Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Հանրապետության առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ապրիլի 7-ին «Պատերազմական վիճակի թելադրանքով» վերտառությամբ հոդված-հայտարարություն է հրապարակել Ilur.am կայքում, որտեղ, ի թիվս այլ խնդիրների, հասարակությանն առաջարկել է դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն եւ ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները` նրանցից հաշիվ պահանջելու հարցը թողնելով ապագային։ Տեր-Պետրոսյանը քաղաքացիներին հորդորել է՝ հետեւել պարետի ու առողջապահության նախարարի հրահանգներին, ինչպես նաեւ հնչեցրել է ներքաղաքական լարվածությունը լիցքաթափելու, պետության լիակատար կառավարելիությունն ապահովելու, Արցախի ընտրությունների շուրջ ընթացող խժդժություններին վերջ տալու կոչեր: Նրա համոզմամբ` համաճարակի պատճառով երկիրն այսօր պատերազմական վիճակում է, «ընդ որում՝ շատ ավելի լուրջ ու վտանգավոր, քան ավանդական պատերազմների ժամանակ»:
…Հասարակությանն ու քաղաքական ուժերին ուղղված իր կոչի մեջ Լեւոն Տեր-Պետրոսյանը, մասնավորապես, ընդգծել է. «Մինչ իշխանությունները զբաղված են գրեթե շուրջօրյա տքնաջան աշխատանքով, չգնահատված հանճարների, սադրիչների ու չարակամների մի հսկայական բանակ, հայտնի ուժերի վերահսկողության տակ գտնվող անթիվ լրատվամիջոցներով ու հարյուրավոր ֆեյքերով, փաստորեն, պատերազմի 2-րդ ճակատ է բացել նրանց դեմ»։ Իշխանության քննադատների մեծագույն մասը, Առաջին նախագահի փոխանցմամբ, առաջնորդվում է ոչ թե իրավիճակի հաղթահարման գործում կառավարությանն օժանդակելու, այլ հակառակը` խանգարելու ու դրանով քաղաքական շահաբաժին կորզելու մտադրությամբ, ինչը, «եթե սովորական պայմաններում բնական է, ապա պատերազմի ժամանակ հավասարազոր է պետական դավաճանության»։
Հասարակական-քաղաքական հարթակում հոդվածը մեծ տարակարծությունների տեղիք է տվել` սուր քննադատության թիրախ դառնալով ընդդիմախոսների կողմից: Շատերն այն համարում են միակողմանի դատողությունների ու մեղադրանքների շարան` ընդդեմ իշխանությունների քաղաքականությունը չընդունող, պետական կառավարման համակարգում առկա լրջագույն բացթողումներն ու արատները իրավացիորեն դատապարտող անձանց: Հոդվածագիրը, ըստ ընդդիմադիր գործիչների, անտեսում է իշխանությունների անձեռնհասությունը, կազմակերպչական եւ գործնական տկարությունը: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով` Առաջին նախագահի հոդվածը օրվա իշխանության աջակցությանը եւ նրա` անկում ապրող վարկանիշի խթանմանը ուղղված քայլ է: «Տեր-Պետրոսյանը քաջ գիտակցում է այն, ինչը սպառնում է այս իշխանությանը` նման տեմպերով իր գործունեությունը շարունակելու պարագայում, ուստի գրել է հոդված, որտեղ կարմիր թելով առաջ է տանում հետեւյալ թեզը. մի՛ քննադատեք Նիկոլ Փաշինյանին եւ նրա իշխանությանը»,- ասել է Բադալյանը:
Կարող է հարց առաջանալ` արդյո՞ք վարչապետի վարկանիշն իսկապես անկման է գնում, ինչպես պնդում է քաղտեխնոլոգը: Այսօրվա որոշ ակնհայտ փաստերը եւ վաղվա չհուսադրող հեռանկարները, կարծես թե, հենց դրան են տանում: Համաճարակով պայմանավորված` տնտեսական ճգնաժամը, շատ մասնագետների դիտարկումներով, անխուսափելի է: Արդեն ակտիվորեն շրջանառվում է մի շարք ապրանքատեսակների գնաճի թեման, մասնավորապես` գազի գնի սպասվող թանկացումը: Իշխանության վարկանիշի անկմանը նպաստող գործոններն ակնբախ են: Դրանց թվում են ԱԺ-ում նորերս ընդունված մի քանի աղմկահարույց օրինագծերը, ինչպես նաեւ ապրիլի 6-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանի երեքժամանոց անպտուղ ու ձախողված «լայվը», որն ավելի շատ հարցեր առաջացրեց, քան պարզաբանումներ տվեց:
Տեր-Պետրոսյանը, որը փորձագետների մեծամասնության բնորոշմամբ` Փաշինյանի քաղաքական կնքահայրն է, հոդվածում անդրադարձել է «տքնաջան աշխատանքով» զբաղված իշխանությունների դեմ «երկրորդ ճակատ» բացած լրատվամիջոցներին ու ֆեյքերին` մոռանալով, որ ֆեյքերի ֆաբրիկա բուծելու տեսակետից իշխանությունները ոչ մեկի չեն զիջում: Առաջին նախագահի նկատառումներում չերեւաց պետական շահի պաշտպանության առաքելությունը մանր-մունր հաշվարկներից վեր դասող գործիչը, չերեւաց պետականության ապագայի համար սրտացավ մարդը: Նա` որպես նորանկախ պետականության հիմնադիր-նախագահ, առնվազն պարտավոր էր դատապարտել ոչ միայն հակասահմանադրական հանրաքվեի ձեռնարկումն ու ակնհայտ նահանջը ժողովրդավարական արժեքներից, այլեւ հասարակության երկատման, ատելության ու թշնամանքի երեւույթները, որոնց քարոզման աջթեւայինները իշխանություններն են:
Հայտարարության բովանդակության հետ մեկտեղ` դիտորդներից շատերին հետաքրքրում է դրա հրապարակման պահը։ Չէ՞ որ Առաջին նախագահը հենց այնպես չի խոսում: Եթե առիթը համավարակի տարածմամբ պայմանավորված իրավիճակի թելադրանքն է, ուրեմն ինչո՞ւ Առաջին նախագահը հայտարարությամբ հանդես չեկավ ավելի շուտ, երբ խորհուրդներ տալու եւ շտապ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն կար: Ուրեմն պատճառները ուրիշ տեղ պետք է փնտրել: Ոմանք կապ են տեսնում «Պատերազմական վիճակի թելադրանքով» հոդվածի եւ 2016-ի ապրիլյան ռազմական գործողության հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովում Սերժ Սարգսյանի` ապրիլի 16-ին կայանալիք հարցաքննության միջեւ: Երրորդ նախագահը պատրաստակամություն էր հայտնել նիստը ձայնագրելու պայմանով ներկայանալ եւ պատասխանել քննիչ հանձնաժողովի հարցերին: Աստված գիտի, թե ինչեր կարող է ասել Սարգսյանը եւ ինչ հետեւանքներ կարող են ունենալ նրա ասածները ներքաղաքական գործընթացներում: Տեր-Պետրոսյանը, հավանաբար, հենց դրանից է զգուշանում, երբ հորդորում է սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության հանձնաժողովի գործունեությունը, որը, նրա խոսքով, «ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի առանց այդ էլ գերլարված մթնոլորտում»։
Փարատելով Առաջին նախագահի մտահոգությունը, նկատենք, որ երկրի վիճակն այնքան էլ գերլարված չէ, ինչպես բնորոշվում է հոդվածում: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա պատճառն ամենեւին էլ խնդրո առարկա հանձնաժողովի աշխատանքը չէ, այլ ավելի շուտ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված արհեստական թնջուկը կամ, թեկուզ, անմարդկային պայմաններում պահվող Ռոբերտ Քոչարյանի գրեթե երկու տարի անիմաստ շարունակվող «դատավարությունը», ինչի մասին մի բառ անգամ չասաց մեծանուն հոդվածագիրը:
Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ անցած շաբաթավերջի թողարկումներում տեղեկություններ տարածեցին, թե Միջազգային ավիացիոն կազմակերպությունը լիցենզիայից զրկել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեին (ՔԱՊԿ), ինչը կարող է բացասական հետեւանքներ ունենալ ամբողջ քաղաքացիական ավիացիայի եւ, մասնավորապես, օդաչուների համար, որոնց պարզապես թույլ չեն տալ թռչել դեպի Եվրոպա: Հետո մի փոքր սրբագրված` հաղորդումներ եղան, թե խոսքն իրականում ոչ թե լիցենզիայից զրկելու մասին է, այլ` փետրվար ամսվա ստուգման արդյունքների, որոնք ստացվել էին Եվրոպական թռիչքային անվտանգության գործակալությունից: Ըստ այդմ` ՔԱՊԿ-ի գործունեությունը վատ գնահատականի է արժանացել, ինչը ենթադրում է, որ վերջինս ունակ չէ պատշաճ վերահսկողություն իրականացնել հայկական ավիացիոն կազմակերպությունների նկատմամբ:
Նույն օրը` ապրիլի 4-ին, ՔԱՊԿ-ի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը, որն իր ֆիզիոլոգիական արձակուրդն անցկացնում է Դանիայում, հերքեց տարածված տեղեկությունը` որպես իրականությանը չհամապատասխանող:
…Ռեւազյանի պնդմամբ` որեւէ միջազգային կառույց չի կարող ՀՀ քաղավիացիայի կոմիտեին զրկել իր իրավասությունները կատարելուց: «Խոսքը դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու` գոյություն ունեցող հատուկ ընթացակարգի մասին է, որը վերաբերում է Հայաստանում գրանցված ավիաընկերություններին: Եվ ճիշտ է, որ նրանցից ժամանակավորապես վերցրել են այդ թույլտվությունները, եւ մենք հիմա ուզում ենք եվրոպական կողմից պարզաբանում ստանալ, թե ինչու են այդ որոշումն այդպես հապճեպ կայացրել»,- Հանրային հեռուստաընկերությանը տեսակապի միջոցով տված հարցազրույցում ասել է ՔԱՊԿ-ի ղեկավարը` խոստովանելով նաեւ, որ Հայաստանի քաղավիացիայում «մեր մոտեցումները տարբերվում են եվրոպական գործընկերների ակնկալիքներից»: Հարցազրույցում նա միաժամանակ շեշտել է, որ ոլորտում լրջագույն խնդիրները շատ են, ուստիեւ անհրաժեշտ է «նոր մասնագետներ» ներգրավել ու «նոր մոտեցումներ» բերել քաղավիացիա:
Ինչ-ինչ, բայց այս հարցում Տաթեւիկ Ռեւազյանն իրավացի է: Քաղավիացիան, իրոք, նոր մասնագետների ու նոր մոտեցումների կարիք ունի, չնայած մինչեւ ՔԱՊԿ-ի ղեկավարի պաշտոնում տիկին Ռեւազյանի` շատերի համար անսպասելի, եթե չասենք` առեղծվածային նշանակումը, ըստ որոշ տվյալների, համակարգում նման մասնագետներ եղել են: Նրանցից մեկը հենց կոմիտեի նախկին նախագահ Սերգեյ Ավետիսյանն է, որին նոր իշխանությունը շինծու պատրվակով հեռացրեց պաշտոնից եւ պատասխանատու այդ տեղամասը վստահեց ավիացիայից շատ համեստ գիտելիքներ ու փորձի պակաս ունեցող Տաթեւիկ Ռեւազյանին: Նրա մասին կեսլուրջ-կեսկատակ ասում են, թե ավիացիայի հետ կապ ունի այնքանով, որ Դանիայում ապրում էր օդանավակայանի հարեւանությամբ: Մինչդեռ Ավետիսյանը, ում նա փոխարինել էր, բավական բարձրակարգ մասնագետ է, ունի դրական փորձ ու քաղաքացիական ավիացիայի կառավարման մագիստրոսի կոչում, որը ստացել էր Միացյալ նահանգների Սթենֆորդի համալսարանում։
«Թավշյա» հեղափոխությունից հետո ՔԱՊԿ-ը «կադրային ջարդի» թիրախ դարձած ամենահայտնի կառույցներից է, ինչի տխուր հետեւանքները ցայսօր իրենց զգալ են տալիս: Դրա հիմնավոր վկայությունը ավիացիայի այսօրվա աղետալի վիճակն է, որում նա հայտնվել է վերջին շրջանում: Հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամլո ասուլիսում` խոսելով երկրում առկա փոփոխություններից, Նիկոլ Փաշինյանն օրինակ էր բերել Քաղավիացիայի կոմիտեի գործունեությունը եւ դա ներկայացրել դրական լույսի ներքո: Վարչապետն, ըստ երեւույթին, չէր տիրապետում իրավիճակին կամ, շատ ներողություն, բարեխիղճ մոլորության մեջ էր, այլապես լուռ կշրջանցեր այդ թեման, որովհետեւ բարեփոխումներ` որպես այդպիսիք, ՔԱՊԿ-ում գոյություն չունեին: Ավելին` համակարգն այդ պահին քայքայման եզրին էր հասել:
«Այդ փոփոխությունները,- Կապանում հպարտորեն շեշտել էր Փաշինյանը,- տեղի են ունեցել ի հեճուկս Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի։ Այն պահից, երբ Տաթեւիկ Ռեւազյանը նշանակվել է կոմիտեի ղեկավար, առաջին օրից սկսվել է ամենաստոր լրատվական արշավն այդ կնոջ նկատմամբ: 90 եւ ավելի տոկոսով այն կազմակերպված էր ներսի պաշտոնյաների կողմից»: Այնինչ «ներսից», ինչպես ցույց տվեցին հունվարի 25-ից այս կողմ անցած երկուսուկես ամիսները, իրականում ահազանգում էին նշանակված պաշտոնին Ռեւազյանի անհամատեղելիության մասին: Ցավոք, վարչապետը ոչ միայն ականջալուր չեղավ մարդկանց զգուշացումներին, այլեւ անձամբ նախաձեռնեց ՔԱՊԿ-ից լավագույն կադրերի մեծամասնության հեռացումը: Կարճ ժամանակ անց եղավ այն, ինչ պետք է լիներ` «փոփոխությունները» դրսեւորեցին իրենց լիակատար սնանկությունը:
Եվ պետք չէ զարմանալ, որ եվրոպական ուղղություններով ՀՀ քաղավիացիայի թռիչքների արգելափակման հարցը Միջազգային ավիացիոն կազմակերպությունը նախատեսվածից ավելի վաղ էր դրել քննարկման եւ կայացրել արդեն հայտնի որոշումը: Այդպիսով` 2020-ի փետրվարին անցկացված աուդիտի արդյունքում ՔԱՊԿ-ը հայտնվեց Քաղավիացիայի միջազգային կազմակերպության «սեւ ցուցակում», եւ մեր ավիաընկերություններին լիցենզիա տրամադրելու գործընթացը սառեցվեց, ինչպես դրանից առաջ կանխատեսել էին շահառու ընկերությունների շատ ներկայացուցիչներ: Այսպես` NEWS.am-ի հետ զրույցում «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գեւորգ Խաչատրյանն ասել էր. «Եթե ընկերությունը չստանա հավաստագիր, զգալի կորուստներ կկրի, կխախտվի ընկերության բիզնես պլանը»: «Արմենիա»-ն մեկն է հայկական ավիաընկերություններից, որը նախքան կորոնովիրուսի պատճառով չվերթների դադարեցումը, եվրոպական ուղղությամբ շաբաթական իրականացնում էր 1 կանոնավոր եւ 9 չարթերային չվերթներ: Այժմ այդ ընկերությունը անելանելի վիճակում է:
Եվ` ամենահետաքրքիրը: Երկուշաբթի` ապրիլի 6-ին, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձավ Քաղավիացիայի վիճակին եւ խոստովանեց, որ այո´, ոլորտում խնդիրներ կան, այո´, դեպի Եվրոպա մեր օդանավերի թռիչքներն արգելել են… Բայց դրանք, վարչապետի խոսքով, «ներսի» աշխատողների սաբոտաժի հետեւանքն են:
Հ.Գ. Երբ այս մեկնաբանությունը պատրաստ էր թողարկման, հայտնի դարձավ, որ ապրիլի 8-ին Նիկոլ Փաշինյանը ստորագրել է ավիացիայի գծով իր խորհրդական Հակոբ Ճաղարյանի հրաժարականի դիմումը: «Աշխատանքից ազատվելու իմ որոշման հիմքերը Քաղաքացիական ավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ եւ ապապետական մոտեցումներն են»,- հրաժարականի իր պահանջն այսպես է հիմնավորել այժմ արդեն նախկին խորհրդականը: Նրա խոսքով` անցած շաբաթ օրը` ապրիլի 4ին, վարչապետին ներկայացրել է իր վերջին զեկույցը, որտեղ հերթական եւ վերջին անգամ բացատրել է. ա/ հայկական ավիացիայի ԻՐԱԿԱՆ վիճակը, բ/ նման իրավիճակում հայտնվելու իրական պատճառները եւ գ/ ճգնաժամից դուրս գալու ուղիները: Վարչապետի արձագանքն արդեն հայտնի է:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունները` մի քանի տողով
Ապրիլի 6-ին, հայկական կողմի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է կայացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ: Այս մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը: Կողմերը քննարկել են մասնավորապես Հայաստանին բնական գազի մատակարարման, կորոնավիրուսի դեմ պայքարի, ինչպես նաեւ ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցության հետ կապված հարցեր:
Կորոնավիրուսի տարածման դեմ ձեռնարկվող միջոցների համատեքստում Նիկոլ Փաշինյանը խորին երախտագիտություն է հայտնել ռուսական կողմի ցուցաբերած աջակցության համար: Միաժամանակ համաձայնեցվել է առաջիկա շփումների ժամանակացույցը:
Եվրոպական միությունը (ԵՄ) Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 92 մլն եվրո՝ անհետաձգելի եւ կարճաժամկետ կարիքների աջակցության նպատակով։ Այս մասին հայտնում է Հայաստանում Եվրամիության պատվիրակության պաշտոնական կայքէջը: Հաղորդագրության համաձայն` միջոցները կուղղվեն բժշկական սարքավորումների ու պարագաների մատակարարմանը, բուժանձնակազմի եւ լաբորատոր աշխատակիցների վերապատրաստմանը, ՓՄՁ-ներին ու գործարար հանրությանն աջակցությանը, ինչպես նաեւ կորոնավիրուսային բռնկման հետեւանքներից տուժած սոցիալական, հումանիտար օգնությանը:
Ապրիլի 8-ին պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան են տեղափոխվել բժշկական պարագաներ եւ սարքավորումներ, մասնավորապես՝ թոքերի 120 արհեստական օդափոխման սարք, թթվածնի մատակարարման 2 կայան, 60 հազար թեստ, 60 հազար բժշկական դիմակ, 280 հազար պաշտպանիչ դիմակ, 20 հազար պաշտպանիչ ակնոց, 100 հազար արտահագուստ, ինչպես նաեւ դեղամիջոցներ: «Խմբաքանակի մեծ մասը ձեռք է բերվել ՀՀ պետական միջոցների հաշվին: Հայաստան են փոխադրվել նաեւ ՉԺՀ պետական մարմինների, հայ եւ չինացի բարերարների կողմից նվիրաբերված բժշկական պարագաներն ու սարքավորումները»,- ասված է Կառավարության հաղորդագրությունում: