմանափակում են անկախ մամուլն ու այլ քննադատական խոսքը»,- ասված է Amnesty International-ի զեկույցում։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին կալանքի տակ պահելու ժամկետը մարտի 30-ին մեկ ամսով երկարացվեց. Այս մասին «Ազատությանը» հայտնել է Բախշիյանի փաստաբան Արսեն Սարդարյանը։ Դատավորը կալանավորված է փետրվարի 7-ից եւ մեղադրվում է անձին ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ: 36-ամյա Բախշիյանը չի ընդունում մեղադրանքը, պնդում է, թե իր հետ տեղի ունեցող գործընթացը ուղիղ միջամտություն է դատավորի լիազորությունների իրականացմանը:

Մարտի 31-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին, որին, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության, կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Քրեական գործով եւս 8 անձ ունեն մեղադրյալի, իսկ ավելի քան 10 անձ` կասկածյալի կարգավիճակ։ Արցախյան 44-օրյա պատերազմից անմիջապես հետո «Ազգային հերոսի» կոչման արժանացած Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով` «խոշոր չափերով կաշառք ստանալը» (3 դրվագ): Նախաքննությունը շարունակվում է:

Հունիսի 27 2022
Հունիսի 17 2022
Հունիսի 13 2022
Մայիսի 29 2022
Մայիսի 22 2022
Մայիսի 15 2022

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: