Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

3-10 ապրիլի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Ապրիլի 7-ին Հայաստանի վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ նախագահին։ Քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում գտնվող՝ կարեւոր ռազմավարական նշանակության մի շարք հարցեր՝ մասնավորապես առեւտրատնտեսական կապեր, էներգետիկա, անվտանգություն, ռազմավարական ներդրումներ, առողջապահություն եւ այլն: «Վարչապետի եւ ՌԴ նախագահի հանդիպման օրակարգը ներառում է նաեւ հարցեր, որոնք կապված են նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված դրույթների կատարմանը, դրանց ընթացքին, հումանիտար բնույթի խնդիրներին»,- այցի օրը ծանուցել է վարչապետի մամլո խոսնակ Մանե Գեւորգյանը:

Կրեմլի մամուլի ծառայությունն իր հերթին տեղեկացրել է, որ Պուտին-Փաշինյան հանդիպմանը քննարկվել են ԼՂ խնդրին, ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր, ինչպեսեւ տարածաշրջանի խնդիրների լուծմանն ուղղված հետագա քայլերը։

Հայաստանի տեսանկյունից այս հանդիպման օրակարգի գլխավորը հարցը, ըստ փորձագետ-վերլուծաբանների, պետք է լիներ գերիների վերադարձը՝ առանց խնդիրը քաղաքական որեւէ այլ հանգամանքով պայմանավորելու: Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է այս հարցը դարձնել քաղաքական գործարքի առարկա՝ Հայաստանից ինչ-որ զիջումներ պոկելու ակնկալիքով: «Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում բավական հարաբերական եւ անորոշ է, որովհետեւ Ռուսաստանը մի կողմից պատասխանատու է այդ հարցի լուծման համար՝ որպես եռակողմ համաձայնության գործընթացի հովանի, մյուսի կողմից էլ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը բավական դժկամությամբ է արտահայտվում այդ խնդրի շուրջ»,- կարծիք է հայտնել քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ 

Երկու երկրների ղեկավարների բանակցություններից առաջ Բաքուն բավական ակտիվացրել էր ենթակառուցվածքների թեման եւ հայտարարություններ էր հնչեցնում Ադրբեջանը Զանգեզուրով Նախիջեւանին եւ Թուրքիային կապող ճանապարհների բացման կարեւորության մասին: Այդ համատեքստում Իլհամ Ալիեւը սպառնալիքներ էր ուղղում Հայաստանին՝ ապաշրջափակման գործընթացը դանդաղեցնելու համար: Մարտի 31-ին՝ հանդես գալով Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի հերթական հավաքում, Ալիեւը ասել է «Պատերազմից հետո կապի եւ հաղորդակցության նոր հնարավորություններ են ստեղծվել, եւ մենք այժմ ակտիվորեն աշխատում ենք Զանգեզուրի միջանցքի ուղղությամբ»: Զանգեզուրը, որը, ըստ նրա, Հին Ադրբեջանի տարածք է, թյուրքական աշխարհի համախմբման գործում կարեւոր դեր է ունենալու։ Ալիեւը նույնիսկ իրեն թույլ է տալիս «տիրոջ» իրավունքով օտարերկրյա գործարարներ հրավիրել Զանգեզուր՝ ներդրումներ կատարելու համար: 

Թեմայի արդիականացմամբ եւ հակահայ հռետորաբանության ուժեղացմամբ՝ Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, քարոզչական նպատակ է հետապնդում, այն է՝ ճնշումների միջոցով հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը փոխկապակցել կոմունիկացիաների ապաշրջափակման հետ՝ «Գերիների վերադարձ՝ հաղորդուղիների բացման դիմաց» բանաձեւով: Սա Ադրբեջանին թույլ կտա պահպանել պայմաններ թելադրողի իր ոչ ֆորմալ կարգավիճակը եւ, ինչպես հետպատերազմյան ողջ շրջանում, ստանալ ավելին, քան նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի համաձայնագրերով: Հայաստանը չպետք է տրվի Բաքվի խորամանկ սադրանքներին եւ չկայացնի որեւէ որոշում, քանի դեռ ռազմագերիների հարցը լուծված չէ: Եթե, իհարկե, ՀՀ վարչապետ աշխատող անձը գոնե այդքան համարձակություն ունենա: 

Նրանում, որ տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակումը Ադրբեջանի համար տնտեսական նշանակության հարց չէ, համոզված է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Եվ, իսկապես, այնպես չէ, որ Ադրբեջանը տարածագոտում նոր բացվելիք հաղորդուղիների հույսին է մնացել: Այդ երկիրը Թուրքիայի հետ ցամաքային կապի առնվազն 2 այլ ճանապարհ ունի՝ Իրանով եւ Վրաստանով։ «Դա քաղաքական նախագիծ է, Ադրբեջանը եւ Թուրքիան պնդում են, որ այն իրականացվի, իսկ ՀՀ-ի շահերն այլ են։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը գերիների հարցն օգտագործում է որպես խաղաքարտ ինչպես սեփական քաղաքական խոհանոցում, այնպես էլ Հայաստանի հետ առեւտրի հարցում»,- նկատում է Իսկանդարյանը։ 

Ռուսական մամուլը լայնորեն արձագանքել է թե՛ Փաշինյանի՝ մարտի 6-ին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցին, թե՛ հաջորդ օրը կայացած Պուտին-Փաշինյան բանակցություններին: RBK-ն հրապարակել է «Փաշինյանը նախընտրական արշավը սկսում է Մոսկվայում» վերնագրով ծավալուն հոդված, որում հղում անելով կառավարությունում իր աղբյուրներին՝ հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել եռակողմ աշխատանքային խմբում առկա տարաձայնություններից: Պարբերականի տվյալներով՝ որոշ հակասություններ առայժմ թույլ չեն տալիս հայտարարել ինչ-որ պայմանավորվածության հասնելու մասին: «Երեւանը համաձայն է երկաթուղու կառուցմանը, որը Ադրբեջանն ու Նախիջեւանը կկապի երկրի հարավում՝ Մեղրիի տարածքով, սակայն առաջարկում է հիմա բացել Երեւան-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը: Հայկական կողմը ձգտում է, որ Մեղրիի ճանապարհի հետ միաժամանակ կառուցվի նաեւ Իջեւանի տարածքով երկաթգիծ»,- գրում է RBK-ն: 

Ի դեպ, այս երկու ճանապարհները խորհրդային շրջանում աշխատում էին, սակայն արցախյան հակամարտության 30 տարիների ընթացքում կա՛մ ապամոնտաժվել են, կա՛մ ավերվել: Ադրբեջանը, ըստ ռուսական պարբերականի, համաձայն չէ Երեւանի առաջարկած տարբերակին եւ պնդում է, որ սկզբում բացվի Մեղրիի ճանապարհը, իսկ հետո մնացած բոլոր ուղիները: RBK-ի հեղինակը նշում է, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապասառեցման վերաբերյալ որոշման ընդունումը կարող է բարդացնել այն, որ Ադրբեջանը շարունակում է իր մոտ պահել ավելի քան 140 հայ գերիների, թեեւ եռակողմ հայտարարությամբ պետք է կատարվեր ռազմագերիների, պատանդների եւ այլ պահված անձանց փոխանակում: 

Հոդվածում անդրադարձ կա նաեւ Հայաստանի ներքաղաքական զարգացումներին: Նշվում է, որ հունիսին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին Փաշինյանի հիմնական մրցակիցը լինելու է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մտերիմ հարաբերություններ ունի Պուտինի հետ եւ վայելում է ռուսաստանաբնակ մեծահարուստ հայերի աջակցությունը: 

Հավելենք, որ Փաշինյանի մոսկովյան այցից մի քանի օր առաջ, ըստ Sputnik Արմենիա, տեղի էր ունեցել Ռուսաստանի նախագահի հետ Ռոբերտ Քոչարյանի հեռախոսազրույցը, որը տեւել էր շուրջ մեկ ժամ: Տեղեկությունը հայտնել է ՌԻԱ Նովոստին, այն հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Նրանք իսկապես խոսել են հեռախոսով։ Եվ դուք գիտեք, որ նրանք վաղուց լավ հարաբերություններ ունեն եւ բավական հաճախ են շփվում»,- ասել է Պեսկովը՝ նշելով, որ նախորդ շաբաթ Քոչարյանը Մոսկվայում մասնակցում էր «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի նիստին, որի անդամ է 10 տարուց ավելի: 

Մոսկվայում գտնվելու օրերին ՀՀ երկրորդ նախագահը հարցազրույց էր տվել ռուսական ОРТ-ի հանրահռչակ հեռուստամեկնաբան Վլադիմիր Պոզներին: Սա այն հարցազրույցն է, որը եթեր չարձակելու հիստերիկ պահանջով ՀՀ կառավարությունը դիմել էր հեռուստաընկերության ղեկավարությանը եւ մերժում ստացել: Հարցազրույցը եթեր տրվեց եւ մեր իշխանական ու իշխանամերձ շրջանակներում այն ՍԴ հայտնի որոշումից հետո երկրորդ ցնցակաթվածը եղավ:

 

Ապրիլի 6-ին Սեւան քաղաքի մշակույթի պալատի հարակից հրապարակում անցկացրած հանրահավաքով «Հայրենիքի փրկության շարժումը» (ՀՓՇ) տվեց մարզային այցելությունների մեկնարկը։ Շաբաթներ շարունակ Երեւանի Բաղրամյան պողոտան ու Դեմիրճյան փողոցը փակած ՀՓՇ-ն նախորդ շաբաթավերջին հայտարարել էր, որ սկսում է մարզային այցելությունները։ Հետմիջօրեին Սեւանում էին Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, համակարգող Իշխան Սաղաթելյանը, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, նախկին Պնախարար Սեյրան Օհանյանը։

Հանրահավաքի մասնակիցները տանում էին «Նիկոլ՝ դավաճան» գրությամբ պաստառներ՝ պարբերաբար վարկարկելով. «Առանց Նիկոլ Հայաստա՛ն»։ Հարթակից հնչում էին «դավաճան իշխանություններին» մերժելու, արտահերթ խորհրդարանական ընտրությունները բոյկոտելու կոչեր։

…Չբացառելով արտահերթ ընտրությունները վարչապետի կողմից ինչ-որ փուլում չեղարկելու դիպաշարը, ՀՓՇ համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն, այդուհանդերձ, նախընտրելի տարբերակ է համարում այս «չարիքի կառավարությանը մինչեւ ընտրությունները քշելու» տարբերակը: Ըստ նրա, ընտրություններ պաշտոնապես նշանակված չեն, կա ընդամենը ընտրության մասին ֆեյսբուքյան մի հայտարարություն, որը հիմք լինել չի կարող: «Երբ կտա հրաժարական, 14 օրվա ընթացքում նոր վարչապետ չընտրվի, լուծարվի խորհրդարանը եւ օրինական հիմունքներով նշանակվեն ընտրություններ՝ էն ժամանակ էլ կմտածենք ընտրության միջոցով իրեն հեռացնելու մասին»,- լրագրողներին ասել է Սաղաթելյանը՝ եւս մեկ անգամ ներկայացնելով Շարժման պայքարի երեք փուլերի մասին ՀՓՇ-ի տեսլականը կամ, ավելի ստույգ, Փաշինյանի հեռացման ճանապարհային քարտեզը։ 

Հիշեցնենք այդ ծրագրի փուլերը, որոնց մասին ավելի հանգամանորեն խոսվել էր «Հայացքի» նախորդ թողարկման վերլուծականում: Այսպես՝ առաջին փուլը մինչեւ հրաժարական ժողովրդի համախմբման ժամանակահատվածն է, երկրորդը՝ դրանից հետո մինչեւ խորհրդարանի ցրումը ընկած ժամանակամիջոցը, որը 14 օր է կազմում, երրորդ փուլը բուն ընտրություններն են՝ Փաշինյանի հեռացման արդյունքով: «Այսինքն՝ ընտրություններին մեր մասնակցությունը կդառնա դավաճանին հեռացնելու ծրագիր»,- պարզաբանել է Շարժման համակարգողը՝ նշելով, որ երեւանյան վերջին հավաքում հայտարարված ծրագիրը մնում է անփոփոխ: 

Այդ ծրագրի հակիրճ նկարագրությունը հետեւյալն է. մարզային հանդիպումների աշխուժացում, ՀՓՇ տեղական կառույցների կազմավորում՝ շարժման մեջ մարդկային հնարավորինս մեծաքանակ ռեսուրսների ներառում եւ պայմանավորված ժամին պայմանավորված տեղում կրիտիկական զանգվածի կուտակում, որի ճնշման ներքո վարչապետի աթոռին կառչած անձին ոչինչ չի մնալ անել, քան անվտանգության երաշխիքներ հայցել հեռանալու համար: «Միակ ճանապարհը ժողովրդով սրանց քշելն է: Ես տվյալ դեպքում ընտրություն չեմ ընդունում, սա սոսկ վատ իշխանություն չէ, որին պետք է փոխել ընտրությունների միջոցով… սրանք ոչնչացրին մեր Հայրենիքը, սպանդանոց սարքեցին մեր հազարավոր երիտասարդների գլխին»,- Սեւանում հայտարարել է Վազգեն Մանուկյանը: 

Ընտրության չգնալու միտքն է իր ելույթում առաջադրել նախկին վարչապետներից եւս մեկը՝ Հրանտ Բագրատյանը: Նրա կարծիքով՝ ճիշտը ընտրությունների չգնալն է: «Ընտրության ժամանակ էդ «չնթռլոն» արյուն է թափելու: Ես չեմ կասկածում, որ ինքը կպարտվի, բայց ինչո՞ւ գնանք ընտրության, ինչո՞ւ վտանգի ենթարկենք ժողովրդին… Եթե շանս ունենք առանց ընտրության իրենից ազատվելու, մենք պարտավոր ենք դա անել»,- նշել է Բագրատյանը: Անդրադառնալով տնտեսության աղետալի վիճակին, նախկին վարչապետը փաստել է, որ վերջին երկու տարվա տվյալներով՝ բյուջեի եկամուտները նվազել են 11 տոկոսով, ընդ որում նախորդ տարվանը՝ մոտ 20 տոկոսով: Մեծացել է տնտեսական անկման տեմպը, պակասել են հարկային մուտքերը, աճել՝ կոռուպցիան եւ ստվերային տնտեսությունը: «Չի կարելի կրթություն չունեցող, անհավասարակշիռ, հիվանդ մարդուն բերել դնել երկրի ղեկավար ու նրանից լավ բան սպասել»,- ելույթն ամփոփել է Բագրատյանը: 

Սեւանում հանրահավաքն ավարտվեց առանց որեւէ տհաճ միջադեպի, այն բավական բազմամարդ էր, սակայն հաջորդ մարզային միջոցառման տեղի ու ժամանակի մասին չհայտարարվեց: Հավանաբար այդպես էր պետք՝ նախօրոք «չբացել խաղաքարտերը»: Այդ հողի վրա ՀՓՇ-ին մեկ անգամ արդեն «քաշել» էին՝ դա այս տարվա հունվարի 15-ին էր, երբ Գյումրի-Երեւան մայրուղու Ազատանի հատվածում մի խումբ քաղաքացիներ փակել էին ճանապարհը՝ Շարժման կազմակերպիչներին թույլ չտալով մուտք գործել հանրապետության երկրորդ քաղաք։ Ինչպես հետո պարզվեց, այդ մարդկանց նախապես վճարել էին այդ «ծառայության» համար: Վազգեն Մանուկյանը նրանց «բոմժեր» էր անվանել:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Հայ Առաքելական եկեղեցին ապրիլի 4-ին նշում էր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը (Մեծ Զատիկը): Զատկի օրը որոշակի օրացույցային ամրագրում չունի, այն շարժական է: Յուրաքանչյուր տարի տոնի օրը փոխվում է։ Հայ Առաքելական եկեղեցին Զատիկը նշում է գարնանային գիշերահավասարին հաջորդող առաջին լիալուսնի կիրակի օրը: Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Նախօրեին՝ ապրիլի 3-ին, Ավագ շաբաթ օրը երեկոյան, Սուրբ Հարության տոնի առիթով, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ Մայր Աթոռի միաբանությունը Ճրագալույցի Սուրբ Պատարագին մասնակցել է Սուրբ Գայանե վանքում:

Պատարագի արարողությանը ներկա է եղել նախագահ Արմեն Սարգսյանը: Արարողությունից հետո Մայր Աթոռի միաբանությունը եւ նախագահը հավաքվել են Վեհարանում, ուր կատարվել է Սուրբ Հարության տնօրհնեք:

Ապրիլի 5-ին Վարչական դատարանը մերժել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի փաստաբան Տաթեւիկ Սարուխանյանի՝ դատարանի նախորդ որոշումը վերացնելու միջնորդությունը։ Դատարանը, քննելով Օնիկ Գասպարյանի դիմումը ընդդեմ ՀՀ նախագահի եւ վարչապետի, մարտի 18-ին միջանկյալ որոշում էր կայացրել, համաձայն որի Օնիկ Գասպարյանը Գլխավոր շտաբի պետ է: Անցած շաբաթավերջին կայացած դատական նիստում Սարուխանյանը միջնորդեց վերացնել Գասպարյանի՝ որպես ԳՇ պետ մնալու դատարանի որոշումը: Փաստաբանը հիմնավորել է, որ սահմանադիրը չի նախատեսել իրավունքի ուժով ընդունված ակտերի վերանայման հնարավորություն։ Օնիկ Գասպարյանի պաշտպան Արամ Օրբելյանն առարկել էր վարչապետի ներկայացուցչի միջնորդությանը, եւ այն չէր ընդունվել:

Գասպարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նախագահ Արմեն Սարգսյանի գործով դատավորը Մհեր Պետրոսյանն է։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է դաշինքով։ Փետրվարի 6-ին ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցում Քոչարյանն ասել է, որ գլխավորելու է 2 կամ 3 կուսակցությունների նախընտրական դաշինք՝ չնշելով, սակայն, թե քաղաքական որ ուժերի մասին է խոսքը։ Քոչարյանը համաձայնել է Պոզների դիտարկմանը, որ եթե չլիներ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործուն միջամտությունը, հայկական կողմը, հնարավոր է, կորցներ ամբողջ Լեռնային Ղարաբաղը։

Ռոբերտ Քոչարյանը կրկին դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Հայաստանի Հանրապետության դեմ։ Հայցով պահանջվում է հաստատել հայցվորի արդար դատաքննության իրավունքի խախտումը, հատուցել խախտման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասը, պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները եւ հատուցել զրպարտությամբ հայցվորին պատճառված ոչ նյութական վնասը։ Հայցի պատճառը, ըստ փաստաբան Հայկ Ալումյանի, այն է, որ մարտի 1-ին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանն իր ելույթի ժամանակ թույլ է տվել արտահայտություն, որը զրպարտում է Քոչարյանին՝ առանց հաշվի առնելու անմեղության կանխավարկածը։

Սա երրորդ հայցն է, որ Ռոբերտ Քոչարյանը ներկայացնում է Փաշինյանի դեմ, որն արդեն վարույթ է ընդունվել։ Բոլոր հայցերն էլ զրպարտության համար են։

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: